Կյանքը՝
հարավային սահմանին
Հայաստանի ամենահեռավոր քաղաքում ՝Մեղրիում աշխատանքի
խնդիր քիչ կա, սակայն սոցիալական խնդիրների պակաս չկա:

Գայանե Մկրտչյան
<տեքստ>
Գայանե Միրզոյան
<ֆոտո / վիդեո >
Հայաստանի հարավում՝ Երևանից 373 կմ հեռավորության վրա, Իրանի Իսլամական Հանրապետության հարևանությամբ է գտնվում երկրի ամենահեռավոր քաղաքներից մեկը՝ 4600 բնակչություն ունեցող Մեղրին:
2016 թվականին իրականացված համայնքների խոշորացումից հետո Մեղրին դարձել է բազմաբնակավայր խոշորացված համայնք, որի մեջ մտնում են երկու քաղաքային և 13 գյուղական բնակավայրեր:
Ի տարբերություն Հայաստանի
այլ քաղաքների, Մեղրիում
գործազրկության տոկոսը
ցածր է:
Համայնքի բնակչությունը հիմնականում աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում (1010 մարդ), ռուսական սահմանապահ զորքերում, հայկական բանակում: Մեծ թիվ են կազմում նաև այգեգործությամբ զբաղվողները:

Սակայն իրենց սոցիալական կյանքը գնահատելիս մեղրեցիները նշում են, որ իրենց քաղաքում ապրանքները շատ ավելի թանկ են, քան մայրաքաղաքում:

«Մարդիկ գնում են 400 կմ, ապրանք բերում, հո Երևանի գնով չեն դնի ծախի: Հեռավորությունը մեծացնում է ծախսերը՝ բենզինի, գազի, նաև ժամանակի կորուստ ենք ունենում»,- ասում է տաքսու վարորդ՝ երկու տղայի հայր 64-ամյա Յուրա Սարգսյանը:

Յուրան հիշում է՝ խորհրդային տարիներին Երևան էին հասնում 3 ժամում՝ կարճ ճանապարհով, որն անցնում էր Նախիջանի միջով:

Հայ-ադրբեջանական բախումների հետևանքով փակված սահմանները անգործության մատնեցին երկաթուղին: Այսօր մեղրեցիները Երևան են հասնում այլընտրանքային ճանապարհով՝ 7 ժամում:
Հայ-իրանական միջպետական սահմանն անցնում է Արաքս գետով և ձգվում 35 կմ երկարությամբ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ ԻԻՀ ամենակարճ պետական սահմանն է:
Ագարակի անցակետից այն կողմ՝ընդամենը 1400մ հեռավորության վրա իրանական Դուզալ գյուղն է:
Հայ-ադրբեջանական բախումների հետևանքով փակված սահմանները անգործության մատնեցին երկաթուղին:
Մեղրիի <<Մեղրի>> լքված երկաթգծի կայարանը:
Վերջին գնացքը այս կայարնով անցել է 1989 թվականին:
Յուրայի տաքսին սլանում է հայ-իրանական սահմանի երկայնքով: Ճանապարհի աջ կողմով միջսահմանային Արաքս գետն է հոսում, ձախ կողմում երկաթգիծն է:

«Էն տարիներին ավտոբուսի վարորդ էի՝ Մեղրի-Երևան երթուղու վրա վերջին անգամ Նախիջևանով անցա 1989 թվին: Գնացք էլ կար, ամեն օր գիշերը 12-ն անց կեսին Ագարակից մեկնում էր Երևան, առավոտյան 9-ին հասնում էինք: Հիմա էլի լավ է, որ Իրանի հետ ազատ վիզային ռեժիմ ունենք, մարդիկ գնում են, ավելի մատչելի գնով առևտուր անում իրենց տան համար, գոնե մի բանից օգտվում ենք»,- պատմում է Յուրան:

2016 թվականի հունիսից Հայաստանի և Իրանի միջև ազատականացվեց մուտքի արտոնագրային ռեժիմը, ինչը երկու երկրների քաղաքացիներին ազատ տեղաշարժի հնարավորություն տվեց:

Մեղրիում բնակվող մասնագիտությամբ դերձակ Արուսյակ Ազատյանը պատմում է, որ մայրը հաճախ է անցնում սահմանը, հասնում Իրանի Ջուլֆա քաղաքում գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտի, տան համար գնումներ կատարում ու նույն օրն էլ հետ վերադառնում Մեղրի:

«Գները բավական մատչելի են, օրինակ՝ 1 կիլո լոլիկը 200 դրամ է, իսկ մեզ մոտ դեռ ավելի վաղ գարնանը 1500 դրամ էր, դե՝ պատկերացրեք տարբերությունը: Կամ՝ 3 լիտրանոց գազի բալոնը Մեղրիում լցնում ենք 2300 դրամով, էնտեղ՝ 500 դրամով: Շինանյութն է մատչելի, շատերն էնտեղից բերած շինանյութով վերանորոգեցին իրենց տները: Մեղրեցիների համար բավականին հարմար տարբերակ է»,- ասում է երկու որդիների մայրը:
39-ամյա Արուսյակը դերձակության հետ մեկտեղ նաև տիկնիկագործությամբ է զբաղվում, աշխատում է Մեղրիի «Արևիկ» հյուրատանը՝ հյուրերի ընդունում, Մեղրիի ավանդական ճաշատեսակներ պատրաստում:
«Մեղրին յուրահատուկ քաղաք է, մի տեսակ հեռու, կտրված մի վայրում մարդիկ ապրում են իրենց կյանքով»,- ասում է նա:
2016 թվականից Մեղրի բազմաբնակավայր համայնքի ղեկավար ընտրվեց Մխիթար Զաքարյանը, ով 8 տարի շարունակ զբաղեցրել էր Ագարակի քաղաքապետի պաշտոնը:

Մխիթար Զաքարյանի խոսքով՝ համայնքի առաջնային խնդիրներից է գազիֆիկացումը: Չնայած Մեղրի ու Ագարակ քաղաքներում տեսանելի են նոր անցկացված գազատար խողովակները, այդուհանդերձ, բնակիչները դեռևս շարունակում են բալոնով գազ գնել: Համանքի ղեկավարը նշում է, որ Մեղրիի և Ագարակի համար կառուցված է գազաբաշխման ցանցը, ինչում իր ներդրումն է ունեցել ԻԻՀ կառավարությունը:

Դեռևս 2011 թվականի դեկտեմբերին Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրվեց հուշագիր, որով Իրանի կառավարությունը համաձայնվեց որպես դրամաշնորհ 2 մլն դոլար տրամադրել Հայաստանում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազաբաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:

Իր հերթին Հայաստանի կառավարությունը ստանձնեց տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
1949 թվականին հիմնադրված Ագարակ քաղաքն այսօր ունի 4300 բնակչություն, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում
Ծրագրի շրջանակներում Մեղրիում անցկացվեց շուրջ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատարներ։

Մեղրիի գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է շուրջ 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար և գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաև քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար։ Արդյունքում՝ ամբողջությամբ գազիֆիկացվել են Մեղրին և Ագարակի շուրջ 50 տոկոսը։ Գազաբաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնում է իրանական «Սաներջի» ընկերությունը։

Դրամաշնորհը ստանալուց 5 տարի անց՝ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարեց, որ ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազաբաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Քաղաքներում վառվեց խորհրդանշական կրակը, և տրվեց գազամատակարարման մեկնարկը, սակայն մինչ օրս էլ Մեղրիի և Ագարակի բնակիչները զրկված են կապույտ վառելիքից:
Մեղրի բազմաբնակավայր համայնքում հանքարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Այսօր այստեղ շահագործվում են 3 մետաղական հանքեր, ևս երեք հանքում իրականացվում են երկրաբանական հետազոտություններ:
 
 
 
 
 
 
 
 
Համայնքի բնակչությունն մտահոգված է տարածքում իրականացվող հանքարդյունաբերական ծրագրերով: 2018 թվականի մայիսից հանրային մեծ աղմուկ բարձրացավ Մեղրիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Լիճքի պղնձի հանքավայրի շուրջ, որը շահագործվում է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից:
 
 
 
 
Հանքավայրը գտնվում է Լիճք գյուղից 500 մ հեռավորության վրա՝ «Արևիկ» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրերի սահմաններում:
Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, և հանքավայրի շահագործումը կարող էր որակական բնույթի լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա:
 
 
 
 
Լիճք գյուղի դպրոցը երկու աշակերտ ունի, գյուղում մանկապարտեզ չկա:
 
 
 
 
Գյուղն աստիճանաբար դատարկվել է: Գյուղացիների մեծ մասը վաճառել են իրենց հողամասերը հանքավայրը շահագործող ընկերությանը:
 
 
 
 
Ժամանակին ակտիվ կյանքով ապրող Լիճքում, այսօր տանգնապ հարուցող լռություն է:
 
 
 
 
Գյուղի մի քանի բնակիչներ պայքարում են հանքի շահագործման դեմ, շարունակելով ապրել ու աշխատել հարազատ գյուղում:
 
 
 
 
Գյուղի բնակիչներից՝ Իշխան Պողոսյանը պղնձի հանքի դեմ պայքարողներից է: Նա չի լքել գյուղը և չի վաճառել իր սեփական հողատարածքները:
 
 
 
 
Քաղաքացիական լրագրող մեղրեցի Վարդ Մարտիրոսյանը մտահոգված ասում է, որ քաղաքի բնակչությունը Մեղրիի ջուրը վախենալով է օգտագործում, համոզված լինելով, որ հանքի շահագործման հետևանքով այն պարունակում է ծանր մետաղներ: «Բաժակի մեջ լցված ջրից էլ երևում է, որ այն մաքուր չէ»,- ասում է Վարդ Մարտիրոսյանը:
Վարդ Մարտիրոսյան
Քաղաքացիական լրագրող
Մեղրիի բնակիչները հանրային մեծ դժգոհությունը հանրագրով ներկայացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի արդյունքում Լիճքի հանքի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է:

Այժմ հանքավայրի շահագործման հարցը քննվում է ՀՀ վարչական դատարանում: Հայցվորը՝ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն, պահանջում է չեղարկել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը, քանի որ հանքավայրի մի մասը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է:

Սակայն Լիճքի գյուղացիներից շատերը վաճառել են իրենց հողատարածքները ընկերությանը: Գյուղի բնակիչներից Իշխան Պողոսյանը պղնձի հանքի դեմ պայքարողներից է: Նա չի լքել գյուղը և չի վաճառել իր սեփական հողատարածքները:

«Մեղրիի համայնքապետարանը առել է գյուղացիներից հողատարածքները և վարձակալությամբ տրամադրել հանքը շահագործող ընկերությանը՝ տարեկան 18 միլիոն դրամի դիմաց: Բա 18 միլիոնի համար գյո՞ւղ են քանդում: Հենց ավագանու նիստի ժամանակ են հայտարարել»,- ասում է Իշխան Պողոսյանը:

Մինչդեռ Մխիթար Զաքարյանը նշում է, որ գյուղացիներն այդ հողերը չէին մշակում, իսկ Մեղրի տարածաշրջանում գյուղատնտեսությունը զարգանում է Արաքսի ափամերձ հովտում գտնվող գյուղերում:

«Էդ հողերի բնակիչները իջել են Մեղրիում ու Ագարակում են ապրում հիմնականում՝ հողերն անմշակ թողնելով: Երիտասարդությանը տեղում պահելու, բնակչությունը ավելացնելու ամենակարճ ու երաշխավորված ճանապարհը հանքարդյունաբերության զարգացումն է»,- նշում է Մեղրի համայնքի ղեկավարը:

Նա համոզված է, որ մեկ տարի հետո Լիճք գյուղը բանավանի կվերածվի: Օրինակ է բերում Ագարակ քաղաքը, որը ժամանակին ստեղծվեց Ագարակի պղնձամոլիբդենային հանքի աշխատելու արդյունքում: Այսօր Ագարակի բնակչությունը հասնում է 5000-ի:

«Ամենափոքր հանքարդյունաբերական ձեռնարկությունը աշխատելուց հետո ինքն իր մուլտիպլիկատիվ էֆեկտը ունենում է, ասեմ, որ դա անգամ ազդելու է Լիճքի հարևանությամբ գտնվող Տաշտուն գյուղի վրա: Անկեղծ ասած, էնտեղ ապրելու ուրիշ տարբերակ էլ չեմ տեսնում: Պատրաստվում ենք Լիճքում նոր մանկապարտեզ կառուցել 20 երեխայի համար, ճիշտ է՝ էս պահին երկու երեխա է, բայց համոզված եմ, որ մյուս տարի էդ թիվը կհասնի 20-ի»,- վստահեցնում է Մխիթար Զաքարյանը:

«Մանկապարտեզն ո՞ւմ համար են սարքում, որ ո՞ւմ էրեխան գնա, երբ մարդ չկա: Գյուղից մի քանի հոգի մարդ են ընդունել, որ բերանները փակեն: Էս աշխատատեղ բացել չէ, էս գյուղը ոչնչացնել է, բայց չէ՞ որ մեր պապերը էս ժառանգությունը թողել են, որ մենք ապրենք էստեղ, ոչ թե մի փողատեր գա ու մեզ ասի՝ գնացեք: Նախիջևանը մեզնից 5 կմ է հեռու, պատերազմի ժամանակ պայքարել ենք, սահման ենք պահել, որ էսօր մեզ մեր տնից հանե՞ն: Էս ազգային անվտանգության խնդիր է, պետությունը պետք ա սրա դեմն առներ ու թույլ չտար»,- ասում է Իշխան Պողոսյանը:

Լիճքի դպրոցը երկու աշակերտ ունի, դպրոցի ուսուցիչները նշում են, որ տարիներ առաջ աշակերտների թիվը հասնում էր 40-ի: «2008-ին 26 աշակերտ ունեինք, տարեցտարի նվազեց: Փախել են բոլորը», - ցավով ասում են Լիճքի դպրոցի ուսուցիչները:
 
 
 
 
Մեղրու տարածաշրջանը հարուստ է պտղատու այգիներով, և մեղրեցիները համարվում են տոհմիկ պտղագործներ ու այգեգործներ:
Վերջին տարիներին թզի, նռան, սերկևիլի, խաղողի ու դեղձի այգիների կողքին այստեղ ավելացել են մերձարևադարձային կուլտուրաների՝ արքայանարնջի, կիվիի, զեյթունի այգիները:
 
 
 
 
 
 
 
 
Մեղրիի այգիները ոռոգվում են Մեղրի գետի ջրով, սակայն գետի հոսքը հուլիսից հետո սկսում է նվազել, և արդեն օգոստոս-սեպտմեբր ամիսներին ջրի խնդիր է առաջանում: Որպես խնդրի լուծման լավագույն տարբերակ համայնքապետը նշում է Մեղրու գետի վերին հոսանքում ջրամբարի կառուցումը:
Համայնքապետ Մխիթար Զաքարյանի խոսքերով, մայրուղու հարևանությամբ և Մեղրի քաղաքի տարածքում նախատեսվում է գյուղատնտեսական շուկա ունենալ, որտեղ գյուղացին կկարողանա իր բերքը իրացնել:
 
 
 
 
Իրանի հետ բաց սահմանը նոր հետաքրքրություն է հաղորդել համայնքի բնակիչներին հարևան երկրի մշակույթի, ինչպես նաև Իրանի տարածքում գտնվող հայկական ժառանգության նկատմամբ: Հայաստանցի զբոսաշրջիկները հայ-իրանական պետական սահմանը հատելուց հետո ընդամենը երկու ժամում հասնում են Ջուլֆա քաղաքի Սուրբ Ստեփանոս վանք, Հովվի եկեղեցի և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:

Նկատելի է նաև իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը դեպի Հայաստան: Ըստ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների` 2017 թվականին Հայաստան է այցելել մոտ 220 հազար իրանցի, ինչը 16%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից (մոտ 185 հազար):

Իրանցի զբոսաշրջիկներից շատերը կանգառ են ունենում Մեղրի կամ Ագարակ քաղաքներում, օգտվում ռեստորաններից, սրճարաններից, խանութներից: Պարսկերեն ցուցանակների հաճախ կարելի է հանդիպել, սպասարկման ոլորտի աշխատակիցներից շատերն էլ խոսակցական պարսկերենով ազատ շփվում են իրանցիների հետ: Հայ-իրանական պետական սահմանի մոտ լինելը, վիզային ռեժիմի ազատականացումը, հաճախակի այցելությունները մեծացրել են հետաքրքրությունը պարսկերեն լեզվի նկատմամբ:

30-ամյա մեղրեցի, մասնագիտությամբ պատմաբան Լևոն Միրզոյանը նշում է, որ պարսկերեն լեզուն աստիճանաբար պահանջված է դառնում համայնքում: Ինքը՝ Լևոնը, պարսկերեն սկսել է սովորել համալսարանում ուսանելու տարիներին, սակայն ավելի ուշ՝ մասնագիտացված դասընթացների միջոցով կատարելագործում էր պարսկերենի իր իմացությունը:

Նա նշում է, որ վիզային ռեժիմի ազատականացումը կրկնակի նոր լիցք հաղորդեց հայ-իրանական հարաբերություններին, երկու կողմից էլ նկատվեցին մարդկանց նոր հոսքեր:

«Նման հանգամանքներում լեզվի իմացությունը դարձավ անհրաժեշտություն համայնքի բնակիչների համար: Իհարկե, համայնքում լեզվին տիրապետողներ կան, ովքեր սովորել են շփման միջոցով վերջին 20 տարիներին, բայց գրագետ պարսկերեն իմանալու բացը համայնքում ամեն դեպքում դեռ կար»,- ասում է Լևոնը:
Արդեն մեկ տարի է՝ Լևոն Միրզոյանը պարսկերեն լեզվի գործնական դասընթացներ է անցկացնում Ագարակում:
Այս նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականացնել մեկ տարի առաջ Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ:
Պարսկերենի դասընթացներին մասնակցում են ոչ միայն մեծահասակներ, այլև դպրոցականներ Մեղրիից և հարակից գյուղերից:

«Ժամանակին ինձ համար նման հնարավորություն չկար, ու ես մտածեցի, որ կարող եմ այդ հնարավորությունը ստեղծել ու իմ գիտելիքներն ու հմտությունները փոխանցել մեր համայնքի բնակչներին, մանավանդ որ դրա կարիքը կար, ու ցանկացողների թիվը մեծ էր:»,- ասում է Լևոն Միրզոյանը:


Հայաստանի ամենահեռավոր քաղաքը փորձում է ժամանակին համահունչ առաջ շարժվել՝ տեղի ունեցող փոփոխություններն օգտագործելով ի նպաստ համայնքի զարգացման:
~
~
Made on
Tilda