Գավառի օդանավակայան․
հիշողության թռիչքուղով
Երեք տասնամյակ առաջ ակտիվ գործող օդանավակայանից այժմ մնացել են սպասասրահի ավերվող շինությունը և օդանավակայանը տեսած տարեցների հիշողությունները։ Երիտասարդներից ոմանք չգիտեն էլ, որ Գավառում օդանավակայան է եղել։


Հեղինակ
Լուսանկարներ, վիդեո
Տարիներ առաջ օդանավակայանի սահմանները նշող ցանկապատը գողացել են։ Այժմ օրեցօր փլուզվող շինության շրջակայքը տեղացի անասնապահներն օգտագործում են որպես արոտավայր։
Գավառի, այն ժամանակ՝ Կամոյի, օդանավակայանի թռիչքուղին սկսեց գործել 1960-ականների երկրորդ կեսին։ 1976-ին կառուցվեցին օդանավակայանի սպասասրահն ու վարչական շինությունները։
Ինքնաթիռների փոխարեն այժմ օդանավակայանի երբեմնի թռիչքուղու վրա տրակտորներ ու կոմբայններ են երթևեկում։ Շոգ օրերին օդանավակայանի սպասասրահը պատսպարում է թռիչքուղու տարածքում արածող կովերին և ոչխարներին։
Հարևան Գանձակ գյուղից 64-ամյա Մանվել Հունանյանն ամռան ամիսներին այստեղ արածեցնում է համագյուղացիների անասուններին։ 1990-ականների սկզբին 19 ռուբլիով հաջողացրել է այս օդանավակայանից ինքնաթիռով Ռուսաստան հասնել։
«Եթե օդանավակայանն աշխատեր, ստիպված չէի լինի սեզոնային արտագնա աշխատանքի մեկնելիս Երևան հասնել», - ասում է Մանվել Հունանյանը։

«էլ 3 հազար տաքսուն փարա չի տա, ոտով էլ կքի, սումկեքն առնի, կիթի»,- իր կողմից հավելում է Արտավազդ Քեռյանը:
52-ամյա Քեռյան Արտավազդի մանկությունն անցել է օդանավակայանի հարևանությամբ։ Օդանավակայանն այժմ դարձել է ամենահարմար վայրերից մեկը՝ տանից ոչ հեռու 150 ոչխարից բաղկացած հոտն արածեցնելու համար։
Արտավազդը հիշում է՝ ինչպես էին գալիս նայելու ինքնաթիռների թռիչքը, վեր-վեր ցատկելով՝ գոռում՝ հույսով, որ օդաչուները կլսեն։

Դեռ նույն տանն է ապրում, սակայն մանկության ինքնաթիռների ձայնը դադարել է լսվել։
Այժմյան Գեղարքունիքի մարզի տարածքում նախկին Գավառից բացի ևս երկու օդանավակայան կար՝ Մարտունի և Վարդենիս քաղաքներում։ Խորհրդային տարիներին կառուցված օդանավակայաններից որևէ մեկն այսօր չի գործում։

Մինչդեռ մարզի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը սեզոնային աշխատանքն է Ռուսաստանում և Ուկրաինայում։ Մարզի աշխատունակ տղամարդկանց 80-90 տոկոսը տարվա առնվազն 6 ամիսն անց է կացնում արտերկրում։

Ամայացած դաշտի լռությունը, ոչխարի վզին կախված զանգի ձայնից բացի, երբեմն ընդհատում են օդանավակայանի թռիչքուղի մտնող գյուղատնտեսական մեքենաները։
Նախկին թռիչքուղին ամռան ամիսներին օգտագործվում է դաշտերից չոր խոտի տեղափոխման համար։
Օդանավակայանի հարևանությամբ տեղակայված հողամասերի մեծ մասը սեփականաշնորհվել է և այժմ օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
Թեև 1970-80-ականներին կանոնավոր չվերթներ էին նախատեսված Գավառից դեպի Երևան, շատերը 90 կմ հեռավորությունը ինքնաթիռով կտրելը շքեղություն էին համարում։
Lուսանկարը` Աննա Խաչատրյանի
Թեև 1970-80-ականներին կանոնավոր չվերթներ էին նախատեսված Գավառից դեպի Երևան, շատերը 90 կմ հեռավորությունը ինքնաթիռով կտրելը շքեղություն էին համարում։
ԽՍՀՄ փլուզումից հետո օդանավակայանը ծառայեցվեց բազմաթիվ նպատակների, բայց ոչ թռիչքներ սպասարկելու համար։ 90-ականների կեսերին տեղացիներն այն օգտագործում էին որպես հարսանյաց սրահ։
Բյուրեղիկ Հովեյանը։ Հովեյանը մեկ անգամ է եղել Գավառի օդանավակայանում․ մասնակցում էր ընտանիքի ընկերներից մեկի հարսանյաց հանդեսին։ Օդանավակայանի սպասասրահը մոտ 300 հյուր էր տեղավորել այդ օրը։
Հետո հարսանիքի հյուրերին փոխարինեցին Լեռնային Ղարաբաղի փախստականները։ Պատերազմի օրերին այս օդանավակայանից հաճախ էին մեկնում սնունդ և կամավորական ջոկատներ փոխադրող ուղղաթիռները՝ փոխարենը Գավառ բերելով վիրավոր կամավորների և փախստական ընտանիքների։ Օդանավակայանի թռիչքուղին և սպասասրահը տուն-օթևան դարձան փախստականների համար։ Հերթական վայրէջքին սպասելու փոխարեն այստեղ մարդիկ սկսեցին սպասել կացարան ստանալու հերթին։
Պատերազմի ժամանակ վերջին ուղղաթիռով Ղարաբաղից Գավառ եկած մի ընտանիքի դիմավորել են Ժորա և Ծովինար Սուքիասյանները։
Ծովինար Սուքիասյանը 30 տարի խնամքով պահում է «Խորհրդային Հայաստան» թերթի այն համարը, որում փախստական ընտանիքներից մեկն իրեն շնորհակալական նամակ է գրել։
Գավառի գործարարներից մեկը ցանկացել է նորոգել օդանավակայանն, սակայն նախագիծն այդպես էլ մնացել է քննարկման փուլում։ Փոխարենը գրունտային թռիչքուղին ծածկվում է տարեցտարի խտացող բուսածածկով։