Մոլոկաններ. քաղաքային սերունդը
Մոլոկանների նոր սերունդները ծնվել ու ապրում են քաղաքային միջավայրում, որտեղ էլ շարունակում են պահպանել հինը՝ միաժամանակ փոխակերպվելով ու դառնալով քաղաքային խճանկարի մի մասնիկը:
Հերմինե Հակոբյան
լրագրող
Հրանտ Մարինոսյան
լուսանկարներ / վիդեո
Նրբագեղ, ոճային սանրվածքով, ժամանակակից հագուկապով ու արտահայտիչ հայացքով երիտասարդ կնոջը ամբոխի մեջ դժվար է չնկատել: Նա ապրում է կյանքի իր սկզբունքներով, միևնույն ժամանակ մեծ նշանակություն տալիս իր համայնքի ավանդույթներին:

«Եթե գլխաշոր չեմ կապում, ու մշտապես կիսաշրջազգեստ չեմ կրում, դա դեռ չի նշանակում, որ Աստծուն չեմ հավատում ու սարսափելի արարքներ եմ գործում»,-ասում է 39-ամյա Սվետլանա Խոմուտովան, ով Հայաստանի մոլոկան համայնքից է:

Սվետլանան ծնվել ու մեծացել է Երևանում: Նրա ընտանիքը գրեթե վեց տասնամյակ առաջ մայրաքաղաք է տեղափոխվել մոլոկանաբնակ Շորժա գյուղից:

Մոլոկան կանայք ու տղամարդիկ սովորաբար տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Ամուսնացած տղամարդիկ մորուք են պահում: Կանայք կրում են շղարշից կամ ժանյակից գլխաշոր, անպայման երկար փեշ, երբեք` տաբատ: Բացի դրանից, ունեն հատուկ հանդիսավոր հագուստ, որը հագնում են աղոթելիս, ուրախ կամ տխուր առիթներին:
 
 
 
 
39-ամյա Սվետլանա Խոմուտովան ` մոլոկան ընտանիքի երկրորդ սերունդն է, որն ապրում է քաղաքում
Չնայած փոփոխված արտաքին տեսքին, նա իր ինքնության հիմքն է համարում մոլոկանների ավանդույթն ու կենսակերպը
 
 
 
 
«Ստեղծագործական ջիղը կարող ես հայտնաբերել քո մեջ թե գյուղում, թե քաղաքում: Ինձ թվում է այն միշտ կար իմ մեջ»,- ասում է Սվետան
 
 
 
 
Դրանք անպայման բաց գույնի են` իբրև անմեղության նշան: Արտաքին տեսքի կանոնները մոլոկան համայնքում խստորեն պահպանվող ավանդույթներից են: Կանանց հագուստը կարճ ու կիպ չպետք է լինի, հայացքներ չգրավի: Խստորեն պարսավվում է այն կինը, ով խախտում է դրանք:

«Իրականում մոլոկանների հագուստը մաքրության նշանն է՝ հոգևոր իմաստով»,- բացատրում է Սվետլանան: Սակայն ինքն իր տարբերվող արտաքինով իրեն ավելի լավ է զգում:

Մոլոկանի համար անսովոր տեսքը հիմնականում թելադրում է Սվետլանայի ընտրած մասնագիտությունը, որը նույնպես բնորոշ չէ իր համայնքին: Նա հաջողակ ոճաբան-դիմահարդար է: Սվետլանան «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի արտիստների ոճաբանն էր պրեմիերայի ժամանակ:

Սվետլանան ամուսնալուծված է և ունի որդի: Մոլոկան համայնքի ավանդույթները արգելում են ամուսնալուծված տղամարդուն կամ կնոջը երկրորդ անգամ ամուսնանալ:
Մոլոկաններ. քաղաքային սերունդը
Video
Թեպետ խախտում է համայնքի շատ սովորություններ, սակայն կարծում է՝ մոլոկանների ավանդույթն ու կենսակերպը հոգևոր իմաստով ամենանախընտրելին են իր համար, քանի որ ազգային կամ կրոնական շրջանակներից դուրս են: Սվետլանայի՝ ավանդույթներից հեռանալը բարեկամներից շատերը չեն ընդունել:

«Այդ բարեկամների հետ հիմնականում չեմ շփվում: Ես չեմ կարող իրենց ասել, իրենք ճիշտ են անում, թե՞ սխալ: Եվ թույլ չեմ տալիս, որ ինձ ասեն, թե արդյո՞ք այն, ինչ ես եմ անում, ճիշտ է, թե՞ սխալ: Սա իմ ընտրությունն է, իմ կյանքը»,- ասում է Սվետլանան:
80-ամյա Աննա Կուդրյաշովան ցույց է տալիս ծնողների լուսանկարը
 
 
 
 
Անյա տատիկի եղբայրը՝ Իվան Սանդիկովը, ծոռը՝ Անդրեյը և ազգականը:
 
 
 
 
«Ամբողջ կյանքս ապրել եմ քաղաքում, այստեղից բանակ եմ գնացել եկել, ամուսնացել և մինչև հիմա ապրում եմ այստեղ: Բայց դա ոչինչ չի փոխում: Արդեն երեք դարից ավել մենք չենք փոխվում», - ասում է 57-ամյա Իվան Սանդիկովը:
 
 
 
 
Անյա տատիկի տան խոհանոցը
 
 
 
 
Թեյը և ավանդական բլիթները միշտ անպակաս են կիրակի օրերին, երբ տանը հավաքվում են բարեկամները
 
 
 
 
Անյա տատիկի ծոռների մանկական լուսանկարները
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Սովորություններն ոնց կան՝ էդպես էլ մնացել են: Ուղղակի մարդիկ են ցրվել: Մերոնցից շատերը հեռացան, երբ ռուսական դպրոցները փակեցին: Շորժայում երկու ընտանիք է մնացել»,- ասում է Անյա տատիկը:
Արդեն որերրորդ կիրակին է ՝ Սվետլանայի տատիկին այցելում են բազմաթիվ հարազատները: 80-ամյա Անյա տատիկը վատառողջ է, նույնիսկ հիվանդանոցում է պառկել:

«Եթե մեկի տանը հիվանդ կա, անպայման բոլորը հավաքվում են», - ասում է վեց թոռ և 13 ծոռ ունեցող Անյա տատը: Նրանց մեծ մասը ծնվել են քաղաքում, որտեղ փորձում են պահպանել ժամանակին համայնքներում խստորեն պարտադրվող կյանքի կանոնները:

Հյուրերից մեկը Անյա տատի վեց եղբայրներից մեկն է, մյուսը՝ հեռու ազգական: Խոսելով մոլոկանների ավանդույթների մասին, Անյա տատի եղբայրը՝ Իվան Սանդիկովը կատակով ասում է. «Մեր ավանդույթները լավն են, ուղղակի երկրորդ անգամ ամուսնանալ չի կարելի, այ, դա վատ է»:

Կիրակի մոլոկան կանայք հագնում են իրենց ավանդական զգեստները և գնում աղոթելու: Նրանց հետ է լինում նաև Անյա տատիկը, եթե հիվանդ չի լինում: Նա հպարտությամբ թվարկում է մոլոկանների ավանդույթները. «Սպանել՝ արգելում են, խմել, ծխել ու գողանալ էլ՝ չեն թողում: Եթե հարսանիք է լինում, տաշի-տուշիներ չկան: Ինքնաեռ դիր սեղանին ու թեյ խմիր, ոչ թե շիշ: Հարսանիք լինի, թե թաղում, կամ տոն, մեր սեղանին շշեր չկան: Սա է մեր սովորությունը»:


Մոլոկաններ. քաղաքային սերունդ
վիդեո
Հարցազրույցի ժամանակ արագ-արագ է խոսում, մի փոքր շտապեցնելով. նկարահանվել ավանդույթը նույնպես արգելում է, նա համաձայնվել է, բայց չի ուզում համայնքում իմանան այդ մասին:

Աննա Կուդրյաշովան (հայրական ազգանունը՝ Սանդիկովա) ծնվել է Երևանից 110 կմ հեռավորության վրա՝ Սևանա լճի մոտ գտնվող Շորժա գյուղում, որտեղ անցյալ դարի երեսնականներին բնակչության մեծ և ունևոր մասը կազմում էին մոլոկանները:

Ամուսնանալուց հետո, արդեն 1961 թվականին նա ամուսնու և երկու երեխաների հետ տեղափոխվել է Երևան՝ Քանաքեռ, որտեղ էլ ծնվել են մյուս երկու երեխաները:

Կուդրյաշովների ընտանիքի անդամները ազգությամբ մորդվի են: 19-րդ դարի կեսերից Նիկոլայ Առաջին ցարի հրամանով մոլոկանները, իբրև ուղղափառ եկեղեցուց տարբերվող աղանդ, տեղահանվել ու վերաբնակեցվել են Անդրկովկասում: Այդպես նրանք հայտնվել են նաև Հայաստանում՝ բնակվելով հիմնականում երկրի հյուսիսային մասում:

Մոլոկաններով է բնակեցված եղել այսօրվա Սևան քաղաքը, որը նախկինում կոչվել է Ելենովկա: Դիլիջան քաղաքի տարածքում գտվող Գոլովինո և Սլոբոդկա գյուղերը նույնպես բնակեցված են եղել մոլոկաններով: Իսկ Սևանի հայտնի ոլորանը կոչվել է Սեմյոնովյան, մոլոկանների Սեմյոնովկա գյուղի անունով:
Կուդրյաշովների և Սանդիկովների ընտանիքները արմատներով սերում են 19-րդ դարում հիմնադրված սկզբում Նադեժդինո, իսկ հետո ՝ Շորժա կոչված գյուղից: Հայաստան են եկել Մորդովիայից:

Դեռևս կես դար առաջ Տավուշի և Լոռու մարզերում կային մի քանի գյուղեր, որոնց բնակչությունը միատարր էր՝ ամբողջովին բաղկացած մոլոկաններից: Այդպիսի գյուղերից այժմ պահպանվել է միայն Լոռու մարզի Ֆիոլետովոն: Մոլոկանների գյուղ է եղել նաև Լերմոնտովոն, որի բնակչությունն այժմ միատարր չէ: Մոլոկանների մեջ ռուսներ կան, մորդվիներ և ուկրաինացիներ:

Խորհրդային Հայաստանում մինչև 50 հազար մոլոկան է ապրել, անկախացումից հետո մոլոկաններից շատերը արտագաղթել են Հայաստանից, ինչի արդյունքում նրանց թիվը զգալի պակասել է:

Աննա Կուդրյաշովայի ընտանիքի անդամներից շատերը նույնպես մեկնել են արտերկիր՝ հիմնականում Ռուսաստան, ԱՄՆ, ոմանք հասել են նույնիսկ հեռավոր Ավստրալիա: Իննսունականներին ինքն էլ է ցանկացել տեղափոխվել Ռուսաստան, սակայն զավակները համոզել են մնալ Հայաստանում:

«Մեծ փոփոխություններ եղան: Առաջ մարդիկ լավն էին ու հասարակ: Իննսունականներին շատ փոխվեցին: Այ հիմա, նորից առաջվա նման է, նորից ընտանիքի նման ենք դարձել, հատկապես` հայերի հետ: Ես արդեն սովորել եմ էստեղ ապրել այնպես` կարծես Շորժայում եմ ապրում»,-ասում է Աննա Կուդրյաշովան:
~
Made on
Tilda