Բերդ համայնքի
բյուջետային
գործընթացները
վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Ուսումնասիրությունը ներկայացնում է Տավուշի մարզի Բերդ համայնքի 2016, 2017 թվականների փաստացի և 2018 թվականի պլանավորված տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Բերդ բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) իրականացման երրորդ փուլում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով։

Բերդ բազմաբնակավայր համայնքի կազմում են ընդգրկվել նախկին Տավուշի տարածաշրջանի համայնքները՝ թվով 17 համայնք։ Բնակավայրերի թիվը նույնպես 17-ն է։ Համայնքի կենտրոն բնակավայրն է Բերդ քաղաքը։ Նորաստեղծ համայնքում ընդգրկված համայնքների ցանկը, ինչպես նաև վերջիններիս բնակչության թվի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 1-ում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերդ բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է 2017 թ-ի կեսերին, իսկ համայնքային իշխանությունների ընտրությունները անցկացվել են նույն թվականի նոյեմբեր ամսին՝ կարող ենք հստակորեն պնդել, որ համայնքը դեռևս չի հասցրել իրականացնել գործունեություն՝ որպես նոր, միավորված բազմաբնակավայր համայնք։ Ուստի վերջինիս կողմից իրականացված բյուջետային գործընթացների և ծախսումների իրական արդյունավետության մասին կարելի է խոսել առնվազն մեկ կամ երկու տարի հետո։

Այնուամենայնիվ, սույն ուսումնասիրության շրջանակներում նպատակահարմար է դիտարկել նախորդ՝ 2016 և 2017 թվականների՝ նախկին համայնքների բյուջեների հանրագումարը և տվյալները համադրել 2018 թվականի պլանավորված նույնանուն բյուջետային ցուցանիշների հետ։ Հետևաբար՝ համեմատության համար դիտարկվել են նախկին 17 համայնքների 2016 և 2017 թվականների տարեկան բյուջեների հանրագումարը և նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքի 2018 թվականի հաստատված տարեկան բյուջեն։

Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, որտեղ երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից, 2016 թվականի նկատմամբ 2017 թվականի եկամուտները աճել են մոտ 65 մլն դրամով՝ (767.9 և 832.9 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2017 թվականի ընթացքում համայնքի բյուջեով պլանավորված եկամուտները կտրուկ նվազել են՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 86.8.2 մլն դրամով կամ 10.42%-ով, հասնելով 746.1 մլն դրամի։

2016 և 2018 թ-ի ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտներ չեն գրանցվել, իսկ 2017 թ-ի ընթացքում վերջիններս կազմել են 98.1 մլն դրամ կամ ամբողջի 12%-ը։ Ընդհանուր առմամբ, ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, եկամուտների գերակշիռ մասը գոյանում է բյուջեի վարչական մասում։

Հաջորդիվ՝ գծապատկերներով կներկայացնենք, թե եկամուտների կտրուկ փոփոխությունները ինչով են պայմանավորված։
Դիտարկվող տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը տարեցտարի աճել է՝ 513.8 մլն դրամից հասնելով 588.5 մլն դրամի՝ 513.8, 552.9 և 588.5 մլն դրամ համապատասխանաբար (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Բերդ համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։ Բերված տվյալներից կարելի է նկատել, որ դիտարկվող տարիների ընթացքում եկամուտների և դրա բաղադրիչների աճի կամ նվազման որևէ հստակ դինամիկա չկա։

Այսպես, 2017 թ-ի համեմատությամբ 2018թ-ին նախատեսվում է, որ 7 մլն դրամով (15.2%-ով) ավելանալու են անշարժ գույքի հարկից բյուջե իրականացվող մուտքերը, սակայն դրա հակառակ, կանխատեսվում է, որ 4.4 մլն դրամով (8%-ով) նվազելու են փոխադրամիջոցների գույքահարկի մասով հավաքագրումները։

Տեղական տուրքերի և համայնքային սեփականության գույքի վարձակալությունից ստացված եկամուտների մասով էական փոփոխություններ գրեթե չեն նկատվել։ Վերջիններս 2017 թ-ի դրությամբ կազմել են 3.1 մլն և 14.3 մլն դրամ համապատասխանաբար։

Ակնհայտ աճ է գրանցվել վարչական գանձումների մասով։ 2016 թ-ի նկատմամբ 2017 թ-ի աճը կազմել է շուրջ 285% կամ 20.3 մլն դրամ, իսկ 2018թ-ին նախատեսվում է գանձել ևս 11.4 մլն դրամ ավել (կամ 136%)։

«Այլ եկամուտներ» հատվածում ստացված գումարները՝ 2016 թ-ին համեմատ 2017 թ-ին նվազել են 3.75 անգամ՝ 52.6 մլն դրամից հասնելով 14 մլն դրամի։ Իսկ 2018 թ-ին նման մուտքեր ընդհանրապես չեն կանխատեսվել։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Բերդ համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։ Ինչպես և եկամուտների մասում, ծախսային ուղղությամբ դիտարկվող տարիների ընթացքում հստակ դինամիկա չկա։

Համայնքի տարեկան ծախսերը 2017 թ-ին աճել են 56.5 մլն դրամով (համեմատած 2016 թ-ի)՝ 759.7-ից հասնելով 816.2 մլն դրամի։ Սակայն, 2017 թ-ին ծախսերի մեջ նկատելի են եղել ֆոնդային բյուջեի ծախսերը, որոնք նախորդ՝ 2016 թ-ի նկատմամբ աճել են մոտ 80 մլն դրամով։ Այնուհանդերձ, 2018 թ-ին բյուջետային ծախսերը մոտ 11.3 մլն դրամով ավելի քիչ են պլանավորվել, այդ թվում և կապիտալ ծախսերը, որոնք 2017 թ-ի համեմատ քիչ են պլանավորվել 87.2 մլն դրամով։

Էապես ավել են պլանավորվել վարչական բյուջեի ծախսերը, որոնք ամենաշատն են դիտարկվող տարիների կտրվածքով՝ 767.9 մլն դրամ՝ նախորդ 715.2 և 691.9 մլն դրամի համեմատությամբ։ Նշենք նաև, որ 2018թ-ի ծախսերում ֆոնդային բյուջեի մասնաբաժինը կազմում է ընդամենը 4.6% կամ 37 մլն դրամ։
2016- 2018 թթ-ի բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 5)։

Ինչպես կարելի է նկատել, 2016 թվականին բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (42%), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում նաև (21%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Տնտեսական հարաբերությունների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում կատարված ծախսերը իրենց տեսակարար կշռով գրեթե նույնն են և կազմում են ընդհանուրի 7%-ը։ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում կատարված ծախսումները կազմում են ընդհանուրի 12%-ը։

Նկատելի են հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտի ծառայությունների մատուցման ծախսերը, որոնք կազմում են ընդհանուրի 10%-ը, իսկ սոցիալական պաշտպանության ծախսերը չեն գերազանցում 1%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Պատկերը որոշակիորեն փոխվել է 2017 թ-ին: Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը (43%)։ Վերջինս գումարային առումով էլ նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացում է գրանցել (մոտ 30 մլն դրամ)։

Շրջակա միջավայրի պաշտպանության, բնակարանային շինարարության և հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը մոտավոր նույն մասնաբաժին ունեն ամբողջի մեջ՝ 7%, 7% և 8% համապատասխանաբար։ Կրթության ոլորտի ծախսերը աճել են և կազմում են ընդհանուր ծախսերի 22%-ը։ Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը գրեթե նույնն են և նույնպես կազմում են ընդհանուրի 1%-ը, ինչպես նախորդ տարի։ Տնտեսական հարաբերությունների ոլորտը էական աճ է գրանցել 207թ-ին՝ նախորդի նկատմամբ ավելանալով շուրջ 48 մլն դրամով՝ կազմելով ընդհանուրի 12%-ը։

2018 թ-ին Բերդ բազմաբնակավայր համայնքի բյուջետային ծախսերի հաստատված պլանը հետևյալն է։ Էականորեն նվազել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը՝ ընդ որում թե՛ տոկոսային արտահայտության և թե՛ գումարային առումով՝ կազմելով ամբողջի 31%-ը։

Նույնը վերաբերում է կրթության ոլորտի ծախսերին։ Առաջին հայացքից աճը ընդհանուրի մեջ կազմել է ընդամենը 3%, սակայն գումարային առումով այն ավելացել է շուրջ 22.2 մլն դրամ։ Վերջինս առավել մանրամասն երևում է Գծապատկեր 6-ում։ Կտրուկ ավելացել են շրջակա միջավայրի պաշտպանության վրա նախատեսվող ծախսերը։ Նախորդ 2017 թ-ի նկատմամբ ծախսերը ավելացել են շուրջ 167 մլն դրամով, և կազմում են ընդհանուր ծախսերի 28%-ը։

Հակառակ պատկերն է բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում, որտեղ ծախսերը կրճատվել են 41.8 մլն դրամով, և կազմում են ընդհանուրի ընդամենը 2%-ը։
Նկատելի ավելացել են հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծախսերի մասնաբաժինը և գումարը ընդհանուր ծախսերում՝ ընդհանուրի 11%։ Կտրուկ նվազել են նաև տնտեսական հարաբերությունների ոլորտում իրականացվող ծախսերը՝ շուրջ 79.3 մլն դրամով։ Նախորդի համեմատ՝ այժմ այս ոլորտի ծախսերի մասնաբաժինը նվազել է 10%-ով և կազմում է ընդհանուրի 2%-ը։

Նվազել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը։ Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Գծապատկեր 7-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։
Ինչպես կարելի է տեսնել՝ համայնքը մեծապես շեշտադրել է աղբահանության ոլորտում ծախսերի կարևորությունը։

Աղյուսակ 2-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 8-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 8 Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը (մլն. դրամ)
~
Made on
Tilda