Այլընտրանքային տուրիզմի զարգացումը Էջմիածին քաղաքում
Ի՞նչ անել զբոսաշրջիկին մեկ գիշեր հոգևոր քաղաքում պահելու համար
Հայաստան այցելող զբոսաշրջիկները Երևանից հետո նախընտրում են տեսնել Էջմիածինը։ Մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող զբոսաշրջային կենտրոնը աշխարհին հայտնի է որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին պետության հոգեւոր կենտրոն:

Սակայն քաղաքի հսկայական զբոսաշրջային պոտենցիալը անավարտ է մնում, երբ երեկոյան հոգնած զբոսաշրջիկը վերադառնում է Երևան` գիշերակացի համար։
Հյուրանոցների բացակայություն
Էջմիածնում չկան հյուրանոցներ, դրանց փոխարինում են մի քանի մասնավոր հյուրատները և B&B-ն, վարձակալվող բնակարանները։ Քաղաքային իշխանությունները նույնպես մտահոգված են այդ հարցով: Շուտով Էջմիածնում հյուրանոցային շինարարություն է սկսվելու:

«Պետք է կարողանանք քաղաքում ստեղծել այն ենթակառուցվածքները, որոնք կպահեն զբոսաշրջիկին Էջմիածնում, ինչը ենթադրում է նաև ֆինանսական հոսքեր դեպի քաղաք։ Կա հյուրերի մեծ ռեսուրս, ովքեր ցանկանում են գիշերել հենց էջմիածնում։ Խոսքը չի գնում բարձրակարգ, հինգ աստղանի հյուրանոցների մասին, ընթացքի մեջ են միջին` երեք-երկու աստղանի հյուրանոցների կառուցումը, որոնք հասանելի կլինեն բոլորին»,- ասում է Էջմիածնի ավագանու անդամ, մասնագիտությամբ նկարիչ Ներսես Մելիքյանը։

Դեռևս խորհրդային տարիներից հոգևոր մայրաքաղաքը չի ունեցել հյուրանոցային համալիր։ Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող նախկին հյուրանոցի շենքը, որը կառուցվել է խորհդային շրջանում, ճանաչվել է վթարային և չի օգտագործվել։ Հետխորհրդային տարիներին քաղաքում չեն կառուցվել նոր հյուրանոցներ։
Թավշյա հեղափոխությունը փոխեց Էջմիածնի դեմքը
2018 թվականին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից մեկ տարի անց, Էջմիածնում ներդրումային «բում» է։ Կառուցվում են հյուրանոցներ, խանութներ, երթևեկության համար բացվել են նախկինում փակ կամ միակողմանի փողոցները։ Էջմիածնի կենտրոնական հրապարակում կայանում են մեքենաները, զբոսաշրջիկներին բերած ավտոբուսները։ Քաղաքն ուշացած, բայց կայուն սկսել է փոխել իր դեմքը, ինչն էլ նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։

Անշարժ գույքի գործակալ Կարեն Պետրոսյանը նշում է, որ հեղափոխությունից հետո անշարժ գույքը թանկացել է քաղաքում` հատկապես կենտրոնական հատվածում, քանի որ մարդիկ փորձում են, տարածքներ ձեռք բերելով կամ վարձակալելով, նոր գործ սկսել։

«Եթե նախկինում երեք սենյականոց միջին վիճակի բնակարանը կարելի էր գնել 25 հազար դոլարով, ապա այսօր 30 հազար է։ Վերջին մեկ տարում անշարժ գույքը թանկացել է հինգ հազար դոլարով։ Մեծ է նաև օրավարձով վարձակալվող բնակարանների պահանջարկը։ Օգոստոսին անգամ բնակարան չկար։ Մարդիկ զանգում են Եվրոպայից, Ռուսաստանից, վարձակալվող բնակարանները ամրագրում տասը օրով, երկու շաբաթով։ Վարձակալությունը 7-15 հազար է, կախված` ինչպիսին են պայմանները»,- ասում է Պետրոսյանը։

Նա նշում է, որ քաղաքը կարիք ունի փոքր հյուրանոցների, հյուրատների. պահանջարկը կա, առաջարկը թերի է։
Փոքր B&B-ի մեծ աշխարհագրությունը
Էջմիածնի Պետրոզավոդսկ փողոցում գտնվող B&B-ում են գիշերել Չելյաբինսկից Հայաստան եկած Դիակոնով ամուսինները։ Ի տարբերություն շատ զբոսաշրջիկների Ելենան և Եվգենին միանգամից եկել են ուղիղ էջմիածին, որոշել հանգրվանել «ԱրտՍոն» B&B-ում։

«Պատկերացնում եք` դեռ Երևան էլ չեն գնացել։ Գնում են տարբեր տեղեր, բայց նորից վերադառնում մեզ մոտ։ Մենք փորձում ենք մեր զբոսաշրջիկնին պահել տեղում, առաջարկում ենք անվճար տուր (շրջայց) մեր քաղաքում, ինքներս տանում ենք, ման տալիս, ներկայացնում մեր պատմությունը` թե ռուսերենով, թե անգլերենով»,-ասում է «ԱրտՍոն» B&B-ն հիմնադրած Արթուր Բարսեղյանը։

«ԱրտՍոն» B&B-ն ընտանեկան բիզնես է: Այստեղ մեկ գիշերը նախաճաշով 7000 դրամ է, զույգի համար` 12 000: Արթուր Բարսեղյանը հյուրերի համար սենյակներ է կառուցել իր սեփական տան երկրորդ հարկում։

«Կոյուղի, խոհանոց, հյուրասենյակ, և չորս ննջասենյակ։ Բոլոր պայմանները առաջարկում ենք։ Ես առաջինն եմ եղել Էջմիածնից, որ գրանցել եմ մեր հյուրատունը Բուքինգում: Դրանից հետո հոսքը մեծացավ, իսկ երբ արդեն մեկնաբանություններ սկսեցին գրել, կրկնակի դարձավ։ Անգամ ձմռանն են գալիս։ Ակտիվ շրջանը ապրիլից հոկտեմբեր հատվածն է»,- ասում է Արթուր Բարսեղյանը։
Նրա կինը` Սոնա Բարսեղյանը ավելացնում է` հեշտ չէ զբոսաշրջիկին էջմիածնում պահել։

«Առաջին հերթին մեր կայքում գրել ենք, որ անվճար կդիմավորենք ու կճանապարհենք օդանավակայանից։ Եթե Գորիսում ապրեինք, չէինք կարող մեզ նման բան թույլ տալ։ Խոհանոցում մասնակից ենք դարձնում կերակուրների պատրաստմանը։ Նրանք հատկապես սիրում են ամառային բանջարեղենով տոլմա փաթաթել, գաթա ենք թխում, շաքարհաց: Այս ամենը նրանց դուր է գալիս»,- պատմում է Սոնա Բարսեղյանը։

Ելենան, Եվգենին և Սոնան ճաշի համար ձուկ են պատրաստել։ Սոնան իր այգուց քաղած բանաջարեղենն է օգտագործում։ Ճաշի սեղանի շուրջ հյուրերը անկեղծանում են` նեղվում են քաղաքում տեղեկատվական ցուցանակների բացակայությունից, դժգոհում ենթակառուցվածքներից։

«Եթե մենակ լինենք, առանց Արթուրի, հաստատ ոչ մի բան չենք կարող գտնել։ Անգամ հասցեներն են բացակայում շենքերի վրա, չկա որևէ տեղեկատվական կենտրոն, որտեղից կարող ես ճշտել` ինչպե՞ս և ո՞ւր գնալ։ Բայց միևնույն ժամանակ մենք ապշած ենք այս քաղաքի, երկրի մարդկանցից, հյուրասիրությունից: Մեզ դուր է գալիս Էջմիածինը»,- ասում է Եվգենին։

Սոնան ավելացնում է, որ Էջմիածինը պետք է գրավիչ դարձնել զբոսաշրջիկի համար, այնպես անել, որ զբոսաշրջիկը մի քանի ժամ կամ մի քանի օր ավելի մնա այս քաղաքում։

«Պետք է միջոցառումներ կազմակերպեն, փառատոններ պարբերաբար, պետք է այդ մասին ասվի, ինֆորմացիա տարածվի։ Ասենք, գոնե եկեղեցու հարևանությամբ վերնիսաժ բացվի, հուշանվերներ կարողանան գնել հենց վարպետներից, մեր քաղաքում շատ լավ արվեստագետներ ու վարպետներ կան, դա նաև հնարավորություն կտա այդ մարդկանց գումար աշխատելու»,- ասում է Սոնան։

2013 թվականին բացված «ԱրտՍոն» B&B-ում զբոսաշրջիկների աշխարհագրությունը տարբեր է` Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Լեհաստան, Իսպանիա, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա, Չինաստան, Ֆիլիպիններ, ԱՊՀ երկրներ։
Թանգարանային տուրիզմ
Քաղաքի գլխավոր այցեքարտը`զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը, պատմամշակութային զբոսաշրջությունն է։ Քաղաքի հինգ եկեղեցիներին կարելի է ծանոթանալ` ոտքով շրջելով, իսկ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում այցելել նաև «Էջմիածնի գանձեր» և Ռուբեն Սևակի անվան թանգարանները։ Զբոսաշրջային ընկերությունները Էջմիածնի հետ կապված հենց այս ծրագիրն են առաջարկում` դեպի Երևան վերադարձի ճանապարհին կանգառ անելով «Զվարթնոց» պատմամշակութային համալիրում։

Սակայն եկեղեցիներից բացի քաղաքն ունի նաև մշակութային այլ ժառանգություն, պատմական հետաքրքիր կառույցներ, ավանդույթներ, խոհանոց, որոնց հետ զբոսաշրջիկը չի առնչվում։

«Կարող ենք նաև Մեծամորի թանգարանը ունենալ մեր ծրագրում, Զվարթնոցի տաճարը, ունենք Պատմա-ազգագրական թանգարան, Խորեն Տեր-Հարության թանգարանը, Մհեր Աբեղյանի և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանները, ունենք ցուցասրահ։ Պետք է աշխատենք թանգարանները հետաքրքիր դարձնել նրանց համար»,-ասում է ավագանու անդամ Ներսես Մելիքյանը։

Ըստ Վաղարշապատ քաղաքային համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի` քաղաքապետարանի ենթակա թանգարանային հավաքածուներում մոտ 15000 ցուցանմուշ կա, յուրաքանչուր տարի դրանք համալրվում են։ Միայն 2015 թվականին ավելացել է 20 նյութ ազգագրական, 45 նյութ հնագիտական /խեցի եւ մետան/ նմուշ:
2012-2016թթ-ին Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանում գրանցվել է մոտավորապես 4321 այցելու, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում այցելուների թիվը հասել է 7800-ի:

Ըստ ՄԱՍԷ տեղեկատվական համակարգի` Մայր Աթոռի թանգարանը տարեկան ունենում է շուրջ հարյուր հազար այցելու: Այսինքն, քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը շատ ավելին է, եթե համարենք, որ բոլորը չեն այցելում թանգարան։ Էջմիածնի զբոսաշրջիկների հսկայական բանակը գալիս է պատմամշակութային հուշարձաններին ծանոթանալու, սակայն որակյալ ենթակառուցվածքներ ունենալու դեպքում զբոսաշրջիկին հնարավոր կլինի առնվազն մեկ կամ երկու գիշեր պահել Էջմիածնում։

Ներսես Մելիքյանը նշում է հիմնական խնդիրները` քաղաքում բացակայում են արագ սննդի կետերը, սպասարկման ծառայությունները թույլ են, չկան հուշանվերների խանութներ։

«Քաղաքապետարանը չունի ազատ տարածքներ քաղաքի կենտրոնում նման բաներ ունենալու համար։ Նախկին իշխանությունների կողմից տարիների ընթացքում շատ տարածքներ օտարվել են, վաճառվել։ Մենք չունենք այդ անհրաժեշտ մակերեսները, որ ինչ որ բաներ կարողանանք անել քաղաքում։ Շուտով հանդիպումներ ենք կազմակերպելու տուրիստական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Նախկինում էլ եղել էին մի քանի նման հանդիպումներ, և տուրընկերությունների ղեկավարները մատնանշում էին խնդիրները։ Նախատեսել էինք կառուցել հեծանվի կանգառներ, արագ սննդի կետեր, սանհանգույցներ, բայց հեղափոխությունից հետո պլանները հետաձգվեցին։ Հիմա նորից փորձելու ենք զարգացնել այդ ամենը»,- ասում է Մելիքյանը։
Գաստրոտուրիզմ
Զբոսաշրջային տուրիզմի զարգացման հեռանկարներում կարելի է օգտագործել նաև Էջմիածնի խոհանոցը։ Այս աշնանն առաջին անգամ Էջմիածնում նախատեսվում է անցկացնել քյուֆթայի փառատոն։ Քաղաքում հայտնի է «քյուֆթաչիների փողոց»-ը, որտեղից կարող ես ձեռք բերել լավագույն քյուֆթան։ Փողոցը գտնվում է հին շուկայի թաղամասում, որտեղ կառուցվում են երկու նոր հյուրանոց։ «Քյուֆթաչիների փողոցը» կարող է դառնալ քաղաքի այցեքարտերից մեկը, որտեղ զբոսաշրջիկը կարող է այցելել, համտեսել ու մասնակցել ուտեստի պատրաստմանը։
Քյուֆթան Էջմիածնի հատուկ ուտեստ է, և շատերն են գալիս քյուֆթայի միս գնելու կամ հենց տեղում համտեսելու։
46-ամյա Գայանե Պետրոսյանը ապրում է «քյուֆթաչիների փողոցի» մոտ։ Նա քյուֆթա պատրաստելու վարպետ է։

«Պապս մսավաճառ էր, տատիկս քյուֆթա էր պատրաստում, հետո` մայրս, հիմա` ես։ Իհարկե, այն ժամանակ միսը ծեծում էին քարի վրա հատուկ փայտե թակով, վերջին քառասուն տարում միսն արդեն մեքենան է ծեծում։ Քյուֆթան Էջմիածնի խոհանոցի թագուհին ասես լինի, հյուրերի համար միշտ քյուֆթա ենք պատրաստում։ Զբոսաշրջիկների համար մի քիչ տարօրինակ ճաշատեսակ է, բայց հետաքրքիր է։ Եվրոպայում անգամ պահանջարկը կա։ Ուղարկում ենք սառած վիճակում, ոչինչ էլ չի լինում»- պատմում է Գայանե Պետրոսյանը` քյուֆթայի հերթական գլուխը եռացրած ջրի մեջ գցելով։

Ավագանու անդամ Ներսես Մելիքյանը նշում է, որ քաղաքապետարանը ծրագիր ունի նաև «Քյուֆթաչիների փողոցը»-ի հետ կապված։

«Մենք հեռանկարում ունենք հին շուկայի տարածքը, որի մեջ մտնում է նաև այդ փողոցը։ Գաղափար է, որի վրա աշխատելու ենք, այդ փողոցը պետք է կարգի բերենք, սկսած ասֆալտից»,- ասում է նա։
Փոփոխություններ քաղաքի արտաքին տեսքում
Խորհրդային ճարտարապետությամբ քաղաքի պատմական շերտը մնացել է ստվերում կամ ընդհանրապես վերացել։ Քաղաքի կենտրոնական հրապարակի նախագծման արդյունքում բնակելի շենքի բակում է հայտնվել բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, փակվել է Շահումյան փողոցը, որտեղ պատմական շերտը բաց է մինչև այսօր։
Սուրբ Գայանե վանքի հարևանությամբ են գտնվում հին մարզադաշտը, լողավազանը, որոնք խորհրդային մոդեռնիստական կառուցներ են։ Այդ տարածքները պատկանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

«Մարզադաշտի, լճի հատվածի առնչությամբ քննարկվել են զանազան ծրագրեր, բայց այս պահին որեւէ հստակ որոշում դեռեւս չկա, թե ինչպիսի՞ն կլինի այդ հատվածի հետագա ճակատագիրը»,- ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Փոխարենը շուտով կսկսեն Մայր Աթոռի հարակից այգու շինարարական աշխատանքները, և էջմիածնեցիները կունենան Անգլիական այգի։ Նախկինում այգին պատկանում էր քաղաքապետարանին, սակայն ավելի ուշ վերադարձվեց եկեղեցուն։ Աշխատանքներն այժմ նախագծման փուլում են:

«Ներկայումս անգլիացի և հայ ճարտարապետները միասին նախագծային աշխատանքներ են կատարում։ Կարծում եմ` շատ ավելի բարեկարգ է լինելու` մեզ փոխանցված այս տեսքի համեմատ։ Այն կդառնա գեղեցիկ հանգստի հատված թե քաղաքի բնակչության, թե Էջմիածին այցելած հյուրերի, զբոսաշրջիկների համար»,- ասում է Տ. Վահրամ քահանա Մելիքյանը։

Քաղաքի գեղարվեստական խորհրդում քննարկվել է Էջմիածնի արտաքին տեսքում փոփոխություններ կատարելով պատմական շրջանին մոտեցնելու հարցը։
«Նախագծերն ունենք, հաշվարկները նույնպես, ուզում ենք բանակցել ներդրողների հետ, քաղաքային բյուջեով հնարավոր չի լինի։
Փորձելու ենք բնակելի շենքերի վերևի հատվածը` տանիքը, բնակիչների հետ համաձայնության գալուց հետո, իհարկե, տանք մասնավորին, որն այնտեղ կփորձի կառուցել թեթև կոնստրուկցիաներով, հայկական ոճ ու կոլորիտ պարունակող տանիքներ, պատշգամբներ, հետաքրքիր զարդաքանդակներով ճակատային մասում» - ներկայացնում է Տեր Վահրամ Մելիքյանը։
Ներսես Մելիքյանը հավելեց, որ խոսքը Էջմիածնի կենտրոնական փողոցների շենքերի մասին է։ Եթե իրագործվի ծրագիրը, ապա քաղաք մտնողին կթվա, որ ինքը մուտք է գործել 1800-ական թվականների կառուցված մի քաղաք՝ այդ աստիճանի վաղեմության շունչ հնարավոր կլինի տալ Էջմիածնին։
~
Made on
Tilda