«Ֆիրդուսի» շուկա

Քառորդ դարի պատմություն ունեցող տոնավաճառն ապամոնտաժվում է` տեղը նոր հրապարակ կառուցելու նպատակով:
Լրագրող <լուսանկարներ>
Երևանի գլխավոր` Հանրապետության Հրապարակի հարևանությամբ գտնվող 33-րդ թաղամասի Ֆիրդուսի փողոցը, որտեղ 90-ականներից ի վեր հագուստի շուկա էր գործում, երեկ աղմկոտ էր այլ պատճառով: Վաղ առավոտվանից առանց զգուշացնելու ոստիկանության աշխատակիցներն սկսել են ազատել փողոցը սեղաններից և ծածկերից, որպեսզի նախ վերականգնեն երթևեկությունը: Ցերեկը բնակիչներն ու վաճառականներն փորձել են խոչընդոտել ապամոնտաժմանը, սակայն գիշերը շուկան շարունակեցին քանդել:
Դրա հետևանքով անգործ են մնալու շուկայի մոտ 200 աշխատողներ, որոնք նաև պետք է մարեն ապրանք գնելու համար վերցրած վարկերը: Տարիներ շարունակ լսել են, որ շուկան մի օր պետք է փակվի, բայց աշխատում էին` հույս ունենալով, որ այդ օրը շուտ չի գալու: Վաճառականների խոսքով, պատշաճ նախազգուշացում նրանք չեն ստացել, և կատարվածն անսպասելի էր:

Մեկ ամիս առաջ քաղաքապետարանն առաջարկել է առևտրականներին տեղափոխվել այլ առևտրային տարածքներ, սակայն Ֆիրդուսի շուկայի աշխատողների խոսքերով, այլ տեղերում ավելի բարձր է տարածքի վարձը, այլ կերպ է կատարվում հարկումը, բացի այդ, տարբեր են նաև հաճախորդները: Նրանք 6 ամիս ժամանակ են խնդրել քաղաքապետից, որպեսզի հասցնեն իրացնել ապրանքը:
Ֆիրդուսի շուկան առանձնանում էր մատչելի գներով և փրկություն էր բազմաթիվ անապահով ընտանիքների համար: 33-րդ թաղամասի իրացումը շատ ավելի լուրջ խնդիր է տեղի բնակիչների համար: Վերջին տասը տարիներին թաղամասի իրացման հետևանքով 100 ընտանիքից միայն 20-ն են ստացել բնակարան, մնացածները տարիներ շարունակ ապրում են վարձակալած բնակարաններում։


Թաղամասի մնացած բնակիչները խոստովանում են, որ նրանց ոչ ոք ոչինչ չի խոստացել, և հստակ բան չի ասվել: Տարածքն ազատում են ներդրողի համար, ով արդեն իսկ պետք է սկսի 33-րդ թաղամասում նոր հրապարակի շինարարական աշխատանքները: Նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն. դոլար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
~