Սպիտակի անավարտ
վերականգնումը


Ինտերակտիվ համայնքային բյուջե
Երկրաշարժից երեք տասնամյակ անց էլ 420
ընտանիքներ շարունակում են ապրել վագոն տնակներում

լրագրող <տեքստ>
լրագրող <ֆոտո / վիդեո >
Բազումի և Փամբակի լեռնաշղթաների լանջերին փռված Սպիտակում, նորակառույց շենքերին զուգահեռ, իրարից որոշակի հեռավորության վրա ձգվող տնակային թաղամասերը ամբողջացնում են վերջին 30 տարիների Սպիտակի ժամանակակից դեմքը:
Այսօր դժվար է պատկերացնել, որ քաղաքն ընդամենը 30 տարի առաջ Խորհրդային Հայաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկն էր: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժին 18.400 բնակչություն ունեցող քաղաքում զոհ դարձան 4000-ը: Սպիտակը հիմնովին ավերվեց:
Քաղաքի բարեկարգված կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ձգվող Գերմանական, Շվեյցարական, Չեխական, Ֆիննական, Նորվեգական, Ռուսական, Ուզբեկական, Էստոնական, Տամբովի թաղամասերում, որոնք երկրաշարժից հետո կառուցեցին այդ երկրներից ժամանած շինարարները, ապրում է Սպիտակի 13.000 բնակչության մի մասը:

Նոր Սպիտակի տարբեր հատվածներում արդեն երեք տասնամյակ գոյատևում են Գերմանական և Իտալական տնակային թաղամասերը, որոնք կառուցվել էին 5 տարվա շահագործման ժամկետով: Ժամանակավոր տնակներ են տեղադրված նաև Սպիտակի Պանրագործների, Այգեստանի, Օդկայանի, Մուրացանի թաղամասերում:
Արդեն 15 տարի է` Գերմանական թաղամասի վագոն-տնակներից մեկում է ապրում Մխիթար Գագիկյանի և Հասմիկ Բոստանջյանի բազմազավակ ընտանիքը:
 
 
 
 
«Յոլա ենք գնում… քամին էրկու անգամ տանիքը տարել ա: Պայմաններ չունենք, սենյակը նեղ ա: Կաթում ա, անձրև էկավ, նայեք վարագույրի հետևը՝ պատուհանները փտել են, պատերը` ուռել: Մեր անկողինները խոնավությունից ջուր-ջուր են: Կես մետրի չափ դոմիկը հողի մեջ ա արդեն: Անձրև էկավ` պատի տակ գյոլ ա կայնում»,- պատմում է 47-ամյա Հասմիկ Բոստանջյանը:
 
 
 
 
Փտած տան տանիքի մասնակի վերանորոգումը չի փրկում, ասում է 51-ամյա Մխիթար Գագիկյանը՝ տեղումները դրոշմվում են առաստաղի վրա:
 
 
 
 
Ընտանիքի երկու տղաները մեկնում են արտագնա աշխատանքի՝ կարիքները հոգալու համար, փոքր տղան մանկական ուղեղային կաթված ունի:
 
 
 
 
 
 
 
 
Սպիտակի Իտալական թաղամասը, ինչպես տնակային թաղամասերի մեծամասնությունը՝ ստեղծվել էր քաղաքի երկրաշարժից տուժած տարածքներից զերծ հատվածներում: Այստեղ ժամանակը կարծես թե կանգ է առել:
 
 
 
 
47-ամյա Վալյա Վանյանի ընտանիքը 1989 թվականից ապրում է քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող Օդկայան տնակային թաղամասում:
 
 
 
 
Երկու սենյականոց տնակի պատուհանները թաղանթապատ են, հատակը` կիսավեր ու բետոնապատ, բացակայում են տարրական կենցաղային պայմանները:
 
 
 
 
Վալյան այս տնակում է ծննդաբերել իր երեք տղաներին և երկու աղջիկներին: «Տղերքիցս մեկը Ռուսաստանում է, մյուսին, չնայած առողջական խնդիրներին, տարել են բանակ: 13-ամյա Ինգաս առաջին կարգի հաշմանդամ է, ծնվել է թեք կոնքով և հիմա վիրահատության կարիք ունի»,- պատմում է Վալյա Վանյանը:
«Խորհրդային տարիներին տունը պետական էր, գույքն էր սեփական: Գումարների մի մասը մնաց բանկում ու փոշիացավ : Պետությունը 100 տոկոսով պետական բնակարան կորցրածներին փոխհատուցելու գործընթացը համարում է ավարտված: Մի մասին բնակարանի գնման վկայագրեր տվեցին, մյուսներին՝ դրամական փոխհատուցում»,- ասում է Գագիկ Սահակյանը:
Սպիտակի կենտրոնից գրեթե 3 կմ հեռավորության վրա գտնվող Մուրացանի թաղամասը քաղաքի բարձրադիր գոտում է գտնվում: Այստեղից տեսանելի է Սպիտակի կենտրոնական հատվածը, նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցին: Մուրացանի տնակային թաղամասում բնակիչները վերակառուցել են փայտե տնակները՝ ձևափոխել, արտաքինից քարերով պատել տնակի փայտե պատերը` փորձելով երկարացնել տնակների վաղուց սպառված հնգամյա կյանքը:

65-ամյա Սուսաննա Ղազարյանի յոթ հոգանոց ընտանիքը Մուրացանի տնակային թաղամասում է ապրում արդեն 30 տարի: Պատմում է, որ 2007 թվականին մոտ 2 մլն դրամ փոխհատուցում են ստացել և որոշել նոր տուն կառուցել իրենց տնակի դիմացի սեփականաշնորհված 400 քառակուսի մետր հողատարածքում:

«Փորեցինք տան հիմքը` տասը տասի վրա, ու փողը պրծավ: Էն տարիներին կարող ա էդ փողով կարանայինք բնակարան առնել, բայց գերադասեցինք սեփական տուն շինել ու մնացինք անտուն»,- ասում է Ղազարյանը, ով ապրում է ամուսնու, տղայի, հարսի և երեք թոռների հետ:
Մինչև երկրաշարժը երկու բնակարան ունեցող Ղազարյանները սոցիալական խնդիրները հաղթահարելու համար ցանկանում են զբաղվել անասնապահությամբ, սակայն բանկերը նրանց վարկ չեն տրամադրում` աշխատանք չունենալու պատճառով:

Այս ընտանիքները Սպիտակի այն 420 ընտանիքներից են, որը շարունակում է ապրել ժամանակավոր տնակային պայմաններում: Ընդհանուր առմամբ, Սպիտակի համայնքապետարանի տվյալների համաձայն, 560 ընտանիք քաղաքում բնակարանների կարիք ունի: Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը նշում է. երկրաշարժից 30 տարի անց էլ քաղաքը դեռ առանձնանում է տնակային ավաններով, որոնց շահագործման ժամկետը թեև վաղուց արդեն անցել է, սակայն մարդիկ շարունակում են ապրել` այլընտրանք չունենալով:

Սահակյանի խոսքերով, երկրաշարժից հետո սեփական տուն կորցրածներին փոխհատուցեցին սովետական ռուբլիով, իսկ բազմաբնակարան շենքերի բնակիչներին` գույքով: «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր նախագահ Աշխեն Բաբայանը նշում է, որ բազմաթիվ սպիտակցիների է աջակցել, իրավաբանական խորհրդատվություն տրամադրել իրենց հասանելիք բնակարանները ստանալու համար:

«2010-ից ավելի քան 20 դատական գործեր են եղել, որոնցից 18-ը շահել ենք: Բայց բոլորը չեն, որ համբերատար դիմանում են այդ երկարատև դատական գործընթացներին, շատերն ուղղակի հիասթափվելով, հրաժարվեցին հետագա պայքարից»,- ասում է նա:




Մարինե Ասատրյան
«Սպիտակ բազե» ՀԿ-ի հիմնադիր նախագահ
«Մեր իրավունքները ոտնահարված են, կա մեծ խտրականություն: Չենք կարողանում օգտվել հանրային կառույցներից», - ասում է Մարինե Ասատրյանը:
Երկրաշարժից հետո Սպիտակում 750 մարդ ձեռք է բերել հաշմանդամություն, ինչը ենթադրում էր, որ ժամանակի ընթացքում նոր կառուցվող քաղաքը հարմարեցվելու էր հատուկ կարիքներ ունեցող մարդկանց: Սակայն այսօր էլ քաղաքի շենք-շինություններն անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մարինե Ասատրյանը տեղաշարժվում է սայլակով: 1988-ի երկրաշարժի ժամանակ, դպրոցում մնալով փլատակների տակ, Մարինեն ստացել է ողնուղեղային վնասվածք և գամվել սայլակին:

Նա նշում է, որ Սպիտակում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը հասնում է 2000-ի, նրանցից 20-ը ունեն տեղաշարժման խնդիրներ:

«Կանգնում եմ աստիճանների կամ անհաղթահարելի եզրաքարերի վրա ու խնդրում, որ պատահական մարդիկ օգնեն, կամ ուղեկցող պետք է վերցնեմ ինձ հետ»,- ասում է 46-ամյա Մարինե Ասատրյանը:

2013 թվականին նա հիմնադրել է «Սպիտակ բազե» կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանութամբ:

«Նորակառույց խանութներից միայն սուպերմարկետները թեքահարթակ ունեն, էն էլ իրենց սայլակների համար են կառուցել, քանի որ չունեն համապատասխան լայնություն ու թեքություն: Մարդկանց գիտակցության մեջ չկա էն գաղափարը, որ ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից: Մեր քաղաքում հատուկ կարիքներ ունեցող մարդիկ մեկուսացված են, փակված տներում, թվում է, թե Սպիտակում հաշմանդամներ չկան»,- պատմում է Մարինեն, ով աշխատում է ԱԻՆ-ում:
Մինչև աղետալի երկրաշարժը Սպիտակը Հայաստանի զարգացած քաղաքներից մեկն էր՝ 14 արդյունաբերական ձեռնարկություններով:
 
 
 
 
 
 
 
 
Այսօր նախկին արդյունաբերական քաղաքի մասին հիշեցնում է հայտնի շաքարի գործարանից մնացած միակ հսկայական աշտարակը, որը 1947 թվականին կառուցել էին գերմանացի ռազմագերիները:
 
 
 
 
Մինչերկրաշարժյան Սպիտակը բացառիկ էր իր արտադրական հզորությամբ: Առավել խոշորներն էին` ալրաղացի կոմբինատը, ռետինատեխնիկական իրերի, շաքարի ու վերելակների գործարանները, կոշիկի ֆաբրիկան:
 
 
 
 
Քաղաքի կենտրոնի նորակառույց շենքերի մեծամասնությունը կառուցվել է 90-ականների վերջին:
Երկրաշարժի պատճառով անավարտ մնացած կամուրջը, որը նախատեսված էր Երևան-Վանաձոր մայրուղին բեռնաթափելու և Սպիտակի ոլորապտույտ ճանապարհը շրջանցելու համար:
 
 
 
 
«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր նախագահ Աշխեն Բաբայանը պատմում է, որ ծնողներից է լսել ժամանակին ծաղկուն ու կյանքով լեցուն Սպիտակի մասին: Խոստովանում է, որ իր սերնդին բաժին է ընկել հետերկրաշարժյան, սոցիալ-տնտեսական խնդիրներով ծանրաբեռնված Սպիտակը, ու իրենք պետք է պայքարեն քաղաքը վերականգնելու ու ապրեցնելու համար:

Աշխեն Բաբայանի խոսքով` եթե Գյումրիին ինչ-որ չափով հաջողվել է հաղթահարել երկրաշարժի հետևանքները, ապա 13.000 բնակչություն ունեցող Սպիտակը դեռ տեղի ունեցած աղետի հետևանքների կրողն է:

«Շատերը Սպիտակից հեռացան, մնացողները պայքարում են, ոմանք էլ պարզապես կոտրվել են: Երիտասարդները հիասթափված են, ոչնչի նկատմամբ հետաքրքրություն չունեն: Սպիտակցիները չեն սիրում խոսել իրենց խնդիրների մասին, գյումրեցիների պես պահանջատեր չեն: Դեռ շոկային վիճակից դուրս չեն եկել»,- ասում է Բաբայանը:
~
Made on
Tilda