Գյումրի՝ կինոյի քաղաք

Անցյալ դարի վերջում Գյումրիում նկարահանված կինոֆիլմերը քաղաքը դարձրեցին կինոպատմություն կերտող միջավայր:
Գյումրիի պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը քաղաքի այցեքարտն են, սակայն այդ շինություններն այսօր վտանգված են, դրանց ճակատագիրն անորոշ է:
1982 թվականին ծագումով գյումրեցի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը մասամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասամբ՝ Գյումրիում նկարահանեց «Հին օրերի երգը» ֆիլմը, երկու տարի անց` «Մեր մանկության տանգոն»: Գյումրիում են նկարահանվել նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», ավելի վաղ՝ «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» ֆիլմերը: Դրանց շնորհիվ Գյումրիի՝ նկարահանման հրապարակ հանդիսացած կոլորիտային շենքերն ու բակերն այսօր էլ այցելուներ են հրապուրում:

Ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձան:

Չնայած այս հանգամանքին, «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգո» (1985թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) և «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) ֆիլմերում նկարահանված երեք շենք քայքայման և փլուզման եզրին է:

1
«Հոլիվուդի բակը»
Նախկին Գորկի 22, այժմ` Շիրազի 22
Գյումրեցիները հայկական 3 ճանաչված ֆիլմերի նկարահանման հրապարակ հանդիսացած վայրն անվանել են «Հոլիվուդի բակ»: Տարբեր ժամանակներում 3 ֆիլմ է նկարահանվել այստեղ ՝ «Մեր մանկության տանգո»-ն, «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»»: Կինոժապավենից հայտնի բակը գտնվում է Գյումրու նախկին Գորկի 22, այժմ` Շիրազի 22 հասցեում:

«Հոլիվուդյան» շենքը կառուցվել է 19-րդ դարավերջին և պատկանել է ռուսական կայազորի բարձրաստիճան սպա գնդապետ Վեքիլյանին: Գնդապետը սենյակների մի մասը վարձակալությամբ է տվել՝ հիմնականում 1840-50 թվականներին Գյումրիում հյուրընկալվող ռուս գործիչներին:
Հայտնի բակում շուրջ տասը ընտանիք է բնակվում: Բնակիչներն ասում են, որ թեև բակը Գյումրիի ճանաչված ու այցելվող վայրերից է թե հայաստանցի, թե արտասահմանցի զբոսաշրջիկների համար, բնակելի հատվածը քայքայված վիճակում է. շենքը ոչ նորոգվում է, ոչ էլ ` պահպանվում:

62-ամյա Սոնա Հարությունյանի ընտանիքը 30-ական թվականներից ապրում է Շիրազի 22 շենքում: Ներկայացնելով շենքի վիճակը՝ Սոնա Հարությունյանը նշում է, որ մի քանի բնակիչ սեփական միջոցներով կարողացել են տանիքի մի մասը նորոգել: Մասնակի նորոգումը քիչ բան է փոխել: Շենքն ընդհանուր ամրացման և կապիտալ վերանորոգման կարիք ունի:

«Պատշգամբները ներքևից նայեք, պատից այ էսքան հեռացած է, Աստված չանի, որ պատշգամբը փլվեց, ամբողջ շենքը կքանդվի: Բայց հիմա համարվում է իբր վթարային 3-րդ աստիճան… հանրապետությունում շատ-շատ են նման կարգի շենքերը, ընկել է հետին պլան: Բայց եթե մի քանի տարի էլ այսպես մնա, չգիտեմ՝ ինչ կլինի», - ասում է Սոնա Հարությունյանը:
Urbanista Gyumri Balcony movie locations Urbanista Gyumri movie locations old building Urbanista Gyumri movie locations old building balcony Urbanista Gyumri movie locations old building

2
«Վառեմ-մարեմ»-ի պատշգամբ
Աճեմյան 2
Խորհրդային տարիներին տարբեր հանրային նշանակության միջոցառումների համար գործածվող շենքում 1984-85թթ. նկարահանվեցին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ամենահիշված տեսարանները:
Շենքը կառուցվել է 1860-ականներին և պատկանել առեւտրականներ Աբովյաններին ու Խոյեցյաններին: Ավելի ուշ կառույցը համալրվել է տարբեր շինություններով, որոնցից մեկը ռուսական բանակի կապի հանգույցն էր և Ալեքպոլի (Գյումրիի հին անվանումներից է-խմբ.) նախկին քաղաքային փոստատունը:

«23 տարեկան եմ եղել: էդ վախտ հիշեմ գը, ստեղ կայնանք, գողտուց կծկլատեինք»- ֆիլմի նկարահանումներն է վերհիշում շենքի հարևանությամբ բնակվող 58-ամյա Սուսաննա Մաթևոսյանը:
Ֆիլմի նկարահանումից հետո «Կումայրի» պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի տարածքում գտնվող շենքի պատշգամբը գյումրեցիների կողմից այլ հասցե և անվանում ձեռք բերեց՝ «Վառեմ-մարեմի բալկոն»։ 1988-ին շենքը մասամբ վնասվել է երկրաշարժից: Ի տարբերություն «Հոլիվուդյան բակի» շենքի, այս կառույցն արդեն ամբողջությամբ փլուզման եզրին է, քանի որ 88-ից հետո լքված է,ոչ մի խնամք չի իրագործվել:

Մի քանի տարի առաջ շենքի մի հատված նորոգվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Վերանորոգված հատվածում 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը։ Խոստացվել էր, որ շինության մյուս հատվածներն էլ կնորոգվեն, սակայն նոր աշխատանքներ չեն կատարվել։
«Վերականգման աշխատանքներ չկան, բայց հույս կա: Ցավ կապրիս էլի», - ասում է Գյումրիի բնակիչ 62-ամյա Ազնիվ Ալեքսանյանը:

3
«Վարդուշենց տունը»
73-ամյա Թամարա Սիմոնյանի ընտանիքի՝ 22 տարի առաջ գնած բնակարանը «Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի է որպես «Վարդուշենց տուն»:

Տունը գրեթե չի ձևափոխել ոչ դրսից, ոչ էլ ներսից. անգամ ֆիլմում երևացող պատից կախված գորգն է պահպանվել: «Վարդուշենց տունը» հաճախակի է այցելուներ ընդունում, այն դժվար չէ գտնել, Գյումրիում ցանկացած բնակիչ տեղը ցույց կտա, ասում են Սիմոնյանները:

Թեև տունը վերանորոգման կարիք ունի, ֆինանսական դժվարությունների պատճառով ոչինչ չի արվում: Այնուամենայնիվ, տիկին Թամարան պատրաստակամությամբ դիմավորում է Գյումրի եկող և «Վարդուշենց տունը» տեսնել ցանկացող այցելուներին, սուրճ առաջարկում և պատմում տան այն հատվածների մասին, որտեղ ընթացել են ֆիլմի նկարահանումները:

4
«Հին օրերի երգը»
Գյումրիի Թումանյան-Ջիվանի փողոցների խաչմերուկ
Կումայրի արգելոց պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի տարածքում է գտնվում նաև «Հին օրերի երգը» ֆիլմից հայտնի շենքը:

«Եթե տան բակի տեսարան կա, էս հայաթն է: Շատ է քանդվել, ձևափոխվել, դուք չեք կրնա համեմատել, ես կհիշեմ», - ասում է շենքի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ:
Շենքի պատշգամբի մի հատվածը, որը հենց ֆիլմի կադրերից է հայտնի, փլուզման վտանգի տակ է:
Բնակիչներն այդ հատվածները շրջանցում են և պատշգամբը տեսնել ու լուսանկարել ցանկացողներին ցույց տալիս վթարային հատվածում տեղաշարժվելու անվտանգ արահետները:

+
Շենքերի պահպանության հարցը
Այս կառույցների պահպանության հետ կապված հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հաստատել են, որ նշված շենքերն ու շինությունները հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, որոնց պահպանությունը, անվտանգությունը և օգտագործումը պետք է իրականացվի «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով:

Մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ տարբեր ժամանակներում նորոգվել է շենքերի որոշ հատվածներ:

«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանը կարևոր է համարում Գյումրու Կումայրի արգելոցի տարածքում եղած ցանկացած կառույցի, փողոցի, լեգենդի և պատմության պահպանումն ու հանրությանը ներկայացումը:
Արսեն Վարդանյանի կարծիքով, պետք է միջոցներ փնտրել կամ ֆոնդեր հայթայթել, որպեսզի երկու սեփականատեր ունեցող, Գյումրիի մշակութային պատմության մաս հանդիսացող շենքերը նորոգվեն, պահպանվեն և շարունակեն գոյատևել՝ իբրև պահպանված արժեք:

Արսեն Վարդանյանի կարծիքով, կարևոր է, որ մարդիկ տեսնեն՝ Գյումրիում հնարավորությունների ստեղծման միջավայր կա, իսկ պատմական ու մշակութային յուրաքանչյուր դետալի, քաղաքի ներկայանալի դիմագծի պահպանումը ոչ միայն պատմության կարևորումն է, այլև՝ ապագայի գրավականը: Այդ մտահղացմամբ կազմակերպվում են կինոշրջայցեր, որոնք հրապուրում են Գյումրիում երբեք չեղած, ֆիլմերից քաղաքը ճանաչող մարդկանց գալ և անձամբ շրջել Գյումրիի կենդանի կինոհրապարակներում:

«Էսօր մենք կնկատենք, որ հիմնականում երիտասարդական թևը, ուսանողական խմբերը, Գյումրի եկող զբոսաշրջային հոսքը երիտասարդացել է և հիմնականում ֆիլմերին ծանոթ են, սա ինձի կթվա լոկալ, լեննականցոց էրած աշխատանքներն են՝ անընդհատ ներկայացնելու միջոցով», -ասում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանը:
~