իջևվան համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի 2016, 2017 թվականների ամփոփվածև 2018 թվականի պլանավորված և ճշտված (առ 30.10.2018թ. ճշտված) տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
պլանավորված և ճշտված
Տվյալները ստացվել են համայնքային իշխանություններից՝ իրականացված հարցման միջոցով։
Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։
Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից՝ համայնքի եկամուտները տարեցտարի աճել են՝ 511.2 մլն դրամից (2016թ.) հասնելով 569.9 մլն դրամի (2018թ.)։

2016 թվականի նկատմամբ 2017 թվականի եկամուտները աճել են 27.7 մլն դրամով՝ (511.2 և 538.9 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2018 թվականի համար՝ 31 մլն դրամով՝ հասնելով 569.9 մլն դրամի։

Դիտարկվող տարիների ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտներ չեն գրանցվել, և ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, ամբողջ եկամուտները գոյանում են բյուջեի վարչական մասում։

Հաջորդիվ՝ գծապատկերներով կներկայացնենք, թե եկամուտների փոփոխությունները ինչով են պայմանավորված։
2016 և 2018 թվականներին համայնքին պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը կազմել է շուրջ 367 մլն դրամ, իսկ 2017թ-ին գումարը մի փոքր ավելի է եղել և կազմել է 371.7 մլն դրամ։ (Գծապատկեր 2)։
Նշենք նաև, որ համայնքը դիտարկվող տարիներին պետական բյուջեից ստացել է համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ), որոնց վերաբերյալ տվյալները ներկայացված են Գծապատկեր 3-ում։
Գծապատկեր 4-ում ներկայացված են Իջևան համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։
Բերված տվյալներից կարելի է նկատել, որ դիտարկվող տարիների ընթացքում եկամուտների և դրա բաղադրիչների աճի որոշակի դինամիկա կա։

Նշվածը հատկապես վերաբերում է փոխադրամիջոցների գույքահարկի մասով հավաքագրումներին, որտեղ տարեցտարի աճում են գրանցված մուտքերը՝ 47.4 մլն դրամից (2016թ.) դառնալով 63.5 մլն դրամ (2018թ.)։ Աճը էապես նկատելի է և կազմում է շուրջ 34% կամ 16.1 մլն դրամ։

Նույնը վերաբերում է վարչական գանձումներին։ Նշենք, որ վարչական գանձումների խմբում մեծ տեսակարար կշիռ ունեն տեղական վճարները, որոնք գանձվում են համայնքի կողմից մատուցված ծառայությունների համար։

Մասնավորապես, համեմատած 2016թ-ի՝ 2017թ-ին վարչական գանձումների մուտքերը աճել են մոտ 2.3 անգամ՝ 26.5 մլն դրամից հասնելով 60.2 մլն դրամի, իսկ 2018թ-ին՝ մուտքերը 2017թ-ի նկատմամբ աճել են մոտ 1.5 անգամ կամ 27.6 մլն դրամ։

«Այլ եկամուտներ» հատվածում եկամուտներ գրանցվել են միայն 2016թ-ին 1.1 մլն դրամի չափով։

Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Իջևան համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 5)։
Ինչպես կարելի է նկատել գծապատկերից՝ համայնքում, ինչպես և եկամտային մասում, ծախսերի զգալի աճ է նկատվում։ Եթե 2016թ-ին համայնքի տարեկան բյուջեի ծախսերը կազմել են 514 մլն դրամ, ապա 2017թ-ին՝ արդեն 538.1 մլն դրամ (աճ՝ 24.1 մլն դրամ), իսկ 2018թ-ին ծախսերի պլանավորված ծավալը կազմում է 570.2 մլն դրամ (աճ՝ 32.1 մլն դրամ)։

Նշենք, որ դիտարկվող տարիների ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով ծախսեր գրեթե չեն նախատեսվել, իսկ դրանց գումարային ծավալը չի գերազանցում տվյալ տարվա ընդհանուր ծախսերի 1%-ը։

2016-2018 թթ․ բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 6)։

2016
2017
2018
Իջևան համայնքի 2016 թ. բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի ամենախոշոր մասն է կազմում (34%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը կազմում է ընդհանուրի 22%-ը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս են կազմում նաև (21%) Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որտեղ ներառված են նաև աղբահանության իրականացման ծախսերը։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում կատարված ծախսումները կազմում են ընդհանուրի 7%-ը։ Նկատելի են հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտի ծառայությունների մատուցման ծախսերը, որոնք կազմում են ընդհանուրի 9%-ը։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը չեն գերազանցում ընդհանուրի 1%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Իջևան համայնքի 2017 թ. բյուջետային ծախսերը
Պատկերը որոշակիորեն փոխվել է 2017 թ-ին։ Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ կրթության ոլորտի ծախսերը (39%)՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5%-ով։ Դրամական առումով էլ աճը կազմում է մոտ 30 մլն դրամ։

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը կազմում է ընդհանուրի 21%-ը, սակայն նախորդ տարվա համեմատ դրամական առումով այս ոլորտում ծախսերի գումարային ծավալը նվազել է մոտ 7.5 մլն դրամով։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իրականացված ծախսերը շարունակում են խոշոր մաս ունենալ ընդհանուր ծախսումներում և կազմում են ամբողջի 20%-ը։ Նախորդ տարվա համեմատ ոլորտի վրա կատարված ծախսերը դրամական արտահայտությամբ գրեթե նույնն են՝ ավելի քան 118.2 մլն դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում կատարված ծախսերը կազմում են ընդհանուրի 8%-ը, որոնք նախորդ տարվա համեմատությամբ աճել են 8 մլն դրամով։

Հանգիստ մշակույթ, կրոն ոլորտի ծախսերը նվազել են նախորդ տարվա համեմատությամբ և կազմում են ամբողջի 7%-ը։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը մի փոքր նվազել են և շարունակում են չգերազանցել ընդհանուրի 1%-ը ։

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Իջևան համայնքի 2018 թ. բյուջետային ծախսերը

2018թ-ին Իջևան համայնքի բյուջետային ծախսերի հաստատված (ճշտված) պլանը հետևյալն է։ Տարեկան ծախսերի համամասնությունը գրեթե ամբողջությամբ պահպանվել է նախորդ՝ 2017թ-ի համեմատ։

Որոշակիորեն աճել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը՝ մոտ 15.5 մլն դրամ, սակայն ընդհանուրի մեջ ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը շարունակում է մնալ 22%-ի սահմաններում։

Նույնը վերաբերում է կրթության ոլորտի ծախսերին։ Առաջին հայացքից ոլորտի ծախսերը ընդհանուրի մեջ շարունակում են մնալ 39%-ը, սակայն գումարային առումով ոլորտի ծախսերի ծավալը աճել է ավելի քան 10 մլն դրամով։

Փոքր ինչ ավելացել են շրջակա միջավայրի պաշտպանության վրա նախատեսվող ծախսերը։ Նախորդ 2017թ-ի նկատմամբ ծախսերը ավելացել են շուրջ 3.2 մլն դրամով, և կազմում են ընդհանուր ծախսերի նույն 20%-ը։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում ծախսերի թե տեսակարար կշիռը և թե դրամական արտահայտությունը գրեթե կրկնում են նախորդ տարվա ցուցանիշները (8% և 45.6 մլն դրամ)։

Նույնը վերաբերում է Հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծախսերին. ընդհանուրի մեջ դրանց մասնաբաժինը 7% է։

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը աճել են 1 մլն դրամով և շարունակում են չգերազանցել ընդհանուրի 1%-ը։

Գծապատկեր 7-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Գծապատկեր 8-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։

Ինչպես կարելի է տեսնել՝ համայնքում մեծ կարևորություն են տալիս հիմնական ծառայությունների մատուցմանը և դիտարկվող բոլոր ոլորտներում կան նկատելի ծախսումներ։

Աղյուսակ 1-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 9-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։

Գծապատկեր 9. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
~

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Ավելին