Հայկական տուֆի քաղաքը
նոր բրենդի որոնումներում


Ինտերակտիվ համայնքային բյուջե
Տուֆի հանքերով հայտնի Արթիկը փորձում է անցնել 420
էկոլոգիապես մաքուր տնտեսության։

Գայանե Միրզոյան
<տեքստ>
<ֆոտո / վիդեո >
Մոտ 19 000 բնակիչ ունեցող Արթիկը որպես քաղաք կազմավորվել է 74 տարի առաջ տուֆի հանքի հենքի վրա։ Քարի տարբեր երանգներով՝ վարդագույնից մինչև սև, Հայրենական պատերազմից հետո կառուցապատվում էր ամբողջ հանրապետությունը՝ տուֆը դարձնելով Հայաստանի յուրահատուկ այցեքարտը։
Դրան զուգահեռ քաղաքում սկսել են զարգանալ արդյունաբերական այլ ճյուղեր։ Բացվել են պահածոների, էլեկտրավառարանների, ռեզիստորների ու տրանզիստորների գործարաններ, «Ստեկլոմաշ» արտադրամասը, երկու կարի ֆաբրիկաները, ինչպես նաև՝ տուֆաբլոկի գործարանը՝ տուֆից սալիկներ և դեկորատիվ նյութեր պատրաստելու համար։

Այս արդյունաբերական կենտրոնը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մի ակնթարթում կորցրեց իր թափը, իսկ տեղի մասնագետների մեծ մասը հետխորհրդային երկրներում ունեցած կապերի շնորհիվ արագ արտագաղթեց՝ ապրուստի միջոց գտնելու համար։
Ժամանակին Հայաստանի շինաքարի 60%-ից ավելին արտադրվում էր հենց Արթիկում։
 
 
 
 
Սակայն այսօր պահանջարկի բացակայության և վերգետնյա սահմանների մասնակի փակ լինելու պատճառով «Արթիկ-տուֆ» կոմբինատն արդեն տասը տարուց ավելի է՝ չի գործում։
 
 
 
 
Արթիկում մնացել են միայն երեք փոքր արտադրամասեր, որոնք սեզոնային աշխատանքով են ապահովում շուրջ 60 մարդու։
 
 
 
 
Պեմզաշենի հանքավայրի սեփականատեր Սահակ Ափոյանը խոստովանում է, որ կառուցապատման նոր տեխնոլոգիաները հետ մղեցին ավանդական տուֆը, որն այսօր շինարարության մեջ օգտագործվում է հիմնականում որպես դեկորատիվ էլեմենտ։ Վերջին անգամ տուֆի մեծ պահանջարկ կար, երբ Գյումրիում «Լինսի հիմնադրամ»-ի միջոցներով շենքեր էին կառուցվում։ Այսօր այս հանքում տասը աշխատող կա։ Աշխատում են հին տեխնիկայով։ «Դեռևս 30-40 տարի տուֆը կարդյունահանվի», - վստահ է Ափոյանը։
Սահակ Ափոյան
Տուֆի հանքի սեփականատեր
«Տուֆի հանքում աշխատել են գրեթե բոլոր իմ բարեկամները։ Ոմանք հետագայում մահացել են ծանր թոքային հիվանդություններից։ Իհարկե, տեղյակ էին հանքերի վնասակարության մասին, սակայն համարում էին դա իրենց գործը», - ասում է Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետ (2012-2016թթ.) Արսեն Աբրահամյանը։

Մենք շրջում ենք քաղաքին հարող ամայացած տարածքով, որտեղից քամիները պարբերաբար փոշի են բերում Արթիկ։ Խորհրդային ժամանակաշրջանի հանքերի անխնա շահագործումը բնապահպանական մեծ վնաս հասցրեց այս քաղաքին։

«Թափոնները նետվում էին մոտակա ձորը։ Դա ավելի հեշտ էր, քան աշխատել բարդ տեխնոլոգիայով, որը ենթադրում էր, որ արդյունաբերական աղբը պետք է հավաքվեր մի տեղ, հանքը շահագործելուց հետո նորից այնտեղ տեղափոխվեր, ծակվեր, ու հանքը ռեկուլտիվացիայի ենթարկվեր», - պատմում է Աբրահամյանը։

Ժամանակին քաղաքը գեղեցկացնող ձորն այսօր մասամբ հարթեցված է՝ լցված թափոններով և քարերով։ Այն մեծ վտանգ է ներկայացնում բնական աղետների դեպքում։ Այդպես պատահեց 2016 թվականի մայիսի 26-ին, երբ մեծ ջրհեղեղը զգալի վնաս հասցրեց քաղաքին։

Արսեն Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնավարման տարիներին բազմիցս բարձրաձայնում էր այդ վտանգի մասին: Խնդրի համակարգային լուծման համար մոտ 500 մլն դրամ էր հարկավոր: Երկրի այն ժամանակվա իշխանությունների համար դա անիմաստ շռայլություն համարվեց։ Սակայն ջրհեղեղից հետո պետությունը ստիպված եղավ 120 մլն դրամ տրամադրել աղետի հետևանքները վերացնելու համար։ Իսկ նոր աղետների վտանգը դեռ սպառնում է քաղաքին։
Արսեն Աբրահամյան
Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետ (2012-2016թթ.)
Այսպես, թե այնպես, Արթիկն աստիճանաբար փորձում է զարգացման այլ ճանապարհներ գտնել։

Աբրահամյանի խոսքով, նախկինում շահագործվում էին հանքի վերին շերտերը: Այսօր խորքային շերտերից արդյունահանումը մեծ ծախսերի և նոր տեխնոլոգիաների հետ է կապված։

«Արթիկ համայնքը կարիք ունի «ռեբրենդինգի»։ Տուֆը կարող է լինել, բայց որոշիչ չի այլևս», - համոզված է նախկին քաղաքապետը։

Նույն մոտեցումն ունեն նաև քաղաքի ներկա իշխանությունները:

Համայնքապետարանը պլանավորում է տուֆի նախկին հանքերի տեղում միջազգային դոնորների օգնությամբ հանրային տարածք հիմնել։

Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Փթուկյանի խոսքով, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) ներդրումների շնորհիվ ( մեկ միլիոն 435 հազար՝ 1 435 000) 40 հա տարածքի ռեկուլտիվացիա կկազմակերպվի։

Այստեղ պլանավորվում է պուրակ ստեղծել և քաղաք մտնող երկու հեղեղատարների վրա պատնեշներ կառուցել։

Այդ տարածքը նախկին հանքերի տարածքի 60 տոկոսն է կազմում: Նոր ձեռնարկները կօգնեն պաշտպանել քաղաքը փոշուց և որոշ չափով կանխարգելել ջրհեղեղի վտանգը։

«Տուֆն այսօր ոչ բնապահպանական, ոչ էլ տնտեսական առումով այլևս արդյունավետ չէ։ Մենք դեմ ենք տուֆի՝ որպես շինաքար արտադրելուն, միայն՝ որպես սալիպատման նյութ», - ասում է Փթուկյանը։

Նոր աշխատատեղերի հույսն այստեղ կապում են 2019 թվականի գարնանը բացվելիք կարի ֆաբրիկայի հետ։ Հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերության հայկական կողմը ներկայացնում է գործարար Սամվել Ալեքսանյա­նի ընտանիքը։ Ընկերությունը պետք է 500 - 800 աշխատատեղ ապահովի Արթիկում։

Արտադրամասը կգործի Արթիկի նախկին 7-րդ դպրոցի տարածքում, որը 2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարով անհատույց օգտագործ­ման իրավունքով տրվել է «Չեխ-Արմ-Ինվեստ»-ին։

Թեպետ մինչ այդ գյուղատնտեսությունն՝ իբրև Արթիկի զարգացման համար նպատակահարմար տնտեսական ճյուղ չէր դիտարկվել , պարզվեց, որ տեղի կլիմայական պայմանները իդեալական են նաև ջերմոցային տնտեսություն զարգացնելու համար։
2017 թվականի վերջում «Գրինֆուդ» ընկերությունը երեք հա հողատարածքի վրա հիմնել է ելակի ջերմոցային արտադրություն՝ կաթիլային եղանակով։
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյան
 
 
 
 
«Մեր փորձը ցույց է տալիս, որ Արթիկում լավագույն կլիմայական պայմաններ են ջերմոցային տնտեսության համար։ 1700 մ բարձրություն, արևային օրերը շատ են, և մաքուր ջուր կա », - ասում է «Գրինֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը։
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյան
 
 
 
 
Ելակը աճեցվում է ոչ թե հողի, այլ Շրի Լանկայից ներկրված կոկոսի մազիկների մեջ:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
 
 
 
 
Տարեկան մոտ 300 տոննա բերք է ստացվում: Արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, և միայն 30% -ն է սպառվում Հայաստանում:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
 
 
 
 
Այսօր ընկերությունն ունի 54 աշխատող, որոնք հիմնականում Արթիկի բնակիչներն են, մեծամասամբ՝ կանայք։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
 
 
 
 
Ընկերությունը գործընկերներ գտնելուն պես մտադիր է ընդլայնել տնտեսությունը 6 հեկտարով և ներգրավել կրկնակի թվով աշխատակիցներ։
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյան
 
 
 
 
Արթիկում նաև մտադիր են զարգացնել արևային էներգետիկան։ Դեռևս նախորդ քաղաքապետի օրոք պայմանագիր է կնքվել Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հետ։ Մշակվել է այլընտրանքային էներգիայի զարգացման ծրագիր, որի հիման վրա մինչև մեկ մեգավատ հզորության արևային էներգիայի կայան կկառուցվի։
Գևորգ Փթուկյան՝ Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական:
Կայանի մոտավոր արժեքը 784 000 եվրո է (մոտ 434 000 000 դրամ)։

Համայնքը պլանավորում է ներդրում անել 29 600 000 դրամի չափով (մոտ 53 480 եվրո)։ Մնացած գումարը տրամադրվելու է ԵՄ կողմից։

«Մենք վաճառելու ենք էներգիան էլեկտրացանցերին, իսկ գումարը կգնա քաղաքի տնտեսական զարգացման վրա։ Մեր հաշվարկներով, քաղաքի բյուջեն ամեն տարի 40-50 մլն դրամ ավելանալու է կայանի շնորհիվ», - ասում է Գևորգ Փթուկյանը։

Դրա հետ մեկ տեղ, բնապահպանության համար հատկացվող ծախսերի կշիռը Արթիկի բյուջեում 2016-2018 թվականների ընթացքում նվազել է 2%-ով (12,43%՝ 2016 թվականին, մինչև 10,88 %` 2018 թվականին)։

Այնինչ, 2018-ին բյուջեի մուտքերն ավելացել են, նախորդ տարվա համեմատ՝ 25 մլն 114 հազ․ դրամով։ Հիմնականում սա կապված է տեղական տուրքերի հավաքագրման աշխատանքների արդյունավետության աճով, ինչպես նաև՝ աղբահանության վճարի բաձրացմամբ (160 դրամ՝ մեկ շնչին):

Գևորգ Փթուկյանի խոսքով, 2019 թվականին նաև 30 %-ով կավելանան Արթիկ համայնքին տրամադրվող դոտացիաները։
Urbanista-ի անցկացրած առցանց հարցման համաձայն` արթիկցիները առաջնային են համարում ճանապարհաշինությունը (30%) և բակային տարածքների բարեկարգումը (26%): Հարցվածների կարծիքով, պակաս կարևոր են սոցիալական պաշտպանության (5 %) և քաղաքային միջոցառումների վրա բյուջեից հատկացվող գումարները (5 %)։ Առցանց հարցմանը մասնակցել է 126 մարդ։

Արթիկի համայնքապետարանի ներկայացուցչի խոսքով, քաղաքացիները ոչ միշտ են արձագանքում համայնքապետարանի երկխոսության հրավերներին։ Բացառություն են տարեկան հաշվետվությունների և մեծ ծրագրերի քննարկումները։

Արթիկի ակտիվ քաղաքացիները համացանցում են, վստահ է համայնքապետարանի հանրային կապերի պատասխանատու Տաթևիկ Չարչյանը։ «Հաճախ ստանում ենք առաջարկներ, կարծիքներ մեր ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստով», - ասում է նա։

Համայնքապետարանում խոստովանում են՝ ավագանու նիստերին քաղաքացիների պասիվության պատճառները տարբեր են․ մարդիկ թերահավատորեն են վերաբերում ավագանու նիստերի մասնակցությանը, կան նաև անձնական պատճառներ։ Համատիրությունների ղեկավարները և աղբահանության պատասխանատուները իրենց հերթին ծանր են տանում քննադատությունը։

«Բոլոր մասնակիցների համար անհասկանալի մշակույթ է», - եզրափակում է Գևորգ Փթուկյանը։
Ավելին
~