Առողջարանային քաղաք,
թե՞
հանքարդյունաբերություն

Ինտերակտիվ համայնքային բյուջե



Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքի՝
Ջերմուկի զարգացման տեսլականը մշուշոտ է դարձնում
քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա
գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը:


Ջերմուկցիները, առողջարանների սեփականատերերը տագնապած են. հանքի շինարարությունն արդեն ազդել է զբոսաշրջային հոսքի վրա, շահագործման և տարածքների աղտոտման դեպքում անհնարին կլինի խոսել երկրի ամենահայտնի առողջարանային քաղաքի զարգացման կամ զբոսաշրջային հեռանկարի մասին:
«Հանքարդյունաբերության կողքին չի կարող առողջարանային քաղաք զարգանալ. կամ Ջերմուկը կմնա որպես առողջարանային, կամ՝ կդառնա արդյունաբերական քաղաք, այստեղ չի կարող երկու տարբերակ լինել», - մտահոգ ասում է «Օլիմպիա» առողջարանի գլխավոր բժիշկ և սեփականատեր Գայանե Հովհաննիսյանը։

Ջերմուկի բնակիչները համոզված են՝ քաղաքի առողջարանային, զբոսաշրջային ներուժն ամեն կերպ ստորադասվում է հանքարդյունաբերությանը այն դեպքում, երբ թե աշխատատեղերի, թե եկամտաբերության և կայունության տեսանկյունից առողջարանային քաղաքի հնարավորությունն ավելի մեծ է, քան՝ հանքարդյունաբերող Ջերմուկի:

«Օլիմպիա» առողջարանի սեփականատեր Գայանե Հովհաննիսյանը առողջարանի նոր մասնաշենքի պատշգամբում, որտեղից տեսանելի է Ամուլսարի հանքավայրը:


Լուսանկարները՝ Գայանե Միրզոյան
«Հենց լսեցին հանքի մասին, մոտները մեծ կասկածներ կառաջանան, առհասարակ արժե՞ գնալ ու այնտեղ հանգստանալ, փող ծախսել, առավել ևս՝ բուժվել կամ ջուր խմել այդ քաղաքում։ Նույնիսկ եթե հանքը վնաս չտա ջրերին, օդին և այլն, չնայած դա անհնար է, բայց արդեն իր գոյությունը վնաս է քաղաքի համար», - ասում է «Արմենիա» առողջարանի տնօրենը։
«Հիմա գնում ենք դեպի զարգացում: Մեր հանգստացողների 60-80 տոկոսը ռուսներն են: Քաղաքի պոտենցիալը մեծ է՝ հանքային ջուրը, հրաշք բնությունը։ Նոր մասնաշենք ենք կառուցում, ներդրում ենք արել: Եթե հիմա այս շենքում ապահովում ենք գրեթե 80 աշխատատեղ, ապա նոր մասնաշենքում մինչև 100 նոր աշխատատեղ կունենանք, բայց այդ հանքը ուղիղ մեր քթի տակ է: Նոր մասնաշենքի պատշգամբից անգամ երևում է, էլ ո՞վ կգա Ջերմուկ՝ այդ ամենը տեսնելով», - ասում է «Օլիմպիա» հյուրանոցի սեփականատերը:

Նա դժգոհում է, որ հանքը դեռ չի աշխատում, բայց նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երբ պայթեցումներ էին իրականացնում, ամբողջ քաղաքը կորել էր փոշու մեջ։

«Ինչ փոշի էր նստում մեքենաների վրա, ու դա դեռ չեն սկսել, բա որ աշխատեցին ինչ կլինի», - ասում է նա։

Ջերմուկի խորհրդանիշը համարվող «Արմենիա» առողջարանի տնօրեն Հայկ Հարությունյանը նշում է, որ վերջին մեկ տարում փորձում են անընդհատ բարելավել մարքեթինգային, տեղեկատվական հարցերը, որպեսզի նվազագույնի հասցնեն համացանցում հանքի հետ կապված բացասական տեղեկատվությունը:
«Բարձրացած աղմուկն արդեն իսկ ազդում է։ Տեսնում ենք հետևանքները:
Տուրիստը առաջ զանգում, հարցնում էր, թե ի՞նչ արժի մեկ օրը, ի՞նչ սնունդ ա, ի՞նչ ջրեր են, հիմա զանգում են թե չէ՝ հարցնում են. «Իսկ այդ հանքը վնաս չի՞ տալիս»։ Ու հարցնում են ռուսները, եվրոպացիները։ Աշխարհը գիտի այս մասին», - ասում է առողջարանի տնօրենը։

Ըստ նրա, երկրում հետհեղափոխական շրջան է, գնում են կայունության, բայց Ջերմուկում ներդրումներ չեն արվում. բոլորը սպասում են հանքի խնդրի լուծմանը։

«Հիմա անգամ ներդրողների տարիների աշխատանքը՝ առողջարանների սեփականատերերի, մարդկանց, որոնք նպաստել են, որ քաղաքը դառնա հենց այսպիսին, մեկ օրում այդ ամենը գցում են ջուրը», - ասում է Հայկ Հարությունյանը։
«Արմենիա» առողջարանի տնօրեն Հայկ Հարությունյանը վստահ է, որ հանքի
շահագործման դեպքում Ջերմուկը՝ որպես առողջարանային քաղաք, կվերանա։

Լուսանկարները՝ Գայանե Միրզոյան
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման թեման տարիներ շարունակ լուծում չի ստանում։ Վերջին ամիսներին տասնյակ բնապահպաններ, Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչներ փակ են պահում հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակելու աշխատանքները։

Դեռևս հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ամուլսար և բնապահպանների ու «Լիդիան Արմենիա»-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ընկերության ղեկավարությանն առաջարկել սպասել ևս 2 ամիս, մինչև նոր կառավարությունը նոր փորձաքննություն կանցկացնի և կհամոզվի, թե բնապահպանների կողմից հնչեցվող ռիսկերը որքանով են իրական։

Թեև «Ամուլսար»-ում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա, այդուհանդերձ հանքին հարակից համայնքների բնակիչները նույնպես ահազանգում են՝ արդեն վնասները տեսել են՝ մասնավորապես փոշու աննախադեպ մեծ շերտերը հանքը կառուցելիս:
«Լիդիան Արմենիա»-ի ղեկավարությունը չհամաձայնեց 2 ամիս սպասել, քանի որ հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր օրը ֆինանսական վնասներ է բերում ընկերությանը։ Այդ օրվանից ամիսներ են անցել։ Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Ամուլսարի հետ կապված աշխատանքներ է իրականացնում միջազգային փորձագետների խումբը, որի եզրակացությունից հետո կառավարությունը որոշում կընդունի։

«Բացի զբոսաշրջիկների հոսքի նվազումից, մեր սարերի դեղաբույսերն այլևս չեն գնում։ Մեղվապահներն էին դժգոհում, փոշին ծաղկի վրա էր նստում, ու մեղուն էլ չէր կարում էդ ծաղիկից իր մթերքը հավաքել։ Սա մեր պայքարն է հանուն մեր ապագայի, մեր երեխաների վաղվա օրվա։ Եթե հանքը շահագործվեց, էս կողմերում մարդ չի ապրելու», - ասում է Գնդեվազի բնակիչ Սամվել Պողոսյանը։

Ըստ «Էկոլուր» ՀԿ-ի, ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առընթեր աշխատանքային խումբը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ ներկայացրել է տարբեր փորձագետների 8 առանձին եզրակացություն:

Փորձագետների եզրակացություններում առանձին դիտարկվել են Սևանա լճի և ջրերի, Ջերմուկի ընդերքի, բուսական և կենդանական աշխարհների, պատմամշակութային արժեքների վերաբերյալ օրենսդրական խախտումները, «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթների խախտումները, ծրագրի իրավական կարգավորումները և ազդեցությունը Գնդեվազ, Գորայք, Կեչուտ, Սարավան գյուղերի վրա:

Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների համար առողջարանային քաղաքը միակ աշխատատեղն է։ «Օլիմպիա» առողջարանի ավագ մատենավար Քրիստինե Իվանյանն ասում է, որ քաղաքի սոցիալական կյանքում եղանակ փոխողը առողջարաններն են:
Ջերմուկ համայնքի բնակիչները Ամուլսարի հանքավայրի դեմ
video: Գայանե Միրզոյան
«Մինչ հեղափոխությունը հանքի դեմ պայքարողների թիվն այսքան մեծ չէր, մարդիկ հասկանում էին, որ իրենց լսող չի լինելու: Բայց հիմա պայքարում են։ Տեղացիներին հանքում ընդունել են աշխատանքի որպես սևագործ բանվոր, Ջերմուկը չունի էլ հանքարդյունաբերության մասնագետներ: Միանշանակ մեր մեկ առողջարանն ավելի շատ աշխատատեղ է ապահովում։ Եթե միայն «Օլիմպիա»-ում աշխատում են 80 հոգի, ապա, եթե միջինով վերցնենք, Ջերմուկի ինը առողջարաններում 700-1000 հոգի աշխատում է», - ասում է Քրիստինե Իվանյանը։

Հայաստանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Ջերմուկը սփռված է ոչ մեծ սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի կիրճով։ Աջափնյա Ջերմուկում տեղակայված են առողջարաններն ու հյուրանոցները, հանքային ջրերի ցուցասրահը, որտեղ հանգստացողները խմում են տարբեր ջերմաստիճանի հոսող ջերմուկ: Քիմիական բաղադրությամբ ջերմուկը նման է Կառլովի Վարիի հանքային ջրերին: Ձախափնյա Ջերմուկում կենտրոնացված է քաղաքի բնակչությունը, այստեղ են բնակելի շենքերը, ենթակառուցվածքները։

68-ամյա Սերգեյ Ղամբարյանը 44 տարի է՝ ապրում է Ջերմուկում: Ամեն օր կնոջ հետ Ձախափնյա Ջերմուկից գալիս են Աջափնյա՝ դեղաբույսեր վաճառելու։ Ասում է, որ երկար տարիների աշխատել է գազաբաշխիչ կայանում, թոշակի անցնելուց հետո միացել է կնոջը, մեծացրել են ընտանեկան բիզնեսը։ Նրա վեց հոգանոց ընտանիքը ապրում է դեղաբույսերի վաճառքից ստացված շահույթով։

«Ամբողջ ընտանիքով ենք այս գործը անում, տղաս, հարսս, թոռներս։ Գարունը բացվումա թե չէ, սկսում են ավելուկ, սիբեխ հավաքել, հյուսել։ Չորացնում ենք մեր շենքի տանիքում։ Դեղաբույսերը լցված են մեր սարերում, դաշտերում։ Մարտից մինչև նոյեմբեր աշխատում ենք, հետո սեզոնը նստում է, հանգստացողների, բուժվողների թիվը պակասում է։ Մինչև ռուսները չեն մտնում Ջերմուկ, չենք աշխուժանում։ Հիմնականում միջին տարիքի են մեր այցելուները, երիտասարդներ շատ չեն գալիս», - ասում է Ղամբարյանը` հերթական հաճախորդին ճանապարհելով։
Ջերմուկի բնակիչ Սերգեյ Ղամբարյան
video: Գայանե Միրզոյան
Ջերմուկ այցելում են հիմնականում միջին և ավելի բարձր տարիքի մարդիկ, երիտասարդները, եթե գնում էլ են, ապա երեք օրից ավելի չեն մնում։

Քրիստինե Իվանյանը նշում է՝ երիտասարդների պակասը Ջերմուկի թույլ կողմն է:

«Զարգացումը պատկերացնում ենք այսպես.պահպանել մեր բուժական բազան, միևնույն ժամանակ` երիտասարդացնել մեր այցելուներին: Մեզ հարկավոր է ժամանցի հետ կապված որոշակի հարցեր լուծել: Հյուրանոցներ շատ կան, բայց չկան ենթակառուցվածքներ: ԲՆականաբար այս ամենի մեկնարկը պետք է տա համայնքապետարանը», - ասում է Իվանյանը։

«Արմենիա» առողջարանը տարեկան սպասարկում է 6000-7000 մարդու։ 2017 թվականին կարողացել են «սեզոն» գաղափարը առողջարանի համար վերացնել, և ամբողջ տարի հանգստացողների թիվը չի նվազել։

Առողջարանի տնօրեն Հայկ Հարությունյանն ասում է, որ իրենց շուկան հիմնականում Ռուսաստանն է, բայց գալիս են նաև ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր երկրներից։ Ներքին տուրիզմը կազմում է 30-40 տոկոս։

«Երբ ասում ենք առողջարան բարձրադիր լեռներում, դա մեր առավելություններից մեկն է: Միայն այդ փաստն արդեն լավ աշխատում է հատկապես հարթավայրային Ռուսաստանի համար: Կա տարեցների թիրախավորված մի խումբ, ովքեր և մեր հիմնական հաճախորդներն են։ Բայց դա մեկ կամ երկու առողջարանների խնդիրը չէ միայն, լուծումը պետք է լինի համայնքային մակարդակով», - ասում է նա։

Ըստ նրա, Ջերմուկում կարելի է ռոք կամ ջազ համերգ կազմակերպել, բայց նախ և առաջ անհրաժեշտ է դոտացիա պետության կողմից։

«Կոմերցիան այստեղ չի աշխատի, և երրորդ՝ պետք է ապահովել մարդկանց քանակ, բոլորը նախընտրում են 30 րոպեանոց ճանապարհն անցնել ու գնալ Ծաղկաձոր, քան թե երկուս ու կես ժամ գալ, հասնել Ջերմուկ: Այսինքն, դու այնքան ունիկալ բան պետք է անես, որ մարդկանց կարողանաս բերել, հասցնել Ջերմուկ», - համոզված է Հարությունյանը։

2008 թվականի սեպտեմբերի 18-ին կառավարությունը Ջերմուկը հայտարարել է զբոսաշրջության կենտրոն, սակայն տասը տարիների ընթացքում քիչ բան է արվել ոլորտի զարգացման համար։

Jermuk Travel-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը նշում է, որ ավելի շատ կենտրոնացած են հյուրանոցաշինության վրա, մինչդեռ քաղաքում բացակայում են ենթակառուցվածքները։
Ջերմուկի լքված մշակութային կենտրոնը
video: Գայանե Միրզոյան
«Ջերմուկ եկած զբոսաշրջիկը չգիտի ի՞նչ անել, կերավ, գնաց իր ջուրը խմեց, եկավ բուժումը ստացավ, քնեց, հետո՞։ Մենք առաջարկում ենք ստեղծել ժամանցի կենտրոններ, մշակույթի տուն, կինոթատրոն, ակտիվ հանգստի հետ կապված ամեն ինչ: Ունենք փոքր լիճ, կարող ենք փոքրիկ լողափ ստեղծել կամ պարզապես լճի հատվածը բարեկարգվի: Երկու առողջարան կինոդահլիճներ ունեին։ Մեկը քանդել են, վերանորոգելուց հետո՝ վերածել մեծ սրահի, մյուսն էլ Հայաստանի ամենամեծ՝ «Գլաձոր» առողջարանի դահլիճն է` 500 տեղանոց: Սակայն այս առողջարանն էլ տարեկան աշխատում է ընդամենը երեք ամիս՝ ջեռուցման խնդիր ունենալու պատճառով», - ասում է Նարեկ Միրզոյանը։

Նա պատմում է, որ 2017 թվականին ստեղծված «Ջերմուկ թրավել» զբոսաշրջային հարթակում հավաքել էին Ջերմուկի մասին պատմող ամբողջ տեղեկատվությունը` ուր գնալ, որտեղ մնալ, ինչպես սնվել։ Հետագայում «Ջերմուկ թրավել»-ը դառնալու է քաղաքի զբոսաշրջային բրենդը, փոխարենը բացում են Visit Jermuk կայքը։

«Հիմա աշխատում ենք ինֆորմացիոն կենտրոնի ստեղծման ուղղությամբ, հանդիպումներ ենք ունեցել ոլորտի մի շարք պատասխանատուների հետ։ Թղթի վրա ունենք, շենքային հարթակում կլինի կամ ըմպելասրահի մոտ», - ասում է Միրզոյանը։

Արդեն վեց տարի է՝ այստեղ տեղի է ունենում ձնե քանդակների փառատոնը, որը փորձ է ավելի երկարացնել ձմեռային զբոսաշրջային սեզոնը։

«Փառատոնն անցկացնում ենք փետրվարին, քանի որ դեկտեմբերին կամ հունվարին Ջերմուկում համեմատաբար շատ են հանգստացողները։ Իսկ այս դեպքում նպաստում ենք, որ հյուրանոցներն ու առողջարաններն ավելի շատ այցելուներ ունենան և ավելի երկար աշխատեն։ Կարևոր նպատակներից է նաև երիտասարդներին ակտիվացնելը Ջերմուկում», - ասում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը։
Jermuk Travel-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյան
video: Գայանե Միրզոյան
Երիտասարդներին գրավելու և նրանց Ջերմուկ բերելու համար Arm Events–ը, Armenia Wellness & SPA Hotel-ը, Visit Jermuk-ը կազմակերպում են գունագեղ Color festival-ը, լինում են այլ փառատոններ, փորձում են զարգացնել էքստրեմալ տուրիզմը։

«Մենք նոր պրոդուկտ ենք առաջարկում` սառցամագլցումը, այստեղ ունենք ժայռապատեր, ունենք համապաատասխան գույք, վերապատրաստված մասնագետներ։ Կազմակերպում ենք նաև հեծանվային ձմեռային գավաթ դահուկավազքի ուղիներով, շատ էքստրիմ է, մարդիկ ուզում են փորձել», - ասում է Գալստյանը։

Ձմեռային տուրիզմի զարգացման համար Ջերմուկի համար լավ նախապայման է 2007 թվականին կառուցված ճոպանուղին, որի երկարությունը 1000 մ է: Ամենաբարձր կետը 2480 մ բարձրության վրա է, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: Ճոպանուղին ունի երկու սահուղի` 1450 և 1550 մետր երկարությամբ։

«Սահուղին սիրողական է, բայց մարդիկ գալիս են դրսից, նաև տեղացիներն են դահուկներով սահում։ Մենք ձմեռային փաթեթներ ենք պատրաստել, թե ի՞նչ կարելի է առաջարկել զբոսաշրջիկին ձմռանը։ Տուրօպերատորները վաճառում են մեր փաթեթները», - ասում է Նարեկ Միրզոյանը։

Այնուհանդերձ, Ջերմուկի զարգացման շուրջ խոսակցություններն ավարտվում են Ամուլսարի ու հանքի շուրջ քննարկումներով: Աողջարանային քաղաքի գոյությունը հարցականի տակ է դրվում։

«Երբ սկսվեցին հանքի մասին խոսակցությունները, Ջերմուկի տուրիզմի զարգացման վրա մի հատ սև գիծ քաշվեց։ Ես մի ծանոթ զբոսաշրջիկ գիտեի, որ գալիս էր ամեն տարի: Հիմա չի գալիս, մտնում է բուքինգում մեկնաբանություններ թողնում, որ այնտեղ հանք կա։ Թողնում է իր բացասական կարծիքը, նրան կարդում են նաև մյուսները, և այդպես շարունակ….», - ասում է Նարեկ Միրզոյանը։
~
Ավելին
~