Ապարան համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2016, 2017 թվականների փաստացի և 2018 թվականի պլանավորված տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Ապարան բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) իրականացման երրորդ փուլում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով։

Ապարան բազմաբնակավայր համայնքի կազմում են ընդգրկվել նախկին Արագածոտնի տարածաշրջանի համայնքները՝ թվով 21 համայնք։ Բնակավայրերի թիվը նույնպես 21-ն է։ Համայնքի կենտրոն բնակավայրն է Ապարան քաղաքը։ Նորաստեղծ համայնքում ընդգրկված համայնքների ցանկը, ինչպես նաև վերջիններիս բնակչության թվի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ստորև՝ Աղյուսակ 1-ում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ապարան բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է 2017թ-ի կեսերին, իսկ համայնքային իշխանությունների ընտրությունները անցկացվել են նույն թվականի նոյեմբեր ամսին՝ կարող ենք հստակորեն պնդել, որ համայնքը դեռևս չի հասցրել իրականացնել գործունեություն՝ որպես նոր, միավորված բազմաբնակավայր համայնք։ Ուստի վերջինիս կողմից իրականացված բյուջետային գործընթացների և ծախսումների իրական արդյունավետության մասին կարելի է խոսել առնվազն մեկ կամ երկու տարի հետո։
Սույն ուսումնասիրության շրջանակներում նպատակահարմար է դիտարկել նախորդ՝ 2016 և 2017 թվականների՝ նախկին համայնքների բյուջեների հանրագումարը և տվյալները համադրել 2018 թվականի պլանավորված նույնանուն բյուջետային ցուցանիշների հետ։ Հետևաբար՝ համեմատության համար դիտարկվել են նախկին 17 համայնքների 2016 և 2017 թվականների տարեկան բյուջեների հանրագումարը և նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքի 2018 թվականի հաստատված տարեկան բյուջեն (ներառյալ առ 30.09.18 ճշգրտումները
պլանավորված եկամուտները
Այսուհետ պլանավորված եկամուտ ասելով կհասկանանք համայնքի 2018թ-ի տարեկան բյուջեն՝ ներառյալ առ 30.09.18 ճշգրտումները)։
Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից, 2016 թվականի նկատմամբ 2017 թվականի եկամուտները նվազել են մոտ 18.0 մլն դրամով՝ (646.9 և 628.9 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2018 թվականի ընթացքում համայնքի բյուջեով պլանավորված եկամուտները կտրուկ աճել են՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 159.6 մլն դրամով կամ 25.3%-ով, հասնելով 788.5 մլն դրամի։

Եթե 2016 և 2017թ-ի ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտներ համեմատաբար քիչ են եղել (35.6 և 18.9 մլն դրամ), ապա 2018թ-ի դեպքում ֆոնդային բյուջեի եկամուտների մասնաբաժինը էապես բարձր է և կազմում է 16% կամ 126.9 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ, ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, եկամուտների գերակշիռ մասը գոյանում բյուջեի վարչական մասում։ Հաջորդիվ՝ գծապատկերներով կներկայացնենք, թե եկամուտների կտրուկ փոփոխությունները ինչով են պայմանավորված։
Դիտարկվող տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների որոշակի փոփոխություններ է կրել՝ որոնք արտացոլված են ստորև բերված գծապատկերում։ Ընդհանուր առմամբ 2016թ-ի համեմատ 2018թ-ի դոտացիաները նվազել են 9.8 մլն դրամով՝ կամ 2.4%-ով (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Ապարան համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։

Բերված տվյալներից կարելի է նկատել, որ գույքահարկի հավաքագրման առումով առավել եկամտաբեր է եղել 2017 թվականը՝ թե անշարժ գույքի և թե փոխադրամիջոցների մասով։ Նշենք միայն, որ 2018թ-ին վերոնշյալները համապատասխանաբար 3.4 և 4.0 մլն դրամով ավելի քիչ են պլանավորվել, քան նախորդ տարվա փաստացի ցուցանիշն է եղել։

Ի տարբերություն գույքահարկի՝ տեղական տուրքերը 2018թ-ին նախատեսվել է հավաքագրել 2.3 մլն դրամով ավելի, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Գրեթե փոփոխության չի ենթարկվել համայնքային գույքից վարձակալության մուտքերի ցուցանիշը, սակայն սրան հակառակ՝ էականորեն մեծ ծավալով մուտքեր են նախատեսվել վարչական գանձումների մասով, որտեղ 2017թ-ի համեմատ ցուցանիշը բարձր է 3.2 անգամ կամ 34.5 մլն դրամով։

Վերջինս հետևանք է «Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարներ» մասում 30.0 մլն դրամի հավաքագրումների պլանավորումը։

Խոշոր և առավել քան նկատելի աճ է գրանցվել 2018թ-ի ընթացքում պլանավորված «Այլ եկամուտների» բաժինը, որտեղ նախորդ 2017թ-ի համեմատությամբ նախատեսվում է շուրջ 99.0 մլն դրամ կամ 5 անգամ ավելի շատ մուտք՝ հիմնականում «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքերի» հաշվին։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Ապարան համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։ Համայնքի տարեկան ծախսերը 2017թ-ին նվազել են 10.4 մլն դրամով (համեմատած 2016թ-ի)՝ 629.6-ից հասնելով 619.2 մլն դրամի։ Երկու տարում էլ թե վարչական և թե ֆոնդային մասերի ծախսերը գրեթե նույնն են եղել՝ համամասնությունը պահպանվել է։ 2018թ-ին բյուջետային ծախսերը (ճշտված) նախատեսվել են 620.4 մլն դրամ։ Նույն տարում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներ են պլանավորվել 120.0 մլն դրամի չափով։

Հատկանշական է, որ 2018թ-ին վարչական բյուջեի ծախսերը ամենամեծն են՝ համեմատած նախորդ տարիների հետ՝ 580.9 մլն դրամ՝ 567.7 մլն-ի և 561.5 մլն-ի դիմաց։
2016-2018 թթ բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 5)։
2016
2017
2018
Ապարան համայնքի 2016 թ. բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (57%), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում նաև (17%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։ Տնտեսական հարաբերությունների ոլորտում կատարված ծախսերը կազմում են ընդհանուրի 4%-ը, իսկ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ծախսեր գրեթե չեն իրականացվել։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում կատարված ծախսումները կազմում են ընդհանուրի 11%-ը։ Նկատելի են հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտի ծառայությունների մատուցման ծախսերը, որոնք կազմում են ընդհանուրի 8%-ը, իսկ սոցիալական պաշտպանության ծախսերը չեն գերազանցում 3%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Ապարան համայնքի 2017 թ. բյուջետային ծախսերը
Պատկերը որոշակիորեն փոխվել է 2017 թ-ին։ Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը (55%)։ Վերջինս գումարային առումով նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է (մոտ 2 մլն դրամ)։

Շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական պաշտպանության ոլորտներից յուրաքանչյուրի ծախսերը կազմում են ընդհանուրի մոտ 1%-ը։ Հանգիստ մշակույթ, կրոն ոլորտի ծախսերը մոտավոր նույն մասնաբաժին ունեն ամբողջի մեջ, ինչ անցած տարի՝ 8%, չնայած որ գումարային առումով մի փոքր աճել են (2.7 մլն դրամով)։ Կրթության ոլորտի ծախսերը աճել են մոտ 11.2 մլն դրամով և կազմում են ընդհանուր ծախսերի 18%-ը։

Տնտեսական հարաբերությունների ոլորտը էական աճ է գրանցել 2017թ-ին՝ նախորդի նկատմամբ ավելանալով շուրջ 48 մլն դրամով՝ կազմելով ընդհանուրի 12%-ը։ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը նույնպես զգալի են և կազմում են ընդհանուրի 15%-ը։
Ապարան համայնքի 2018 թ. բյուջետային ծախսերը
2018թ-ին Ապարան բազմաբնակավայր համայնքի բյուջետային ծախսերի ճշտված պլանը (30.09.2018 դրությամբ) պլանը հետևյալն է։ Էականորեն ավելացել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը։ Վերջիններս ընդհանուրի կազմում 54% են, սակայն գումարային առումով նախորդ տարվա համեմատ աճել են 97 մլն դրամով։

Կրթության ոլորտի ծախսերը նկատելի նվազել են կազմելով ընդհանուրի 12%-ը, իսկ գումարային առումով նվազելով 12.7 մլն դրամով։ Վերջինս առավել մանրամասն երևում է Գծապատկեր 6-ում։

Կտրուկ ավելացել են շրջակա միջավայրի պաշտպանության վրա նախատեսվող ծախսերը։ Նախորդ 2017թ-ի նկատմամբ ծախսերը ավելացել են շուրջ 28.7 մլն դրամով, և կազմում են ընդհանուր ծախսերի 4%-ը։ Այս աճը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարիներին համայնքում աղբահանության ծախսերը դիտարկվել են Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում։ Նշենք, որ աղբահանության ծառայությունը ծախսերի գործառնական դասակարգմամբ, ըստ հաշվապահական ստանդարտի, պետք է դիտարկել հենց Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։

Նկատելի նվազել են հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծախսերի մասնաբաժինը և գումարը ընդհանուր ծախսերում հասել է ընդհանուրի 4%-ին։ Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը գրեթե նույն են, ինչ նախորդ տարիներին։ Նկատելի կերպով աճել են բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը՝ կազմելով ընդհանուրի 18%-ը (նախորդ տարվա նկատմամբ աճելով 79.8 մլն դրամով)։

Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Գծապատկեր 7-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։
Ինչպես նշել ենք վերևում, 2016 և 2017թթ. աղբահանության ոլորտում ծախսերի փոքր թիվը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այդ ծառայությունը այլ գործառնական ծախսերի խմբում ընդգրկելու հետ։

Աղյուսակ 2-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 8-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 8. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
~
Ավելին