Ջերմուկ համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2014, 2015 և 2017 թվականների տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Ջերմուկ բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) իրականացման երկրորդ փուլում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով։

Ջերմուկ բազմաբնակավայր համայնքի կազմում են նախկին Ջերմուկ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն համայնքները (թվով 4 համայնք)։ Բնակավայրերի թիվը 5-ն է։
Ինչպես նշել ենք Թումանյան համայնքի բյուջեի ուսումնասիրությունը կատարելիս՝ նպատակահարմար չէ դիտարկել Ջերմուկ համայնքի 2016 թ-ի տվյալները, քանի որ վերջինս այդ ժամանակահատվածում ենթարկվել է կառավարման և վարչատարածքային լրջագույն փոփոխությունների։ Այս ուսումնասիրությունում 2014 և 2015 թ-ի տվյալները համադրելի դարձնելու համար դիտարկվել են ներկայումս Ջերմուկ խոշորացված կազմի մեջ մտած նախկին համայնքների բյուջեների ընդհանուր գումարը՝ համապատասխան հոդվածներով։

Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ինչպես երևում է Գծապատկեր 1-ից, 2014 թվականի նկատմամբ 2015 թվականի եկամուտները էականորեն աճել են, մոտ 62 մլն դրամով՝ (310.4 և 372.7 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2017 թվականի ընթացքում համայնքի բյուջեի եկամուտների աճը գրեթե համադրելի է նախորդ տարվա նկատմամբ գրանցված աճի հետ՝ 63.7 մլն դրամով՝ հասնելով 436.4.0 մլն դրամի։

2014 և 2015 թ-ի ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտները գրեթե նույնն են՝ մոտ 16 մլն դրամ, իսկ 2017 թ-ի ընթացքում վերջիններս կտրուկ աճել են՝ հասնելով 40 մլն դրամի։ Ընդհանուր առմամբ, ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, եկամուտների գերակշիռ մասը գոյանում է բյուջեի վարչական մասում։
Դիտարկվող տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը փոխվել է՝ 83.9 մլն դրամից հասնելով 104.5 մլն դրամի։ (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Ջերմուկ համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։ Բերված տվյալներից կարելի է նկատել, որ 2017 թ-ի ընթացքում կրկնակի ավել աճ է նկատվել գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից։

2017 թ-ին նկատելի կերպով ավելացել է փոխադրամիջոցների համար գանձվող գույքահարկի ծավալը՝ մոտ 7 մլն դրամով, շուրջ 24 անգամ ավելացել են վարչական գանձումները (ներառյալ տեղական տուրքերը)՝ 1 մլն դրամից հասնելով 24.3 մլն դրամի։ Կրկնակի և ավել աճել են գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները, ինչը ծավալային առումով էլ բավական խոշոր գումար է. 2016 թ-ի 70.8 մլն դրամի դիմաց 164.0 մլն դրամ 2017 թ-ին։

Անշարժ գույքի նկատմամբ գույքահարկի և տեղական տուրքերի գանձման գումարները էական փոփոխություններ չեն կրել։ Սակայն նկատելի կերպով նվազել են «Այլ եկամուտներ» հատվածում ստացված գումարները՝ 2015 թ-ին 62.5 մլն դրամից հասնելով 14.7 մլն դրամի 2017 թ-ին։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2014, 2015 և 2017 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Ջերմուկ համայնքը չի կրում որևէ բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի նախատեսվել՝ համաձայն օրենքի։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։ Համայնքի տարեկան ծախսերը կտրուկ փոփոխվել են դիտարկվող տարիների ընթացքում։ 2015 թվականին նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են շուրջ 24%-ով կամ 74 մլն դրամով, իսկ 2017 թ-ին 2015-ի նկատմամբ՝ 17.4%-ով կամ 66.8 մլն դրամով, իսկ 2014 թ-ին նկատմամբ 2017թ-ի ծախսերի աճը կազմում է 45.5% կամ մոտ 141 մլն դրամ։

2014 թ-ին բյուջեի ծախսերը 22.9%-ով ուղղված են եղել ֆոնդային մասին (կապիտալ ներդրումներ), իսկ հաջորդ տարիներին այդ ցուցանիշը չի անցել 13%-ը։ Բյուջեի ծախսերի գերակշիռ մասը մնում են վարչական ծախսերը։
2014, 2015 և 2017 թթ-ի բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 5)։ Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (27%), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում նաև (25%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Տնտեսական հարաբերությունների, շրջակա միջավայրի պաշտպանության և բնակարանային շինարարության ոլորտներում կատարված ծախսերը իրենց տեսակարար կշռով գրեթե նույնն են և տատանվում են ընդհանուրի 12-ից 13%-ի սահմաններում։

Հանգիստ, մշակույթ, կրոն և սոցիալական պաշտպանություն ոլորտների ծառայությունների մատուցման ծախսերը կազմում են ընդհանուրի 6%-ը և 5%-ը համապատասխանաբար։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։

Պատկերը որոշակիորեն փոխվել է 2015 թ-ին: Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը (35%)։ Վերջինս գումարային առումով էլ նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացում է գրանցել։

Տնտեսական հարաբերությունների և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառների ծախսերը կազմել են ընդհանուրի 14% և 13%-ը համապատասխանաբար։ Կրթության ոլորտի ծախսերը ավելացել են նախորդ տարվա համեմատ և կազմում են ընդհանուր ծախսերի 23%-ը։

Անկում է նկատվել բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերում. նվազել են վերջիններս շուրջ 16 մլն դրամ՝ կազմելով ընդհանուրի 6%-ը։ Սոցիալական պաշտպանության և հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսումները գրեթե հավասար են և կազմում են ընդհանուրի 4-5%-ը յուրաքանչյուրը։

Ինչպես նշել ենք՝ ծավալային առումով 2015 թ-ի նկատմամբ 2017 թ-ին էականորեն աճել են։ Տոկոսային արտահայտությամբ կրթության և ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցման ծախսերը քիչ են փոփոխվել, սակայն գումարային արտահայտությամբ փոփոխությունը ահռելի է։ Վերջինս առավել մանրամասն երևում է Գծապատկեր 6-ում։

Գումարային աճ է նկատվել նաև Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իրականացված ծախսերի մասով։ Հետաքրքրական է, որ նվազել են բնակարանային շինարարության, կոմունալ ծառայությունների ոլորտում իրականացված ծախսերը՝ ընդհանուրի մոտ 1%-ը։
Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Գծապատկեր 7-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։
Աղյուսակ 2-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 8-ում տեսանելի է, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 8 Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը (մլն. դրամ)
~