Ապագայի Դեբեդ
Քաղաքի հարմարավետությունը բնության գրկում
Քաղաքակրթության զարգացման պայմաններում, երբ կարծես կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ կյանքի ու աշխատանքի համար, հաճախ ինչ-որ բան, այնուամենայնիվ, պակասում է: Աղմուկը, մեքենաներն ու քարե դրախտ հիշեցնող ուրբանիստական միջավայրը մարդկանց կյանքն ու գործողությունները դարձնում են այնքան կանխատեսելի ու ավտոմատիզացված, որ թվում է, թե արհեստական ինտելեկտով ռոբոտների ժամանակաշրջանը ոչ թե ապագայում է, այլ մեր կողքին, հենց այս պահին:
Մինչդեռ կան սակավաթիվ մարդիկ, որոնք փորձում են հարմարավետ պայմաններ ստեղծել բնության գրկում և համակցել գործն ու միջավայրը` չկտրվելով քաղաքակրթության բարիքներից:

Դիզայներ, ձեռնարկատեր և մշտապես ճամփորդական փնտրտուքի մեջ գտնվող Տաթևիկ Աղաբաբյանի համար Լոռու մարզում ծվարած Դեբեդ գյուղը իսկական բացահայտում էր, մի վայր, որտեղ կարելի է չկորցնել բնության հետ կապն ու զբաղվել սիրելի գործով:

2016-ին` Գերմանիայում 15 տարի ապրելուց, այնուհետև կես տարի աշխարհով մեկ ճանապարհորդելուց հետո Տաթևիկը վերադարձել է Հայաստան և բոլորովին այլ հայացքով է դիտարկում ծննդավայրի յուրահատկություններն ու ներուժը:

Լոռու մարզի Դեբեդ համայնքում հողատարածք գնելով` Տաթևիկը չէր կանխատեսում, որ հետագայում այն մեծամասշտաբ բիզնես-նախագիծ կդառնա:

«Սկզբնական փուլում այն ուզում էի վերածել մի գողտրիկ անկյան, որտեղ կկարողանամ ժամանակ անցկացնել, սակայն գիտակցում էի, որ այնուամենայնիվ, վաղ թե ուշ այստեղ պետք է շինարարական աշխատանքներ իրականացնեմ, քանի որ սա այն հարմարավետությունը չէ, որ կկարողանա ինձ այստեղ երկար պահել»,-նշում է Տաթևիկը:

Նրա խոսքով, Գերմանիայում կայուն աշխատանքը թողնելն ու շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելը շրջադարձային փորձառություն էր՝ վերաիմաստավորելու ազատ կյանքի ու աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումները:


Տաթևիկ Աղաբաբյան
Մշտական աշխատանքն ու կայուն եկամուտը թողնելու պատճառը «տուն-աշխատավայր» անվերջ շրջապտույտից հոգնելն ու էներգիայի նոր աղբյուրի որոնումներն էին: Այդ որոնումների ժամանակ երիտասարդ դիզայները հասկացավ, որ ուզում է իրագործել ի´ր պատկերացրած նախագիծը: Այն ենթադրում է բնակելի ու գրասենյակային տարածք, որտեղ մարդիկ կարող են բնակվել և աշխատել միաժամանակ՝ դառնալով միևնույն միջավայրի մասնիկը: Թեև նախկինում բավականին խորթ էր թվում բնակելի միջավայրը կիսելու միտքը, սակայն տևական ճամփորդություններից հետո հայացքները փոխեց:

«Մշտական աշխատանք չունենալն և ֆրիլանս աշխատանքով զբաղվելն էլ իր թերություններն ունի, երբեմն ստացվում է, որ առանձնանում ես հասարակությունից կամ ունենում ես ֆրագմենտավորված շփումներ, ինչից երբեմն տուժում են մասնագիտական հմտությունները:
Շատ հաճախ այդ բացը փոխհատուցելու համար մարդիկ ստեղծում են հատուկ աշխատանքային խմբեր , որի ժամանակ տեղի է ունենում փորձի փոխանակում, իսկ աշխատանքային միջավայրում շփվող մարդկանց խումբը վերածվում է համայնքի»,-ասում է նա:

Դեբեդում կառուցվող co-living տարածքում, որի ճարտարապետական նախագծի հեղինակն է Լուսինե Մխոյանը, Տաթևիկը նախատեսում է ընտանեկան և անաղմուկ միջավայրում հարմարավետ պայմաններ ստեղծել 6-8 մարդու համար: Այստեղ կարելի է գալ ընկերներով, ընտանիքի անդամներով, աշխատանքային խմբերով: Տարածքի բնակիչներից յուրաքանչյուրն առանձնանալու և միայնությունը վայելելու հնարավորություն ևս կունենա՝ հատուկ առանձնասենյակներում:
Դեբեդի «քո-լիվինգ-ուորքինգ» տարածքի նախագիծը:
Կլինեն նաև մեծ հավաքների տարածքներ, բայց դրանք նման չեն լինի հյուրատների` աղմկոտ օդորակիչներով սրահներին:

Դեբեդում հարմարավետ «քո-լիվինգ-ուորքինգ» տարածքից օգտվելու համար այցելուներին անհրաժեշտ կլինի ընդամենը 9000 դրամ երկտեղանոց սենյակի համար: Արժեքի մեջ չի մտնում սնունդը, բայց կա առանձին լոգարան, ինտերնետ-կապ, կարելի է օգտվել տարածքի բոլոր հնարավորություններից:

Տաթևը շեշտում է, որ Դեբեդում դիզայնով և ճարտարապետությամբ եզակի նախագծում էթնո տարրերից փորձել է խուսափել. կարծում է` այժմ դրանք այնքան էլ արդիական չեն: Խեցեղեն կամ փայտաշեն իրեր հիմա չկան նույնիսկ գյուղացիների տների ինտերյերում:

«Մենք ունեցել ենք խորհրդային էսթետիկա, կենցաղը: Ժամանակները փոխվել են, և ես ոչ ոքի չեմ ցանկանում զարմացնել էթնոյով: Բացի այդ, հարց է, թե ինչքանով դա հարմարավետ կլինի հյուրերիս համար, ինչքանով ես կբավարարեմ նրանց պահանջները: Հին ճարտարապետություն ունեցող տները շատ խնդիրներ ունեն, որոնք հիմա ակտուալ չեն: Օրինակ` պատուհաններն այն ժամանակ փոքր էին կառուցում, քանի որ ջերմամեկուսացման խնդիր կար: Եթե ես ունեմ գեղեցիկ արևային լույս՝ տեսարանս բացելու, ինչու պետք է կառուցեմ այնպես, ինչպես ավանդական ճարտարապետությունն է ասում», - ասում է նախագծի հեղինակը:

Թեև տարածքին նոր ու ժամանակակից լուծումներ է տալիս, որոշ ազգային տարրեր անպայման տեղ կգտնեն Դեբեդում, օրինակ` տատիկի նվիրած գորգը կամ ճամփորդությունների ընթացքում հավաքված բազմաթիվ հետաքրքիր իրերը:

«Տաքսիստները հաճախ են հարցնում, թե սուպերմարկե՞տ եք սարքում, պատասխանում եմ՝ ժողովուրդ, էս վայրում սուպերմարկետն ու՞մ է պետք: Մի անգամ նույնիսկ կատակեցի, որ հարսանյաց սրահ եմ բացելու»:

Տաթևիկի խոսքով, տեղացիները չեն գնահատում ունեցած ներուժը, թերևս չի նահանջում նոր մշակույթն ընդունելու վախը. մարդիկ պատրաստ չեն իրենց անձնական տարածքն ուրիշի հետ կիսելուն, չգիտեն, թե ինչպես պահեն իրենց օտարի հետ, կաշկանդվում են:
Դիզայները նշում է, որ չի ցանկանում միջավայրի համար արհեստականորեն ինքնություն հնարել:
Քանի որ հյուրերը տարածքն իր հետ են կիսելու, ցանկալի է, որ նրանք հաղորդակից դառնան իր ներքին աշխարհի դրսևորումներին:
Տեղացիները սկզբում բավականին թերահավատորեն են վերաբերել նախագծին:
Թեև տարածքին նոր ու ժամանակակից լուծումներ է տալիս, որոշ ազգային տարրեր անպայման տեղ կգտնեն Դեբեդում:
Տաթևիկը ցավով նշում է, որ գյուղից Վանաձոր տանող միակ ավտոբուսը սարսափելի պայմաններ ունի: Որևէ մեկին խորհուրդ չի տա երթևեկել հանրային տրանսպորտից, մանավանդ որ Դեբեդ հասնելն այնքան էլ դժվար չէ` տաքսիները մարզկենտրոնից գյուղ եկող ուղևորներին տեղափոխում են մատչելի գներով:

Բնակելի տարածքի շինարարության ֆինանսավորման համար Տաթև Աղաբաբյանը հակված է քրաուդֆանդինգի գաղափարին` մերժելով բանկից վարկ վերցնելու և ներդրում անելու գաղափարը:

«Այն ինձ մեծ ճնշման տակ կդներ` ստիպելով գումարն արագ հետ վերադարձնելու միջոցներ գտնել, ինչից կտուժեր նախագծի գաղափարը: Ներկայումս իմ ուժերով բավականին ներդրումներ եմ արել և անելու եմ, իսկ քրաուդֆանդինգը կոլեկտիվ ստեղծարար գաղափարի հետ է առնչվում: Ես նվիրատվություն չեմ ուզում, ընդամենը կանխավճար ծառայության համար, որը հետո մարդիկ հետ կստանան»:

Գործարարի խոսքով, սարսափելի չի լինի, եթե նույնիսկ չհավաքի այն գումարը, որը կցանկանար. կարևորը` գտնի հավանական հաճախորդին, որին հետաքրքրում է իր գաղափարը:

Տաթևիկը նախատեսում է բնակելի տարածքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել տարվա վերջին: Ասում է, որ հաջորդ Ամանորն անպայման իր տանն է նշելու:
Նյութում տեղ գտած լուսանկարներն ու տեսանյութը տրամադրել է Տաթևիկ Աղաբաբյանը:
~