«Հրազդան» մարզադաշտն առանց ֆուտբոլի
Հայաստանի ամենախոշոր մարզադաշտը հինգ տարի մատնվել է անգործության. պետական աջակցության և ներդրողների սպասելիս:
Հայկական լանդշաֆտային ճարտարապետության հսկան՝ 47-ամյա «Հրազդան» մարզադաշտը Հայաստանի այլ մոդեռնիստական շինությունների նման, 2000-ականներին հանվել է մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից և հայտնվել փակուղում:
2018 թվականի հուլիսի 11-ին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց յոթ կառույցների, այդ թվում նաև «Հրազդան» մարզադաշտին` մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն: Որոշումը, սակայն պետք է դեռ պաշտոնապես հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

«Ձևավորվել է թյուր կարծիք այն մասին, որ շենքի մասնավոր սեփականություն լինելը նրան ազատում է հուշարձանի կարգավիճակից: Այդ հարցում ջանք չեն խնայել նաև շենքերի սեփականատերերը՝ դրա հետ վարվելու այնպես, ինչպես կցանկանան: Անհրաժեշտ է նշել, որ խոսքը ոչ միայն պահպանության, այլ նաև համալիր վերանայումների, հետագա գործառույթների մասին է»,-նշում է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը:

Փորձագիտական հանձնաժողովի որոշումն, Արևշատյանի համոզմամբ, սպասված էր ու կարևոր, ինչի համար երկար տարիներ պայքարել են: Նա վստահ է, որ սա միայն սկիզբն է, քանի որ Հայաստանի ողջ պատմամշակութային ժառանգությունը չի սահմանափակվում միայն վերոնշյալ 7 կառույցներով:

Հանդիսանալով նաև «Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը» նախաձեռնող խմբի համակարգող, Արևշատյանը համոզված է, որ նմանատիպ անցումային շրջանում պետությունը որոշակի մոտեցում պետք է ցուցաբերի, որը պետք է նաև չխախտի սեփականատիրոջ իրավունքները, սակայն գլխավոր նպատակ պետք է հանդիսանա պատմական հուշարձանի պահպանության հարցը:

Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAAM) պրոֆեսոր, «Մոսկվա» ամառային կինոթատրոնի և «Զվարթնոց» օդանավակայանի մասին պատմող գրքերի հեղինակ Կարեն Բալյանի համոզմամբ՝ ցանկում ընդգրկված հուշարձաններից «Հրազդան» մարզադաշտի պահպանության և վերականգնման խնդիրը հեշտ է, քանի որ այն ակնհայտ ձևափոխումների չի ենթարկվել, մինչդեռ «Ռոսիա» կինոթատրոնի հարցն ավելի լուրջ է՝ այն ռեստավրացիայի ենթարկելու համար անհրաժեշտ է ավելի շատ գումար, քան բուն շինարարության ծախսն էր:

«Շենքերի ժամանակակից ռեստավրացիայի նախագծումը շատ բարդ խնդիր է, քանի որ չկա փորձ և հստակ մեթոդոլոգիա, բացի այդ համարյա անհնար է առկա նյութերով այնպես վերականգնել, որ նույնությամբ կրկնվի շենքի նախկին տեսքը»,-մտահոգություն է հայտնում Բալյանը:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պետությունն ապահովում է հուշարձանների պահպանության եւ oգտագործման բնագավառի ֆինանսավորումը` ՀՀ պետական բյուջեով նախատեuված միջոցների հաշվին:

Սակայն նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնաuը փոխհատուցվում է oրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին ընդառաջ կառուցված մարզադաշտը այդ տարիներին քննադատության է արժանանում խորհրդային ղեկավարության կողմից։ Պատճառաբանվում էր, որ 750 հազար բնակչություն ունեցող Երևանը կարիք չունի 75 հազարանոց մարզադաշտի։

«Մասնագետներին հաջողվեց հակառակն ապացուցել՝ հիմնավորելով, որ մարզադաշտը ոչ միայն մայրաքաղաքի համար է, այլև` ամբողջ հանրապետության։ Բացումը տեղի ունեցավ 1971 թվականի մայիսին, երբ Երևանի «Արարատ»-ը հանդիպում էր Ալմա-Աթայի «Կայրաթի»-ին,-ասում է ճարտարապետ, մարզադաշտի նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը:
Ժամանակին հենց այստեղ էին 70 հազարից ավել ֆուտբոլասերներն երկրպագում սիրելի թիմին՝ «Արարատին»։
Լուսանկարը՝ Աշոտ Աղաբաբյանի արխիվից
 
 
 
 
«60-ականներին, երբ «Արարատը» սկսեց իր խաղային վերելքը և «Հանրապետական» մարզադաշտն այլևս ի վիճակի չէր տեղավորել մարդկանց հսկայական զանգվածներն, որոշում կայացվեց մարզադաշտ կառուցել Հրազդանի կիրճում» , - հիշում է ճարտարապետը:
Լուսանկարը՝ Աշոտ Աղաբաբյանի արխիվից
 
 
 
 
«Եթե չլիներ «Արարատը», չէր լինի նաև «Հրազդան» մարզադաշտը և եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը՝ չէր լինի «Արարատ» ֆուտբոլային թիմը: Վստահաբար կարող եմ ասել, որ կառույցի առկայությամբ հայկական սպորտը մեծ վերելք ապրեց», - ասում է մարզադաշտի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Լուսանկարը՝ Աշոտ Աղաբաբյանի արխիվից
 
 
 
 
Գուրգեն Մուշեղյանի մարզադաշտի նախագծային առաջարկը եղել է իր դիպլոմային աշխատանքը:
 
 
 
 
Մարզադաշտի ասիմետրիկ ձևն իր երկհարկանի տրիբունաներով պայմանավորված էր լանդշաֆտային առանձնահատկություններով:
 
 
 
 
Յուրահատուկ հորինվածքը թույլ տվեց ստանալ օպտիմալ կողմնորոշմամբ հարմարավետ տեղերի առավելագույն քանակություն, ինչպես նաև ռացիոնալ ձևով օգտագործել բնական ամֆիթատրոնը` ողջ մարզադաշտի տեղերի 40 %–ից ավելին ներառող տրիբունաների համար:
 
 
 
 
 
 
 
 
Լուսանկարում՝ «Հրազդան» մարզադաշտի հեղինակային խումբը Գուրգեն Մուշեղյան, Կորյուն Հակոբյան և Էդուարդ Թոսունյան (ձախից աջ):
Լուսանկարը՝ Գուրգեն Մուշեղյանի արխիվից
Հրազդանի կիրճում` բնական ամֆիթատրոնում մարզադաշտ կառուցելու գաղափարը այդ ժամանակվա ԽՍՀՄ սննդարդյունաբերության նախարար՝ Անաստաս Միկոյանին էր պատկանում:
Լուսանկարը՝ Աշոտ Աղաբաբյանի արխիվից
 
 
 
 
Մարզադաշտը պետք է նախատեսված լիներ այդ ժամանակ գործող սպորտային ընկերություններից` «Պիշչևիկ»-ի համար և կոչվեր հնց այդ անունով։
Լուսանկարը՝ Աշոտ Աղաբաբյանի արխիվից
 
 
 
 
Երկհարկանի արևմտյան տրիբունաների կիրառումը թույլ տվեց զգալի պակասեցնել մարզադաշտի լայնական չափը, առավելագույնս խաղադաշտին մոտեցնել վերջին շարքերը, հանդիսատեսի առջև բացել քաղաքի և ձորի գեղատեսիլ տեսարանը :
Լուսանկարը՝ Աշոտ Աղաբաբյանի արխիվից
 
 
 
 
Տեղանքն այսպիսի տեսք ուներ մարզադաշտի կառուցումից առաջ:
 
 
 
 
Հետխորհրդային Հայաստանում ֆուտբոլային ավանդույթները գնալով նվազեցին, ֆուտբոլը որպես մարզաձև կտրուկ անկում ապրեց: Ձևավորվեցին տնտեսական նոր հարաբերություններ, որից անմասն չմնաց նաև «լեգենդար» մարզադաշտը։ Սկզբում այն վարձակալությամբ տրվեց, այնուհետև վաճառվեց և վերածվեց «Հրազդան» տոնավաճառի, որն էլ մի քանի տարի անց դադարեցրեց իր գործունեությունը։

Նախկին ԽՍՀՄ տարածքում կառուցված առաջին երկհարկանի մարզադաշտը, շարունակելով մնալ Երևանի դիմագիծը, այսօր ընդհանրապես չի գործում: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ասում է. եթե պետությունը հանրային տարածքը վաճառում է, ապա պետք է պարտավորություններ սահմանի սեփականատիրոջ նկատմամբ։

«Արտաքին տեսքը հանրային սեփականություն է, իրավունք չունեն այլանդակելու այն»,-ասում է Մուշեղյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ժամանակին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում գործում էր համանուն տոնավաճառ, նշում է. մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումները չանցկացնելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ արտակարգ իրավիճակներում տարհանման անհրաժեշտության առաջացման դեպքում տոնավաճառը խանգարելու էր գործընթացի արագ իրականացմանը: Մուշեղյանի դիտարկմամբ, միջազգային պրակտիկայում մարզադաշտ-տոնավաճառ համակեցություն գոյություն չունի:
Մինչդեռ 2003թ.-ին «Հրազադան» մարզադաշտը սեփականաշնորհած Աշոտ Աղաբաբյանն, ով մինչ այդ գրեթե տաս տարի զբաղեցնում էր մարզադաշտի տնօրենի պաշտոնը, նշում է. մարզադաշտին հարակից տոնավաճառի գոյությունը աշխարհում ընդունված պրակտիկա է:

«Հենց տոնավաճառից ստացված գումարներով է, որ մենք կարողանում էինք պահել այդ հսկայական կառույցը: Տոնավաճառը գործում էր դեռևս 90-ականներից, բայց այն ժամանակ թաղային հեղինակությունների էր պատկանում։ Ես կարելի է ասել. «մաքրեցի» այն և օրինական դաշտ բերեցի»,-ասում է Աղաբաբյանը:

Տարհանման հետ կապված խնդիրներ էլ ըստ նրա մարզադաշտն երբրևէ չի ունեցել, քանի որ միջազգային ֆուտբոլային խաղերի ժամանակ տոնավաճառն ընդհանրապես չի գործել:

Այնուհանդերձ «Հրազդան» մարզադաշտի անգործության հիմնական պատճառ դարձավ այն հանգամանքը, երբ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ, HSBC բանկից 4.5 մլն ԱՄՆ դոլարի հասնող վարկ վերցրեց, 2008 թվականին տեղի ունեցող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կազմակերպչական աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար։

2008 թվականին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունները խթանելու նպատակով սկիզբ էր դրել քաղաքական մի գործընթացի, որը ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Նա հրավիրել էր այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան` դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, որը տեղի ունեցավ հենց «Հրազդան» մարզադաշտում։

«Տոնավաճառի հաշվին մարեցինք 1.5 մլն դոլարը, այնուհետև տոնավաճառի աշխատանքների դադարեցման պատճառով չկարողացանք մարել գումարի մնացած մասը և ստիպված մեզ սնանկ հայտարարեցին» ,-ասում է «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը։
Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի և համանուն տոնավաճառի սնանկության իրական պատճառը ժամանակին «ռեժիմին» դեմ գնալու իր համարձակությունն էր:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Մի քանի տարի առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նախկին նախագահ, այնուհետև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը «Հրազդան» մարզադաշտը գնելու մտադրություն հայտնեցին: Միջազգային աուդիտորները մարզադաշտի գինը սահմանեցին 130 մլն ԱՄՆ դոլար: Ես առաջարկեցի գումարի գոնե 10 տոկոսը վճարել, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշեց, որ «շատ է»: Ես էլ հրաժարվեցի վաճառել»,-ասում է Աշոտ Աղաբաբյանը։

Ըստ նրա այդ միջադեպից հետո նախկին իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի «Հրազդան» մարզադաշտի ֆինանսական հիմնական աղբյուր հանդիսացող համանուն «Հրազդան» տոնավաճառը քանդվի։

«Սկսվեցին ՊԵԿ ստուգումներ։ ԱԻՆ-ն իր հերթին տարհանման և անվտանգության հարցերի հետ կապված ստուգումներ սկսեց, զուգահեռ բացվեց «Առինջ» մոլ տոնավաճառը, որտեղ ներկայումս աշխատում են «Հրազդան» տոնավաճառի նախկին աշխատակիցների մեծ մասը: Ի վերջո հասան նրան, որ «Հրազդան» տոնավաճառը այլևս չգործեց»,-պատմում է Աղաբաբյանը:

Վերջին անգամ ֆուտբոլային հանդիպում «լեգենդար» մարզադաշտում անցկացվել է 2013 թվականին` Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների միջև։

Աղաբաբյանը նշում է, որ ըստ ՀՖՖ-ի հետ կնքած պայմանագրի, ազգային հավաքականը 20 տարի անվճար կարող է հանդիպումներ անցկացնել մարզադաշտում, սակայն հավաքականը խաղում է միայն «Հանրապետական» մարզադաշտում։

«Հրազդան» մարզադաշտում հանդիպումներ չանցկացնելու հիմնական պատճառն, ըստ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի`,մարզադաշտի ՈՒԵՖԱ-ի սահմանած միջազգային չափորոշիչներին չհամապատասխանելն է։

Մինչդեռ Աշոտ Աղաբաբյանը նշում է. վերջին տարիներին իրենք ՈՒԵՖԱ-ի որևէ ներկայացուցչի չեն տեսել մարզադաշտում: Ըստ նրա` Ռուբեն Հայրապետյանի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց առաջ ՈւԵՖԱ մարզադաշտին 5 գնահատականն էր տվել, նրա ղեկավարելուց ի վեր այդ միջազգային կառույցի որևէ ներկայացուցիչ մարզադաշտ ոտք չի դրել։

«Ինչպես ստացվեց, որ Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ մարզադաշտը համապատասխանում էր չափանիշներին, Հայաստան-Դանիա, Հայաստան-Ւտալիա խաղերին համապատասխանում էր, իսկ դրանից շատ կարճ ժամանակ անց՝ ոչ»,-ասում է նա։
Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Աշոտ Աղաբաբյանը հույսեր ունի, որ «Հրազդան» մարզադաշտի համար նոր ժամանակներ կբացվեն։ Կարևորում է նաև հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանը չպետք է ղեկավարի ՀՖՖ նախագահի պաշտոնը։

Այսօր արդեն գիտի ներդրողների, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել և հայկական ֆուտբոլն ու սպորտը նոր մակարդակի բարձրացնել։

Աղաբաբյանը նշում է, որ նախկին իշխանությունների ժամանակ ցանկացած ներդրող, ով մտադրություն ուներ որևէ ծրագիր ներկայացնել կամ ներդրում կատարել, զգուշացվում էր, որ խնդիրներ կունենա։

«Հիմա ունենք 4-5 ներդրողներ, ովքեր ուզում են բաժնեմաս գնել և ներդրումներ անել՝ վերականգնելով մարզադաշտի նախկին համբավը»,-ասում է Աղաբաբյանը։

Նրա դիտարկմամբ ցանկություն կա մարզադաշտը վերածելու սպորտային կառույցի, որտեղ կգործի թեթև ատլետիկայի մարզասրահ, խոտի հոկեյի, մինի ֆուտբոլի դաշտեր, լողավազան, բասկետբոլի, վոլեյբոլի, փետրագնդակի, թենիսի կորտեր, իսկ ֆուտբոլի ներքին առաջնությունում 20 թիմից պակաս քանակություն չի լինի։

«Հրազդան» մարզադաշտը շահագործման հանձնելուց հետո
~
Made on
Tilda