Կանայք`
սահմանի թիկունքին
Ինտերակտիվ համայնքային բյուջե



Կանայք առաջարկում են սոցիալական խնդիրների
լուծման իրենց բանաձևը աահմանամերձ Բերդ համայնքում:


<ֆոտո / վիդեո >
Իրիսի գույնզգույն ու փայլուն թելերը մի խումբ կանանց ձեռքերում վերածվում են խաղալիքների` տարբեր կենդանիների կերպարներով։ Կանայք աշխատում են լուռ, մերթընդմերթ ժպտում են, հիացմունքով նայում իրենց ստեղծած կերպարներին ու անկեղծանալով ասում՝ ամեն խաղալիքի մեջ հոգի են դնում։
«Մենակ էն չի, որ աշխատում ենք, էս նաև հոգեբանական դասընթաց է, էս կերպարները ստեղծելուց հանգստանում ենք։ էս աշխատանքով մեր կանայք իրենց ընտանիքներում ֆինանսական ներդրում են ունենում, ինքնահաստատվում։ Էս խաղալիքների շնորհիվ կարողացա փակել տղայիս ուսման վարձը»,- ասում է 2010 թվականից «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի «Բերդի արջուկներ» նախագծում աշխատող 41-ամյա Ասպրամ Պապյանը, ով խաղալիքների մեծ մասի հեղինակն է։

Երևանից 202 կմ հեռու Բերդ քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանային Տավուշի մարզում։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին իրականացված համայնքների խոշորացումից հետո Բերդը դարձել է բազմաբնակավայր խոշորացված համայնք, որի մեջ մտնում են մեկ քաղաքային և 16 գյուղական համայնքներ։

Տավուշի մարզը սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատվածը, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի գյուղերը հիմնականում սահմանամերձ են։ Մարզի հասարակական կազմակերպությունները և ներդրողները փորձում են իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատատեղեր ստեղծել բնակիչների համար՝ կանխելով արտագաղթը տարածաշրջանից։

Ըստ Բերդի համայնքապետարանի` 9864 բնակչություն ունեցող Բերդում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 265 է, չնայած, ըստ համայնքապետարանի, գործազուրկների թիվը քաղաքում շատ ավելին է։ Աշխատանքի խնդիրը լուծելու համար տղամարդկանցից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, տեղում մնացածների գերակշռող մասն աշխատում է որպես պայմանագրային զինծառայող, կանայք աշխատում են կրթական հաստատություններում, զբաղվում գյուղատնտեսությամբ, ներգրավվում նոր բացված աշխատատեղերում։
 
 
 
 
2011 թվականին «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»-ի կողմից հիմնադրված «Բերդի արջուկներ» (Berd Bears) նախագիծը նպատակաուղղված է հենց Բերդի կանանց բիզնես գործունեության խրախուսմանը։
 
 
 
 
Այժմ հիմնադրամն ունի 12 գրանցված կին աշխատողներ, սակայն Ամանորին, երբ «Բերդի արջուկների» պահանջարկն աշխարհում մեծանում է, աշխատող կանանց թիվը ավելանում է՝ հասնում 45-ի։
«Մեր շահառուների մեծ մասը գործազուրկ կանայք էին, ովքեր ժամանակին աշխատել էին Բերդի ռելեի գործարանում։ Լույս չեղած տարիներին այս կանայք բոլորը տանը նստած գործում էին թե՛ իրենց, թե՛ իրենց երեխաների համար, ունեին այդ շնորհքը»,-ասում է Անահիտ Բադալյանը։
 
 
 
 
Խաղալիքների հիմքում «Բերդ» անունը կրող հայկական թեդդի արջուկներն են, որոնք ամբողջ աշխարհում կարճ ժամանակամիջոցում դարձել են ոչ միայն սահմանային Տավուշի մարզում գտնվող Բերդ քաղաքի խորհրդանշանը, այլև Բերդի կանանց ու նրանց ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը։
 
 
 
 
 
 
 
 
Հելունագործների խմբի ղեկավար, երեք երեխայի մայր, 38-ամյա Ժաննա Եղիկյանը ծրագրին մասնակցում է 2012 թվականից։ Ասում է, որ իրենց հնարավորություն է ընձեռվել աշխատելու, աջակցելու սեփական ընտանիքներին։
41-այա Ասպրամ Պապյանը խաղալիքների մեծ մասի հեղինակն է։
 
 
 
 
Ներկայացնելով «արջուկի» նախապատմությունը՝ նշում է, որ երբ կանանց հավաքում են, նրանցից մեկը գործած արջ է հետը բերած լինում, որն էլ գրավում է իրենց ուշադրությունը։ Կանայք բաժանվում են երկու խմբի`գործողների և դետալ պատրաստողների։ Խաղալիքներն ամբողջովին պատրաստվում են ձեռքով։Սակայն բազմաթիվ խաղալիքների կողքին գրասենյակում բացակայում էր հայտնի «Բերդի արջուկը», մեր պահանջարկ ունենալու պատճառով։

«Բերդի արջուկներ» ծրագրի իրականացմանն աջակցել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», որի ֆինանսավորման ավարտից հետո ծրագիրն անցել է ինքնաֆինանսավորման։

Անահիտի խոսքով, Հայաստանում Ֆինլանդիայի ու Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթի աջակցությամբ և խորհրդով, գերմանուհի քույր Հաննայի մտահղացմամբ ստեղծված ձեռագործ արջուկները սկսեցին վաճառվել ամբողջ աշխարհում՝ վեբ կայքի, սոցցանցերի և համագործակցային ցանցի օգնությամբ (www.berdbears.com): «Քիքսթարթեր» առցանց հարթակի միջոցով էլ ավելի ընդլայնվեց վաճառքի շուկան`ընդգրկելով Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան ու Ասիան, Ավստրալիան։

«Ունենք շյուղագործ արջեր`մեծ, միջին ու փոքր, հելունագործ մինիատյուրներ, մատի տիկնիկներ, բանալու օղեր։ Դեռահաս աղջիկների մի խումբ էլ զբաղվում է հուլունքագործությամբ։ 2017 թվականին արտահանել ենք 10 հազար հելունագործ մինիատյուր, 200 արջուկներ հիմնականում ԱՄՆ, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա»,- պատմում է Անահիտը։

«Բերդի արջուկները», անվտանգության թեստավորում անցնելով Շրի Լանկայում, ստացել են հատուկ սերտիֆիկատ, որով արջուկները ճանաչվել են էկոլոգիապես մաքուր խաղալիք մեծերի ու փոքրերի համար։

«Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը», հաշվի առնելով տարածաշրջանում կանանց ներուժը, ՄԱԿ-ի գրասենյակի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ արդեն երկու տարի է՝ իրականացնում է նաև հատապտուղների ծրագիր, որն իր մեջ կրում է բնապահպանական ենթատեքստ։

Անահիտը նշում է, որ այս ծրագրով փորձում են փրկել և մշակության մեջ դնել ոչնչացման եզրին կանգնած, Կարմիր գրքում գրանցված մի շարք հատապտուղներ (վայրի հապալաս, ալոճ), որոնք աճում են միայն իրենց տարածաշրջանում։ Բույսերի մշակության համար ընտրել են ավելի բարձրադիր համայնքներ, որտեղ պայմանները նպաստավոր են հատապտուղների աճեցման համար։ Բույսերի մշակությամբ զբաղվում են գործազուրկ կանայք՝ վայրի հատապտուղներ աճեցնելով սեփական տնամերձ տարածքներում։

Յուրաքանչյուր տնտեսություն հետագայում կդառնա փորձի փոխանակման փոքր կենտրոն, որը կարող է նաև հրապուրիչ լինել զբոսաշրջիկի համար։

2016 թվականից մեկնարկած ծրագրում ներգրավված են քսանհինգ տնտեսություններ՝ Վերին Կարմիրաղբյուր, Բերդ, Նավուր, Իծաքար գյուղերից։ Տնտեսություններին տալիս են նաև մշակովի սորտեր՝ սև ու կարմիր հաղարջ, անփուշ մոռ, մոշ։


 
 
 
 
Հատապտուղների խմբի անդամներից է Տավուշի մարզի Նավուր գյուղում բնակվող Մերի Դալլաքյանը։
Նավուրը մարզի բարձրադիր գյուղերից է, Երևանից հեռու է 211 կմ, հայ-ադրբեջանական սահմանից`13 կմ։
 
 
 
 
 
 
 
 
Մերի Դալլաքյանը իր այգում է հավաքել ամենատարբեր ընտանիքի պատկանող բուսատեսակներ ու ցուցադրում է հյուրերին։
Այգու ծառերը ձմռան ցրտից պաշտպանվում են Մերիի գործած ձմեռային հագուստով։
 
 
 
 
 
 
 
 
«Ես ինքս էլ եմ տարբեր բույսեր փորձում աճեցնել, ինձ ասում են՝ չի աճի, ես ասում եմ՝ կաճի։ Այգիս կարծես փորձարարական լաբորատորիա լինի»,- պատմում է Մերին։
 
 
 
 
Հատապտուղների մարգերի արանքում աճեցված լոբու վաճառքով Մերին վճարում է տղայի ուսման վարձը։
Նրա օրը սկսվում և ավարտվում է այգում, որտեղ բույսերին ոչ միայն խնամում է, այլև զրուցում հետները։ Մերին սիրում է աշխատել մենակ։
 
 
 
 
Մերիի սկեսուրը, 78-ամյա Ասյա Գինովյանը այս հողամասով միայնակ մեծացրել է հինգ երեխաներին։
 
 
 
 
Հատապտուղների խմբի անդամների պատրաստած էկոարտադրանքը`սև ալոճի մուրաբա, որը չի պարունակում ծանր մետաղներ։
 
 
 
 
Մերի Դալլաքյանը այգու մի մասում մաշված և անպետք անիվներից ինքնաշեն սեղան, աթոռներով հանգստի անկյուն է կառուցել։ Նրա այգին ավանդական դեղատուն է ավանդական դեղաբույսերով՝ օշինդր (արտեմիսիա), ուրց, նանա, դաղձ, ծովաբողկ (хрен), գետնախնձոր։ Այգու մի հատվածում էլ սև ալոճի, կծոխուրի (բարբարիսի), հապալասի, մոշի երկու տարեկան տնկիներ են։

«Ճիշտ ա, պտուղ կտան մի երեք տարուց, դեռ միայն ներդրում ենք անում, բայց ես հատապտուղների մարգերի արանքում լոբի եմ ցանել ու մշակում։ Չորս տարի տղաս ուսանող էր, էս լոբիով եմ նրա ուսման վարձը փակել»,- ասում է 37-ամյա Մերին։

Նա համոզված է, որ կանայք շատ բան կարող են փոխել, սակայն հնարավորությունները քիչ են։ Պատմում է, որ իր նման շատերն են զբաղվում հատապտուղների մշակությամբ, նաև վայրի քաղ են անում` Տավուշի մարզի ամենաբարձր լեռան՝ Մրղուզի լանջերից և վայրի սև ալոճից մուրաբա պատրաստում նույն ծրագրի շրջանակներում։
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 2013 թվականից ի վեր Տավուշի մարզում իրականացնում է «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը, որին մինչև այսօր մասնակցել են սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 ընտանիքներ։ Ծրագրի միջոցով ոչ միայն նյութական աջակցությունն է դիտարկվել, այլև ընտանիքների կայունացումը, նրանց աշխատանքով ապահովելը, հնարավորություն տալով սկսել իրենց փոքրիկ սեփական գործը։

ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի պատասխանատու Վալյա Ապրեսյանը նշում է, որ այս տարվանից մարզի չորս`Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Նորաշեն ու Արծվաբերդ համայնքներում սկսել են ձեռներեցությանն ուղղված «Սկսիր քո գործը» ծրագիրը։ Հայտարարված մրցույթին դիմել են երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներ։

«Արդեն դիմել են 168 հոգի՝ չորս համայնքից։ Ծրագիրը հետապնդում է երկու նպատակ՝ նախ գիտելիք կստանան, կզարգացնեն իրեն կարողությունները։ Յուրաքանչյուրն իր ներկայացրած գաղափարը կվերածի բիզնես գաղափարի, որից հետո կմասնակցի հիմնական մրցույթին։ Կընտրվեն լավագույն հիսունը։ Ֆինանսավորումը սկզբում կլինի անհատույց, անտոկոս`500 հազար դրամի սահմաններում։ Այնուհետև հաջողության հասածներին կընձեռվի հավակնություն ունենալ ավելի մեծ գումար, որն այս անգամ կտրվի փոխառությամբ, մի մասը կլինի նվիրատվության կարգով, մի մասն էլ՝ անտոկոս, ետ վերադարձնելու պայմանով»,- ասում է Վալյա Ապրեսյանը։
Դասասենյակից ՝ ջերմոց
Բերդի կենսաբանության ուսուցչուհին իր գիտելիքները կիրառում է բիզնեսում
Երեք տարի առաջ Երևանից 223 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Չորաթան գյուղում «Տավուշ տեքստիլի» առաջին արտադրամասը կառուցեց ռուսաստանաբնակ Սուրեն Երիցյանը, ով ծնունդով մարզի Արծվաբերդ գյուղից է:

2015 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց սահմանամերձ համայնքներում ներդրումներ անողներին ժամանակավորապես ազատել հարկային պարտավորություններից, և գործարար Երիցյանն այն եզակի գործարարն էր, ով ներդրում անելով ծննդավայրում սկսեց բանվորական ձեռնոցների արտադրությունը:

Չորաթանում արտադրամասը կառուցվել է ադրբեջանական դիրքերից ընդամենը 5-6 կմ, Մովսես գյուղում՝ ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա, ևս մեկ արտադրամաս էլ բացվել է Արծվաբերդում։

Չորաթանի վարչական պատասխանատու Վարուժան Բաղմանյանը նշում է, որ գործարանը փոխել է Չորաթանի կյանքը, մարդիկ աշխատավարձ են ստանում, պարտքերն ու վարկերը փակում, իրենց գնահատված զգում։

«Սա մի օրինակ է, թե ինչպես կարելի է յուրաքանչյուր գյուղում մի գործարան կառուցելով կանխել արտագաղթը և նպաստել ներգաղթին»,- ասում է Վարուժան Բաղմանյանը։
Այս տարվանից «Տավուշ տեքստիլը» արտադրամաս է բացել նաև Բերդի նախկին ռելեի գործարանի շենքում, որտեղ աշխատում է 220 մարդ։
 
 
 
 
Բերդում գործում է երկու արտադրամաս, մեկում գործում են ձեռնոցները, մյուսում՝ լատեքսապատում։
 
 
 
 
Շատ ընտանիքներ, որոնք հեռացել էին Բերդից, այսօր վերադարձել են ու սկսել աշխատել «Տավուշ տեքստիլում»
 
 
 
 
«Անհամբերությամբ էի սպասում էս աշխատանքին։ Շատ կարևոր է բոլորիս համար, քանի որ մեզ մոտ ուրիշ աշխատատեղ չկա»,- ասում է երեք երեխաների մայր Անուշ Բադալյանը։
 
 
 
 
«Տավուշ տեքստիլում» նա աշխատում է որպես օպերատոր, հավաքում է մեքենայի գործած ձեռնոցները, դրանցից կապեր պատրաստում, լցնում պարկերի մեջ։
 
 
 
 
Արտադրամասի պետ Տիգրան Ճուղուրյանը նշում է, որ այժմ մարզի բոլոր արտադրամասերում միասին աշխատում է 850 մարդ։
 
 
 
 
Գործարանի արտադրած շինարարական ձեռնոցներն արտահանվում են Ռուսաստան, Ուկրաինա: Վարձատրությունը օրական կազմում է 5000-8000 դրամ՝ աշխատանքի բնույթից ու չափից ելնելով:
 
 
 
 
«Այսօր ամենակարևոր գործոնն էն է, որ բացվող արտադրամասերը կասեցնում են մեր մարզից արտագաղթը, շատ երիտասարդ ընտանիքներ հետ են վերադարձել հայրենիք, աշխատում են մեր արտադրամասերում, ինչն էլ ավելի է ամրացնում մեր սահմանները»,- ասում է Տիգրան Ճուղուրյանը։
~
Ավելին
~
Made on
Tilda