Այրում համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում համայնքի 2016, 2017 թվականների փաստացի և 2018 թվականի պլանավորված տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Այրում բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) իրականացման երրորդ փուլում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով։

Այրում բազմաբնակավայր համայնքի կազմում են ընդգրկվել 8 համայնք։ Բնակավայրերի թիվը նույնպես 8-ն է։ Համայնքի կենտրոն բնակավայրն է Այրում քաղաքը։ Նորաստեղծ համայնքում ընդգրկված նախկին համայնքների ցանկը, ինչպես նաև վերջիններիս բնակչության թվի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ստորև՝ Աղյուսակ 1-ում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Այրում բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է 2016թ-ի կեսերին, իսկ համայնքային իշխանությունների ընտրությունները անցկացվել են նույն թվականի սեպտեմբեր ամսին՝ կարող ենք հստակորեն ընդունել, որ դիտարկվող 2016 թվականը համարվում է անցումային տարի համայնքի համար։ Ուստի վերջինիս կողմից իրականացված բյուջետային գործընթացների և ծախսումների իրական արդյունավետության մասին կարելի է խոսել առնվազն երկու-երեք տարի հետո։

Այնուամենայնիվ, սույն ուսումնասիրության շրջանակներում նպատակահարմար է դիտարկել նախորդ՝ 2016 և 2017 թվականների՝ նախկին համայնքների բյուջեների հանրագումարը և տվյալները համադրել 2018 թվականի պլանավորված նույնանուն բյուջետային ցուցանիշների հետ։ Հետևաբար՝ համեմատության համար դիտարկվել են նախկին 17 համայնքների 2016 և 2017 թվականների տարեկան բյուջեների հանրագումարը և նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքի 2018 թվականի հաստատված տարեկան բյուջեն։

Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։
Տվյալները ստացվել են համայնքային իշխանություններից՝ իրականացված հարցման միջոցով։
Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից, 2016 թվականի նկատմամբ 2017 թվականի եկամուտները աճել են մոտ 17.1 մլն դրամով՝ (202.2 և 219.3 մլն դրամ համապատասխանաբար)։ 2018 թվականի ընթացքում համայնքի բյուջեով պլանավորված եկամուտները ևս աճել են 9.7 մլն դրամով ՝ հասնելով 229.0 մլն դրամի։

Դիտարկվող տարիների ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտները չեն գրանցվել, եկամուտների ամբողջապես գոյանում են բյուջեի վարչական մասում։

Հաջորդիվ՝ գծապատկերներով կներկայացնենք, թե եկամուտների փոփոխությունները ինչով են պայմանավորված։

Ուսումնասիրվող ժամանակահատվածում համայնքին պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը գրեթե նույնն է եղել՝ 133.5, 137.7 և 133.6 մլն դրամ համապատասխանաբար 2016-ից 2018 թվականների համար (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Այրում համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։

Բերված տվյալներից կարելի է նկատել, որ դիտարկվող տարիների ընթացքում եկամուտների և դրա բաղադրիչների աճի որոշակի դինամիկա կա։

Այսպես, 2017թ-ի համեմատությամբ 2018թ-ին նախատեսվում է, որ 2.7 մլն դրամով (9.5%-ով) ավելանալու են անշարժ գույքի հարկից բյուջե իրականացվող մուտքերը։ Կանխատեսվում է նաև, որ էականորեն՝ 6.4 մլն դրամով (26.8%-ով) աճելու են փոխադրամիջոցների գույքահարկի մասով հավաքագրումները։

Տեղական տուրքերի մասով էական փոփոխություններ գրեթե չեն նկատվել, իսկ համայնքային սեփականության գույքի վարձակալությունից ստացված եկամուտները տարեցտարի աճել են՝ 9 մլն դրամից հասնելով 13.4 մլն դրամի (մոտ 49%-ով)։

Ակնհայտ աճ է գրանցվել վարչական գանձումների մասով։ Եթե 2016թ-ին հավաքագրվել էր ընդամենը 0.3 մլն դրամ տեղական վճար, ապա հաջորդ տարի՝ 2017թ-ին արդեն 7.6 մլն դրամ, իսկ 2018-ին աճը նախորդի համեմատ կազմել է շուրջ 2 անգամ կամ 197%՝ կազմելով 15 մլն դրամ։

«Այլ եկամուտներ» հատվածում մուտքեր են գրանցվել միայն 2016թ-ին։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Այրում համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։
Հետաքրքիր պատկեր է ստացվում համայնքի բյուջետային ծախսերը դիտարկելիս։

2016թ-ի համեմատ 2017թ-ին ծախսերի ծավալը կրճատվել է 9.8%-ով կամ 20 մլն դրամով, այնինչ 2018թ-ին ծախսերի գումարը ավելացել է մոտ 107.4 մլն դրամով կամ 58.4%-ով։ Ընդ որում, 2018թ-ին նշանակալից են եղել ֆոնդային բյուջեի ծախսումները, որոնք կազմել են 62.3 մլն դրամ կամ ընդհանուրի 21.4%-ը։ Սա խոսում է 2018թ-ին համայնքում զգալի կապիտալ ներդրումների մասին (շինարարության կամ այլ գործունեության տեսքով)։

Ի տարբերություն 2018թ-ի՝ նախորդ տարիներին համայնքի բյուջեի ֆոնդային մասին ծախսերը նշանակալի չեն եղել։

2016-2018 թթ․ բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 5)։
2016
2017
2018
Այրում համայնքի 2016 թ. բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի գերակշիռ մաս է կազմում (56%), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում նաև (28%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Տնտեսական հարաբերությունների և Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում կատարված ծախսերը իրենց տեսակարար կշռով գրեթե նույնն են և կազմում են ընդհանուրի 2-3%-ը։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների, հանգիստ, մշակույթ, կրոն և սոցիալական պաշտպանության ոլորտներում կատարված ծախսումները գրեթե նույնն են գումարային առումով և կազմում են ընդհանուրի 3-4%-ը։

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Այրում համայնքի 2017 թ. բյուջետային ծախսերը
Պատկերը որոշակիորեն փոխվել է 2017 թ-ին։ Ընդհանուր ծախսումների մոտ կեսը (50%) շարունակում են մնալ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը։ Սակայն վերջինս գումարային առումով նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է գրանցել։ Պատճառը թերևս նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքի աշխատակազմի օպտիմալացումն է։

Շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պաշտպանության և տնտեսական հարաբերությունների ծախսերը գումարային առումով մոտ են իրար և կազմում են ընդհանուրի 2-ից 4 %-ը։

Հանգիստ մշակույթ, կրոն ոլորտի ծախսերը մի փոքր աճել են նախորդ տարվա համեմատությամբ և կազմում են ամբողջի 4%-ը ։

Կրթության ոլորտի ծախսերը կտրուկ աճել են նախորդ տարվա համեմատ (մոտ 12.2 մլն դրամով) և ընդհանուր ծախսերի մեջ ավելացրել տեսակարար կշիռը՝ հասնելով 38%-ի։

Հետաքրքրական է, որ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում ծախսեր չեն նախատեսվել։
Այրում համայնքի 2018 թ. բյուջետային ծախսերը
2018թ-ին Այրում բազմաբնակավայր համայնքի բյուջետային ծախսերի հաստատված պլանը հետևյալն է։ Նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ աճել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը՝ 92.4 մլն դրամից հասնելով 143.9 մլն դրամի (մոտ 55.8%)։ Այժմ նշված ոլորտի ծախսերը կազմում են ընդհանուրի 52%-ը։

Նույնը վերաբերում է կրթության ոլորտի ծախսերին։ Առաջին հայացքից ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը նվազել է ընդհանուրի մեջ՝ 38%-ից հասնելով 27-ի, այնինչ գումարային առումով ծախսերը աճել են 6.3 մլն դրամով։ Վերջինս առավել մանրամասն երևում է Գծապատկեր 8-ում։

Կտրուկ ավելացել են բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում նախատեսվող ծախսերը։ Նախատեսվում է դիտարկվող տարում իրականացնել 22.8 մլն դրամի ծախս։

Նույնն է մնացել հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծախսերի գումարը՝ մոտ 8.5 մլն դրամ։

Էականորեն աճել են տնտեսական հարաբերությունների ոլորտում իրականացվող ծախսերը՝ շուրջ 9.7 մլն դրամով։ Նախորդի համեմատ՝ այժմ այս ոլորտի ծախսերի մասնաբաժինը նվազել է 5%-ը՝ 2%-ի փոխարեն։

Փոքր ինչ աճել են սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը։

Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Գծապատկեր 7-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։

Ինչպես կարելի է տեսնել՝ համայնքը մեծապես շեշտադրել է կրթության ոլորտում ծախսերի կարևորությունը։

Աղյուսակ 2-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 8-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 8. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
~

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Ավելին