Արարատ․
քաղաք-գործարան


Արարատում կյանքն
այսօր էլ պտտվում է միայն ցեմենտի գործարանի շուրջ:
Արշալույս Բարսեղյան
Լրագրող
Մարիամ Ասատրյան
Լրագրող
Երևանից 50կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում մի թեթև քամուց սպիտակ փոշի է բարձրանում։ Արարատի ցեմենտի, ոսկու գործարանները փոշու և օդի աղտոտվածության գլխավոր պատճառներն են։
Արարատ քաղաքի մերձակա բնակավայրերումքաղաքը մինչև այսօր անվանում են «Զավոդ», բնակիչներին՝ զավոդեցի։ Զավոդը (ռուս. завод՝ գործարան) Արարատում գործարանը չէ: Դավալեցիները (համանուն Արարատ գյուղի բնակիչների հին անվանումը) «Զավոդ» են անվանում Արարատ քաղաքը:

Արարատ քաղաքի նոր սերունդն արդեն չի ներկայանում որպես զավոդցի, թեև քաղաքից մի քանի անգամ մեծ, Հայաստանի՝ մեծությամբ 3-րդ գյուղի բնակիչներն շարունակում են նրանց այդպես անվանել։ Այդպես հեշտանում է նաև տարբերակել Արարատ կոչվող և կողք կողքի գտնվող նույնանուն գյուղն ու քաղաքը։


Խորհրդային տարիներին Արարատի ցեմենտի գործարանը 6000-ից ավելի աշխատակից ուներ։ Գործարանը շուրջ 20 հազար բնակչություն ունեցող քաղաքի և շրջակա համայնքների բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն էր։

Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջում գրված է. «Արտաքին քաղաքականության բարենպաստ պայմանների դեպքում Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասին և Մերձավոր Արևելքին ցեմենտ մատակարարող միջազգային կենտրոն»: Այժմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում է։ Բացի գործարանից, այս կազմակերպության մեջ է մտնում 23 իրավաբանական ընկերություն։
1930 թվականի հոկտեմբերի 22-ը Արարատ քաղաքի հիմնադրման օրն է։ Արարատը գործարանի շուրջ գտնվող ավան է եղել, որտեղ 1926թ.-ին ապրում էին գործարանը կառուցող 45 բանվորները։ Բնակչության թվի աճի շնորհիվ 12 տարի հետո Արարատը ձեռք է բերում քաղաքատիպ ավանի կարգավիճակ, 1962 թ.-ից` դասվում քաղաքների շարքին։

ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1970 թվականի մարտի 18-ի N123 որոշմամբ Արարատ քաղաքից հարավ ընկած տարածքում սկսել է կառուցվել նաև Ոսկու կորզման գործարան, որի շուրջ էլ՝ Արարատի ՈԿՖ (Ոսկու կորզման ֆաբրիկայի) բանավանը։ Արարատցիներնն այդ բանավանն անվանումն են ռուսերեն հապավմամբ՝ Զոդ: Թեև այն Արարատ քաղաքի մասն է, արարատցիների համար Զոդն առանձին բնակավայր է։

Ցեմենտի գործարանը ոչ միայն հիմք հանդիսացավ Արարատի հիմնման համար, այլև դարձավ քաղաքի բրենդը: Գործարանի պատվին անվանակոչված «Ցեմենտ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին գավաթակիրն է եղել։ 2003 թ.-ին «Ցեմենտը» վերանվանվեց` դարձավ «Արաքս»։ Արարատ քաղաքը ֆուտբոլային մարզադաշտ ունի, որտեղ խաղացել են իսպանացի հայտնի ֆուտբոլիստներ Իկեր Կասիլիասն ու Ռաուլ Գոնսալեսը։
Արարատում գործարան գնացող մի քանի ավտոբուս և երթուղի է գործում։ Առավոտյան ու երեկոյան ավտոբուսները աշխատակիցներին հավաքում են պայմանական կանգառներից։ Քաղաքն այնքան փոքր է, որ այստեղ չկա ներքաղաքային տրանսպորտ, հետևաբար նաև` իսկական կանգառներ: Արարատի մի ծայրից մյուսը հնարավոր է ոտքով անցնել` 20 րոպեում։
Այժմ գործարանի հին ավտոբուսներով ամեն օր աշխատանքի է գնում մոտ 1200 աշխատակիցների մեծ մասը։ Դրանցով էր գործարան բարձրանում նաև 80-ամյա Վալենտինա Ղազարյանը՝ գործարանի նախկին ֆինանսիստը։

Վալենտինա Ղազարյանը 1962 թ.-ից 2013-ը անցկացրել է ցեմենտի գործարանում` դրանից առաջ մեկ տարի աշխատելով մանկապարտեզում: Եթե հաշվի առնենք, որ մանկապարտեզն էլ պատկանում էր կոմբինատին, ապա կստացվի, որ 51 տարի նա նույն գործատուի մոտ է աշխատել։

«Էն ժամանակ ուրիշ աշխատելու տեղ չկար», - ասում է 80-ամյա Վալենտինան, որը 1959 թ.-ին ամուսնացել ու Ռուսաստանից Հայաստան՝ ամուսնու հայրենիք է տեղափոխվել։
Աշխատելու 51 տարվա ընթացքում Վալենտինան ոչ մի անգամ չի մտածել գործը փոխելու մասին։ Ասում է` ուրիշ տեղ էլ չկար։
Գրասենյակը հեռու էր փոշուց, գործն էլ, Վալենտինայի խոսքով, շատ հեշտ: «Մեր բաժնում կանայք են աշխատել, մենակ նաչալնիկն էր տղամարդ»։ Ասում է` գործարանի ու մանկապարտեզի միջև նորից ընտրություն անելու դեպքում դարձյալ գործարանը կընտրեր: «Մանկապարտեզում աշխատավարձը քիչ էր»,- ծիծաղում է Վալենտինան։

«Արարատցեմենտ» գործարանը կազմավորվել է ցեմենտի, կղմինդրի, կրի գործարանների միավորմամբ։ Ցեմենտը բեռնատար մեքենաներով ու գնացքներով արտահանվել է Վրաստան, Ադրբեջան, Իրան։ Հումքի մի մասը բերվում էր դրսից, ասբեստը՝ Ռուսաստանից, գիպսը՝ Սումգայիթից (Ադրբեջան)։

Գործարանի արտադրանքի մասին պատմում է մատակարարման բաժնի նախկին աշխատակիցը՝ 68-ամյա Զոյա Դոլմազյանը։ Ծնունդով արարատցի Զոյան գործարանում աշխատել է 1973-96 թվականներին:

«Սիսիանի մասնաճյուղի վրա եմ աշխատել. առել եմ ցեմենտը ու ուղարկել իմ հիմնարկություն՝ ՏՐԵՍՏ N6»։ 23 տարի աշխատելուց հետո գործարանից հրաժարվել է: «Սիսիանը (մասնաճյուղը) լուծարվեց, ու ես դուրս եկա։ Արդեն էլ գործարան չբարձրացա։ Չուզեցի, անցա առևտրի»։



Զոյա Դոլմազյանի ամուսինն էլ է գործարանում աշխատել, հիմա նաև՝
որդին։
«Ցեմենտի գործարանը մեր քաղաքի հիմքն ա, սիրտն ա, ինչ կա` էդ մի գործարանն ա։ Ժամանակին հայաթները ոնց մաքրում էինք՝ ցեմենտ էինք հավաքում, բայց որ ինքը ապահովում ա քեզ ամեն ինչով՝ էդ չես զգում։ Հիմա էլ մենակ թող աշխատի, թող փոշի լինի։ Աշխատում ա կիսատ-պռատ, բայց դե...», - ասում է Զոյա Դոլմազյանը։

68-ամյա Զոյան հիշում է գործարանի «Զալատոյ կլյուչը» կամ ինչպես արարտցիներն են անվանում՝ «Զալատոն»՝ գործարանի մոտակայքում գտնվող հանգստյան գոտին՝ հանքային ջրով: «Բանվորները գնում էին հանգստանալու, պերերիվի։ Նույնիսկ դրսից էին գալիս էնտեղ հանգստանալու։ Շատ լավ տեղ էր», - հիշում է ցեմենտի գործարանի նախկին մատակարարը։

Գործարանի աշխատակիցների խոսքով, «Զալատոյ կլյուչ»-ի տարածքն այժմ բարվոք վիճակում չէ։ Լողավազանը կա, ջուրը` նույնպես, բայց հանգստյան տունն արդեն չի գործում։

«Հիմա գործարանի ծավալը քիչ ա, առաջվա թափով չի աշխատում․ համ բանվորությունն ա քիչ, համ արտադրանքի ծավալը։ Օր ա եղել՝ համ վագոն եմ ուղարկել, համ էլ 10 հատ մեքենա։ Ղափանում մենք բազա ունեինք, էնտեղ էին վագոնները դատարկվում, բաժանվում հիմնարկներին»։
Արարատում մշակութային կյանքը ակտիվ չէ: Դադարել է գործել «Ավարայր» կինոթատրոնը, թատրոն ու ցուցասրահ չի էլ եղել։ Բացօթյա ամֆիթատրոնում երբեմն համերգներ են լինում։

Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արտադպրոցական խմբակներ են գործում, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում դասավանդվում է երաժշտություն։

Քաղաքի մշակութային բացը փորձում է լրացնել Արաքս Գրիգորյան-Դավթյանը։ 43-ամյա Արաքսը նկարչության մասնավոր դասեր է տալիս: «Մտերիմ մարդիկ խնդրեցին, որ իրենց տղաները գան, նկարել սովորեն, զբաղվեն: Էդպես սկսեցի։ Առաջին խումբս եղել ա վեց տղաների հետ։ Հետո իմացան, դիմեցին քիչ-քիչ։ Առաջին դիմորդներս արդեն ավարտեցին։ Արդեն տասը տարուց ավել ա` սրա մեջ եմ», - ասում է նա։

Այս տարիների ընթացում 50-ից շատ աշակերտ է ունեցել ընկեր Արաքսը։ «Եթե հաշվենք որ իմ «երեխեքն» են, ամուսնացրել եմ, ուրեմն արդեն «տատիկ» եմ՝ որպես ուսուցիչ»։
1996-2009 թ.-ներին գործարանում է աշխատել նաև Արաքսը: «Ասում էին՝ նկարիչը ի՞նչ ա անում գործարանում, ցեմենտի ծուխն ա նկարո՞ւմ։ Ասում էի՝ հա՛, ցեմենտի ծխնելույզի ծուխն եմ նկարում»։

Արաքսն աշխատում էր ցեմենտի գործարանի «Արարատ» թերթի խմբագրությունում՝ որպես նկարիչ։ Թերթի էջերում նկարագրվում էր գործարանի առօրյան ու քաղաքը։

«Արարատ» թերթի փակվելուց հետո Արաքսը որոշ ժամանակ շարունակել է աշխատել գործարանում՝ անվտանգության թեմաներով պաստառներ է նկարել։ Ասում է` գործարանի աշխատանքը չի սիրել, քանի որ նկարիչը պետք է իր գործով զբաղվի՝ նկարի, ունենա ցուցահանդեսների հնարավորություն։
~
Ավելին
Made on
Tilda