Մեղրի համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2014, 2015 և 2017 թվականների տարեկան բյուջեների վերլուծությունը, ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Մեղրի բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) իրականացման երկրորդ փուլում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով։

Մեղրի բազմաբնակավայր համայնքի կազմում են նախկին Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեվհազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն համայնքները (թվով 13 համայնք)։ Բնակավայրերի թիվը 15-ն է։ Համայնքի կենտրոն բնակավայրն է Մեղրի քաղաքը։
Ինչպես նշել ենք Թումանյան համայնքի բյուջեի ուսումնասիրությունը կատարելիս՝ նպատակահարմար չէ դիտարկել Մեղրի համայնքի 2016 թ-ի տվյալները, քանի որ վերջինս այդ ժամանակահատվածում ենթարկվել է կառավարման և վարչատարածքային լրջագույն փոփոխությունների։ Սույն ուսումնասիրության մեջ 2014 և 2015 թ-ի տվյալները համադրելի դարձնելու համար դիտարկվել են ներկայումս Մեղրի խոշորացված կազմի մեջ մտած նախկին համայնքների բյուջեների ընդհանուր գումարը՝ համապատասխան հոդվածներով։

Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ինչպես նկատում ենք Գծապատկեր 1-ից, 2014 թվականի նկատմամբ 2015 թվականի եկամուտները նվազել են մոտ 10 մլն դրամով՝ (444.9 և 435.5 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2017 թվականի ընթացքում համայնքի բյուջեի եկամուտները կտրուկ աճել են՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 203.2 մլն դրամով կամ 46.6%-ով, հասնելով 638.7 մլն դրամի։

2014 և 2015 թ-ի ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտներ չեն գրանցվել, իսկ 2017 թ-ի ընթացքում վերջիններս կազմել են 72.8 մլն դրամ կամ ամբողջի 11.4%-ը։ Ընդհանուր առմամբ, ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, եկամուտների գերակշիռ մասը գոյանում բյուջեի վարչական մասում։

Հաջորդիվ՝ գծապատկերներով կներկայացնենք, թե եկամուտների աճի նման կտրուկ ավելացումը ինչով է պայմանավորված։
Դիտարկվող տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը փոխվել է՝ 173.7 մլն դրամից հասնելով 211.4 մլն դրամի։ Սակայն պետք է նշել, որ 2015 թվականի ընթացքում համայնքը ստացել է 228.8 մլն դրամ դոտացիա (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Մեղրի համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։ Բերված տվյալներից կարելի է նկատել, որ 2017 թ-ի ընթացքում կրկնակի աճ է նկատվել համայնքի եկամուտների հավաքագրման գրեթե բոլոր խոշոր խմբերում։

Այսպես, 2015 թ-ի համեմատությամբ 9.2 մլն դրամով (20.4%-ով) ավելացել են փոխադրամիջոցների գույքահարկի մասով հավաքագրումները, 3.6 մլն դրամով (37.5%-ով) ավելացել են տեղական տուրքի գանձումները, 23.3 մլն դրամով (39%-ով) ավելացել են համայնքի ենթակայության գույքի վարձակալությունից ստացված եկամուտները, 31.2 մլն դրամով (4000%-ով) ավելացել են վարչական գանձումներից ստացված մուտքերը, մասնավորապես՝ տեղական վճարներից գոյացած մուտքերը։ Սա մեծապես գովելի և ողջունելի ցուցանիշ է:

Ակնհայտ աճ է գրանցվել նաև «Այլ եկամուտներ» հատվածում ստացված գումարները՝ 2015 թ-ին 1.6 մլն դրամից հասնելով 8.1 մլն դրամի 2017 թ-ին։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2015, 2016 և 2017 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Մեղրի համայնքը կրում է բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից 2017 թվականին մասհանում է կատարվել պետական բյուջեից՝ համաձայն օրենքի 1 254 300 դրամի չափով։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։ Համայնքի տարեկան ծախսերը 2014 և 2015 թվականների ընթացքում գրեթե չեն փոխվել, իսկ 2017թ-ին, ինչպես և եկամուտների մասով, թռիչքային աճ է նկատվել։

2014 և 2015 թվականներին բյուջետային ծախսերը կազմել են 442.7 և 445.0 մլն դրամ համապատասխանաբար, իսկ 2017 թ-ին՝ 660.5 մլն դրամ։ Նախորդ դիտարկվող տարվա նկատմամբ աճը կազմել է 215.5 մլն դրամ կամ 48.4%։

Ընդգծված աճ է նկատվել նաև ընդհանուր ծախսերում բյուջեի ֆոնդային մասի ծախսումների մասով։ Եթե 2014 և 2015 թվականներին բյուջետային ծախսերի համապատասխանաբար 5.7 և 4.5%-ն են իրականացվել բյուջեի ֆոնդային մասից, ապա 2017 թ-ի ընթացքում վերջինիցս ծախսերը կազմել են 17.7% կամ 117.1 մլն դրամ։ Աճը կազմել է 5.8 անգամ կամ 97.1 մլն դրամ։
2014, 2015 և 2017 թթ. բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 5)։

Ինչպես նկատում ենք, 2014 թ. բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (39%), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում նաև (28%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։ Տնտեսական հարաբերությունների և բնակարանային շինարարության ոլորտներում կատարված ծախսերը իրենց տեսակարար կշռով գրեթե նույնն են և կազմում են ընդհանուրի 2%-ը։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում կատարված ծախսումները կազմում են ընդհանուրի 23%-ը։ Հանգիստ, մշակույթ, կրոն և սոցիալական պաշտպանություն ոլորտների ծառայությունների մատուցման ծախսերը կազմում են ընդհանուրի 3%-ը և 1%-ը համապատասխանաբար։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։

Պատկերը որոշակիորեն փոխվել է 2015թ-ին։ Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը (41%)։ Վերջինս գումարային առումով էլ նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացում է գրանցել։

Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառի ծախսերը կազմել են ընդհանուրի 20%-ը համապատասխանաբար։ Կրթության ոլորտի ծախսերը գրեթե չեն փոփոխվել և ինչպես նախկինում՝ կազմում են ընդհանուր ծախսերի 28%-ը։ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են՝ 2%-ից հասնելով 1%-ի։ Սոցիալական պաշտպանության և հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսումները գրեթե հավասար են և կազմում են ընդհանուրի 1% և 6%-ը համապատասխանաբար։

Ինչպես նշել ենք՝ ծավալային առումով 2015 թ-ի նկատմամբ 2017 թ-ին էականորեն աճել են: Տոկոսային արտահայտությամբ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցման ծախսերը նվազել են՝ կազմելով ընդհանուրի 31%-ը, սակայն գումարային արտահայտությամբ փոփոխությունը նկատելի է։

Նույնը վերաբերում է կրթության ոլորտի ծախսերին։ Առաջին հայացքից աճը ընդհանուրի մեջ կազմել է ընդամենը 4%, սակայն գումարային առումով այն ավելացել է շուրջ 83 մլն դրամ։ Գումարային աճ է նկատվել նաև մնացած բոլոր ոլորտներում։
Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։ Ինչպես կարելի է նկատել՝ էական աճ է գրանցվել բյուջետային ծախսերի բոլոր գործառնական ոլորտներում։ Այստեղ հստակորեն երևում է համայնքում խոշորացման գործընթացի դրական ազդեցությունը։
Գծապատկեր 7-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։
2017 թ-ի ընթացքում համայնքը կարելի է ասել ստացել է սկզբունքորեն նոր փողոցների լուսավորման ծառայություն։

Աղյուսակ 2-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 8-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 8. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
Օրինակ, 2015 և 2017 թվականներին բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ծախսերը գրեթե իրար հավասար են, սակայն ի տարբերություն 2015 թ-ի, 2017 թ-ին ֆոնդային մասի ծախսումները անհամեմատ քիչ են, ինչը վկայում է նրա մասին, որ 2017 թ-ին տվյալ բնագավառում կապիտալ ծախսումներ քիչ են իրականացվել, և հակառակ դրան, ավելացել է ընթացիկ պահպանման ծախսերի տեսակարար կշիռը։
~