«Հոսող» Երևանի մի հատվածը.Սարի թաղ
Մարինե Սահակյան
լրագրող
Սարի թաղի 18-րդ փողոցի բնակիչներն 2006թ.-ից սկսած ապրում էին կյանքի համար վտանգավոր պայմաններում՝ ամեն վայրկյան իրենց տները կարող էին փլուզվել: Դեռ 2009թ.-ի կառավարության որոշմամբ, 5 տների 10 ընտանիքները մինչև 2011թ.-ը պետք է ապահովված լինեին բնակարաններով: Նրանք այդ բնակարանները ստացան սահմանված ժամկետից 2 տարի անց՝ 2013թ.-ին:Եվս 15 ընտանիք սպասում են կառավարության նոր որոշմանը:
Երևանի ամենահին թաղերից մեկի՝ Սարի թաղի աշխարհագրական դիրքը փաստացի վտանգի առաջ է կանգնեցրել այստեղ ապրող բազմաթիվ մարդկանց: Տարեցտարի ակտիվացող սողանքի արդյունքում բնակիչների տները ճաքում են, սենյակների պատերը հեռանում են իրարից, տանիքները հայտնվում են փլուզման եզրին, իսկ ճաքերի արանքներից տուն ներս սողոսկած տարատեսակ միջատներն ու սողուները գրեթե միշտ մարդկանց կողքին են:

18-րդ փողոցի, 42-րդ տունը սեյսմիկ պաշտպանության ծառայության գնահատականով 4-րդ կարգի վթարայնության է ճանաչվել, ինչը նշանակում է անհապաղ տարհանել բնակիչներին ու քանդել շենքը, սակայն այս տան բնակիչները շարունակում են դեռևս ապրել կյանքի ու առողջության համար խիստ վտանգավոր պայմաններում:

<<Երեք մանկահասակ երեխաներս քնում են օրեցօր իրարից հեռացող պատերով սենյակներում: Քաղաքապետարանից երկու անգամ եկել են միայն դրսից նայել ու գնացել: ԻՆչպես՞ս կարելի է միայն դրսից հասկանալ, թե ի՞նչ վիճակում է տունը: Դիմել եմ նաև նախկին վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին, կրկին նույն պատասխանը՝ դուք չկաք ցուցակում>>,-պատմում է 42-րդ տան բնակչուհի Անի Հայրապետյանը, հույս ունենալով, որ մի օր էլ իրենց կհատկացնեն բնակարան, ինչպես 2013 թվականին նույն փողոցի 10 ընտանիքների հատկացրեցին:
Ու մինչ կառավարությունը միջոցներ կձեռնարկի մարդկանց անվտանգությունը ապահովելու համար, 18-րդ փողոցի բնակիչները փորձում են սեփական ուժերով դիմակայել <<հոսող>> աղետին: Նույն փողոցի 47 տան բնակչուհի Հռիփսիմե Գևորգյանը սենյակների պատերում բացված լայն ճեղքերը լցրել է բամբակով՝ պաշտպանելով տունը վտանգավոր միջատների ներթափանցումից:<<Գիշերը վախով քնում ենք՝ չիմանալով թե մեզ հետ ինչ կլինի>>, - ասում է Գևորգյանը:

1930-ականներից բնակեցված այս տարածքում սահող տեղաշարժը սկսվել է դեռևս 1980-ականներին ՝ տարեցտարի, քայլ առ քայլ մեծացնելով իր սահմանները: Երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Բաղդասարյանի դիտարկմամբ, Սարի Թաղի սողանքը՝ մարդու գործունեության անմիջական հետևանք է: Աղետին են նպաստել ակտիվ լանջահատումները, ճանապարհաշինարարությունը, անկառավարելի ոռոգումը:
Սարի թաղի 18-րդ փողոց
 
 
 
 
18-րդ փողոցի բնակիչներից Աբո Եղիազարյանը ցույց է տալիս մոտակա բլրից իր տան բակ ընկած քարերը
 
 
 
 
Աբո Եղիազարյանի դիմումը ուղղված նախագահ Ս. Սարգսյանին
 
 
 
 
<<Պետք է Սարի Թաղում ջրահեռացման աշխատանքներ կատարել, փոխարինել ջրամատակարարման, ջրահեռացման խարխլված, հնամաշ, խողովակները: Այս տարածքում լանջահատումներ են կատարվում, շենքերի հիմքերը ևս ամուր չեն: Եթե այս գործոնները վերացվեն կտրուկ կբարելավվի վիճակը>>,-ասում է երկրաբանը, նշելով, որ այդ տարածքի սողանքը ընթանում է դանդաղ, սակայն որոշ մարդկային գործոնների շնորհիվ կարող է ակտիվանալ:

2013 թվականին պետությունը բնակարան է հատկացրել Սարի թաղի 18-րդ փողոցի 10 ընտանիքներին: Մինչդեռ փողոցի մնացած 15 ընտանիքները դեռ սպասում են կառավարության համապատասխան որոշմանը:
Սարի Թաղի 18-րդ փողոցի բնակիչներից Աբո Եղիազարյան
«Հոսող» Երևանի մի հատվածը.Սարի թաղ
18-րդ փողոցի բնակիչներից՝ Աբո Եղիազարյանը ցույց տալով իր տան պատի ճաքերը, ասում է. <<2015թ.-ին փողոցը հաստ շերտով ասֆալտապատվել է, սակայն այս տարի արդեն հայտնվել է ասֆալտի ճաքը: Վերջին կես տարում ավելացել են նաև մոտակա բլրից իմ տան բակ ընկած քարերը>>:

Հայկ Բաղդասարյանը նշում է, որ հակասողանքային ամենաարդյունավետ միջոցը ջրահեռացումն է, քանի որ հիմնականում ջրի ներգործությունն է, որ կավային գրունտների ստվերաշերտում ստեղծում է սահքի երևույթներ: Ըստ նրա՝ Երևանում չի կիրառվում որևէ հակասողանքային միջոց, թեև կիրառվել են որոշակի ինժեներապաշտապանական աշխատանքներ, բայց դրանք այդքան էլ արդյունավետ չեն:
 
 
 
 
Սարի Թաղի 18-րդ փողոցի 44, 42 տները
 
 
 
 
Սարի թաղի 18-րդ փողոցի 54 տան խոհանոցը
Սարի թաղի 18-րդ փողոցի 54 տան հյուրասենյակը
 
 
 
 
<<Օրինակ Նուբարաշենի սողանքի համար դրենաժ է արվել, ցամաքուրդային համակարգ է ստեղծվել, որպեսզի ջրերը չթափանցեն և չակտիվացնեն սողանքը: Պլանավորվում է թունաքիմիկատները տեղափոխել և չեզոքացնել մեկ այլ երկրում, որտեղ կա այդ հնարավորությունը: Այդ ամենը արվում է միջազգային ծրագրերով>>, - նշում է Հայկ Բաղդասարյանը:

Սարի թաղի <<հոսող>> աղետի խնդրի լուծման արդյունավետ տարբերակը ըստ երկարաբանի դրենաժային, ցամաքուրդային համակարգերի ստեղծումն է, անվտանգ ձևով ջրի հեռացումը այդ տարածքից:

<<Բայց, հակասողանքային միջոցները բավականին թանկարժեք են և միայն պետբյուջեյով հնարավոր չէ հարցին լուծում տալ>>,-ասում է երկրաբանը:
Երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Բաղդասարյան
«Հոսող» Երևանի մի հատվածը. Սարի թաղ
Ու մինչ կառավարությունը հակասողանքային միջոցներ կձեռնարկի կամ որոշում կկայացնի բնակարաններ տրամադրել Սարի թաղի 18-րդ փողոցի մնացած 15 ընտանիքներին, սողանքը շարունակում է դանդաղորեն գործել՝ ընդգրկելով նորանոր բնակելի տներ: Բնակիչները շարունակում են հույսով սպասել, սակայն սպասումը կարող է մարդկային կյանքեր արժենալ:
~
comments powered by HyperComments
Made on
Tilda