Օղակաձև զբոսայգի․ Օգտագործելով հանրայինը


Ինչպես կարող է Օղակաձև զբոսայգու մասնակցային
դիզայնն օգնել հանրային տարածքների հանդեպ
սեփականության զգացողության ձևավորմանը:
Լիլիթ Միդոյան
Հանրային տարածքների պատասխանատու,
ՄԱԶԾ Հայաստան
Օղակաձև այգին նախատեսված է եղել Երևանի բոլոր նախագծերում (1924 թ․ Թամանյանի նախագծով, 1936 թ․ «Մեծ Երևան» նախագծով, որը սկսել էր Թամանյանը, շարունակել՝ Լենինգրադի պետական ինստիտուտը («Լենգիպրոգոր»)՝ տեղացի ճարտարապետների մասնակցությամբ, 1949-ին` Ն․ Զարգարյանի նախագծով, 1967-1968 թթ.` Մ․ Մազմանյանի` Կենտրոնի մանրամասն հատակագծման նախագծով։
Երևան հատակագիծը կազմելիս` ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը քաղաքի կենտրոնում նշել էր Օղակաձև այգի, որի հիմնական գործառույթը քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու հանգստի վայր լինելն էր: Սակայն 60-ականներին այգուն հատկացված թամանյանական տարածքը կրկնակի կրճատվեց, իսկ 90-ականներին` Օղակաձևն անկանոն կառուցապատվեց և զրկվեց խնամքից:

Ալեքսանդր Թամանյանը Երևանի հատակագծի բոլոր տարբերակներում նախատեսում է 1200 հեկտար զբոսայգիներ ու անտառներ` հատված բերքատու ծառերի փոխարեն։ Ճարտարապետը տարված էր Էբենիզեր Հովարդի քաղաք-այգու տեսությամբ։ Վերլուծելով դեպի քաղաքները մարդկանց անընդհատ հոսքի և գյուղական համայնքների ամայացման պատճառները՝ Հովարդը եզրակացնում է, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայրեր, որոնցում կհամատեղվեն գյուղական և քաղաքային կյանքի տարրերը։

Այս տեսության համակիր Ալեքսանդր Թամանյանը 1913 թ․ Վ․ Սեմյոնովի հետ նախագծում է Պրոզորովկան` Ռուսաստանի առաջին քաղաք-այգին:

Երևանը Թամանյանի` քաղաք-այգիների տեսության կիրառմամբ ամենալայնածավալ նախագիծն էր, որը 1924 թ․ գարնանը ներկայացնում է ժողկոմխորհին։ Արևմտաեվրոպական թրենդերին զուգընթաց գնալով` Թամանյանն այս մոդելի քաղաքով ցանկանում էր բարելավել Երևանի կլիմայական պայմանները:

Երևանի հարավային թաղամասերը փռված են կիսաանապատային, իսկ հյուսիսարևելյան թաղամասերը (Ջրվեժ)` լեռնատափաստանային գոտում։ Նման չոր տարածքում կանաչ գոտու ստեղծումը հնարավոր է միայն պատշաճ ոռոգման պայմաններում։ Առատ ծառատունկը բարելավում է միկրոկլիմայական պայմանները, քաղաքը հագեցնում խոնավությամբ, մեղմում շոգը, պայքարում փոշու, ծխի, գազերի, աղմուկի դեմ։ Ըստ Թամանյանի՝ «Երևանի պլանով բուսականությունն ավելի մեծ չէ, քան պահանջվում է քաղաք-պարտեզի նորմայով (10%-ի դիմաց մեր բուսականությունը 9%-ի է միայն հասնում)»։
Օղակաձև այգին (2005 թվականից` «Երիտասարդության զբոսայգի») և մի քանի շառավղային այգիներ պետք է կատարեին դեպի քաղաքի կենտրոն օդաբերի դեր։
Օղակաձև այգին պետք է շրջափակեր փոքր կենտրոնը՝ սկսելով Կոնդից, ավարտվելով՝ Տ․Մեծ-Խանջյան խաչմերուկում։
Թամանյանը նախագծել էր քաղաքի պլանը՝ տրամաբանության և հանրային տարածքների ձևի մշակումը թողնելով ճարտարապետների հայեցողությանը։ Սովետական միության արագ ինդուստրիալիզացման պայմաններում, սակայն, Երևանն ամբողջությամբ հնարավոր չի լինում համապատասխանեցնել Հովարդի տեսությանը։

1920-ականներին Երևանի թամանյանական հատակագծում նախատեսված Օղակաձև այգին ստեղծվեց մի քանի տասնամյակ անց:
Սակայն այգու նախագծման տարիներին` 1962-1963թթ․, գլխավոր հատակագիծը արմատապես փոխվել էր, իսկ Օղակաձև զբոսայգու համար առանձնացրած տարածքը` կիսով չափ պակասել(5 կմ երկարությամբ կազմելով Փոքր կենտրոնի 7%-ը)։ Այդ պատճառով այն այժմ Գետառ գետի հունով օղակաձև պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը` բաժանելով փոքր ու մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, երիզվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։

Թեև Գետառը վարարման պատճառով պատուհաս է եղել քաղաքի համար, այնուամենայնիվ, դրա պահպանումը կարևոր էր ամառվա ընթացքում օդի խոնավության ու տոթի մեղմացման համար։ Նախկինում այգու ողջ երկարությամբ հոսող գետը հիմա մասնակի փակ է և գրեթե ֆունկցիոնալ նշանակություն չունի։
«Քաղաքների շինարարության վերջին 50 տարվա փորձառությունը ցույց է տալիս (Պորտ Սենլայտ, Բորնվիլլ, Իրսվիկ, որոնք կառուցվել են խորոշ գործարաններին կից՝ բանվորական կյանքը բարելավելու նպատակով), որ տեխնիկական վերջին պահանջների հիման վրա Եվրոպայում նոր շինված քաղաք-պարտեզները տալիս են մահացություն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց 7-8 մարդ։ Իսկ մեր միության խոշոր քաղաքները՝ մեծ տներով և խիտ բնակչությամբ, տալիս են մահացություն՝ 1000 բնակչին 30-35 հոգի»,- հիմնավորել է Թամանյանը։
Ալեքսանդր Թամանյան
Ճարտարապետ
Ալեքսանդր Թամանյանն ապրեց որոշակիորեն տարբեր երկու ստեղծագործական փուլ՝ նախահեղափոխական Ռուսաստանում (էկլեկտիցիզմ, մոդեռնիստական և կապիտալիստական հասարակության ազդեցություն) և Սովետական Հայաստանում (սոցիալիստական ճարտարապետություն)։

Եվրոպական փորձի վրա հենվելով՝ Թամանյանն առաջարկում է կառուցել նոր քաղաք հին Երևանի հիմքի վրա: Հետագայում սա առաջացնում է բազմաթիվ խնդիրներ մասնավոր և հանրային սեփականության տարանջատման ընթացքում։ Իր բացատրագրերից մեկում Թամանյանը նշում է, որ «Երևան քաղաքի նախագծումը հիմնված է դեզուրբանիզացիայի սկզբունքի վրա», թեև նախագծվել է 150.000 բնակչի համար (1924թ․ Երևանն ուներ մոտ 60.000 բնակիչ)։
Երևանի նախագծման մասին կարծիքները միանշանակ դրական չէին: Կոնստրուկտիվիստներն ու պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորումը Թամանյանին համարում էին էկլեկտիկ, իսկ նրա ճարտարապետությունը՝ եկեղեցական, արխաիկ։
1962 թ․ քաղաքի գլխավոր ճարտարապետ Սարապյանին ներկայացված զբոսայգու գլխավոր հատակագիծը պատրաստվել է «Երևաննախագծի» N2 ճարտարապետական արվեստանոցում` Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ։ Զբոսայգու տարածքը 26 հեկտար էր, որից ճեմուղիներ և հարթակներ՝ 9 հա, շինարարություն՝ 7700 քմ, ջրային ծածկույթ՝ 2 հա, կանաչապատում՝ 14 հա։ Զբոսայգում տնկվել են սոճի, եղևնի, գիհի, ակացիա, թխկի, կատալպա, կաղնի, կեչի, բարդի, հացենի, արոսի, բալենի, կեռասենի, տանձենի, չիչխանի ծառ, սոսի, հուդայածառ, փշատենի, թթենի, ասպիրակ, եղևանի, մասրենի ծառատեսակներ։
Օղակաձև այգում այժմ գործող սրճարանները մեկընդմիջվում են կիսաքանդ տաղավարներով, բետոնապատ տարածքներով, պակասող ծառերի կիսամշակ և խնամքի կարոտ բացատներով:

Վերջերս «Հետքը» ձեռք է բերել 57 մասնավոր ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրերը՝ Օղակաձև զբոսայգում սեփականաշնորհման, կառուցապատման և վարձակալության վերաբերյալ։ Հետաքննությունից երևում է, որ գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատ, ջրային և կառուցապատված տարածքների հարաբերակցությունը կտրուկ փոփոխության է ենթարկվել. սոցիալական տարածքներին փոխարինելու են եկել նյութական տարածքները։ Մեծանուն հայ ճարտարապետների կողմից նախագծած ավելի քան 23 քանդակ, մոդեռնիստական ճարտարապետության կառույցներ, արահետները և նստարանները անխնամ վիճակում են։


Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ Օղակաձև այգին բարեկարգվելու է տեղացի և միջազգային մասնագետների և քաղաքացիների ներգրավմամբ։ Ներառական, անվտանգ և կրթական նշանակության հանրային տարածքներ են հիմնվելու, լուծվելու են այգու լուսավորության, արահետների բարեկարգման հարցերը: Նախատեսվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ետնամասում գտնվող նախկին լողավազանի տարածքը վերածել արհեսական լճի։ Կհիմնվի նաև փայտագործության կենտրոն` էտման ընթացքում կուտակված փայտերի վերաօգտագործման համար։

Թաղապետարանի նախաձեռնությանը միացել է Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը (ՄԱԶԾ): Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել հանրային տարածքների դիզայնի նոր մոտեցումներ քաղաքային իշխանությունների համար։

Երևանը (ինչպես Հայաստանի բոլոր քաղաքները) չունի քաղաքաշինական ռազմավարություն: Քաղաքն առաջնորդվում է 60-ականներին մշակված գլխավոր հատակագծով, որը ներկա ապրելակերպին չի համապատասխանում։ Երևանում հանրային տարածքների դեպքում չկան քաղաքացիների ներգրավվման հստակ մեխանիզմներ: Մասնակցային գործընթացից զատ՝ ծրագիրը նպատակ ունի Օղակաձև զբոսայգում ընտրել երեք հատված և բարեկարգել՝ բոլոր շահառուների ներգրավվմամբ։ ՄԱԶԾ համագործակցելու է տեղացի և միջազգային մասնագիտական խմբերի հետ (Strelka Insitute, SPIN unit և այլն):
~
Ավելին