Գերեզմանոցը՝ երեխաների և մեծահասակների խաղատեղի

Գերեզմանոցը դարձել է երեխաների համար՝ պահմտոցի, տարեցների համար՝ նարդի խաղալու կամ թոռներին զբոսանքի տանելու վայր
Երևանի տարածքի 2.42 տոկոսը` շուրջ 540 հա, զբաղեցնում են 21 գերեզմանատները: Տարբեր ժամանակահատվածներում կառավարության որոշումներով գործող մի քանի գերեզմանատները մեծացել են: Տարիների ընթացքում բնակելի տարածքների մեխանիկական աճի արդյունքում որոշ գերեզմանոցներ ու բնակելի տարածքներ թույլատրելիից ավելի են մոտեցել միմյանց:

Դեռ չորս տարի առաջ Երևանի ավագանու որոշմամբ 7.8 հեկտարով ընդլայնվել են «Սիլիկյան», «Շահումյան-2», «Կենտրոնական» եւ «Կարմիր Բլուր» գերեզմանատների հարակից տարածքները, ընդ որում՝ նաև բնակավայրերի հաշվին:

ՀՀ Կառավարության 2006-ի որոշման համաձայն` գերեզմանոցը առնվազն պետք է 300 մետր հեռավորություն ունենա բնակելի տարածքից: Սակայն մայրաքաղաքում գերեզմանոցային տարածքներին վերաբերող այս նորմերը մասամբ կամ ամբողջությամբ խախտված են:

Նոր Նորքի Մոլդովական փողոցում գտնվող նախկին ուսանողական ավանի առաջին և երկրորդ մասնաշենքերում բնակվում են երկու հարյուր հիսունից ավելի ընտանիքներ, որոնք հիմնականում փախստականներ են Ադրբեջանից, Իրաքից և Սիրիայից: Գերեզմանոցը գտնվում է այդ մասնաշենքերից մեկի բակի անմիջական հարևանությամբ:
Երկար պայքարելուց հետո շենքի հարակից տարածքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի օգնությամբ 2015 թվականին կառուցվեց փոքրիկ խաղահրապարակ, սակայն շենքի բնակիչների պնդմամբ մինչև գերեզմանատան պարսպապատման հարցը չլուծվի, այն կմնա երեխաների և մեծահասակների խաղատեղի:

Երկու զավակների մայր սիրիահայ Արփինե Սարգսյանին շատ է անհանգստացնում խաղահրապարակի և գերեզմանոցի սահմանազատման հարցը:

«Թերևս այսքան խնդիրներով լեցուն կյանքում մեր երեխաների համար մի լուսավոր գործ արվի, պետությունը նպաստի, որ մեր ապագա սերունդները ապրեն արժանավայել, խաղան խաղահրապարակներում, այլ ոչ գերեզմանոցներում»:

Մոտ գտնվելուց բացի, չկա նաև պատնեշ գերեզմանոցի և շենքի առաջնամասի միջև, այն վերածվել է երեխաների համար՝ պահմտոցի, ծերերի համար՝ նարդի խաղալու կամ թոռներին զբոսանքի տանելու վայր:
Գերեզմանոցը՝ երեխաների և մեծահասակների խաղատեղի
video
«Երևանի Քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ իրավաբան Եվա Օհանյանն ասում է, որ մայրաքաղաքում գերեզմանատները մեծ մասամբ ձևավորվել են 1922 թ-ից, իսկ Ավանի այդ գերեզմանատունը իրավական ռեժիմով համարվում է մասնակի փակ, որտեղ նոր հողերի հատկացում չի կատարվում:

Հետևաբար, Եվա Օհանյանը կարծում է, որ Մոլդովական փողոցի նախկին ուսանողական ավանի առաջին և երկրորդ մասնաշենքերը կառուցելիս պետք էր հաշվի առնել գերեզմանատան՝ այդքան մոտ գտնվելու փաստը: Ավանի գերեզմանատունը ստեղծվել է 1947թ-ին, իսկ ուսանողական հանրակացարանները կառուցվել են 1967 թվականին: «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մուրադ Մեժլումյանը, որպես հին բնակիչ, պնդում է, որ նախկինում գերեզմանոցը բավականին հեռու է գտնվել շենքերից և ամբողջովին ցանկապատված է եղել բետոնե պատնեշով, պատնեշից դուրս էր խորհրդային տարիներին այս հանրակացարանները սպասարկող կաթսայատունը: Ժամանակի ընթացքում գերեզմանատան տարածքի ընդլայնման հետևանքով այժմ այնտեղ է հայտնվել նաև կաթսայատունը:

Մուրադ Մեժլումյանի խոսքով, գերեզմանոցը սահմանազատելու խնդրով բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն այս կարևոր խնդիրը, որի լուծումը պարզապես քաղաքապետարանի պարտականությունների մեջ է մտնում, մինչ օրս օդում կախված է:

136-րդ դպրոցի սպորտային դաշտը գերեզմանատան հարևանությամբ

Երևանի Զեյթուն թաղամասի գերեզմանատան և բնակելի շենքերի միջև ևս պահպանված չէ սահմանված 300 մետր հեռավորությունը: Այն նաև հարակից է 136-րդ դպրոցին: Զեյթունի մասնակի փակ գերեզմանատունը ձևավորվել է 1945թ-ին, իսկ դպրոցը կառուցվել է 1967թ-ին: Դպրոցի տնօրեն Գրետա Թունյանի խոսքով, բնականաբար հաճելի չէ, երբ կրթօջախը մոտ է գտնվում գերեզմանատանը, սակայն ոչինչ հնարավոր չէ փոխել, միակ մխիթարությունն այն է, որ հուղարկավորությունները հիմնականում կատարվում են ժամը երեքից հետո, երբ դասաժամերը վերջացած են լինում: Դպրոցի տնօրենին ուրախացնում է նաև այն, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ գերեզմանատան և դպրոցի միջև ընկած հատվածում կառուցվում է զբոսայգի՝ մանկական խաղահրապարակով: Այն խոստացել են շահագործման հանձնել այս տարվա հոկտեմբերին:

Գերեզմանատների և բնակելի շենքերի միջև սահմանված հեռավորությունը չպահպանելուց զատ, մայրաքաղաքում այս պահին գերեզմանոցներին հատկացվող տարածքի պակաս կա: Թեև իրավաբան Եվա Օհանյանը պնդում է, որ նման մտավախություն չկա, սակայն պաշտոնական հաշվարկներով, ընդամենը երեք տարի հետո Երևանի գերեզմանատներում նոր հուղարկավորության համար ազատ հողակտոր այլևս չի լինի:
~