Նոթեր սոցիոլոգի
դաշտային օրագրից
«Քաղաքներն ինչ-որ բան բոլորի համար ապահովելու հնարավորություն ունեն միայն այն դեպքում, եթե դրանք կառուցվեն բոլորի կողմից»:

Ջեյն Ջեյքըբս
ուրբանիստ

Շուշան Հարությունյան
սոցիոլոգ
Մեզանից շատերը հավանաբար երբեք չեն մտածել այն մասին, թե ինչպես է տեղը, որտեղ ապրում ենք, ազդում մեր կյանքի վրա, ինչպե՞ս է դառնում մեր ինքնության մի մաս, ինչպե՞ս ենք մեզ և ուրիշներին ճանաչում այն վայրերի միջոցով, որտեղ սովորաբար լինում ենք:


20-րդ դարի 60-70-ական թվականներին մոդեռնիստական ճարտարապետւթյան քննադատությամբ քաղաքաշինության մեջ առաջացավ նոր ուղղություն, որի ներկայացուցիչները պնդում էին, թե մեծ կենտրոնացում պիտի լինի բնակչության վրա, և տարածություն սպառողները պետք է մասնակցեն տարածության պլանավորման գործընթացում:

Տարածության մասնակցային պլանավորումը ենթադրում է, որ մարդկանց կարիքները պետք է հաշվի առնվեն, սակայն հաճախ մարդիկ դժվարանում են ձևակերպել իրենց իրական կարիքները: Քաղաքների մասնակցային պլանավորումը տարբեր ընթացակարգեր է ենթադրում: Տարբերակներից մեկը հետազոտությունների միջոցով մարդկանց մասնակից դարձնելն է։ Երբ հետազոտում ենք մարդկանց կյանքը, մենք օգնում ենք, որ հասարակության տարբեր խմբեր ավելի լսելի դառնան:


ճարտարապետ Աննա Խաչատրյանը և սոցիոլոգ Շուշանիկ Հարությունյանը
Սոցիոլոգիայի խնդիրը նաև այդ չգիտակցված կամ չլսված կարիքները որոշում կայացնողների համար ձևակերպելն Է: Սակայն հետազոտությունների հանրայնացումը խնդրահարույց թեմա է՝ մարդկանց անձնական տվյալների հրապարակման էթիկական խնդիրներից մինչև լեզվի մատչելիություն:

Հայաստանում դեռևս տարածված չէ ճարտարապետների և սոցիոլոգների համատեղ աշխատանքի պրակտիկան։ Մոլդովականի հանրակացարանների հանրային տարածքի կարիքների ճշգրտումը փորձարարական մոտեցմամբ կատարել ենք երկուսով։ Մեկս սոցիոլոգ է, մյուսը՝ ճարտարապետ։
Մոլդովական փողոցի նախկին հանրակացարանների շենքի ներսում
- Դու դիտարկում ես մարդկանց, բայց հիշի, որ իրանք էլ քեզ են դիտարկում: Աշխատի աննկատ մնալ, մի խոսի բնակիչների հետ: Երբ ինչ-որ բան են հարցնում՝ կարճ կապի։ Էս չընդգրկված դիտարկում ա, - բացատրում եմ ես:

Մի քիչ հետո Աննան ոգևորված գալիս ա.
-Լսի, նենց հետաքրքիր բան եմ տեսել. դու հաստատ չէիր նկատի, ոչ մի սոցիոլոգ, երազեր էլ, չէր տեսնի…

-Աննա, դու կարաս ինձ հիմա ջազից պատմես, բայց ոչ նրանից, ինչ տեսել ես էս տարածքում։ Գնա դիտարկի, խոսել չի կարելի, հետո կքննարկենք,-ջղայնացած ասում եմ Աննային, գնում մի կողմ:


Աննան անցնում ա մի անկյուն ու սկսում անել այն, ինչ ասել եմ, չնայած, մեղմ ասած, հեչ սրտով չի. մեծ հաճույքով երևի ինձ կսպաներ այդ պահին:

Աննան ճարտարապետ ա: Կես տարի առաջ ծանոթացանք, հետո սկսեցինք մտքերով կիսվել, իրար հետաքրքիր գրքեր ուղարկել, տարբեր իվենթների գնալ: Հիմա միասին հանրային տարածքների հետ կապված մի նախագծի վրա ենք աշխատում։ Այն, ինչ հեշտ էր թվում սկզբում, իրականում «պատերազմների» առիթ է դառնում, որովհետև «դու էս սրբազնագույն հանույթներից բան չես հասկանում», «իսկ Կոնտի հոգին գերեզմանում շուռ կգա, եթե ես քո ասածով անեմ….»:

Մի քանի րոպե լռություն: Ես սկսում եմ անիծել իմ բախտը, որ Կոպենհագենում չեմ ծնվել: Ախր շա՞տ բան եմ ուզում. որ ինձ մի քիչ հասկանան, ախր…

«Ատելության չափաբաժինը» սկսում է քիչ-քիչ նվազել, ու էլի սկսում ենք երազել:
Նորից ու նորից պատմում եմ, թե ինչու է կարևոր, որ «եթե մետրը վերցնում ու չափում ես, որոշում ես էդ մարդկանց կյանքը էդ տարածությունում, շատ կարևոր է «նեղություն տալ քեզ» (նույն ինքը՝ հետազոտել) առավոտյան արթնանալ, հասկանալ, թե ոնց ա արթնանում քաղաքը: Հետո չարչարվել ու դիտարկել, թե ինչպես ա վերջին մարդը փաբից հարբած գալիս տուն, ոնց ենք դպրոց գնում, հարսանիք անում, իրար հարևաններով անպատվում, խանութում առևտուր անում, ու՞մ հետ են շփվում, ու՞մ են մերժում ու մեկուսացնում, ոնց ա տեղի ունենում կյանքը էդ տարածքում... որ երկու ժամում ֆիզիկական տարածությունը չի փոխվում, բայց կյանքը՝ «դե էն ոչ մի բանը, որ նայում ենք» շարժվում ա», ու ստիպում ա, որ նաև ֆիզիկական տարածությունը փոխվի, չնայած էդ մենք չենք նկատում էդ կարճ ժամանակում, հետո զարմանում ենք.«բա էս ապօրինի շինությունը որտեղի՞ց»...»:
Աննան երկար-բարակ պատմում է հետո` որտեղ ինչ չի կարելի, ինչու՞ ա դա «մահացու»՝ ճարտարապետության տեսանկյունից: Մի երկու տերմին եմ սովորում ճարտարապետությունից, Աննան մի քանի սոցիոլոգի անուն ա գրում հեռախոսի մեջ:

-Լսի, բայց կայֆ բան ա սոցիոլոգիան, սենց գնա լրիվ սոցիոլոգ եմ դառնալու: Բայց մեկ ա, ինձ չես հասկանում. վաղը մետրս բերելու եմ, հետս չափես, որ ինձ հասկանաս:

Հրաժեշտ ենք տալիս, որ վաղն էլի կռվենք:

Հ.Գ.Չէ, բայց լավ ա, որ Կոպենհագենում չենք ծնվել:

Թամանյանը թույն քաղաք ա գծել, բայց էդ քաղաքը էլ չկա, էդ քաղաքը շատ ուրիշ ա, ու ո՞վ ասեց, որ մենք չպիտի փոխենք մեր քաղաքը, վերաիմաստավորենք էդ տարածությունը կամ գոնե երազենք այդ մասին...