Ինչ անել և ուր գնալ Իջևան քաղաքում

10 վայր, որոնք պարտադիր պետք է այցելել Իջևանում՝ քաղաքին սիրահարվելու համար:
Նարինե Չուխուրյան
Լրագրող
Տավուշի մարզի վարչական կենտրոն Իջեւանը գտնվում է մայրաքաղաքից մեքենայով մոտ 2 ժամ հեռավորության վրա: Քանի որ ժամանակին Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս գնացող առևտրական տարանցիկ ճանապարհն անցնում էր այս հատվածով, Աղստև գետի ափին տեղակայված բնակավայրը միջնադարում կրում էր Քարվանսարա անվանումը: Իսկ արդեն խորհրդային շրջանում քաղաքը հայտնի էր գորգագործական եւ գինեգործական ավանդույթներով։

Ներկայացնում ենք քաղաքի գլխավոր վայրերը, որոնք պետք է այցելեն բոլոր հյուրերը: Ի դեպ, տարածքի թեթևակի փռվածության շնորհիվ շատ հեշտ է ճանաչել Իջևանը` քայլելով:

1
Իջևանի գինու և կոնյակի գործարան
Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951թ.` «Արարատ» տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու նպատակով։ Հետագայում նաև տեղում է սկսվել մշակվել գինենյութը։ Այժմ գործարանը թողարկում է բարձր որակի գինիներ եւ կոնյակներ: Իջևանի գինեգործարանը ներառված է հայաստանյան զբոսաշրջային երթուղիներում` իբրև այցելության և գինու համտեսի վայր:

2
Իջևանի դենդրոպարկ
Լուսանկարները՝ Արտյոմ Դալյանի
Քաղաքի սկզբնամասում գտնվող դենդրոպարկը կամ բուսաբանական այգին անմիջապես հաջորդում է Գինու և կոնյակի գործարանին։
650-ից ավելի ծառ ու թփատեսակ է իր կյանքն ապրում այս այգում։ Բույսերն այստեղ են բերվել աշխարհի տարբեր տարածաշրջաններից եւ հարմարվել են տեղի կլիմային եւ հողին: Հատկապես ընտելացել են հիմալայան կենին, չինական եւ ճապոնական կրիպտոմերիաները, գրիֆֆիտի սոճին եւ այլն։

3
Պատմաերկրագիտական թանգարան
Իջեւան-Երեւան մայրուղու հարեւանությամբ ձեր աչքից չի վրիպի անշուք և մաշված մի շինություն․ պատմաերկրագիտական թանգարանն է։ Թեև անմխիթար վիճակում է, այնուամենայնիվ, շարունակում է այցելուներին ներկայացնել պատմական նշանակության ցուցանմուշներ՝ Հայաստանի խորհրդայնացման մասին տեղեկություն հաղորդող առաջին ռադիոընդունիչը, ֆիդայական շարժման ականավոր գործիչ Սեւքարեցի Սաքոյի անձնական իրերը եւ այլն։

4
Իջևանի կամուրջները
Քաղաքը փռված է Աղստեւ գետի երկու ափերին։ Սրանով էլ պայմանավորված՝ քաղաքում կան 9-ից ավելի կամուրջներ, որոնք իրենց տարբերություններով և հմայքով յուրահատուկ են դարձնում Իջեւանը։

5
ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ
Մայր ԲՈՒՀ-ի`1994թ. հիմնադրված իջևանյան մասնաճյուղը մարզի երիտասարդական-ուսանողական զարկերակն է: Համալսարանն ունի 4 ֆակուլտետ՝ մոտ 1410 ուսանողով, հեռակա եւ ստացիոնար ուսուցման բաժիններով: Ձեզ հատկապես կտպավորեն Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձեռքի աշխատանքները: Դրանք ցուցադրվում են համալսարանի սրահներում: Զբոսաշրջիկ-այցելուներին համալսարանում կուղեկցեն Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի աշխատակիցները:

6
Տավուշի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոն:
Կենտրոնի առաքելությունը մարզի զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելն է, զբոսաշրջային նոր երթուղիներ կազմելը եւ Տավուշի զբոսաշրջային կերպարի հետազոտությունն ու գովազդը: Կենտրոնը ձեզ Տավուշը նորովի բացահայտելու հնարավորություն կտա:

7
Քաղաքային զբոսայգի կամ Քանդակների այգի
1985 թվականից սկսած շուրջ 6 տարի Իջեւանում հյուրընկալվել եւ սիմպոզիումի ընթացքում քարե կերպարներ են կերտել բազմաթիվ քանդակագործներ տարբեր երկրներից։ Քանդակներն այսօր կարելի է տեսնել ոչ միայն զբոսայգում, այլեւ քաղաքի վարչական տարբեր կառույցների բակերում։

«Իջևան ԻնֆոՏուն» ծրագրի կամավորները Իջևանի քանդակների այգում 2017 թ.-ից ի վեր իրականացնում են շրջայցեր հայերեն և անգլերեն լեզվով՝ աշխարհում հայտնի "Free walking tour"-երի տրամաբանությամբ:

Իմանալ ավելին

Եթե ցանկանում եք ունենալ անմոռանալի զբոսանք Իջևանի քանդակների այգում և միևնույն ժամանակ իմանալ այգու պատմությունն ապա Ձեր այցից առնվազն մեկ օր առաջ անհրաժեշտ է զանգահարել Մարիամ Էվանեսյանն (անգլերեն տուրեր) 094105024 կամ Վահագն Մայիլյան (հայերեն տուրեր) 077 908688:

8
Իջեւանի ամենահին թաղամասերը
Իջեւանի ամենահին թաղամասերը Ասլանյան եւ Բլբուլյան փողոցներն են։ Այստեղ է գտնվում դեռեւս 1890-ական թթ․ կառուցված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին և շատերի սիրելի լորենու ծառը, որը տնկվել է 1890 թ.: Այս թաղամասում են անցել նաեւ Հայկական Թավշյա հեղափոխության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության տարիները։

9
Տեսնել քաղաքը բարձունքից
Իջևանի ողջ հմայքն ու բազմաշերտությունը նկատելու համար խորհուրդ ենք տալիս բարձրանալ քաղաքի ձախակողմյան բլուրը, որտեղից բացվում է հրաշալի տեսարան քաղաքի կենտրոնի, պատմական հատվածների, խորհրդային շրջանի վերջին տարիներին կառուցված բազմահարկ շենքերին:

10
«Դեղնաքյունջ» գորգ
Խորհրդային շրջանում Իջեւանի բրենդ է դարձել եւ շարունակում է մնալ «Դեղնաքյունջ» գորգի տեսակը, եւ սա նույնպես անպայման պետք է տեսնել Իջեւանում։ Անվանումը նշանակում է դեղին անկյուններ ունեցող։ Բնորոշվում է գորգադաշտի անկյունների ընդգծվածությամբ ու մեծ մասամբ դրանց դեղին հիմնագույնով։

Կենտրոնական հատվածում լինում են մեկմեկում ամփոփված խոշոր բազմանիստներ, որոնց գեղազարդման համակարգի հիմնական տարրը «Գլաձոր» հորինվածքն է։ Լինում են նաև բուսածաղկային հորինվածքներով ու նախշերով գեղազարդվածներ։ Դեղնաքյունջ գորգը սկսել են գործել 1901-1905 թվականներին, Իջևանում։

Համարվում է տեղի նշանավոր գորգագործուհի Նունուֆար Էդիլյանի ստեղծագործությունը։ Հայտնի է նաև «Քարվանսարա» անվամբ, որը Իջևանի նախկին անվանումներից է։ Գորգը ցուցադրվում է պատմաերկրագիտական թանգարանում և կա գրեթե բոլոր իջևանցիների տներում:
~