Հին Մեղրիի վերածնունդը

Ինտերակտիվ համայնքային բյուջե
Ժողովրդական տների պահպանման և վերականգնման ծրագիրը
կնպաստի Մեղրիում զբոսաշրջության զարգացմանը։
<ֆոտո / վիդեո >
Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից մեկը՝ Մեղրին, բացօթյա ամֆիթատորն է հիշեցնում, որտեղ Մեծ ու Փոքր թաղերի բազմաթիվ աստիճանները, բարձրանալով դեպի վեր, ներքևում են թողնում փոքր քաղաքի ամենօրյա կյանքը:
Մեղրին տարածվում է ու լուծվում մարդկային հիշողության մեջ։ Քաղաքը գրկող մեղրագույն լեռների սրածայր գագաթները, որոնք ցիրուցան են լինում երկնքում, ուրվագծվում են մարդկանց մտքերում ու նրանց կրկին հետ բերում Մեղրի։

«Մեղրին հիշողությանս մեջ էր, այդ հարավը, արևելքը.... Մեղրիի ամբողջ հմայքը օդում է, ձգողականություն կա, ինչ որ բան կանչում է, տանում։ Ես էլ եմ այդպես գնացել ու կապվել: Այդ պատճառով կարևորը առաջին անգամ այցելելն է Մեղրի։ Զբոսաշրջիկը, որ եկավ Մեղրի, իր հիշողության մեջ նրան տանելու է իր հետ, գնալու է` պատմի, թե որտեղ է եղել», - ասում է մասնագիտությամբ ճարտարապետ Արմինե Պետրոսյանը։

Երեք տասնամյակ առաջ Արմինե Պետրոսյանը բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայպետնախագիծ ինստիտուտի քաղաքաշինության բաժնում և մասնակցել Մեղրիի շրջանային հատակագծի մշակման աշխատանքներին։
Փոքր թաղը, Սուրբ Հովհաննես եկեղեցով, ներկայացնում է Մեղրիի պատմական հատվածը:
 
 
 
 
 
 
 
 
Փոքր թաղի նեղլիկ փողոցները ընդգծում են Մեղրիի յուրահատկությունը:
«Կարևորը առաջին անգամ այցելելն է Մեղրի։ Զբոսաշրջիկը, որ եկավ Մեղրի, իր հիշողության մեջ նրան տանելու է իր հետ, գնալու է պատմի, թե որտեղ է եղել» ,- ասում է մասնագիտությամբ ճարտարապետ Արմինե Պետրոսյանը։
 
 
 
 
 
 
 
 
Քաղաքի փողոցները համեմված են հիշողությամբ, լեգենդով, Մեղրիի ձգողական մեծ ուժով։
Փոքր թաղի տարեց բնակիչները երեկոներն անցկացնում են բակերում՝ միմյանց հետ զրույցի բռնվելով։
 
 
 
 
«1982-1983 թվականներն էին, հաճախ էինք լինում Մեղրիում, պետք է քաղաքի պատմամշակութային արգելոցը նախագծեինք, այցելում էինք տներ, չափագրություններ անում։ Յոթանասուն տան չափագրություններ ունեմ պահպանված իմ անձնական արխիվում» ,- վերհիշում է Պետրոսյանը:

Մեղրիի Մեծ ու Փոքր թաղերը դեմ դիմաց են: Տեղանքի դարավանդային կառուցապատման արդյունքում Մեղրիի տների կտուրները մյուսների բակն են հանդիսանում՝ նեղլիկ փողոցներով ու ավանդական պատշգամբներով քաղաքը դարձնելով խիստ ինքնատիպ։

Առավոտները Մեղրին նարնջագույն է, երեկոները՝ մեղրագույն։

Աշնան արևն ու այգիների գույները միասին Մեղրին դարձնում են երազանքների քաղաք: Փոքր ու Մեծ թաղերի կանայք իրենց տների բակերում ու պատշգամբներում վզնոցների նման կախ են տալիս արքայանարնջի ու թզի չրերի երկարավուն շարանները։

Արմինեն ներկայացնում է Մեղրիի ճարտարապետական յուրահատկությունը. Մեծ ու Փոքր թաղերում տիպիկ զանգեզուրյան ճարտարապետության լանդշաֆտային ոճն է`տները կառուցված են ժայռերի մեջ, միմյանց են միանում փոքրիկ կածաններով։

«Մեկի տանիքը մյուսի համար բակ, ճանապարհ։ Ու ամբողջ հմայքը հենց դրա մեջ է։ Վենետիկը, չէ,՞ մեկ էլ ունի նման պատմություն։ Միջավայրը պետք է տեսնողին մտածել տա. ո՞նց է կառուցվել, ինչպե՞ս, այստեղ լեգենդ կա։ Այսօր էլ ես իմ ծրագրի հիմքում դրել եմ «Մեղրի, հիշողության վերականգնում» անվանումը, քանի որ հիշողությունն իր մեջ շատ բան է կրում։ Մեղրիում միջավայրը խորհուրդ ու մտածել տվող տարածք է»,- ասում է Պետրոսյանը։
Արմինեն արմատներով Մեղրիից չէ, սակայն ամեն ջանք գործադրում է, որպեսզի փրկի Փոքր թաղը՝ պատմամշակութային արժեք ներկայացնող բնակելի տներով: Համոզված է՝ այն կարող է դառնալ հյուրընկալության բազմաբնույթ կենտրոն` էկո, ագրո, ազգագրական, մշակութային տուրիզմի զարգացման տեսանկյունից, քանի որ արդեն կա աուտենտիկ քաղաքային միջավայր: Նրա ապագա ծրագրի մեջ են մտնում այգիները, թեյատները, ավանդական ուտեստների տները: Այս բոլորի հիմքում ընկած կլինի ավանդույթը:

2004-2008 թթ -ին Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերվել Փոքր թաղի տներից մեկը, որն էլ այսօր Արմինեի ջանքերով դարձել է Մեղրիի՝ իր տեսակի մեջ միակ «Արևիք» հյուրատունը։ Վերակառուցված հյուրատան պահպանումն ու շահագործումը հանձնվել է «Արևիք» հիմնադրամին։

«Բայց սա ավելի շատ ժողովրդական տուն է։ Փորձում ենք Հայաստանում վերականգնել ժողովրդական տունը իր բոլոր ավանդույթներով: Փոքր թաղը պահպանել է իր ճարտարապետական ինքնատիպ դիմագիծը, պատճառը` մեքենաները չեն կարողացել ներխուժել այստեղ, չեն ծամածռել, չեն կառուցապատել»,- բացատրում է Արմինեն:

«Արևիքի» շենքը նախկինում պատկանել է Մեղրիում հայտնի բժիշկ Մեժլումյանի ընտանիքին: Փոքր թաղում ապրել են քաղաքի հարուստները, այն ժամանակին համարվել է քաղաքի կենտրոնը: Այստեղ են գտնվել հիվանդանոցը, գրադարանը, այստեղ է 17-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Մեղրիի այս պատմական հատվածում այսօր ապրում է 65 ընտանիք։ Բնակիչներից շատերը վերանորոգել են տները՝ արդյունքում փոփոխությունների ենթարկելով թաղի դիմագիծը: Սակայն անգամ այդ վիճակում տեսանելի են հիմնականում փայտաշեն, վանդակավոր և կամարակապ պատուհանների ու դռների դասական ձևավորումները:

Տների ներսում բուխարիներ են, փայտաշեն առաստաղներ:

2005 թվականի դեկտեմբերի 29-ին Մեղրիի Փոքր թաղը, ՀՀ կառավարության թիվ 2322-Ն որոշմամբ, ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և համարվում է հանրապետական նշանակության հուշարձան։

Իզմիրլյան հիմնադրամը նախաձեռնել է «Մեղրիի Փոքր թաղի վերածնունդ» ծրագրի իրականացումը, որի նպատակն է տեղի մշակութային ժառանգության վերականգնումն ու կիրառումը, այդ կերպ՝ քաղաքի տնտեսական ակտիվության խթանումը։

«Արդյունքում Մեղրին կդառնա եզակի կապ Հայաստանի և Արաքսի հովտում ընկած երկրների միջև՝ այդպիսով աշխարհի տարբեր անկյուններից եկող զբոսաշրջիկներին գրավելով իր պատմամշակությային արժեքներով, բնության հուշարձաններով, ինչպես նաև ժողովրդական ավանդական ու ժամանակակից փառատոներով, ազգագրական սովորույթներով ու կյանքով» ,- ասում է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Բաբկեն Բաբայանը։
 
 
 
 
«Արևիք» հյուրատան մուտքի մոտով անցնող աստիճանները տանում են դեպի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը գտնվում է Փոքր թաղի բարձրադիր հատվածում։
 
 
 
 
Իզմիրլյան հիմնադրամի գրասենյակի ծրագրերի ղեկավար Բաբկեն Բաբայանը և հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը «Արևիք» հյուրատան պատշգամբում քննարկում են «Փոքր թաղի վերածնունդ» ծրագրի հեռանկարները:
Ինքնատիպ կամարաձև պատուհանները պատմական Մեղրիի այցեքարտն են։
 
 
 
 
Հնաոճ իրերը զարդարում են «Արևիք» հյուրատունը։
 
 
 
 
 
 
 
 
Հյուրատան գողտրիկ պատուհանից տեսանելի է Մեղրիի Մեծ թաղը։
 
 
 
 
Հայկական ավանդական միջավայրում են ընթրելու հավաքվում «Արևիք»-ի հյուրերը։
Կնոջ կերպարանքով կավե աղամաններ:
 
 
 
 
«Արևիք» հյուրատան բաց տանիքով պատշգամբը , որտեղից տեսանելի է Սուրբ Հովհաննես եկեղեցին։
 
 
 
 
Չորացրած կարմիր պղպեղ ձմեռային խոհանոցի համար։
 
 
 
 
Ըստ Մեղրիի համայնքապետարանի տվյալների, Մեղրիի շրջանում կա ընդամենը 11 փոքր հյուրանոց և հյուրատուն, որոնք բոլորը միասին ունեն 170 սենյակ, 171 մահճակալ, մինչդեռ հյուրերի՝ տարեկան միջին թիվը կազմում է 6580 մարդ։

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստան է այցելել մոտ 220 հազար իրանցի: Դա նշանակում է 16%-ով ավելի 2016 թվականի ցուցանիշից (մոտ 185 հազար), ինչն էլ ենթադրում է, որ Մեղրիի շրջանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, սակայն չունի հնարավորություն հյուրընկալելու իրանցի զբոսաշրջիկների անգամ մեկ երրորդին, ինչի պատճառով նրանք գերադասում են մեկնել այլ քաղաքներ կամ՝ ուղիղ Երևան։

«Տուրիստական կազմակերպություններն ամեն անգամ մինչև քսան հոգու քնելատեղ են ուզում, մենք չենք կարողանում այդքանը տրամադրել։ «Արևիք»-ում ամենաշատը ութից տաս քնելատեղ ունենք, բայց անգամ այդ պայմաններում մեծ թվով հյուրեր ենք ընդունում։ Այսինքն, չկա այդ ենթակառուցվածքը։ Բիզնես ներդրումներ չեն կատարվում, ասում են՝ հեռու է ու մտածում որ լավ չի աշխատի», - ասում է Բաբկեն Բաբայանը։

«Մեղրիի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից`զարգացման պլանավորում, Փոքր թաղի վերակառուցում, կարողությունների զարգացում և Մեղրին, որպես զբոսաշրջության նոր ուղղության խթանում։

Զարգացման պլանավորումը ենթադրում է ստեղծել մասնագիտական մի հենքի ստեղծում, որի արդյունքում փորձ կարվի մշակութային-ազգագրական հյուրընկալությունը տեղափոխել ու զարգացնել «Փոքր թաղի» ժողովրդական տներում՝ հիմքում ունենալով հիշողությունը, տեսողական ավանդույթներն ու դրանց նորովի վերականգնման ուղղված գործողությունները։

«Երկիրը չեն կարող հիշել, եթե տպավորություն չի թողնում։

Մեր նպատակն է կյանք ու շունչ հաղորդել տներին, կենդանացնել այս միջավայրը, որպեսզի հյուրընկալվողը ցանկանա այստեղ ապրել։ Սկզբում հարկավոր է միջավայրը ստեղծել ու նոր մտածել զբոսաշրջիկի մասին։ Իսկ եթե նա գալիս է ու տեսնում այդ միջավայրը, ապա հարգում է քեզ, քանի որ հասկանում է, որ դա արված չէ իր մեկ գիշերակացի համար, այլ արվել է երկիրը պահպանելու համար», - ասում է Արմինե Պետրոսյանը։
Ծրագրի հաջորդ բաղադրիչը ենթադրում է Փոքր թաղի վերակառուցումը, որի շրջանակներում մշակվելու են թաղի 19-20 դդ. պատմական տների վերակառուցման, ենթակառուցվածքների և բարեկարգման աշխատանքների նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը։ Արդյունքում պատմական տները կվերակառուցվեն՝ պահպանելով հնագույն ճարտարապետությունը և ներքին կահավորումը: Հիմք է ընդունվելու գլխավոր հատակագիծը։

Իզմիրլյան հիմնադրամի գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը նշում է, որ ծրագիրն ամբողջապես իրականացնելու համար վեց միլիոն դոլարի չափ ներդրում է անհրաժեշտ, ինչի համար հիմնադրամը ներկայումս ընդլայնում է ծրագիրը`համագործակցել միջազգային դոնոր կառույցների հետ նպատակ ունենալով Մեղրին դարձնել տուրիզմի համար գրավիչ կենտրոն։

Ծրագրի մի բաղադրիչով էլ նախատեսվում է զարգացնել տեղացիների հմտությունները: Կիրականացվեն դասընթացներ տեղի բնակչության համար` զբոսաշրջության ոլորտի աշխատողներ հյուրատան աշխատակիցներ, սպասավորներ, զբոսավարներ պատրաստելու համար։ Դասընթացները կլինեն հուշանվերների արտադրության ու փաթեթավորման, ավանդական սննդի, գինու ու չրերի արտադրության, տեքստիլ արվեստի, ձեռագործ աշխատանքերի, ազգագրական տարազների վերաբերյալ։

Բաբկեն Բաբայանը նշում է՝ մեղրեցիները կտեսնեն, որ պահպանվում է սեփական քաղաքի պատմամշակութային ժառանգությունը և արժեքները: Երկրորդ ազդեցությունն այն կլինի, որ մարդիկ իրենք կներգրավվեն քաղաքի զարգացման կյանքում։
 
 
 
 
Մեծ թաղը` «Արևիք» հյուրատան պատշգամբից:
Հյուրատան պատշգամբի յուրահատուկ նախշերը։
 
 
 
 
 
 
 
 
Փոքր թաղի պատշգամբներն` իրարից տարբեր ու իրար նման:
 
 
 
 
Նեղլիկ փողոցներն ու հին պատշգամբները բնորոշ են նաև Մեղրիի Մեծ թաղին, որը նույնպես ունի պահպանման ու վերակառուցման կարիք։

«Փոքր թաղի բնակիչները մասնակցել են մեր այցելություններին, լսել են մեր առաջարկությունները, ինչպե՞ս են տեսնում իրենց փոքր թաղի զարգացումը։ Որոշ մարդիկ արդեն իսկ աշխատում են արդեն գործող հյուրատանը։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացումից հետո էլ ավելի շատ տեղացիներ կաշխատեն վերականգնվող տներում, որոնք կլինեն գործառնական տարբեր նշանակության` հյուրատներ, ազգային ուտեստների տներ, արհեսատգործական կենտրոններ, հնարավոր է ստեղծվեն կանանց խմբեր, կոոպերատիվներ, այս ծրագրի իրականացման շրջականերում տեղի բնակչության կյանքը կտրուկ կփոխվի», - ասում է Բաբկեն Բաբայանը։

Լուսինե Գալաջյանն էլ նշում է, որ ծրագիրը սոցիալական է, ինչը նշանակում է, որ հետագայում ծրագիրը ինքն իրեն պետք է կարողանա պահել։

Իզմիրլյան հիմնադրամը արդեն քսանհինգ տարի Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք բացառապես բարեգործական են։ Մինչդեռ այս ծրագիրը ներդրումային սոցիալական ծրագիր է, որի նպատակն է աջակցել Մեղրի քաղաքին դառնալու եզակի կապ Հայաստանի և Արաքսի հովտում գտնվող երկրների միջև` այդպիսով գրավելով ողջ տարածաշրջանի զբոսաշրջիկներին իր պատմամշակութային ժառանգությամբ. բնության հուշարձաններով, ինչպես նաև ավանդական և ժամանակակից ժողովրդական փառատոններով, էթնիկ սովորույթներով և կյանքով։
Փոքր թաղի կառուցապատման առաջարկը Իզմիրլյան հիմնադրամի կողմից։
Ծրագրի մի բաղադրիչն էլ նախատեսում է Մեղրին զբոսաշրջության նոր ուղղություն դարձնելը։

Բաբկեն Բաբայանը նշում է, որ իրենք դիտարկել են ամբողջ մարզը և փորձելու են Մեղրիում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ զբոսաշրջիկների մեկ գիշերակացով չի սահմանափակվի տուրիզմի զարգացումը։

«Բացահայտելվու է ամբողջ տարածաշրջանի պոտենցիալը, մշակվելու են նոր տուրիստական ուղիներ, այցելությունների նոր վայրեր։ Մեղրի տարածաշրջանում են «Արևիկ» ազգային պարկը, Շիկահողը, պատմամշակությային հրաշալի հուշարձաններ կան։ Հարևան գյուղերում զբոսաշրջիկը կտեսնի գյուղերի նիստուկացը, կծանոթանա գյուղի կենցաղին։ B&B-ներ կլինեն նաև գյուղերում», - ներկայացնում է Բաբայանը։

Մեղրիի տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացնում է Իրանի հետ սահմանակից լինելը։ Հայաստանցի զբոսաշրջիկները հայ-իրանական պետական սահմանը հատելուց հետո ընդամենը երկու ժամում հասնում են Ջուլֆա քաղաքի Սուրբ Ստեփանոս վանք, այցելում Սուրբ Մարիամ Աստվածածին և Հովվի եկեղեցիներ:

«Դիտարկում ենք զբոսաշրջիկների մուտքը ոչ միայն Իրանից` Մեղրի, այլ նաև Մեղրիից` Իրան», - ասում է Լուսինե Գալաջյանը։

Ծրագիրը հնարավորություն կտա ներկայացնել Մեղրին, որպես առանցքային տարածաշրջան Հայաստանում, երկրի հարավային դարպաս`արևելքից արևմուտք, իրանական քաղաքակրթությունից՝ հայկականը, Մետաքսի ճանապարհի հայկական երթուղիների դարպաս։

Ծրագիրը համահունչ է կառավարության 2012-2030 թթ. կայուն զարգացման ռազմավարությանը, որն ընդգծում է զբոսաշրջության զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը, որպես զարգացման հիմնական խթան։ Ըստ Բաբկեն Բաբայանի, եթե հաջողվի համագործակցել կարողացան այլ՝ գործընկեր դոնոր կազմակերպությունների հետ, ապա ծրագիրը հնարավոր կլինի ավարտին հասցնել երեքից հինգ տարում։
~
~