Գիշեր, թե` ցերեկ
Ասֆալտապատում՝ հետևանքը հսկայական խցանում
Ասֆալտապատումը քաղաքում դիլեմա է առաջացնում: Ո՞րն է ճանապարհները նորոգելու լավագույն ժամանակը: Ցերեկը՝ առաջացնելով մեծ խցանումներ, թե գիշերային ժամերին՝ խանգարելով բնակիչների հանգիստը:
25 տարվա փորձ ունեցող տաքսիստ Ալիկ Հակոբյանը խոստովանում է, որ մայրաքաղաքում մեքենա վարելու համար պինդ նյարդեր են անհրաժեշտ: Նրա խոսքով, ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են ցերեկը, խոչընդոտներ են ստեղծում թե քաղաքացիների, թե վարորդների համար.

«Կան փողոցներ, որ իսկապես վերանորոգման կարիք ունեն, բայց չեն նորոգվում, փոխարենը տարին մի քանի անգամ քանդում, ասֆալտապատում են այն փողոցները, որը դրա կարիքը չունի, ինչ շահից ելնելով են անում՝ չեմ կարող ասել», - կարծում է վարորդը:

Երևանի քաղաքապետարանում չեն ժխտում՝ իրենք պարբերաբար բնակիչներից և վարորդներից ստանում են բողոքներ՝ ցերեկային ժամերին ասֆալտապատման հետևանքով ստեղծված խցանումների և գիշերային ժամերին՝ շահագործվող տեխնիկայից առաջացած աղմուկի հետ կապված:



Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ճանապարհները գիշերային ժամերին նորոգելու կողմնակից է: Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունում ասֆալտապատման աշխատանքները գիշերային ժամերին տեղափոխելու հարցը քննարկվում է տարիներ շարունակ, բայց ՝ անարդյունք:

«Անընդհատ սուտ խոստումներ, պարզապես պետք է ընդունել, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը չի կարողանում կարգավորել ոլորտը և շարունակում է ցածր մակարդակով ժողովրդին սպասարկել: Այսօր Երևանում առկա են հազար ութսուն փողոցներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է յոթ հարյուր հիսուն կիլոմետր և դրանց մեծ մասը գտնվում են անմխիթար վիճակում», - ասում է Տիգրան Հովհաննիսյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից վստահեցրին, որ մայրաքաղաքի գլխավոր փողոցներում, երթևեկության ծանրաբեռնվածությունից ելնելով, ասֆալտապատման աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին:

Հարցին՝ միթե Գայի պողոտան գլխավոր փողոց չէ, իսկ այստեղ բարեկարգման աշխատանքներն արվում էին, խախտելով երթևեկության բնականոն ընթացքը, պատասխանը հետևյալն էր՝ այն գլխավոր փողոցներում, որոնք բնակելի են, ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են ցերեկային ժամերին, քանի որ բնակիչները բողոքում են շինտեխնիկայի առաջացրած գիշերային աղմուկից:
Տիգրան Հովհաննիսյանի համար անտրամաբանական է նաև այն, որ մայրաքաղաքի մի շարք փողոցներ, որոնք այդ պահին չունեն որևէ կարիք, պարբերաբար քանդվում են բարենորոգման պատրվակով.

«Օրինակ, Արշակունյաց պողոտան, որտեղ ասֆալտը անհամեմատ լավ վիճակում է, պարբերաբար քանդում են, կրկին ասֆալտապատում: Փոխարենը թող բարեկարգեն բնակելի փողոցները, տարբեր խաչմերուկներ, որտեղ արևից ասֆալտը ուռել է կամ պարզապես այնպիսի մեծ փոսեր են գոյացել, որ հնարավոր չէ առանց վնասների մեքենան վարել»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից իր հերթին վստահեցնում են, որ տարվա ընթացքում փողոցների վերանորոգված հատվածներում կրկնակի ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվում, սակայն հնարավոր է, որ ընթացիկ տարում նույն փողոցի մեկ այլ հատվածում՝ եղանակային պայմաններից կամ վթարներից առաջացած վնասվածքի դեպքերում իրականացվեն ասֆալտբետոնյա ծածկի նորոգման աշխատանքներ:
<<Վարորդի ընկեր>> ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյան
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյան
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքով, վարորդները և հասարակական տրանսպորտի ուղևորները պնդում են, որ բարեկարգման աշխատանքները պետք է իրականացվեն գիշերը, իսկ այն բնակիչները, որոնք ցանկանում են, որ այդ աշխատանքները իրականացվեն ցերեկը՝ պատճառաբանելով անքնությունը, քիչ են օգտվում տրասնպորտից՝ շաբաթական մեկ կամ երկու անգամ:

Հասարակության նման չկողմնորոշման արդյունքում քաղաքային իշխանությունը և սպասարկող ընկերությունները աշխատում են իրենց հարմար ժամերին: Ըստ Սերգեյ Ղահրամանյանի՝ օպտիմալ տարբերակը գիշերային ժամերն են: «Ավելի լավ է մեկ գիշեր վատ քնել, քան մեկ շաբաթ երթևեկել քանդած և խցանված փողոցներով», - կարծում է նա:

Բացի ժամանակի կորստից և նյարդերի քայքայումից՝ փողոցների խցանումները աղտոտում են օդը և իրապես դիպչում վարորդի գրպանին:
Լուսանկարը՝ Flickr, Petras Gagilas
Բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է՝ խցանման ժամանակ մեքենան անընդհատ կանգնում-շարժվում է և, բնականաբար, արտանետումների քանակն աճում է, ինչն էլ բերում է օդի առավել աղտոտված վիճակի:

Բնապահպանը անհանգստացած է. նոր ուսումնասիրությունների արդյունքների համաձայն մայրաքաղաքի Կենտրոն համայնքում ռադիոակտիվությունը բարձր է, քանի որ ամենուրեք իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ շինանյութերը որոշ չափով ռադիոակտիվ նյութեր են պարունակում:

Սերգեյ Ղահրամանյանը նշում է ևս մի հանգամանք. խցանումների պատճառով լրացուցիչ վառելանյութ է ծախսվում: Որպես վարորդ՝ Սերգեյը նկատել է՝ ամռան ամիսներին, երբ բոլորը գնում են հանգստանալու և գրեթե խցանում չկա, տարվա մյուս ամիսների համեմատ քսան տոկոս ավելի քիչ վառելանյութ է օգտագործում:
~
Made on
Tilda