Քաղաքների խաղը


Իրական կյանքում քչերը հնարավորություն ունեն
կառավարել քաղաքը, սակայն քաղաքաշինական
խաղերում նույնիսկ դպրոցականը կարող է նախագծել
ճանապարհներ կամ տնօրինել քաղաքային բյուջեն:
Ճարտարապետ
Ամբողջ աշխարհում ամեն շաբաթ երեք բիլիոն ժամ է վատնվում` առցանց խաղեր խաղալու վրա: Թերևս առցանց խաղերի տարածվածությունն իր բացասական կողմերն ունի, սակայն ի՞նչ կասեիք, եթե այդ ժամանակի մի մասը տրամադրվեր մեր քաղաքի ձևավորման համար:
Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակը նպատակ ունի քաղաքացիների մասնակցության շնորհիվ բարելավել քաղաքը: Հարթակը նախատեսում է կառավարման մարմինների առաջարկությունների քննարկում և միևնույն ժամանակ` քաղաքացիների առաջարկների առաջադրում և քվեարկություն:

Հարթակը հաջողված նախաձեռնություն է գաղափարներ հավաքագրելու համար, բայց ունի թույլ կողմեր: Օրինակ` քաղաքի բնակչության հետ համեմատած շատ քիչ է գրանցումների թիվը: Գաղափարների մի մասը վերացական է և ավելի շատ ցանկություն, քան` գիտակցված առաջարկ: Բացակայում են առաջարկների կառուցվածքային քննարկումները և մասնագետների անդրադարձը:

Քաղաքային միջավայրի ձևավորման վերաբերյալ կարծիքներ հավաքելու և քննարկումներ կազմակերպելու համար հարկավոր է ունենալ իրազեկված քաղաքացիներ, որոնք կկարողանան ներկայացնել առաջարկներ և գնահատել առաջարկի ազդեցությունն ու հեռանկարները:

Հարկավոր է ներգրավել մասնագետների, որոնք կկարողանան կարծիքով և խորհուրդներով ուղղորդել քաղաքացիներին: Շատերը կմտածեն, որ դա կվերածվի ֆինանսական ռեսուրսներ պահանջող գործընթացի, սակայն աշխարհում արդեն գործող այլ մոդելներ կան:
Խաղ, որը խաղալիք չէ
Մեր առօրյայում խաղերի տարածվածությունը հնարավորություն է տալիս բարձրացնել քաղաքային մարտահրավերների կարևորության ընկալումը:

Իրական կյանքում շատ քչերը հնարավորություն ունեն կառավարել քաղաքը, նախագծել ճանապարհներ կամ տնօրինել քաղաքային բյուջեն: Սակայն քաղաքաշինական խաղերում նույնիսկ դպրոցականը կարող է կատարել այս գործառույթները:

Խաղերն օգտվողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ քաղաքաշինության ոլորտի խնդիրներին և դրանցում ներգրավվելու ձևերին: Խաղացողները մասնակցում են խնդիրների լուծման տարբերակների որոնմանը և ուսումնասիրում, թե ինչպես է աշխատում քաղաքի մեխանիզմը:

Օրինակ, Cities: Skylines-ի, SimCity-ի և Tygron Serious Games-ի նման խաղերը թույլ են տալիս օգտվողներին փորձարկել քաղաքային միջավայրի ձևավորման մոտեցումներ, որոնք թույլ են տալիս կանխատեսել առաջարկների հնարավոր ազդեցությունները սոցիալական և շրջակա միջավայրի վրա՝ տարբեր մակարդակներում:

Եվ քանի որ խաղի ընթացքը ձևավորվում է փորձելու և սխալվելու սկզբունքով, այն, ինչն այսօր անլուծելի մարտահրավեր է թվում, լուծելի կդառնա ժամանակի ընթացքում՝ փորձի ձեռք բերման արդյունքում:
Խաղացողներն իրենք պետք է հավասարակշռեն քաղաքի գործառույթները, օրինակ՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, հանցագործությունների կանխարգելումը, էներգիայի սպառումը, տնտեսական աճը: Խաղի մասնակիցները սովորում են ինքնուրույն կառավարել ռիսկերը. սխալ կառավարումը կարող է հանգեցնել ամեն ինչի կորստին:

Ակնառու օրինակ է արդյունաբերական գոտիների` բնակելի թաղամասերին շատ մոտ տեղադրելու դեպքը, ինչը վտանգավոր է առողջության համար: Ինչպես նաև, եթե վատ են նախագծվում ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները կամ սխալ են կառավարվում ներդրումները՝ ստեղծվում է գերբնակեցված և անհարմարավետ միջավայր, որը խանգարում է քաղաքի հետագա «առողջ» աճին:
Ցանցային քաղաքաշինություն
Այդպիսի խաղերի շուկան աճում է և ընդլայնվում ՝ ստեղծելով կայուն հարթակ, որը հնարավորություն է տալիս խաղացողին կրթվել, ստանալ կամ փոխանցել գիտելիքներ կայուն զարգացման և քաղաքային միջավայրի ճիշտ ձևավորման հիմունքների վերաբերյալ:

Բացի այդ, խաղերի արժեքավոր և տևական ազդեցությունը դինամիկ խմբեր ձևավորելն է: Ըստ էության, կազմվել են խաղերի ընձեռած հնարավորություններով հետաքրքրված մասնագետ և ոչ մասնագետ ունեցող խմբեր/անհատներ, որոնք հնարավորություն ունեն բարելավել իրենց հմտությունները համացանցի տիրույթում՝ մեկը մյուսի օգնությամբ:

Ներկայումս գործում են բազմաթիվ կայքեր և ֆորումներ, որտեղ քնարկվում են խաղերը, և արդյունավետ ապահովվում է երկկողմանի կապը: Կարևոր է այն, որ առցանց խաղացողները քննարկում են իրական խնդիրներ, մասնագետները կիսվում են ուսումնասիրությունների արդյունքներով և ձևավորվում է խմբակային քննարկում, թե ինչպես միասնական ուժերով ստեղծել հաջողակ վիրտուալ քաղաքներ:

Քաղաքաշինական խաղերը ստեղծագործելու և փորձարկումներ կատարելու հարմար գործիքներ են: 1989 թվականին Sim City խաղը հնարավորություն էր տալիս ստեղծել քո անձնական քաղաքը իր ենթակառուցվածքներով: Հետագայում Minecraft տիրութում ստեղծվեց Դանիայի մանրակերտը 1:1 մասշտաբով, որը հնարավորություն էր տալիս խաղացողներին ուսումնասիրել և փոփոխել մոդելը, իսկ ստեղծողների նպատակը դանիացի քաղաքացիներին կրթելն էր՝ տալով գիտելիք երկրի աշխարհագրության և քաղաքի ձևավորման վերաբերյալ:
Հիմա առաջ են եկել նաև լուրջ քաղաքաշինական խաղեր: Օրինակ՝ Tygron-ը հնարավորություն է ընձեռում քաղաքաշինական հայեցակարգային նախագծերը, կյանքի կոչելուց առաջ, ենթարկել բազմակողմանի ուսումնասիրությունների, կանխատեսել ազդեցություններն ու հետևանքները:

Նման խաղերի հիմքում իրական ցուցանիշներ են, որոնք վերցվում են քաղաքների GIS տեղեկատվական համակարգերից և քաղաքային տվյալների շտեմարաններից: Խաղացողներն ստանում են պլանավորման մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է լուծել որոշակի ժամանակում: Այսինքն, իրավիճակներն իրական են և պետք է հաշվի առնել իրական պայմաններ, ինչպիսիք են կենսունակությունը, գլոբալ տաքացումը և բնակչության խտությունը, նաև հարկավոր է դուրս չգալ հատկացված բյուջեներից և իրական պետական կանոնակարգերից:

Այս խաղային մոդելները շահագրգիռ կողմերին հնարավորություն են տալիս սիմուլացիայի միջոցով ուսումնասիրել երկարաժամկետ նպատակները և իրական արդյունքի շուրջ կազմակերպել քննարկումներ:
Tygron խաղը քաղաքապետարանների կողմից օգտագործվում է ամբողջական քաղաքներ պլանավորելու համար:

Իսկ, օրինակ, Միացյալ Թագավորության էներգետիկայի և կլիմայի փոփոխության դեպարտամենտի (DECC) կողմից մշակված My2050 խաղը նպատակ ունի քաղաքացիներին ներգրավել երկրի խնդիրների և որոշումների վերաբերյալ բանավեճերին: Խաղի շրջանակներում գնահատվում են էներգետիկ ռիսկերը և քայլեր ձեռնարկվում շրջակա միջավայրը պաշտպանելու համար: Արդյունքում մշակվում են հնարավոր սցենարներ, օրինակ՝ 1990 թվականի հետ համեմատած 2050 թվականին Մեծ Բրիտանիայում արտանետումները 80% կրճատելու ուղղությամբ: Խաղացողները կարող են տարբեր ոլորտներում կարգավորել էներգաօգտագործումը՝ ներառյալ տրանսպորտը և տանը օգտագործվող էներգիան:
Հարկավոր է ընդունել, որ խաղերն այժմ կիրառական լուրջ գործիքներ են: Աշխարհում տեղի են ունենում քաղաքաշինական խաղերին նվիրված փառատոններ, դասընթացներ, ուսանողական մրցույթներ և, այնուհետև, դրանք ներգրավվում են կառավարման և ուսումնական համակարգեր:

Օրինակ, խրախուսելով կրթական ոլորտի զարգացմանը Tygron-ն ամեն տարի անցկացնում է ուսանողական մրցույթ՝ հատկացնելով ֆինանսական պարգևատրում: Պայմանն է Tygron -ի հարթակում ընտրել ցանկացած իրական տարածք և նախագծել ապագան իրական տվյալներով՝ տալով նորարարական և հետաքրքիր լուծումներ և ուղեցույց ունենալով կայուն զարգացման նպատակները:

Հայաստանում նման խաղերի ներգրավումը թույլ կտա ստեղծել ինտերակտիվ հարթակ, որտեղ հնարավոր կլինի ներգրավել բոլոր մարզերի բնակիչներին՝ ստեղծելով հանրապետության զարգացման ինտերակտիվ ցանց: Բարձրացնելով բնակչության իրազեկման մակարդակը՝ կփոխվի վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ: Բացի այդ, ճիշտ ուսուցման և ակտիվ մասնակցության արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել միջազգային կապեր, օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող փորձից և համագործակցել փորձառու մասնագետների հետ՝ վիրտուալ աշխարհում ստեղծելով մեր երկրի զարգացման սցենարները:
~
Ավելին
Made on
Tilda