Արդյունաբերական
տուրիզմ

Հայաստանում
ավանդական տուրիզմի տեսակները ստվերում են
առկա հսկայական արդյունաբերական ներուժը։
Նարինե Աբգարյան
Զբոսավար
Հերմինե Հակոբյան
Լրագրող, խմբագիր
Հայաստանի քաղաքները, ունենալով արդյունաբերական զբոսաշրջության զարգացման ներուժ, ամբողջությամբ չեն օգտվում այդ պոտենցիալից, թեև այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտում:
Հայաստանում, չնայած արդյունաբերական նշանակալից ժառանգությանը, արդյունաբերական զբոսաշրջությունը դեռևս զարգացած չի: Տուրիստական գործակալությունները շրջանցում են արդյունաբերական գործող և հետարդյունաբերական լքված տարածքները, դրանց ներուժը հաշվի չեն առնում թե սեփանակատերերը, թե քաղաքային իշխանությունները: Այնինչ, արդյունաբերական զբոսաշրջությունը աշխարհի բազմաթիվ քաղաքների տնտեսության, սոցիալական կյանքի և զարգացման կարևոր բաղադրիչներից է:

Գործող և չգործող ֆիրմաներ այցելելու գաղափարն առաջացել է դեռևս 17-րդ դարում: Ժամանցի և կրթության համադրությամբ ճանապարհորդությունը ժամանակակից տուրիզմի սկիզբն էր: Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում բարձր դասի ներկայացուցիչները սկսեցին այցելել եվրոպական այլ երկրներ՝ դրանց մշակույթի և տեխնոլոգիաների մասին ավելին իմանալու համար:
Արտադրական անցյալը զբոսաշրջության ապագան է
Արդյունաբերական զբոսաշրջության տեսակները հատվում են միմյանց հետ:
Ուրբանիզմ և ուրբանիստական զբոսաշրջություն

Եվրամիության երկրներում գործում են զբոսաշրջային ընկերություններ, որոնք առաջարկում են շրջայցեր դեպի եվրոպական քաղաքների չգովազդվող անկյուններ: Այդ վայրերը ձևավորվել են քաղաքների ընդլայնման, զարգացման և, հակառակը՝ անկման արդյունքում: Ոգեշնչման օբյեկտներ են ճարտարապետական շենքերը, բազմաթիվ ստեղծագործողների համար` էլեկտրահաղորդման գծերի, երկաթուղային հանգույցների և պահեստների տեսարանները, քաղաքային հորերը, փակուղիները, տարօրինակ և արտասովոր վայրերը, չօգտագործվող ճանապարհները, չաշխատող գործարանները:


Արտադրական զբոսաշրջություն

Ամբողջ աշխարհում արագ զարգանում է արտադրական զբոսաշրջությունը: Ովքեր չեն ցանկանում ուսումնասիրել արտադրամասերը` անօրինական մուտք գործելով դրանց տարածք, մասնակցում են գործող արտադրություններում իրականացվող էքսկուրսիաներին:

Հայաստանում այս տեսակի զբոսաշրջությունը թույլ է զարգացած: Մինչդեռ արևմտյան երկրներում արտադրական զբոսաշրջությունը ոչ միայն ժամանցի տեսակ է, այլև՝ բրենդի նկատմամբ ուշադրության գրավելու, ապրանքների ու ծառայությունների վաճառքի խթանման լրացուցիչ միջոց: Արտադրողները, թույլատրելով սպառողների մուտքն արտադրություն, արդյունավետ և շահավետ գովազդ են ստանում` նվազագույն ծախսերով՝ միայն դրական տպավորություններ: Դրական հույզերի հետ սպառողը ձեռք է բերում նաև վստահություն ընկերության և արտադրանքի նկատմամբ:

Գործարանային շրջագայություններ կազմակերպում են աշխարհահռչակ գարեջրագործարանները, Եվրոպայի և Ամերիկայի խոշոր ավտոմեքենարտադրողները, ինքնաթիռների և շոկոլադի գործարանները:
Այցելություններ լքված օբյեկտներ

Արդյունաբերական զբոսաշրջության տարածված տեսակներից է շրջագայությունները լքված վայրերում: Դրանք կարող են լինել անավարտ կառույցներ, երբեմնի գործող արտադրական, տնտեսական և ռազմական օբյեկտներ, լքված տներ, շրջաններ և քաղաքներ:

Թեև արդյունաբերական զբոսաշրջությունը տարածված չէ Հայաստանում, սակայն դրա առանձին տեսակներ գործում են:

2019-ի մայիսին կազմակերպված եռօրյա «Ուրվական-ֆեստ»-ի ժամանակ աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող արվեստագետները` երաժիշտներ, նկարիչներ, միավորվեցին Հայաստանի մոռացված և կորսված վայրերում. կյանքի կոչվեցին հիմնականում չգործող տարածքներ` հին գործարաններից մինչև լքված մշակույթի տներ: Վանաձորյան և երևանյան լքված ու չգործող գործարանները կարող են տարատեսակ երիտասարդական միջոցառումների և փառատոնների անցկացման վայր դառնալ: Դրանց շնորհիվ գովազդը կարող է ընդլայնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը:


Մինչև ան­կա­խա­ցումը Հայաստանի արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելին էր, քան մնա­ցած բո­լոր ճյու­ղե­րինը՝ միասին վերց­րած: 1913 թ. արդ­յու­նա­բե­րա­կան ձեռնարկություններ կա­յին ըն­դա­մե­նը 8 բնա­կա­վայ­րում (Երևան, Ալավերդի, Գյում­րի, Ար­տաշ­ա­տ, Կա­պա­ն, Մեղ­րի, Գա­վա­ռ և Դի­լի­ջա­ն): Արդյունա­բե­րու­թյան մեջ զբաղ­ված­նե­րի թի­վը չէր գե­րա­զան­ցում 6 հազ. մար­դը: 1980-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին արդ­յու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­ներ (700-ից ավելի) էին գոր­ծում բո­լոր վար­չա­կան շր­ջան­նե­րում ու քա­ղաք­նե­րում` շուրջ 200 բնա­կա­վայ­րում: Դրանց զգալի մասը գտնվում էր 6 արդյունաբերական հանգույցներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Ալավերդիում, Կապան-Քաջարանում:

Ան­կա­խու­թյան առա­ջին տա­րի­նե­րին արդ­յու­նա­բե­րա­կան հս­կա­նե­րի մեծ մա­սը դա­դա­րեց ար­տադ­րանք տալ, փակ­վեց կամ բա­ժան­վեց մանր ար­տադ­րա­մա­սերի` աշխատելով նախկին հզորության չափազանց փոքր մասով:
Թեև արդյունաբերության հիմնական ճյուղերը ներկայացված են բոլոր մարզերում, սակայն արդյունաբերական արտադրանքի ծավալի շուրջ 41 %-ը բաժին է ընկնում Երևանին: Վերջին տարիներին, հանքագործական և սննդի արդյունաբերության զարգացման հետ, ընդհանուր ծավալում ավելացել են հեռավոր մարզերի արտադրանքի մասնաբաժինները: Այսպես, Սյունիքի մարզի բաժինը 1998թ. կազմել է 5,5%, 2016թ.` 14%:

Համեմատաբար ավելի մարդաշատ քաղաքներն ունեն մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ: Օրինակ, Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը, Կապանը:

Արևմուտքում զբոսաշրջիկների ուշադրություն կենտրոնում են հայտնվել հանքերը և դրանց հարակից տարածքները: Հայաստանում այդպիսի ներուժ ունեն Լոռու և Սյունիքի մարզերը, որտեղ կան պղնձամոլիբդենային, բազմամետաղների բաց հանքեր: Այդ վայրերն առայժմ այցելուների շրջանակ չունեն:

Խորհրդային Հայաստանի արդյունաբերական մայրաքաղաք Վանաձորում դեռ կանգուն են հսկա ձեռնարկությունները, որոնք չեն գործում կամ վերածվել են ավերակների: Դրանցից են «Արտավտոմատիկան», Քիմիական մանրաթելերի գործարանը, «Էլեկտրոնը», «Պոլիմերսոսինձը», Քիմիական գործարանը, «Հաստոցաշինական»-ը և «Ավտոգենմաշ»-ը, Լուսատեխնիկական գործարանը: Հնարավոր է նոր շունչ հաղորդել Վանաձորի արդյունաբերությանը՝ զբոսաշրջային նպատակներով օգտագործելով այդ տարածքները: Կարելի է քաղաքը բրենդավորել` Վանաձորը հայտարարելով «Լքված արդյունաբերության մայրաքաղաք»:

Հայաստանում արդյունաբերական զբոսաշրջության զարգացումը հնարավորություն է ստեղծում զբոսաշրջության ոլորտը թարմացնել, ձևավորել զբոսաշրջային նոր երթուղիներ` հնարավորություն տալով Հայաստանը բացահայտել ոչ միայն կրոնական և մշակութային տեսանկյունից, այլև` տնտեսական ոլորտներում:
~
Ավելին