Կյանքը Մոլդովական փողոցի վրա
Աննա Խաչատրյան
ճարտարապետ
Հայաստանի հանրապետությունն իբրև փախստականներ ընդունող երկիր հանձն է առել ապահովել կոնվենցիայի առաջադրած պայմանները: Դրանցից են փախստականներին կացարանի տրամադրումը և ինտեգրման նպաստավոր պայմանների ստեղծումը:
Բացի միգրանտների լեզվական և մշակութային խոչնդոտները, նոր միջավայրի և հանրության մասին անբավարար գիտելիքները, ինտեգրման արգելք կարող է դառնալ խտրականությունը՝ պայմանավորված այն մտածելակերպով, որ միգրանտները սպառում են տեղաբնակների կարիքները հոգալու համար նախատեսված ռեսուրսները և արտոնությունները:

Արդյունքում քաղաքային միջավայրում ձևավորվում են տարանջատված կլաստերներ և ստեղծվում է ատելության մթնոլորտ: Խնդիրը հնարավոր է լուծել բարելավման գործընթացում` տեղաբնակների և միգրանտների ուժերը համատեղելու միջոցով:

Եթե քաղաքներն ընդունեն մասնակցային պլանավորման անհրաժեշտությունը, ուշադրություն դարձնելով տեղաբնակների և միգրանտների կարիքներին, քաղաքային միջավայրի ձևավորման և բարելավման խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն:


Դիտարկենք Մոլդովական փ. 29/1-29/5 շենքերի հարակից տարածքը, ավելի ճիշտ, նախկին հանրակացարանային շենքերից երկուսը (29/1-29/2), որոնց հարակից տարածքը գտնվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ենթակայության տակ և օգտագործվում է ինտեգրման տան կողմից (UNHCR):
Խիտ բնակեցված շենքերի բակերն անբարեկարգ են, որպես կայանատեղի օգտագործվում են գլխավոր մուտքային հարթակները և ընդհանուր կանաչ տարածքը:
 
 
 
 
Արտահայտիչ ռելիեֆային պայմանների պատճառով տարածքը հարմարեցված չէ սահմանափակ շարժողական խնդիրներ ունեցող բնակիչների և տարեցների համար:
 
 
 
 
Որոշ տարածքներ ապօրինի սեփականաշնորհվել են և ցանկապատվել, տարածքում հայտնվել են առեվտրի կետեր, չնախատեսված կայանատեղիներ։ Մինչդեռ բոլորի համար նախատեսված հանրային տարածքում հնարավոր է կազմակերպել հանգստի կամ ժամանցի գոտի։
 
 
 
 
 
 
Բնակիչները նախընտրում են շփվել նույն շենքում ապրող հարևանների հետ։
 
 
Սակայն երեխաները ջնջում են այդ «սահմանագծերը»՝ օգտագործելով հինգ շենքերին պատկանող բակային տարածքը: Երեխաների համար որոշ չափով հարմարեցված է առաջին և երկրորդ շենքերի անկյունային հատվածը:
 
 
 
 
Այստեղ Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի օգնությամբ կազմակերպվել է խաղահրապարակ, վերանորոգվել է բակային տաղավարը:
 
 
 
 
Հարմարեցված տարածքն ակտիվ օգտագործվում է նաև ցայտաղբյուրի շնորհիվ։ Դիտարկումները ցույց տվեցին, որ երեխաները սիրում են ջրով խաղալ։
 
 
 
 
Այստեղ են կազմակերպվում երեխաների հետ Կարմիր Խաչի աշխատակիցների ընթացիկ հանդիպումները:
 
 
 
 
Խաղահրապարակը, որը բակային ընդհանուր «այգու» միակ նպատակային օգտագործվող տարածքն է, օրվա մեծ մասը չի կիրառվում։
 
 
 
 
 
 
 
 
Տարածքը պաշտպանված չէ արևի ուղիղ ճառագայթներից, հետևաբար, այնտեղ կյանքն ակտիվանում է միջօրեից հետո: Հովն ընկնելուն պես ճոճանակներն զբաղեցնում են երեխաները, իսկ հարակից նստարանները` փոքրերին հետևող մեծերը:
Ստեղծված բարեկարգ միջավայրի անդորրը խաթարում է չափազանց մոտ գտնվող գերեզմանոցը։ Ծնողների սարսափն առաջացնող տարածքը երեխաների համար խաղահրապարակի շարունակությունն է, իսկ որոշ ներգաղթյալների համար՝ հանգստի, զրույցի և հարազատների հետ հեռակապ անելու վայր: