Հավերժ միջնադար

Եկեղեցական ճարտարապետությունը Հայաստանում զարգացում չի ապրում
Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների ընթացքում կառուցվել է մոտ 100 եկեղեցի, ու գրեթե բոլորը կրկնում են հայկական միջնադարյան ճարտարապետության օրինակները:
Լրագրող

Լուսանկարները ՝
Գայանե Միրզոյան/Urbanista
Եկեղեցիները հայ ժողովրդի պատմության ընթացքում եղել են ճարտարապետական մտքի զարգացման արտացոլումը: Հենց եկեղեցիների կառուցման ժամանակ էին կիրառվում ժամանակաշրջանի շինարարական և ճարտարապետական նորագույն լուծումները: Հայ ճարտարապետները չէին վախենում իրականացնել նորարական գաղափարներ: Այդպիսի օրինակներ են Զվարթնոցը, Գեղարդը կամ Անիի տաճարը, որի ինտերիերի սկզբունքները, եվրոպական գիտնականների կարծիքով, XII—XIV դդ. զարգացում ստացան եվրոպական գոթական ճարտարապետության մեջ:

Սակայն դարեր շարունակ Հայաստանում ժամանակը կարծես կանգ է առել եկեղեցական ճարտարապետության համար: 21-րդ դարում ևս Հայաստանի եկեղեցիները կառուցվում են միջնադարյան կանոնի համաձայն: Մինչդեռ եկեղեցաշինությունը աշխարհում զարգանում է ընդհանուր ճարտարապետության հետ համընթաց:

Հայկական եկեղեցու նոր կերպարը
Ճարտարապետ Վահան Սարգսյանը 2015 թվականին մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նախատեսվող նոր եկեղեցու կառուցման ճարտարապետական փակ մրցույթին: Սարգսյանի առաջարկած մակետը ժամանակակից ճարտարապետության նմուշ է:
Նա հրաժարվել է այն պատկերացումից, որ եկեղեցին պետք է լինի կենտրոնագմբեթ՝ նախագծելով շինությունն իբրև հարմար և ժամանակակից կառույց հոգեհանգստյան պատարագներ մատուցելու համար: Նախագծված եկեղեցին ունի երկու մակարդակ, որոնցից առաջինում նախամուտքն է՝ կից մոմավառության տարածքով, աղոթարանի ստորին սրահը և խորանը: Ավանդատները, որոնք երկուսն են, տեղադրված են խորանի ետնամասում՝ երկու մակարդակի վրա: Եկեղեցու և թանգարանային կառույցները միմյանց են կապվում ներքին աստիճանավանդակով: Այս նախագիծը մերժվել է:

«Աշխարհում եկեղեցաշինության զարգացումը կարելի է համեմատել համերգասրահների կառուցման հետ: Ավելի շատ տեխնիկական միջոցներ են ներառվում ավելի կոմֆորտային պայմաններ ստեղծելու համար: Օրինակ, ակուստիկան, օդափոխությունը՝ պետք է կառույցը համապատասխանի այդ չափանիշներին»,- ասում է Վահան Սարգսյանը:
«Սարգսյանի խոսքով, Հայաստանում եկեղեցաշինությունը կառչել է 14-րդ դարից, ու մենք ոչ մի կերպ չենք ուզում նոր եկեղեցիներ կառուցել: Ամենակարևորն այդ հարցում այն է, որ այդպիսի պահանջ իրականում չկա ոչ պատվիրատուի (որը հիմնականում Հայաստանյայց առաքելական եկեղեցին է), ոչ հասարակության, ոչ էլ ճարտարապետի (որը հաճախ պարզապես պատրաստ չէ կոնֆլիկտի) կողմից:

«Հասարակության շատ փոքր շրջան է զգում, որ այստեղ ինչ որ բան այն չէ», - կարծում է նա:


Ճարտարապետներ Մարիամ Այվազյանը և Ռուբեն Հասրաթյանը, պահպանելով եկեղեցական ավանդական ֆորմաները, 2011 թվականին նախագծել են մի եկեղեցի, որը նորարարական է իր ճարտարապետական լուծումներով: Եկեղեցու նյութը բետոնն է, կառույցն ունի ուղղահայաց, երկար ու նեղ պատուհաններ, որոնք խորհրդավոր տեսք են հաղորդում ինտերիերին: Նախագիծն արվել է պատվերով, սակայն այդպես էլ չի կառուցվել՝ պատվիրատուի անձնական հանգամանքների պատճառով: Այնուամենայնիվ, եկեղեցու այս գաղափարը մասնակցել է հայկական Բիենալե մրցույթին և մրցանակի արժանացել:

«19-րդ դարից մինչ այսօր հայկական եկեղեցիները աղավաղված, շատ տխուր վիճակում են: Չի կարելի անընդհատ փորձել հինը կրկնօրինակել և կրկնօրինակել շատ վատ: Շատ հաճախ պատվիրատուի ցանկությունն է լինում այդպիսին եկեղեցիներ կառուցել: Նրանք ուղղակի չեն պատկերացնում, որ եկեղեցին կարող է լինել ուրիշ ոճի, և ճարտարապետները ստիպված անում են այն, ինչ պատվիրատուն է ուզում», - ասում է ճարտարապետ Մարիամ Այվազյանը:
Կանոնի թելադրողը
Եկեղեցաշինական նախագծերի հաստատման որոշումները կայացնում է ամենայն հայոց կաթողիկոսի խորհրդական մարմինը: Իսկ եթե եկեղեցին կառուցվելու է պատմական վայրում, ապա այն դրվում է նաև մշակույթի նախարարության քննարկմանը:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ճարտարապետա-շինարարական բաժնի շինարարական ծրագրերի իրականացման ենթաբաժնի տնօրեն Գրիգոր Նալբանդյանը նշում է, որ եկեղեցական ճարտարապետության մեջ ցանկացած փոփոխություն պատկանում է Գերագույն հոգևոր խորհրդին:

«Պատվիրատուն է որոշում եկեղեցու չափերը, հիմնականում՝ թելադրված համայնքի բնակչության, հավատացյալների քանակից, նաև ոճական առումով որոշումը պատվիրատուինն է: Կախված եկեղեցու նշանակությունից, նախագիծը հաստատվում է Վեհափառ Հայրապետի կողմից», - ասում է Գրիգոր Նալբանդյանը:

Նորակառույց եկեղեցիներում միակ փոփոխությունը Գրիգոր Նալբանդյանը տեսնում է չափերում. օրինակ՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (Ստեփան Քյուրքչյան, 2001թ.) չափսերով մեծ է, միջնադարում նման եկեղեցիներ չկային:

Գրիգոր Նալբանդյան
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի շինարարական ծրագրերի իրականացման ենթաբաժնի տնօրեն
«Մեզ մոտ քարի ճարտարապետության իմիտացիան է ամենուր: Եթե մենք չազատվենք մեր ավանդական ճարտարապետական բեռից, մեզ մոտ ճարտարապետական զարգացում չի լինի: Միջանադարյան ճարտարապետական բեռը այնքան շատ է, որ հեշտ չի լինի դրանից առանձնանալ, այդ իսկ պատճառով անընդհատ դրա իմպրովիզացիաներն են լինում՝ մի քիչ հաջող, մի քիչ՝ անհաջող»:


Հետաքրքիր է, որ դրա հետ մեկտեղ հենց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում վերջին տարիներին մի շարք համարձակ ճարտարապետական նախագծեր են իրականացվել: Դրանց թվում է Մայր Աթոռի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, որը ձևով իրենից ներկայացնում է մի հսկա ցիլինդր: Այն կառուցել է 2011 թվականին հայկական մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ, Երևանի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկի՝ Կասկադի հեղինակ Ջիմ Թորոսյանը: Դա վարպետի վերջին աշխատանքն է: Նալբանդյանի խոսքով, այս նախագիծը ոգեշնչված էր Զվարթնոցի տաճարով:

Ոչ պակաս ժամանակակից է Էջմիածնի Մատենադարանի շենքը (Արտակ Ղուլյան, 2012թ.), ինչպես նաև՝ Մայր Աթոռի մատուռ-մկրտարանը(Ջիմ Թորոսյան, 2008թ.), սբ. Գրիգոր Լուսավորչի դարպասն ու բաց խորանը՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Ռոմեո Ջուլհակյանի համատեղ աշխատանքը:
Մայր Աթոռի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին (Ջիմ Թորոսյան) ու բաց խորանը (Ջիմ Թորոսյան և Ռոմեո Ջուլհակյան):



Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը գտնում է, որ եկեղեցական ճարտարապետության զարգացման ընթացքի վրա ուղղակիորեն ազդեցություն են ունեցել պատմական իրադարձությունները: Մասնավորապես նաև այն փաստը, որ Հայաստանը 70 տարի եղել է Խորհրդային Միության կազմում, որտեղ մերժվում էր կրոնը. աստվածամերժության տարիներին պարսավելի էր եկեղեցի հաճախելը, պաշտամունքային նոր շինություններ չէին կառուցվում, եղածներն օգտագործվում էին իբրև պահեստներ կամ տնտեսական նշանակության այլ շինություններ:

«Եկեղեցական ճարտարապետության զարգացումը 13-14-րդ դարերից հետո ընդհատումներով է եղել: Մեզ մոտ բացթողումը այնքան մեծ է, որ հասարակության զարգացումը և քաղաքացիական ճարտարապետության զարգացումը շատ ավելի առաջ է գնացել, քան պաշտամունքային շենքերի ճարտարապետությունը: Ի վերջո նա էլ կամաց-կամաց պետք է գա հասնի, հավասարվի այսօրվա մեր ճարտարապետության զարգացվածության մակարդակին, որից հետո կսկսի նորարական նորամուծություններ կիրառվել եկեղեցական ճարտարապետության մեջ»,- ասում է Արա Վարդանյանը:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
գրադարան-ձեռագրատունը, ճարտ.՝ Արտակ Ղուլյան:
Ֆորմալիզմի վանդակում
Ճարտարապետության պատմագետ Մանվել Սարգսյանը համոզված է, որ ինչպիսի մոտեցում կա եկեղեցաշինության մեջ, նույնպիսի մոտեցում էլ հավատքի և եկեղեցու հանդեպ ձևավորվում է հասարակությունում:



«Ֆունկցիան է թելադրում ֆորման»,- ասում է նա ու հիշեցնում՝ միջնադարում եկեղեցիներն ու վանքերը կառուցվել են այնպես, ինչպես ամբողջ քաղաքն էր կառուցված. «Այն ժամանակ ֆորմալիզմ չի եղել, այլ եղել են ունիվերսալ ֆորմաներ», - ասում է նա:

Մանվել Սարգսյանը նորակառույց եկեղեցիներից առանձնացնում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին (ճարտ. Ասլան Մխիթարյան, 1998 թ), որտեղ փորձ է արվել դուրս գալ ավանդական մոտեցումներից: Սակայն մեկ օրինակով ամբողջական պատկերը չի փոխվում:

Պատմագետը նշում է, որ միջնադարում նույնպես զարգացնում էին կոնստրուկցիան և պլաստիկան՝ պահպանելով կանոնը: Այս պարագայում շատ կարևոր էր, թե ով էր կառույցի պատվիրատուն և ինչ քաղաքական համակարգ գոյություն ուներ տվյալ երկրում: Մանվել Սարգսյանը օրինակ է բերում Պարսկաստանում կառուցված հայկական եկեղեցիները. դրանք մզկիթի էլեմենտներ են պարունակում, քանի որ պատվիրատուն պարսից շահն էր:

Հայաստանում կենտրոնագմբեթ եկեղեցիները հաստատվեցին վաղ միջնադարում: Իսկ դեռ 5-րդ դարում բազիլիկ եկեղեցիները աշխարհիկ շինություններ էին հիշեցնում, նման էին մեծ դահլիճների: Պատմագետը նշում է՝ այսպիսի ճարտարապետությունը նպատակ ուներ ժողովրդի լայն զանգվածներ տեղավորել եկեղեցում: Իսկ արդեն զարգացած միջնադարում այդ խնդիրը չկար, կային փոքր եկեղեցիներ, որտեղ շատ ավելի կարևոր էր աղոթական մթնոլորտը:
Հայացք դեպի ապագա
2012 թվականի փետրվարին «Այբ» կրթական հիմնադրամը հայտարարել էր իր կրթական ավանի տարածքում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթ:
Մրցույթին մասնակցել են 100-ից ավելի ճարտարապետական նախագծեր, որոնց մեջ մեծ քանակով նոր մոտեցումներ կային: Դրանք ցույց տվեցին, թե ինչպես են պատկերացնում եկեղեցաշինության զարգացումը արդի հայ ճարտարապետները:

Հեղինակավոր ճարտարապետներից և հոգևորականներից բաղկացած ժյուրին սկզբում մրցութային կարգով ընտրել է երեք նախագիծ: «Այբ» կրթական հիմնադրամը, վերջնական որոշում կայացնելով, նախապատվությունը տվել է Էրիկ Օհանյանի նախագծին, ըստ որի էլ պետք է կառուցվի կրթահամալիրի տարածքի եկեղեցին:
«Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության բաժնի ղեկավար Աննա Վելիցյանը նշում է, որ դպրոցը առաջնորդվել է նաև այն հանգամանքով, թե որքանով իրական կլինի այդ նախագծերը կյանքի կոչել:

Այժմ եկեղեցու շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են մարդկային ռեսուրսի խնդրի պատճառով, քանի որ կառուցվում է «Այբ»-ի երրորդ մասնաշենքը: Սակայն եկեղեցու հիմքն արդեն փորված է և օրհնված Վեհափառ Հայրապետի կողմից:

«Մենք սպասում էինք, որ նորարարական եկեղեցիների պրոեկտներ կլինեն: Այն եկեղեցին, որն ընտրվեց, կարելի է ասել՝ հետաքրքիր խառնուրդ է ավանդականի և ժամանակակցի: Եկեղեցին կազմված է 25 բացված գրքերից, որոնք 25 Սուրբ Թարգմանիչների հիշատակության խորհուրդն են իրենց մեջ կրում: Եկեղեցուն կից կան նաև համայնքային կենտրոն և աստվածաբանական մեծ գրադարան»,- ասում է Աննա Վելիցյանը:
~