Երկատված քաղաքը
Ալավերդու գլխավոր տրանսպորտային միջոցը շարունակում է չգործել
Խորհրդային տարիներին Ալավերդիում կառուցված ճոպանուղին, որն իրար էր կապում քաղաքի վերին և ստորին հատվածները, ժամանակի ընթացքում դառնալով քաղաքի խորհրդանիշն, երկու տարի է մատնվել է պարապուրդի, երթուղային անհարմարություններ ստեղծելով ալավերդցիների համար:
Լեռների մեջ ծվարած Ալավերդին բաժանված է երկու մասի, բարձրադիր հատվածը՝ Սարահարթը, խիտ բնակեցված է, սակայն բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները տեղակայված են քաղաքի ներքևի մասում: Ընդամենը երկու տարի առաջ Ալավերդու ճոպանուղին սարահարթցիների համար ամենաարագ ու ամենամատչելի տարբերակն էր քաղաքի ներքևի հատվածն հասնելու համար, այսօր դրան փոխարինելու է եկել քաղաքի 3-րդ համարի երթուղայինը:

<<Ճոպանուղին Ալավերդու բնակիչների փրկությունն էր: Ոչ մի սարահարթցի չի կարղանում ուշ ժամի իր հարազատին այցելի, մի խնջույքի գնա, էդ խնջույքից հետո հանգիստ տուն վերադառնա, որովհետև ուր էլ գնում ենք, ասում ենք մեզ կներեք՝ ժամը 6-ին մեր ավտոբուսի ժամն է>>,- ասում է Անահիտ Պետրոսյանը, ով ճոպանուղու մշտական ուղևորներից էր:

Քաղաքի գլխավոր զարկերակը համարվող ճոպանուղին Ալավերդու երկու հատվածներն իրար միացրեց 1977 թվականի հունիսի 16-ին, նույն օրն իրականացնելով իր առաջին երթուղին, որից հիմնականում օգտվում էին Ալավերդու պղնձաձուլարանի հերթափոխով աշխատողները:

1970-ականներին ճոպանուղուց օգտվողների մեծ հերթեր էին գոյանում, 23 հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքում ուղևորների թիվը օրական հասնոմ էր 900-ի: Տարիների ընթացքում, բնակչության թվի կրճատմանը զուգահեռ, կրճատվում է նաև ճոպանուղուց օգտվողների թիվը, հասնելով մինչև 450-ի: Սրան նպաստում է նաև երթուղայինների ու անձնական մեքենաների թվի ավելացումը: Բայց և այնպես, դժվարություններով հանդերձ քաղաքի գլխավոր խորհրդանիշը շարունակում էր աշխատել, պահպանելով իր դերն ու նշանակությունը բանվորական քաղաքի համար:
Ալավերդու 40-ամյա ճոպանուղին գործունեության ընթացքում երկու անգամ է երկարատև ժամանակով դադարեցրել գործունեությունը: Առաջին անգամ՝ 2014 թվականի մայիսի 24-ին, երբ ուժեղ կայծակի պատճառով շարքից դուրս եկան ճոպանուղու շարժիչն ու հաստատուն հոսանքի գեներատորը: Վերագործարկվեց միայն 11 ամիս անց՝ 2015 թվականի ապրիլի 22-ին կորցնելով նախկին արագությունը. ճոպանուղու վագոնը նախկին 4 րոպեի փոխարեն տեղ էր հասնում արդեն 8 րոպեում:

Աստիճանաբար սկսեց պակասել ուղևորների թիվը, դրան զուգահեռ պակասեցին նաև ճոպանուղու շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Ճոպանուղու տնօրինությունը սկզբում կրճատեց աշխատողների թիվը, բարձրացրեց ճոպանուղու ուղեվարձի գինը, իսկ ավելի ուշ՝ դադարեցրեց ճոպանուղու գործունեությունը: 2016 թ վականի մարտի 1-ից ճոպանուղին ընդհանրապես դադարեց աշխատել:

Այնուհանդերձ այսօր էլ ալավերդցիների քննարկման գլխավոր թեման շարունակում է մնալ ճոպանուղու վերագործարկումը: Բնակիչները ամեն նոր ընտրվող քաղաքապետի հետ նոր հույսեր են փայփայում, որ քաղաքի գլխավոր փոխադրամիջողը վերջապես կաշխատի, սակայն քաղաքապետերը փոփոխվում են, իսկ ճոպանուղու վերաբացման հարցը շարունակում է օդում կախված մնալ:

Ճոպանուղին գտնվում է <<Էյ Սի ՓԻ>> ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի ենթակայության տակ: Ալավերդու վերջին երկու քաղաքապետեր ՝Արատավազդ Վարոսյանի և նրան հաջորդող Կարեն Փարեմուզյանի պաշտոնավարման տարիներին տեղեկություններ կային, որ ճոպանուղին շահագործող ընկերությունը պատրաստ է այն հանձնել քաղաքապետարանի ենթակայությանը, սակայն դրանք այդպես էլ կյանքի չկոչվեցին:
Լուսանկարը՝ Տիգրան Մարգարյանի
Խոշորացված Ալավերդի համայնքի նորընտիր ղեկավար Սասուն Խեչումյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ճոպանուղու վերագործարկման հարցը, սակայն նշում է. եթե լինի էլ, ապա միայն տեխնիկական վերազինումից հետո:

<<Ինձ համար կարևորը մարդկային կյանքերն են: Որքան էլ կարևորում եմ ճոպանուղու դերն ու նշանակությունը, առաջին տեղում ճոպանուղու անվտանգ աշխատանքն է: Ճոպանուղին երկար ժամանակ է կանգ առել, մասնագետներն էլ նշել են, որ այն տեխնիկական վերազինման կարիք ունի, իսկ դա իրականում մեծ ծախսերի հետ է կապված>>,-ասոմ է Սասուն Խեչումյանը:

Ժամանակին ճոպանուղին գործում էր մինչև գիշերվա 12.30-ը, նորից վերսկսում աշխատանքը հաջորդ օրը վաղ առավոտյան՝ 7:30-ին: Այսօր չգործող ճոպանուղուն փոխարինում են երթուղայինները, որոնք սկսում են աշխատել առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 18.00:

Վարորդները երբեմն սահմանված ժամից ուշ են սկսում աշխատանքը, երբեմն՝ շուտ, երբեմն էլ մեքենաների անսարքության պատճառով օրվա կեսից դադարում են աշխատել:
Ճոպանուղին Ալավերդու երկու հատվածներն իրար միացրեց 1977 թվականին:
Լուսանկարը՝ Տիգրան Մարգարյանի
Երթուղին սպասարկող <<Քարափ Տրասն>> ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանը նշում է, որ Ալավերդու համայնքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ իրենք պարտավորվում են Սանահին Սարահարթ-Ավտոկայան ուղղությամբ տրամադրել 2 մեքենա, մեկը՝ պահեստային: Ըստ աշխատանքային գրաֆիկի երթուղայինները պետք է դուրս գան երթուղի՝ ժամը մեկ:

<<Ստացվում է, որ իրականում ընկերության վարորդները ոչ թե պայմանագրի համաձայն, այլ ի օգուտ քաղաքացիների են աշխատում, մեկ մեքենայի փոխարեն երթուղի հանելով 2 մեքենա, աշխատելով ոչ թե ժամը մեկ, այլ կես ժամը մեկ>>,-ասում է Կամո Բաբայանը:

Երթուղայինների արժեքը կազմում է 100 դրամ, ճոպանուղին նույպես արժեր 100 դրամ: Վերջին մի քանի ամիսներին,մինչև ճոպանուղու վերջնական կանգ առնելը, զբոսաշրջիկները օգտվել են տրանսպորտային այս միջոցից՝ 500 դրամով: Ճոպանուղու տնօրինությունը այդ քայլին գնում է փոխադրամիջոցի ծախսերը հոգալու համար, սակայն դա էլ չի փրկում, որպեսզի ճոպանուղին շարունակի աշխատել:

Տաքսիները նույնպես այլընտրանք են չաշխատող ճոպանուղուն: Դրանց արժեքը՝700 դրամ է: Ալավերդցիները սակայն նշում են, որ եթե օրվա ընթացքում քաղաքում կարող ես հեշտությամբ տաքսի նստել, ապա վեցից հետո տաքսիները աշխատում են միայն կանչով, իսկ երեկոյան տասից հետո ըն դհանրապես չեն աշխատում:
Քաղաքի երթուղայիններին այդպես ել չհաջողվեց լրացնել ճոպանուղու չաշխատելու արդյունքում ստեղծված երթևկության բացը:

Լուսանկարը՝ Տիգրան Մարգարյանի

Ճոպանուղին ոչ միայն հարմարավետ, այլև տրանսպորտային անվտանգ միջոց էր ալավերդցիների համար: Այսօր արդեն Ալավերդու ստորին և վերին մասերը իրար կապող ոլորապտույտ ճանապարհի մի հատվածը քարաթափ է, իսկ մյուս մասում բացակայում է ճամփեզրի պաշտպանիչ պատնեշը: 1997 թվականին այս ճանապարհով անցնող ավտոբուսը ընկնում է ձորը: Դժբախտ պատահարի հետևանքով 4 ուղևորներ մահանում են, շատերն էլ ստանում են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տարի առաջ ևս մի մեքենա է հայտվել ձորում:

Ճոպանուղուն փոխարինելու եկած երթևեկության այլ միջոցները չեն կարողանում լրացնել քաղաքում ստեղծված տրանսպորտային խառնաշփոթը, ալավերդցիներն էլ դժգոհելով ստեղծված տեղաշարժման նհարմարություններից կարոտով են նայում օդում կախված ճոպանուղու վագոններին, հույս ունենալով, որ մի օր դրանք նորից կշարժվեն դեպի Սարահարթ:
~