5
հայկական նախագիծ, որոնք կփոխեն քաղաքը
Երևանում մեկնարկել է 13-րդ «Դիջիթեք-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսը
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևանում մեկնարկած «Դիջիթեք-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի տեխնոլոգիական նորամուծությունները, առաջարկներն ու նախաձեռնությունները: Ուրբանիստան առանձնացրել է «Դիջիթեք-2017»-ի՝ քաղաքի առաջընթացին և բարելավմանը նպաստող 5 նորարարական լուծում:
Ավտոկայանում սմարթֆոնի միջոցով
Արման Ըռքոյանը մեկն է բանակից զորացրված այն 15 տղաներից, որոնք մասնակցել են UITE-ի կազմակերպած «Բանակից ՏՏ ոլորտ» կոչվող ծրագրավորման դասընթացին: Երեք ամիս հետո տղաները սկսել են InnoPark նախագիծը, որը օգնում է վարորդներին գտնել ազատ կայանատեղեր, ինչն էլ թեթևացնելու է քաղաքի երթևեկությունը: Այս հավելվածի միջոցով վարորդը կարող է գտնել, ընտրել և ամրագրել ազատ կայանատեղը:
Սիլիկոնյան հովիտ Բագրեվանդում
Ինժեներական քաղաքը, որը կառուցվում է Երևանի Բագրևանդ թաղամասում, մեկ տեղում կմիավորի Հայաստանի ամբողջ ինժեներական ռեսուրսը: Այստեղ կհանգրվանեն ոլորտի տարբեր ընկերությունններ, առանձին կներկայանա Հայաստանի ճարտարագիտական համալասարանը, նաև ուսանողական նախագծեր կլինեն: Այս ծրագիրը, որը նախատեսում է պետական և մասնավոր կազմակերպությունների համագործակցություն, նպատակ ունի խթանել տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը:

«Քաղաքն արդեն գոյություն ունի. արդեն գործում են տեխնոլոգիական և կոսմոսի թանգարանները, կան նաև այլ շինություններ»,- ներկայացնում է National Instruments ընկերության ծրագրերի ղեկավար Ռուբեն Սիմոնյանը:
Ինքնավար մեքենաների փորձարկում
Քաղաքային երթևեկության մեջ վթարներից խուսափելու համար National Instruments ընկերությունը ստեղծել է հնարավորություն ինքնավար մեքենաների հանգույցների փորձարկման համար: Ինքնավար մեքենային վերաբերող հանգույցները ռադառն են, տեսախցիկները, լազերային սկաներները: Մեքենայի առջևում դրված ռադառը տեստավորում է. այն պետք է ուսումնասիրի օբյեկտները և համապատասխան որոշում կայացնի:

Օրինակ, եթե մեքենայի առջևում հայտնվի այլ մենքենա կամ անձ, այն կարգելակի, նույնը վերաբերում է տեսախցիկներին և լազերային սկաներներին: Այս ամենը ստեղծված է վթարները կանխարգելելու համար: National Instruments ընկերության ծրագրերի ղեկավար Ռուբեն Սիմոնյանի խոսքով, եթե նախկինում ինքնավար մեքենաները տեստավորվում էին փորձադաշտում, ապա իրենց ընկերության նախագծած տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է լաբորատոր փորձարկում անցկացնել:
Արդյունաբերական թաղամասից՝ ժամանակակից աշխատատեղ
Երևանի Էրեբունի թաղամասի Արցախի 55 հասցեում հին արդյունաբերական շինությունները հիմնավոր ձևափոխվելու են՝ ստանալով գերժամանակակից տեսք և դառնալով ինովացիոն աշխատանքային տարածություն: Այս տարածքը կոչվելու է DEPOT, հիմնադիրն ու հեղինակը ճարտարապետ Մարիաննա Կարապետյանն է: Առաջին շինությունները պատրաստ կլինեն 2018 թվականի սեպտեմբերին: Տարածքը ազատ է լինելու քաղաքի բոլոր բնակիչների համար: Սա դառնալու է մի կենտրոն, որտեղ մարդիկ գալու են ժամանցի և շփման համար: «Երևան քաղաքի համար այն նոր շունչ է, հնարավորություն կտա այս «մեռյալ» թաղամասը կենդանացնել, որտեղ մի կրպակ չկա ջուր գնելու համար:»,- ասում է Մարիաննա Կարապետյանը:
Արևի ուժը քաղաքի համար
Արևային մարտկոցներ արտադրող «Արփիսոլար» ընկերությունը Դիջիթեքում ներկայացրել է Երևանի այգիների համար նախատեսված մի տաղավար, որը թույլ կտա արևային մարտկոցների շնորհիվ լիցքավորել հեռախոսը և նոութբուքը: Տաղավարը նաև նստելու, հանգստանալու համար է նախատեսված, գիշերն էլ ապահովվելու է լուսավորությամբ: «Արփիսոլարի» տնօրեն Հայկ Չոբանյանը հույս հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքի այգիները կունենան տասնյակից ավելի նման տաղավարներ:

«Արփիսոլարի» աշխատակից Լիլիթ Չոբանյանի խոսքով, Երևանի բնակչությունը հիմնականում օգտվում է էլեկտրաէներգիա արտադրող ֆոտովոլտային վահանակներից: Արևային էներգիայի սպառման առումով առանձնանում է Վարդենիս քաղաքը, որտեղ ամեն երկրորդ կտուրին կան թե՛ ֆոտովոլտային վահանակներ, թե՛ ջրատաքացուցիչներ: Արևային մարտկոցները երեք անգամ կամ ավելի կրճատում են էլեկտրաէներգիայի ծախսը:

«Հոկտեմբերին Թալին քաղաքում կբացվի մեկ մեգավատանոց ֆոտովոլտային կայան: Սա ներդրում է ոչ միայն Թալինի համար, այլև հարակից գյուղերի»,- ասում է Լիլիթ Չոբանյանը:
~
Made on
Tilda