Անտառի ֆոնտանը


Գյումրիում կվերականգնեն Ֆուտուրիստական երազանքի շատրվանը:
Լրագրող
Մուլտիմեդիա լրագրող
Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից սկսվող Մանուշյան փողոցում` սկզբից մինչև վերջ, ձախ կողմում կանգնած են բազմաբնակարանային շենքեր, աջ կողմում՝ միմյանցից հեռու ու անկանոն տեղաբաշխված սեփական տներ, իսկ փողոցի վերջում` յասամանի թփերի միջից, դիմահայաց հայտնվում է մուգ դարչնագույն հսկան՝ Դռուժբայի շատրվանը կամ ինչպես գյումրեցիներին է հայտնի՝ «ֆանտանը»:
Խորհրդային մոդեռնիզմի վառ նմուշով պսակված հանրային վայրով նախագծված էր կապել անտառուտի տեղում կառուցված Պոլիտեխնիկի մասնաշենքերը և հարակից բնակելի տները: Աշխատանքը հանձնարարվել էր ճարտարապետ Արթուր Թարխանյանին, ում առաջին հանրային նշանակության գործերից էր Գյումրիի դրամատիկական թատրոնը՝ իր ուսուցիչ Սուրեն Սաֆարյանի ղեկավարությամբ, իսկ վերջին ավարտուն հանրային աշխատանքը դարձավ նույնպես Գյումրիում կառուցած մետաղական շատրվանը:
Երկաթե կամ Բարեկամության շատրվանը միաժամանակ խորհրդային մոդեռնիզմի արտ-օբյեկտ է և մոնումենտալ քանդակ, որի կառուցումն սկսվել է 1982 թ-ին և տևել երկու տարի։



Ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանի խոսքով, շատրվանի նախագծի իրականացումը հնարավոր դարձավ Լենինականի քաղկոմի քարտուղար Դոնարա Հարությունյանի շնորհիվ, որը ջանք չխնայեց թույլատվություն ստանալու և ֆինանսավորում գտնելու համար:
"Շատրվանը երիտասարդության, ժամանակակից մտածելակերպի, ինժեներական մտքի զարգացման, նոր թռիչքի արտացոլումն է՝ պոլիտեխնիկի ուսանողների մտքի` դեպի տիեզերք կանչելու միտումն է", - պատմում է Արթուր Թարխանյանի դուստրը:

Բոլոր գծագրերը իրականացվել էին Գյումրիում գտնվող նախագծային արվեստանոցում, որտեղ էլ դրանք պահվում էին: Սակայն երկրաշարժի ժամանակ շենքը, որտեղ տեղակայված էր արվեստանոցը, փլուզվել էր, արխիվները` ոչնչացել: Արթուր Թարխանյանի տանը պահպանվել է միայն ճարտարապետի ձեռագիր էսքիզը:

Սոնյա Վարդանյանըհիշում է շատրվանի կառուցման տարիները, այնուհետև՝ բացման հանդիսավոր օրը, երբ այդ օրերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճանը և այլ պատվավոր հյուրեր նորաստեղծ հանրային գոտում տնկեցին անվանական մրգատու ծառեր, որոնք մինչ այժմ էլ աճում են այդտեղ:

"Երեկոները երիտասարդները գնում էին Աստղի հրապարակի կինոթատրոնը, վերադարձի ճանապարհին` գալիս, շատրվանի սրճարան նստում: Անդադար նման շարժ կար, իսկ քամոտ եղանակին, երբ դուրս էինք գալիս տան պատշգամբ, շատրվանի ջուրը մեզ էր հասնում", - հիշում է տիկին Սոնյան:

Տիկին Սոնյան շատրվանի վերանորոգումը և տարածքի բարեկարգումը կարևորում է նաև հաջորդ սերունդների համար: Բնակիչների երեխաների համար խաղային տարածք չկա, քանի որ շենքի բակում մասնավոր, խարխուլ շինությունների, նեղլիկ անցուղիների, իսկ փողոցի կողմից՝ փոշոտ մայթի պատճառով երեխաները զրկված են ապահով խաղահրապարակ ունենալու հանարվորությունից:
Գյումրեցիների և առհասարակ երիտասարդների կողմից սիրված ու երբեմնի մարդաշատ վայրը գործեց 4 տարի, 1988 թ-ի երկրաշարժից հետո այն ամայացավ։ Երկրաշարժից ավերվեցին Պոլիտեխնիկի մասնաշենքերը, շրջակայքի բնակելի տներից շատերը, իսկ շատրվանի տարածքը պատվեց տնակներով, քանի որ զբոսայգու տարածքը միակն էր, որտեղ չկային փլված տներ, և հնարավոր էր տնակներ տեղադրել: ժամանակավոր կացարանների բնակիչների մի մասն արդեն տեղափոխվել են բնակարաններ, սակայն Գրիշա պապիկը շարունակում է ապրել շատրվանի տարածքում, քանի որ, նրա խոսքով, զրկված է սոցիալական աջակցությունից և արտոնություններից, միակ որդին էլ երկար տարիներ ապրում է Ռուսաստանում:
Գրականագետ, ՛՛CSN Lab՛՛ ՀԿ հիմնադիր Տիգրան Ամիրյանը նշում է, որ Արթուր Թարխանյանի` խորհրդային մոդեռնիզմի դարաշրջանում նախագծած շատրվանները Գյումրիի և գյումրեցիների համար կարևոր դեր ունեին՝ քաղաքային և հանրային տարածքների ձևավորելու գործընթացում: Հետազոտողը նկատում է՝ գյումրեցիների վկայություններից պարզ է դառնում, որ այդ տարածքը անտեսված էր և աշխուժացել էր՝ հանրային գոտի դառնալուց հետո: Այս ուրբանիստական և քաղաքային արվեստի նմուշը, որպես մոդեռնիզմի բեկոր, իր շուրջը ձևավորում էր քաղաքային առօրյա՝ կանաչ և խնամված տարածքների տեսքով: Մյուս կողմից` այստեղ ձևավորվում էր սրճարանային մշակույթը: Ցավոք, այդ ամենն ընդհատվում է երկրաշարժից հետո, սակայն շատրվանը շարունակում է կանգուն մնալ՝ անընդհատ հիշեցնելով անցյալի մասին՝ այն առօրյայի, ժամանցի և հանգստի վայրի, որը գոյություն է ունեցել շատրվանի շուրջ:
Տիգրան Ամիրյան
Գրականագետ, CSN Lab ՀԿ-ի հիմնադիրը

Այսօր շատրվանը մոռացության է տրված, սակայն գրականագետի համար մեծ հարց է, թե ինչպիսի նշանակություն կունենա դրա վերագործարկումը, քանի որ տեղացիների համար կորցված կյանքի հիշողությունն է, իսկ արտագաղթած և ժամանակ առ ժամանակ զբոսաշրջիկի կարգավիճակով վերադարձող գյումրեցիների համար՝ լուսանկարվելու վայր: Շատրվանը անցյալի վառ հիշողություն է, որը կապում է նրանց սեփական քաղաքային ինքնության հետ:
«Քանի որ դա հայրիկիս վերջին գործն էր, և շատրվանը կարևոր է մեր ընտանիքի համար, որոշեցի գումարներ հայթայթել, որպեսզի վերականգնվի առնվազն շատրվանի շրջակա տարածքը: Շատրվանի հետնամասում նախատեսված է իրականացնել Գյումրու տեխնոպարկի ստեղծումը, սակայն ամբողջ այդ միջավայրը տխուր է և մատնված է մոռացության», - նշեց Անահիտ Թարխանյանը:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի նպատակն է առաջին հերթին վերագործարկել շատրվանը, բարեկարգել մերձակա տարածքը, այնուհետև կրկին միջոցներ փնտրել՝ նոր շունչ տալու և բարելավելու ամբողջական միջավայրը, որպեսզի այն կրկին դառնա հանրային գոտի` բնակիչների և հրապուրիչ հնարավորություն` ներդրողների համար:


Աուդիո
Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
Բարեկարգման նախագիծը կատարված է զբոսայգու ուղղանկյուն 154 մ x 204 մ հատվածի համար: Վերանորոգման աշխատանքներն արդեն համաձայնեցված են Գյումրիի քաղաքապետարանի հետ:

Նախատեսվում է ուսանողների հետ համատեղ չափագրման աշխատանքներ իրականացնել, որը թույլ կտա լիարժեք նախահաշիվ պատրաստել՝ հասկանալու տարածքի ամբողջական վերականգնման արժեքը: Անահիտ Թարխանյանը համոզված է, որ այս սեպտեմբերին Երկաթե շատրվանի ապագան հստակ կլինի:
~