Բրենդավորելով Գյումրին

Մասնագետները փորձում են ձևավորել քաղաքի դեմքը, երիտասարդ գյումրեցիները ևս ձեռքերը ծալած չեն նստում
Լրագրող <տեքստ>
«Deem Communications» ընկերությունը սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում այս տարվա ամռանը սկսել է Գյումրու բրենդավորման գործընթացը: Ծրագրի վերջնական արդյունքը՝ 2018-2020 թթ․ ռազմավարությունը, նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին։ Այն կլինի հանրամատչելի՝ էլեկտրոնային կայքի տեսքով։
Քաղաքների բրենդավորումը միջոցառումների շարք է, որը ձևակերպում է մարդկանց պատկերացումներն ու ասոցիացիաներն այդ քաղաքի մասին։ Այն կարծիքը, թե բրենդը պարզապես ապրանքանիշն է, թյուր է և լիովին չի արտացոլում բրենդավորման իրական նշանակությունը։ Աշխարհի շատ քաղաքներ զբոսաշրջային քարտեզի վրա իրենց տեղն ամրապնդելու, սեփական քաղաքացիների կամ էլ արտասահմանցի ներդրողների ուշադրությանն արժանանալու համար ժամանակ առ ժամանակ դիմում են բրենդավորման մասնագետներին։ Թեև ավելի քան մեկ քառորդ դար է անցել ավերիչ երկրաշարժից, ու Գյումրին ունի բոլոր նախադրյալներն այլ կերպարով ներկայանալու համար, այնուամենայնիվ, «աղետի գոտի» բնութագրումը դեռևս արդիական է թե մեդիայի, թե բնակիչների լեքսիկոնում։
«Deem Communications» ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյան

Լուսանկարը՝ Deem Communications
Բրենդինգը՝ քաղաքի զարգացման խթան

«Deem Communications» ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանն ասում է, որ Գյումրին նախ իր անձնական հետաքրքությունն էր: Բացի այդ, նրա կարծիքով, Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքն անհրաժեշտ չափով հարգված չէ։ Նաև պետք է հաշվի առնել, որ Գյումրին սահմանամերձ մեծ բնակավայր է, և քաղաքի զարգացումը ռազմավարական նշանակության հարց է։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, հանրային հարցումներ և ուսումնասիրություններ քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ:

Տարեվերջին ընկերությունն իր աշխատանքի արդյունքը ներկայացնելու է Գյումրու քաղաքապետարանին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին: Գյումրեցիների, շահագրգիռ այլ կողմերի համար անցկացվելու են շնորհանդեսներ, ուսուցողական ծրագրեր այն մասին, թե ինչպես զարգացնել բիզնեսն ու եկամուտ ստանալ մշակված բրենդի հայեցակարգի ներքո:

«Մենք Գյումրու բրենդավորումը դիտարկում են որպես խթան քաղաքի զարգացման համար, ինչը երեք հիմնական ուղղությամբ է ընթանալու՝ տնտեսական, սոցիալական, մշակութային։ Գյումրու բրենդի կորիզը լինելու են մարդիկ, հումորը, ճարտարապետությունը և ավանդական խոհանոցը»,-ասում է Րաֆֆի Նիզիբիլյանը:
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյան
Նա առաջարկում է վերանայել երկրաշարժից տուժած կառույցները, դրանց մի մասին` նոր շունչ տալ: Օրինակ, Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը, որից միայն ավերակներ են մնացել, Րաֆֆի Նիզիբիլյանի կարծիքով, կարելի է վերածել արվեստի վայրի, որը ոչ թե լքված է, այլ` էսթետիկորեն իմաստավորված:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս քաղաքներին, ապա դրանք ևս կարող են ունենալ սեփական բրենդը: Րաֆֆի Նիզիբիլյանը հատկապես առանձնացնում է Ծաղկաձորը, Դիլիջանն ու Գորիսը, որոնք ունեն յուրահատուկ քաղաքային դիմագիծ: Եթե առաջին փորձը հաջողությամբ պսակվի, ապա համապատասխան առաջարկի դեպքում իրենք պատրաստ են նաև մյուս քաղաքների բրենդի մշակմամբ զբաղվել:



Հումորի քաղաք

Մինչդեռ Գյումրիում արդեն հինգ տարի է, ինչ մի խումբ երիտասարդներ ինքնուրույն փորձում են փոխել հարազատ քաղաքի տեսքն ու ընկալումը: 2012 թվականին «Գյումրին մեր տունն է» նախաձեռնությունը միավորեց տարբեր ոլորտներում աշխատող ընկերներին:

Նախ, երիտասարդները փորձեցին ուրվագծել «զրո դրամանոց», փող և դրամային ներդրում չպահանջող ռեսուրսները՝ վստահ լինելով, որ երբեմն առանց գումարի էլ կարելի է գործել քաղաքի օգտին։ Գյումրիում անսպառ այդ ռեսուրսներից է, օրինակ, հումորը:
Բրենդավորելով Գյումրին
Վիդեո ՝ Անահիտ Մինասյան
Մոնտաժ՝ Գայանե Միրզոյան
Երաժշտություն՝ Mit Rich
«Երբ գյումրեցին գնում է ինչ-որ տեղ, հենց իմանում են գյումրեցի է, ասում են՝ վայ Լեննագանից ես, հլը միադմ անեկդոտ պատմե։ Խնդիրն էն է, օր միշտ չեն հարցնի՝ տղա ջան, աղջիկ ջան, տրամադրություն ունի՞ս, չունի՞ս, սովա՞ծ ես, կո՞ւշտ ես, անեկդոտ պատմի, հա անեկդոտ պատմի»,- կես կատակ, կես լուրջ ասում է նախաձեռնության համահիմնադիր, իրավագետ Արսեն Վարդանյանը:

Նախաձեռնության կողմից հինգ տարի առաջ ստեղծված «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խումբը շատ արագ հայտնի դարձավ և այսօր ունի 135 հազարից ավելի բաժանորդ: Այն գեներացնում է Գյումրիում շրջանառվող անեկդոտները։

Տեսնելով հետաքրքրությունը` նախաձեռնության անդամները որոշեցին թողարկել նաև համանուն շաբաթաթերթը, որը տարածվում է Գյումրիում՝ մի քանի մասնագիտացված խանութներում և սրճարաններում, հասանելի է նաև Երևանում՝ Team Time ժամանցի ակումբում։
«Աղետի գոտուց» դեպի «արվեստի գոտի»


1988 թվականի երկրաշարժի հետքերը մինչ օրս կարելի է հանդիպել Գյումրիում: Սակայն Արսենը և նրա ընկերները որոշեցին դրանք վերափոխել դրական ասոցիացիաների։ Գյումրու մասին սրամտությունները փայլաթիթեղների վրա փոխադրեցին ու Կումայրի արգելոցի կիսավեր պատերին փակցրեցին։

«Շարքը զարգացնելով՝ որոշեցինք ունենալ անեկդոտների պատ, որն առաջիկայում պատրաստ կլինի: Աշխարհում պատը բաժանարար նշանակություն ունի։ Մենք էլ որոշեցինք անեկդոտների պատ ունենալ, որ մարդիկ գան ու Գյումրու անեկդոտներին ծանոթանան»,-պատմում է Արսեն Վարդանյանը։ Պատի անեկդոտները շուտով հասանելի կլինեն զբոսաշրջիկների համար. դրանք կթարգմանվեն նաև անգլերեն:

Նախաձեռնության անդամ, գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանի խոսքով՝ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի չխաթարեն քաղաքի ճարտարապետական տեսքը՝ ուսուցողական միջոցառումներ իրականացնելով։ «Անեկդոտներն ու սրամտությունները թիթեղների վրա ենք անցկացնում և ամրացնում պատերին, որպեսզի հետք չթողնեն և ցանկացած ժամանակ հեռացնենք, երբ դրա կարիքն առաջանա»։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
Դրանից հետո քաղաքում ստեղծվեց սթրիթ արտ, որը նաև բնապահպանական նշանակություն ուներ: Նախաձեռնության անդամներն ու նրանց աջակիցները սկսեցին խցաններ հավաքել, որոնցից հետո խճանկարային գույնզգույն գորգ-պատկեր ստացան: Այս օրինակը տեսել էին Սլովենիայում, որտեղ խցաններից պատրաստված խճանկարը Գինեսի ռեկորդների գրքում էր գրանցվել։

«Շատ դժվար ստացվեց էտ պրոցեսը, որովհետև մարդիկ կասեին՝ ա՜, սաղ աշխարհի զիբիլը կհավքեք Լեննագան։ Բայց երբ առաջին խճանկարը պատրաստեցինք, մարդկանց վերաբերմունքը փոխվեց։ Իրենք տեսան, թե ինչ լավ ու գեղեցիկ բան է ստացվում, և ավելի բուռն արձագանքեցին»։


Ձմեռային զվարճանքի քաղաք


Գյումրին հաճախ են անվանում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք: Սակայն, չնայած երկարատև, ցուրտ ձմեռներին ու զարգացած սպորտային մշակույթին, այստեղ երկրաշարժի տարիներից ի վեր սահադաշտ չկար: Սահադաշտի գաղափարն իրականություն դարձավ 2014-ին։

Արսեն Վարդանյանն այս իրադարձությունը շրջադարձային է համարում իրենց համար՝ նշելով, որ մեծ թվով երիտասարդներ ու քաղաքացիներ միավորվեցինն ու սկսեցին միասին աշխատել։ Բայց երբ սառույցը պատրաստ էր, երկու-երեք օր սահող չկար. երկար ժամանակ քաղաքը սահադաշտ չէր ունեցել, ու չմուշկներ չկային։ Կրկին օգտագործեցին համացանցային ռեսուրսն ու հավաքեցին 70 չմուշկ, որից 35 նվիրել են անհատները, իսկ մնացած 35-ը՝ World Vision կազմակերպությունը։
Լուսանկարը/վիդեոն ՝ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնություն
«Հետո հայտարարեցինք, որ սա մենաշնորհ չէ, այսուհետ ցանկացած մեկը կարող է նույնն անել, մենք մեր գույքը, գիտելիքներն ու ամեն ինչ կփոխանցենք։ Այս տարի արդեն 4 սահադաշտ կար քաղաքում, որը մեզ ոգևորում ու ուրախացնում է»,- ասում է Արսենն:


Ֆռռիկ՝ մոռացված բակային խաղի վերադարձը

Ֆռռիկը նույն հոլն է՝ գյումրու բարբառով: Երկու տարի առաջ` երկար դադարից հետո, այն կրկին վերածնվեց. իրագործվեց բակային խաղը վերացումից փրկելու, պահպանելու և արդիական դարձնելու գաղափարը:

Երիտասարդ գյումրեցիները հասկացան, որ կարող են իրենց գաղափարի շուրջ միավորել արհեստավորներին, որոնց համար, ինչ-որ պահից սկսած, արդեն տնտեսապես ձեռնտու չէր եղել հոլերի արտադրությունը՝ սպառող չունենալու պարզ պատճառով: Արվեստով զբաղվող երիտասարդների համար Իմ Ֆռռիկը նախաձեռնությունը վերածվեց սոցիալական ձեռներեցության։ Ինքնարտահայտման հարթակից զատ նաև գումար աշխատելու հնարավորություն ստեղծվեց:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյան
«Մանկության տարիներին սա զուտ զբաղմունք էր, խաղ։ Բայց հիմա, երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ դաստիարակվել ենք այդ բակային խաղերով։ Հիմա չկա այդ շփումը, անմիջականությունը։ Խաղի ազարտը, մրցակցային պրոցեսը պակասում է թե երեխաներին, թե երիտասարդությանը։ Երեխաներն ավելի ինքնամփոփ ու մեկուսացված են մեծանում»,-փաստում է մասնագիտությամբ մանկավարժ, գործարար Գագիկ Մխիթարյանը: Մինչդետ ֆռռիկը թույլ է տալիս կատարելագործվել, հետաքրքիր շոու ցուցադրել։

Արսեն Վարդանյանը փաստում է` եթե նախկինում խնդիրը մարդկանց ներգրավվածությունը բարձրացնելն ու քաղաքի համար ինչ-որ քայլի դրդելն էր, ներկայում այդ հնարավորությունն ու դաշտը ստեղծվել է։ Մարդիկ սկսել են միավորվել, քաղաքացիապես ակտիվ երիտասարդություն ունեն։

«Կարծում եմ՝ նմանատիպ հարթակներ պետք է ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերը, որոնք ինչ-որ կարևոր առաձնահատկություն ունեն և, այդ ռեսուրսն օգտագործելով, պետք է ներկայացնեն իրենց», -ասում է Արսենը։
~