10 փաստ

Achitecture Week Yerevan-ի մասին
Ուրբանիստա
խմբագրական
2018թ. նոյեմբերի 14-ից` 24-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի «Ճարտարապետության Շաբաթ» (Architecture Week Yerevan) միջազգային փառատոնը: Urbanista-ն զրուցել է միջազգային փառատոնի կազմակերպիչ՝ Տաթևիկ Զաքարյանի հետ և առանձնացրել է տասը փաստ այս միջոցառման մասին:

1
Որքա՞ն ժամանակ է ինչ անց է կացվում Պրահայի «Ճարտարապետության Շաբաթ»-ը:
Լուսանկարը՝ Architecture Week Praha
- Փառատոնը հիմնադրվել է Պրահայում 2008-ին, և արդեն 10-րդ տարին անընդմեջ իր այցելուներին է ներկայացնում ժամանակակից ճարտարապետության, քաղաքաշինության և քաղաքի լանդշաֆտային զարգացման նախագծերի վառ օրինակներ:

2
Ինչպե՞ս Հայաստանը միացավ «Ճարտապետության Շաբաթ»-ին:
Երևանի «Ճարտարապետության Շաբաթ» միջազգային փառատոնի կազմակերպիչ՝ Տաթևիկ Զաքարյան:
Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- Հայաստանը փառատոնին մասնակցում է 2013-ից, բայց որպես պաշտոնական գործընկեր աշխատում ենք 2016-ից, ունենք նաև փառատոնը Հայաստանում նույն ձևաչափով անցկացնելու բացառիկ իրավունք: Գործընկեր դարձանք շատ պատահաբար:

Ինքս՝ սկզբում պարզապես ցուցադրություններին էի մասնակցում, մի օր բախտի բերմամբ նրանց լուսանկարչի ֆոտոխցիկը չաշխատեց և քանի որ ես ցուցադրությունների բոլոր լուսանկարներն ունեի, դիմեցին ինձ դրանք ստանալու խնդրանքով։ Այդպիսով սկսվեց մեր համագործակցությունը:

3
Ե՞րբ է փառատոնը առաջին անգամ անցկացվել Երևանում:
Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- 2016 թվականից՝ Հայաստանում կազմակերպվող փառատոնների ընթացքում այցելուները հնարավորություն են ունենում մասնակցելու բազմաթիվ նախագծերի և ֆիլմերի ցուցադրությունների, ինչպես նաև ունկնդիր են լինում դասախոսությունների՝ժամանակակից ճարտարապետության մասին։

4
Ինչպիսի՞ հետաքրքրություն կա փառատոնի նկատմամբ Հայաստանում:
Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- Հետաքրքրվածությունը մեծ է հատկապես երիտասարդ ճարտարապետների կողմից։ Ընդհանրապես, մեր փառատոնը տարբերվում է մյուսներից նրանով, որ կարող ենք կողք-կողքի տեսնել, ոչ միայն նախագծեր հայտնի ճարտարապետներից, այլև կոնցեպտներ և էքսքիզներ երիտասարդ մասնագետներից կամ ուսանողական նախագծեր:

Երևանում փառատոնի հաղթողն անմիջապես հնարավորություն կստանա ներկայացնելու իր աշխատանքը Պրահայի հայկական տաղավարում, մնացած աշխատանքները կներկայացվեն Հայաստանում:

5
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Երևանում այս տարի «Ճարտարապետության Շաբաթ»-ի շրջանակներում:
Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- Ունենալու ենք միջազգային և տեղական դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ։ Ողջ շաբաթվա ընթացքում ամեն երեկո մի միջոցառում ենք ունենալու, իսկ շաբաթն ավարտվելու է ավանդական աֆթերփարթիով:

6
Որքա՞ն մարդ է մասնակցում «Ճարտարապետութայն Շաբաթ»-ի միջոցառումներին Երևանում:
Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- 2017 թվականին, նախորդ «Ճարտարապետության Շաբաթ»-ի բացմանը 200-ից ավելի հյուրեր ունեցանք, միջոցառումներին երբեք տեղ չի լինում, անցյալ տարի նախատեսված երկու դասախոսություններին շուրջ 100 մարդ մասնակցեց: Իրականում մարդկանց առավելապես հետաքրքրում է ոչ թե նոր աշխատանքներ տեսնելը, այդ ամենը կարող են սոցցանցերի միջոցով էլ տեսնել, այլ միմյանց հետ շփվելը, ժամանակ անցկացնելն ու մասնագիտական բաց ու ազատ ձևաչափով քննարկումներ ունենալը:

Պրահայում դասախոսություններն ավելի լուրջ ձևաչափով են անցկացվում՝ հիմնականում լսարանային միջավայրում, և անցյալ տարի փառատոնի գլխավոր ճարտարապետն, ով պետք է դասախոսություն կարդար, պարզապես հիացած էր, տեսնելով, թե Հայաստանում ինչպիսի ազատ և անկաշկանդ մթնոլորտ է:

7
«Ճարտարապետության Շաբաթ»
միջազգային փառատոնը իր
առջև դրված ի՞նչ խնդիր է լուծում

Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- Այն նախ և առաջ հարթակ է ապահովում բարձրաձայնելու բազմաթիվ մասնագիտական խնդիրներ, հարցեր, ապահովում է ազատ կարծիքի արտահայտման իրավունքը:

Մենք հավատում ենք, որ նման քննարկումները շատ լուրջ արդյունքների կարող են հանգեցնել: Ի տարբերություն նմանատիպ այլ հարթակների՝ մենք նաև չենք պահանջում ավարտուն նախագիծ, մեր խնդիրը գաղափարը ներկայացնելն է, այն կարող է լինել թե էքսքիզի, թե ավարտուն աշխատանքի տեսքով:

8
Քանի՞ նախագիծ կարող է
մասնակցել «Պրահայի Ճարտարապետության
Շաբաթ»-ին:

Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
-Առաջին մի քանի տարիներին Հայաստանին տրամադրվել էր միանգամից երկու տաղավար: Առաջին տարին Պրահա մեկնեցին «Ստորակետ» և «Արխկոպ» ճարտարապետական արվեստանոցները, հաջորդ տարի այդ հնարավորությունը ստացան «Արվեստ» ճարտարապետական արվեստանոցի և «Ուրբան Յունիթի» աշխատանքները:

Նախանցյալ տարիներին, երբ միջազգային ժյուրին ընտրեց Դիլիջանի միջազգային դպրոցի նախագիծը, դիմեցին մեզ, խնդրանքով, որ իրենց հավանած նախագիծը տրամադրենք, որպեսզի ներկայացնեն տարբեր հարթակներում։ Հետագայում նախագծի լուսանկարները փակցված էին Եվրոպայում փառատոնի բոլոր պաստառներին։

9
Ե՞րբ է ավարտվում հայտերի ընդունումը։
Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- Հայտերի ընդունումն ավարտվում է հունիսի 15-ին:

10
Ո՞վ կարող է մասնակցել։
Լուսանկարը՝ Architecture Week Yerevan
- Մրցույթին իրենց նախագծերով կարող են մասնակցել ինչպես փորձառու ճարտարապետները, այնպես էլ ուսանողները, որևէ սահմանափակում չկա: Նախագծերը պետք է ներկայացնեն ժամանակակից կյանքը, կամ այն, թե ինչ փոփոխություն կարող են դրանք բերել քաղաքային կյանքում:
~