Նոյեմբերյան համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի 2016, 2017 թվականների փաստացի և 2018 թվականի պլանավորված (առ 30.09.2018թ. ճշտված) տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Նոյեմբերյան բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) իրականացման երկրորդ փուլում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով։

Նոյեմբերյան բազմաբնակավայր համայնքի կազմում են ընդգրկվել 9 համայնք։ Բնակավայրերի թիվը նույնպես 9-ն է։ Համայնքի կենտրոն բնակավայրն է Նոյեմբերյան քաղաքը։ Նորաստեղծ համայնքում ընդգրկված համայնքների ցանկը, ինչպես նաև վերջիններիս բնակչության թվի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ստորև՝ Աղյուսակ 1-ում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է 2016թ-ի կեսերին, իսկ համայնքային իշխանությունների ընտրությունները անցկացվել են նույն թվականի սեպտեմբեր ամսին՝ կարող ենք հստակորեն ընդունել, որ դիտարկվող 2016 թվականը համարվում է անցումային տարի համայնքի համար։

Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկվում են համայնքի՝ 2016 և 2017 թվականների բյուջեների ամփոփված և 2018 թվականի պլանավորված և ճշտված նույնանուն բյուջետային տվյալները։

Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից՝ համայնքի եկամուտները տարեցտարի աճել են՝ 417.2 մլն դրամից (2016թ.) հասնելով 430.0 մլն դրամի (2018թ.)։ Ճիշտ է, աճը գումարային առումով մեծ չէ, այնուամենայնիվ դրական դինամիկան հստակ երևում է։

2016 թվականի նկատմամբ 2017 թվականի եկամուտները աճել են 5.8 մլն դրամով՝ (417.2 և 423.0 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2018 թվականի համար՝ 7.3 մլն դրամով՝ հասնելով 430.0 մլն դրամի։

2016 և 2018թ-ի ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտներ չեն գրանցվել, իսկ 2017թ-ի ընթացքում վերջիններս կազմել են 8.6 մլն դրամ կամ ամբողջի մոտ 2%-ը։ Ընդհանուր առմամբ, ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, ամբողջ եկամուտները գոյանում են բյուջեի վարչական մասում։
պլանավորված և ճշտված
Տվյալները ստացվել են համայնքային իշխանություններից՝ իրականացված հարցման միջոցով։
Հաջորդիվ՝ գծապատկերներով կներկայացնենք, թե եկամուտների կտրուկ փոփոխությունները ինչով են պայմանավորված։

Դիտարկվող տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը տարեցտարի փոփոխվել է, ընդ որում՝ բավականին նշանակալի կերպով։ Այսպես, 2016թ-ին վերջիններս կազմել են 255.5 մլն դրամ, 2017թ-ին՝ 287.7մլն դրամ, իսկ 2018թ-ին նվազել են 20.7 մլն դրամով և կազմել 267.0 մլն դրամ (Գծապատկեր 2)։
Նշենք նաև, որ համայնքը դիտարկվող տարիներին պետական բյուջեից ստացել է համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ), որոնց վերաբերյալ տվյալները ներկայացված են Գծապատկեր 3-ում։
Գծապատկեր 4-ում ներկայացված են Նոյեմբերյան համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։
Բերված տվյալներից կարելի է նկատել, որ դիտարկվող տարիների ընթացքում եկամուտների և դրա բաղադրիչների աճի հստակ դինամիկա կա։

Նշվածը հատկապես վերաբերում է փոխադրամիջոցների գույքահարկի մասով հավաքագրումներին, որտեղ տարեցտարի աճում են գրանցված մուտքերը՝ 36.7 մլն դրամից (2016թ.) դառնալով 49.4 մլն դրամ (2018թ.)։ Աճը էապես նկատելի է և կազմում է շուրջ 34.6% կամ 12.7 մլն դրամ։

Նույնը վերաբերում է թե տեղական տուրքերին, համայնքի գույքից ստացված վարձակալության, և թե հատկապես վարչական գանձումներին։ Նշենք, որ վարչական գանձումների խմբում մեծ տեսակարար կշիռ ունեն տեղական վճարները, որոնք գանձվում են համայնքի կողմից մատուցված ծառայությունների համար։

Մասնավորապես, համեմատած 2016թ-ի՝ 2017թ-ին վարչական գանձումների մուտքերը աճել են մոտ 3.9 անգամ՝ 4.9 մլն դրամից հասնելով 18.9 մլն դրամի, իսկ 2018թ-ին՝ մուտքերը 2017թ-ի նկատմամբ աճել են մոտ 1.7 անգամ կամ 12.9 մլն դրամ։

«Այլ եկամուտներ» հատվածում նույնպես ստացված գումարները որոշակիորեն աճել են՝ 2018թ-ին հասնելով 5.7 մլն դրամի՝ 2017թ-ի 1.7 մլն դրամի համեմատ։

Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Նոյեմբերյան համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 5)։
Ինչպես կարելի է նկատել գծապատկերից՝ համայնքում ծախսերի կտրուկ աճ նկատվել է միայն 2018թ-ին, իսկ 2016թ-ին և 2017թ-ին համայնքի բյուջեի ծախսային մասը գրեթե նույնն է եղել՝ 405.7 և 405.5 մլն դրամ համապատասխանաբար։ Այնինչ 2017թ-ի հետ համեմատած՝ 2018թ-ի բյուջետային ծախսերը աճել են մոտ 92.7 մլն դրամով կամ 22.8%-ով։ Ընդ որում աճ է գրանցվել բյուջեի և՛ վարչական, և՛ ֆոնդային մասերում։

2016-2018 թթ․ բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 6)։
2016
2017
2018
Նոյեմբերյան համայնքի 2016 թ. բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի ամենախոշոր մասն է կազմում (43%) ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում նաև (25%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը իրենց տեսակարար կշռով կազմում են ընդհանուրի 8%-ը։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում կատարված ծախսումները զգալի են և կազմում են ընդհանուրի 12%-ը։

Նկատելի են հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտի ծառայությունների մատուցման ծախսերը, որոնք կազմում են ընդհանուրի 8%-ը։

Աչքի ընկնող են սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, որոնք կազմում են ընդհանուրի 4%-ը, իսկ տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը չեն գերազանցում 1%-ը։

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Նոյեմբերյան համայնքի 2017 թ. բյուջետային ծախսերը
Պատկերը որոշակիորեն փոխվել է 2017 թ-ին։ Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը (39%), սակայն նախորդ տարվա համեմատ այս ոլորտում ծախսերի գումարային ծավալը նվազել է 14.1 մլն դրամով։

Զգալիորեն ավելացել են Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իրականացված ծախսերը։ Եթե նախորդ տարի դրանց գումարային ծավալը կազմում էր 30.8 մլն դրամ, ապա դիտարկվող 2017թ-ին ոլորտի ծախսերը աճել են 16 մլն դրամով՝ կազմելով ընդհանուրի 11%-ը։

Էականորեն կրճատվել են Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում կատարված ծախսերը, որոնք նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 35.2 մլն դրամով և այժմ կազմում են ընդհանուրի 4%-ը։

Հանգիստ մշակույթ, կրոն ոլորտի ծախսերը մոտավոր նույն մասնաբաժին ունեն ամբողջի մեջ, ինչ անցած տարի՝ 9%, գումարային առումով էլ աճել են 5.4 մլն դրամով։

Մոտ 33%-ով կամ 33.6 մլն դրամով աճել են Կրթության ոլորտի ծախսերը աճել են և այժմ կազմում են ընդհանուր ծախսերի 33%-ը՝ նախկին 25%-ի համեմատ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը մի փոքր նվազել են և կազմում եմ ընդհանուրի 3%-ը ։ Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը չեն գերազանցում ընդհանուրի 1%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Նոյեմբերյան համայնքի 2018 թ. բյուջետային ծախսերը
2018 թ-ին Նոյեմբերյան բազմաբնակավայր համայնքի բյուջետային ծախսերի հաստատված (ճշտված) պլանը հետևյալն է։ Որոշակիորեն աճել են նախորդ տարվա համեմատ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը՝ մոտ 5.4 մլն դրամ, սակայն ընդհանուրի մեջ ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը կտրուկ իջել է՝ 39%-ից հասնելով 33%-ի։

Նույնը վերաբերում է կրթության ոլորտի ծախսերին։ Առաջին հայացքից ոլորտի ծախսերը ընդհանուրի մեջ նվազել են 4%-ով, սակայն գումարային առումով ոլորտի ծախսերի ծավալը աճել է 7.7 մլն դրամով։

Կտրուկ ավելացել են շրջակա միջավայրի պաշտպանության վրա նախատեսվող ծախսերը։ Նախորդ 2017թ-ի նկատմամբ ծախսերը ավելացել են շուրջ 14.7 մլն դրամով, և այժմ դրանք կազմում են ընդհանուր ծախսերի 12%-ը։

Մոտավոր նույն պատկերն է նաև Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում։ Այստեղ նույնպես ծախսերը աճել են նախորդ տարվա համեմատ և այժմ կազմում են ընդհանուրի 5%-ը։

Գումարային առումով նույնն է մնացել Հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծախսերի գումարը, սակայն ընդհանուրի մեջ դրանց մասնաբաժինը մի փոքր նվազել է և այժմ ընդհանուրի 8%-ը։

Կտրուկ ավելացել են տնտեսական հարաբերությունների ոլորտում իրականացվող ծախսերը՝ շուրջ 45.5 մլն դրամով։ Նախորդի համեմատ՝ այժմ այս ոլորտի ծախսերի մասնաբաժինը կազմում է 10%՝ նախկին 1%-ի փոխարեն։

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը նույնն են, ինչ անցած տարի՝ 3%։ Դիտարկվող 2018թ-ին 2.3 մլն դրամ նախատեսվել է Պաշտպանության ոլորտում ծախսեր իրականացնելու համար։

Գծապատկեր 7-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Գծապատկեր 8-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։
Ինչպես կարելի է տեսնել՝ համայնքում մեծ կարևորություն են տալիս հիմնական ծառայությունների մատուցմանը և դիտարկվող բոլոր ոլորտներում կան նկատելի ծախսումներ։ 2016թ-ին զգալի ծախսեր են կատարվել նաև ջրամատակարարման ոլորտում։


Աղյուսակ 2-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ:
Գծապատկեր 9-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 9. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
~

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Ավելին