Բնակեցնելով լեռները
Բնակելի թաղամասի փորձարարական նախագիծը շարունակում է մնալ Կապանի այցեքարտը
Սաթենիկ Թովմասյան
Կապան քաղաքի թեք լանջի վրա բարձրացող Սպանդարյան (Դավիթ Բեկ) թաղամասի շենքերը վաղուց դարձել են քաղաքի այցեքարտը: Այս թաղամասի նախագծումը ժամանակին ճարտարապետներից պահանջեց հաշվի նստել քաղաքի լեռնային ռելիեֆի հետ: Խորհրդային շրջանում փորձարարական նախագիծը՝ լանջին երկայնական ուղղությամբ կառուցապատման առաջին փորձն էր կասկադային շինարարությունում:
Քաղաքի բնակլիմայական պայմանները թույլ էին տալիս, որպեսզի խորհրդային ճարտարապետները ռիսկի գնան ու կյանքի կոչեն տվյալ ժամանակահատվածի համար նորարական և հեղափոխական գաղափարը՝ լեռնային Կապանում ունենալ աստիճանական շենքեր:

Կապանում այն կիրառվում է բնակարանային շինարարությունում, արդյունքում կառուցվում են երկու թաղամասեր՝ թեք լանջի վրա Սպանդարյան (Դավիթ Բեկ)և Կապանից Քաջարան տանող ճանապարհի վրա գտնվող Գես թաղամասերը: Ընդհանուր առմբաբ կասկադային շինարարությամբ կառուցվում են 18 բնակելի շենքեր, 8-ը՝ Սպանդարյանում (Դավիթ Բեկ), 10-ը՝ Գեսում:

Կապանի Սպանդարյան (Դավիթ Բեկ) և Գես թաղամասերում էքսպերիմենտալ նախագիծ իրականացրած ճարտարապետների խմբի անդամ Հայկ Այվազյանը պատմում է. նախագծի ղեկավարը՝ Պյոտր Թումանյանը նմանատիպ շենքեր կառուցելու թույլտվություն ստանալու համար պայքարել է գրեթե 20 տարի:
Չորրորդ բնակելի տան ճակատը
«Չորս ճարտարապետներից բաղկացած խմբով (Ամալյա Վարդանյան, Աշոտ Հակոբյան, Հայկ Այվազյան, Վլադիմիր Միրզոյան) նախագծեցինք Սպանդարյան (Դավիթ Բեկ) փողոցի շենքերից մեկը, մինչ այդ արդեն կային հինգ և ինը հարկանի երկու շենքեր, բայց մերը տարբերվում էր նրանով, որ կառուցված էր ոչ թե լայնական, այլ երկայնական ուղղությամբ: Խորհրդային միության տարիներին նմանատիպ առաջին փորձն էր: Բնականաբար, նախորդ երկուսն էլ էին անհատական նախագծեր, բայց այս մեկը կառուցել էինք՝ հաշվի առնելով նախորդների լավ և վատ կողմերը »,-բացատրում է Այվազյանը:

Ճարտարապետի դիտարկմամբ՝ շենքի յուրահատկությունը փոփոխական հարկայնության մեջ էր, այն 5 մուտքանի էր՝ 5-ից 9 հարկերով, որոնցից յուրաքանչյուրի հարկերը տաբեր էին: Շենքը սկզբնամասում, մեջտեղի և վերևի հատվածում երեք ճանապարհ էր հատում: Աշխատանքային խումբը որոշում է այն հարմարեցնել այնպես, որպեսզի բնակիչներն անմիջապես կարողանան բաց ճանապարհ դուրս գալ հենց շենքից:

«Հատուկ սրահ կառուցվեց: Բնակիչը, վերելակ նստելով շենքի առաջին հարկից, հասնում էր որոշակի հարկի, որը գտնվում էր մեջտեղի ճանապարհի մակարդակին, այնուհետև վերելակից դուրս գալիս սրահ, մինչև վերջ քայլում և աստիճաններով իջնելով անմիջապես դուրս գալիս ճանապարհ, նույն սկզբունքով էլ կարելի էր նաև վերևի ճանապարհ դուրս գալ: Բնակիչների համար սկզբում անսովոր էր, բայց հետագայում հերթ էին կանգնում այդ շենքերում բնակարան ստանալու համար»,-ժպտալով հիշում է Այվազյանը:
Բնակեցնելով լեռները
Նա անկեղծանալով խոստովանում է. ճարտարապետական խումբը Կապանի բնակիչների համար փոքրիկ նվեր էր պատրաստել, որը երկար տարիներ գաղտնի էր պահվում, բայց հիմա կարող է բացահայտ խոսել այդ մասին. «Մենք բնակարաններն ավելի մեծ չափերի էինք նախագծել, քան թույլ էին տալիս այն ժամանակվա բավականին սահմանափակ նորմատիվները: Օրինակ, եթե մեկ սենյականոցը պետք է լիներ հստակ նշված քառակուսի մետրերով՝ ենթադրենք ¾ չափի վրա, մենք նախագծում էինք 5/4-ի վրա, բայց գրում ըստ սահմանված կարգի: Պարզապես ցանկանում էինք մարդկանց կենսապայմաններն ավելի բարվոք դարձնել »:

Այսքանով Կապանի նորարական շենքերի յուրահատկությունը չէր սահմանափակվում: Հանրապետությունում առաջին հարթ տանիքները նույնպես այստեղ կառուցվեցին:

«Որպես կանոն հարթ տանիքները Հայաստանում իրենց չեն արդարացնում, այդ պատճառով էլ կրկնակի տանիք կառուցեցինք, ու չնայած բավականին մեծ ծախսերին, այն իրեն լիովին արդարացրեց, թե այն ժամանակվա պետշինի փորձաքննությամբ, և թե հիմա՝ վերջերս Կապանում էի, տեսա, որ ամբողջությամբ պահպանվել են », - նշում է ճարտարապետը:
«Խորհրդային ժամանակներում, երբ գրաքննությունն ամենուր էր և ամեն ինչում, Կապանի էքսպերիմենտալ նախագիծը խոչընդոտների չհանդիպեց»: Հայկ Այվազյանը նշում է. ամեն ինչ հստակ նախագծված, ծրագրված և սահմանված էր, ինչն էլ հնարավորություն տվեց համապատասխանցել այն ժամանակների բավականին խիստ նորմատիվներին:

Այնուամենայնիվ խորհրդային «կաղապարային» ճարտարապետության կողքին նման էքսպերիմենտալ նախագծի իրականացումը Հայկ Այվազյանը կապում է նախագծի ղեկավարի հետ, ում անհատական կապերն ու բարեկամությունը խորհրդային Հայաստանի ղեկավարության հետ կանաչ լույս վառեցին Կապանում նախագիծը կյանքի կոչելու համար:

«Պյոտր Թումանյանը բավականին մտերմիկ հարաբերություններ ուներ այն ժամանակվա պետշինի, կենցաղային սպասարկման նախարարության ղեկավարության հետ , բայց մեր էքսպերիմենտալ նախագծի իրականացման համար մեծ դեր ունեցավ շրջկոմի քարտուղարը, ում հետ դարձյալ մոտ էր Պյոտր Թումանյանը»,-նշում է նա:

Այդ տարիներին նախագիծն անգամ պետական մրցանակի է ներկայացվում, որպես ճարտարապետական լավագույն նախագիծ, սակայն հաղթող է ճանաչվում Գյումրու Կումայրի թաղամասի նախագիծը:

Բնակելի թաղամասից բացի 80-ականներին նախատեսվում էր Կապանի Սպանդարյան (Դավիթ Բեկ) թաղամասի թեք լանջին նաև Պիոներ պալատ կառուցել, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով աշխատանքները նախագծման ճարտարապետական փուլից այն կողմ առաջ չեն անցնում:

Աստիճանաձև շենքերի շինարարությունը տևում է 10 տարի: Աշխատանքների մեկնարկը տրվում է 1976 թվականին, ավարտվում՝1986-ին: Ռելիեֆային շինությունները սեյսմակայուն են, հաշվարկների համաձայն դրանք կարող են դիմանալ մինչև 7-8 բալ հզորությամբ երկրաշարժերին: Սպիտակի երկրաշարժից հետո աստիճանաձև ձգված շենքերից վերջին երկուսը նախագծվել են արդեն 9 բալային դիմացկունությամբ։
Կապանի Սպանդարյան (Դավիթ Բեկ) թաղամասը
Լուսանկարը՝ Գեղամ Վարդանյանի
Էքսպերիմենտալ նախագծի ճարտարապետն է Ամալյա Վարդանյանը, նախագծողը՝ Կառլեն Ղազարյանը: Նախագիծը իրականացվել է «Հայնախագիծ» ինստիտուտի կողմից: 1989 - 1990 թթ. նախատեսված էր 20 շենք ևս կառուցել, սակայն խորհրդային միության փլուզումից հետո, ամեն ինչ մնում է թղթի վրա:

Խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետների համարձակ քայլը Կապանը հարստացրեց ինքնատիպ ճարտարապետությամբ, որը լեռների մեջ ծվարած քաղաքին մինչև այսօր էլ շարունակում է յուրահատկություն հաղորդել:

Նյութի պատրաստմանը աջակցել է Էմմա Կանտը:
~
Made on
Tilda