Ալավերդին`
առանց պղնձաքիմիականի

Անհանք քաղաքի այլընտրանքային «հանքերը»
Վիգեն Գալստյան
«Ինչ հանքը կանգնել ա, սարի դոշը մի տարվա մեջ անտառ դառավ»,- անտարբեր տոնով մեկնաբանում է Ալավերդու նորաբաց հյուրատան տերը` նայելով քաղաքի դիմաց խոյացող կանաչապատ ժայռալանջերին։
Մի քանի ամիս առաջ Գառնիկը (անունը փոխված է) որոշել էր զբաղվել հյուրընկալության ոլորտով՝ գործի մեջ ներդնելով սեփական տունն ու ֆինանսական միջոցները։ Հաշվի առնելով Ալավերդու չարաբաստիկ հեղինակությունը՝ որպես հանքաթորանքների պատանդ, նման ձեռնարկատիրական քայլը թվում է առնվազն ոչ հեռանկարային։

Մինչ բնությունը, օգտվելով հանք-գործարանի սառեցված վիճակից, «գրոհում» է քաղաքի ամեն կառուցապատված թիզի վրա, Ալավերդու բնակչությունը մտահոգ է բնակավայրի անորոշ ապագայով։

«2018-ի վերջից կոմբինատը չի գործում։ Առանց հանք էս քաղաքը ոչ մի բան է։ Ստեղ ուրիշ անելու բան չկա, իսկ «Վալեքսը» ամեն ինչով ապահովում էր»,- պնդում է պղնձա-մոլիբդենային գործարանի մշակույթի տան աշխատակիցներից մեկը։

Ալավերդիում դժվար է գտնել այլ տեսակետ։ Չնայած համատարած առողջապահական խնդիրներին՝ քաղաքի գոյությունը նույնացվում է հանքի շահագործման հետ։ Հանքը հանդիսանում է տեղացիների անմիջական եկամտի աղբյուրը: Քաղաքի ողջ տնտեսա-հասարակական ենթակառուցվածքը պտտվում է դրա շուրջ։ Ու դրանով էլ սահմանափակվում են մարդկանց պատկերացումներն Ալավերդու մասին։


Լուսանկարները՝ Հրաչյա Պապինյանի անձնական արխիվից։
Դիտելու համար՝ թերթեք աջից ձախ։
18-րդ դարի վերջին հիմնված, Հայաստանում արդի ժամանակների ամենահին հանքարդյունաբերական կենտրոն Ալավերդին եզակի է` իբրև ողջ «արդյունաբերական» դարաշրջանը ներկայացնող բնակավայր։ Առանց պղնձաքիմիական կոմբինատի Ալավերդուն անհրաժեշտ է նոր ուրբանիստական մոդել` քաղաքի հետագա գոյատևման համար։ Արտերկրում նման կերպարանափոխումները եզակի չեն: Կարելի է թվարկել նախկին արդյունաբերական կենտրոնների և լքված գործարանային տարածքների վերաիմաստավորման տասնյակ հաջողված նախադեպեր։ Օրինակ` Կալիֆոռնիայի լեռներում գտնվող փոքրիկ Տելյուրիդ քաղաքը հանքարդյունաբերող ավան էր:
Տեղացիների ջանքերով Տելյուրիդը 1970-ականներից դարձել է ԱՄՆ-ի կարևոր միջազգային կինոփառատոնի հանգրվանը։ Ուրալի հանքարդյունաբերական կենտրոնում` Եկատերինբուրգում, անցկացվում է Ռուսաստանի առավել նշանակալի արվեստի բիենալեն, իսկ Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքի նախկին ածխահանքերի ու պողպատի գործարանների տարածքը վերածվել է Landschaftspark-ի` տարածաշրջանի ամենամեծ քաղաքային զբոսայգին է։

Հայաստանում նման փորձ դեռևս չի կիրառվել, և հետարդյունաբերական դարաշրջանում հայաստանյան քաղաքներն առերեսվում են զարգացման տեսլականների ճգնաժամի: Դրա ապացույցն է Ամուլսարական էպոպեան։
Եթե Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի, Դիլիջանի կամ Չարենցավանի դեպքում ձևավորվում են մարդկային կամ բնական ռեսուրսների վրա հենված նոր հեռանկարներ, Ալավերդու պարագայում տարբերակները քիչ են։


Գյուղատնտեսությունն այստեղ չի կարող զարգանալ, քանի որ հողն ու ջուրը տասնամյակներով թունավորվել են ծանր մետաղների թափոններով։
 
 
 
 
Առողջարանի համար Ալավերդին նույնպես հարմար չէ՝ նույն պատճառով։
 
 
 
 
Գյուղատնտեսությունն այստեղ չի կարող զարգանալ, քանի որ հողն ու ջուրը տասնամյակներով թունավորվել են ծանր մետաղների թափոններով։ Առողջարանի համար Ալավերդին նույնպես հարմար չէ՝ նույն պատճառով։

Քաղաքի դժվարահասանելիությունն ու մասնագիտացված աշխատուժի պակասը նույնպես արգելք են թեթև արդյունաբերական ու տեխնոլոգիական բիզնես-ծրագրերի իրագործմանը։

Այդ դեպքում ի՞նչն է այս ու նմանատիպ այլ քաղաքների վերաիմաստավորման գրավականը, երբ դրանք կազատվեն հանքարդյունաբերության գերությունից։
Նժարը թեքվում է դեպի զբոսաշրջություն՝ Հայաստանի կառավարության հռչակած տնտեսական զարգացման գերակա ոլորտներից մեկը։

Ալավերդու մոտակայքում են գտնվում առավել չքնաղ հայկական վանքերից մի քանիսը` Սանահինը, Օձունը, Քոբայրն ու Հաղպատը։ Զբոսաշրջիկների վտիտ հոսքը դեպի այդ հուշարձաններ սպասարկում է հարակից գյուղերի բնակչությունը։ Իսկ «Ալավերդիում բան չկա տենալու։ Ժամանակին ճոպանուղին էր, հիմա էդ էլ ա փչացած»,- պնդում է տեղացիներից մեկը։

Կիրճի վերևում անշարժացած ճոպանուղու ժանգոտած կառքը հարցական նշանի նման կախված է օդում։ Կայծակի պատճառով շարքից դուրս է եկել շարժիչը, այն փոխարինելու համար մեծ գումար է անհրաժեշտ, որը համայնքային բյուջեն ի վիճակի չէ տրամադրելու։

Դժվար է պատկերացնել Դեբեդի մութ ջրերով գոտեվորված, մրոտ ու խարխլվող խորհրդային շենքերի այս հախուռն զանգվածը` որպես տուրիստական սելֆիների «գեղատեսիլ» ֆոն։ Այնուամենայնիվ, եթե գոնե մի քանի ժամ պտտվենք Ալավերդու զառիթափ ճանապարհներով, կհանդիպենք 20-րդ դարի քաղաքաշինության ու ճարտարապետության չափազանց ինքնատիպ համալիրի։ Հենց այդ անտեսված մշակութային շերտերն են այն այլընտրանքային «հանքը», որը կարող է դառնալ Ալավերդու հետարդյունաբերական ապագայի գրավականը։
Արդյունաբերական կենտրոնի «ժառանգությունը»
Ալավերդին ու շրջակա միջավայրի
պաշտպանության բյուջետային գործընթացները:

Քաղաքի հարավային մուտքին մոտենալիս անցնում ես «Սանահին» կայարանի կողքով, որը 1967-ից ներառվել է Ալավերդու շրջագծի մեջ։ 20-րդ դարասկզբին հիմնադրված փոքրիկ թաղամասը լավագույն պահպանված երկաթգծային ավանն է Հայաստանում։ Երկաթգծի հարևանությամբ կառուցվել են ավանի ակումբն ու գնացքի դեպոն՝ արդի հայկական ճարտարապետության տեսանկյունից բացառիկ արժեք ներկայացնող կառույցներ։

Ակումբի շենքն ավանդական հայկական ու այդ ժամանակներում նորաձև «արտ նուվո» ճարտարապետության ձևերի զարմանալի նրբագեղ միաձուլում է։ Այն նախագծվել է 1910-20-ականներին գործող մեր լավագույն ճարտարապետներից մեկի կողմից և այդ ժամանակաշրջանի առավել յուրօրինակ շինություններից մեկն է Հայաստանում։ Գոթական ոգով կառուցված «Սանահին» կայարանի համալիրը պատկերացում է տալիս Հայաստանի արդիականացման ու արդյունաբերացման գործընթացների, ճարտարապետների ստեղծագործական փնտրտուքների ու մշակութային արագ փոխակերպումների մասին։

Այդուհանդերձ, ավանի պատմական հատվածը մատնվել է անուշադրության. շենքերից մեկն արդեն ավերակ վիճակում է, մյուսը պատրաստվում են քանդել ճանապարհի ընդլայնման համար: Կայարանի ոչ մի կառույց չի ներառվել պատմամշակութային հուշարձաննների ցանկում՝ չնայած դրանց բացառիկ նշանակությանը։

Բացի մի քանի հուշաղբյուրներից ու կոթողներից, Ալավերդու ոչ մի 20-րդ դարի կառույց պետականորեն չի ճանաչվել պահպանման ենթակա ճարտարապետական արժեք։ Այնինչ, այստեղ կարելի է գտնել կոնստրուկտիվիստական, թամանյանական, ստալինյան և ուշ-մոդեռնիստական ճարտարապետության անկրկնելի նմուշներ։
Երևանից դուրս դժվար է պատկերացնել ավելի պերճաշուք «թամանյանական» կառույց: Կենտրոնական հրապարակում գտնվող շրջկոմի ու փոստատան շենքերի համալիրը, կամ ստալինյան ամպիր ոճի ավելի լավ պահպանված «կլուբ»-ը՝ Ալավերդու մշակույթի պալատը։

Դյուրին չէ գտնել ավելի տպավորիչ դիրք ունեցող կինոթատրոն, քան լքված «Լալվար»-ը։ Դեբեդի երկայնքով քայլելիս կհանդիպեք արդյունաբերական ու տնտեսական բնույթի հետաքրքիր այլ շինություններ. 19-րդ դարավերջի պահեստներ, 1920-ականների բանվորական կացարաններ, 1930-50-ականների գործարաններ, անսովոր ձևավորմամբ ավտոկանգառներ, աստիճանավանդակներ, որմնանկարներ։

Ճարտարապետական ձևերով անկրկնելի են ճոպանուղու երկու կանգառները, որոնք կապում են Ալավերդու կենտրոնական հատվածը 1960-ականներին հիմնադրված «Սարահարթ» թաղամասին` իր մինիմալիստական հյուրանոցով ու բրուտալիստական բնակելի շենքերով։

Բայց Ալավերդու «գոհարը» հենց ինքը պղնձաքիմիական կոմբինատի ահռելի համալիրն է։ Ժամանակի մեջ կանգ առած այս տարածքը ճնշող ու հակակրելի ներկայություն է, որի թունավոր, բայց անշարժացած մարմինը գրավիչ է հենց իր «սարսափելիությամբ»։ Այստեղ կարելի է մի ամբողջ օր անցկացնել՝ զմայլվելով արտասավոր մեխանիզմներով, որոնք սարերից պղինձ են կորզել՝ մատակարարելով ողջ ԽՍՀՄ-ը։

Գործարանի չգործող տարածքներն ու տեխնիկական սարքավորումներն ստացել են յուրահատուկ գեղագիտական գրավչություն։ Արտադրության դադարը հնարավորություն է ընձեռում` դիտարկել և ուսումնասիրել այս տարօրինակ տարածությունները հնագիտական տեսանկյունից` որպես մի ողջ քաղաքակրթության ներքին օրգանիզմ։ Զննելով գործարանի անկյունները` խորհում ես ամբողջատիրական ռեժիմների, գաղափարախոսությունների ու մշակույթների անկայունության և դատապարտվածության մասին։
Երկատված քաղաքը
Ալավերդու գլխավոր տրանսպորտային միջոցը շարունակում է չգործել։
Ալավերդին, ինչպես և Հայաստանի շատ այլ քաղաքներ, կարող է ստանձնել «խոսող» ուրվականի կամ ԽՍՀՄ-ին ձոնված բացօթյա ավերակների դերը։ Քաղաքում արդեն կան բազմաթիվ լքված շենքեր, որոնք հաջողությամբ կբավարարեին այսպես կոչված «ավերակային կամ հետ-արդյունաբերական պոռնոգրաֆիա» սիրող զբոսաշրջիկներին։ Մշակութային զբոսաշրջության այս` արագ զարգացող ճյուղը հազարավոր այցելուներ է բերում Դիթրոյթ ու Չեռնոբիլ: Բայց միթե՞ քաղաքի վերապրելու միակ տարբերակը ավերակներից բաղկացած ատրակցիոն դառնալն է։ Դա կլիներ իրոք տխուր ճակատագիր՝ հաշվի առնելով զբոսաշրջային ոլորտի կամայականություններն ու կործանիչ ազդեցությունը տեղական համայնքների կենսակերպի վրա։

Այնուամենայնիվ, ընդամենը մեկ-երկու պարբերական իրադարձությունների միջոցով կամ կրթամշակութային հաստատության շնորհիվ հնարավոր է խթանել Ալավերդու կերպարանափոխումը։ Սակայն ներկա պահին Հայաստանի` կշիռ ունեցող մշակութային, կրթական, գիտական հաստատությունները, միջոցառումները, իրադարձությունները և ցանցերը կենտրոնացված են Երևանում։

Տնտեսական հիմնային նշանակություն ունեցող ճյուղերի բևեռացումը մայրաքաղաքում խոչնդոտում է մարզկենտրոնների հեռանկարային փոխակերպումներին՝ սահմանափակելով դրանց դերը պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում։

Ալավերդիում, օրինակ, արդեն մի քանի տարի է` կայանում է ամենամյա թատերական փառատոն։ Բայց երևանյան «ՀայԱրտի» առկայությամբ այն համարվում է զուտ տեղական, գավառական իրադարձություն, որին չեն ձգտում մասնակցել մայրաքաղաքի անկախ թատերախմբերը։ Նույնիսկ քաղաքի փոքր պատկերասրահն է պայքարում գոյության իրավունքի համար` դիմադրելով իր շենքը անօրինական զավթած բանկին։ Թվում է՝ մշակույթն այստեղ առանցքային իրավունք չէ, այլ՝ անիմաստ շռայլություն։
Ուրեմն, խնդիրն այն չէ, որ Ալավերդիում «տեսնելու բան չկա»։ Այստեղ կարող էր անցկացվել բնապահպանական նոր տեխնոլոգիաների ամենամյա շուկա-փառատոն: Ալավերդին կարող է դառնալ այդ տեխնոլոգիաների փորձարկման և արտադրման միջազգային կենտրոն։

Երևակայենք, որ խորհրդային կառուցապատումով ու մոլեգնած բնությամբ քաղաքը նույնպես կարելի էր վերածել տարածաշրջանի միակ արդյունաբերական հուշայգու։ Ալավերդին նաև հնարավոր է դիտարկել որպես լեռներում մեկուսացված համալսարանական ավան կամ ճարտարապետական արգելոց-թանգարան։ Կամ մի պահ պատկերացնենք պղնձաձուլարանը՝ վերածված աղբի վերամշակման գործարանի։ Ցանկացած նման նախագծի իրականացումը կախված է լինելու ապակենտրոնացման հանդեպ ընդհանուր վերաբերմունքից։ Մարզկենտրոնները չեն կարող վերածվել զուտ երևանցիներին սպասարկող «ֆոլկլորային» հանգստավայրերի ու գոյատևել աղքատ ազգականի կարգավիճակում։

Նոր ուրբանիստական մոդելների տարբերակները քիչ չեն, ինչպես և դրանց տնտեսական ներուժը։ Պակասում է միայն տեսլականների ընդարձակությունն ու քաղաքական կամքը:

Առանց դրա անհանք Ալավերդու ճակատագիրը կմնա օդում կախված՝ ինչպես անսարք ճոպանուղու հետզհետե քայքայվող կառքը։
~