ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՓԱԿՎԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Երևանից 144 կմ հեռու Ստեփանավանի օդանավակայանում օրական չորս օդանավ էր վայրէջք կատարում ու մեկնում։ Հսկայական դաշտում երբեմնի օդանավակայանի մասին թռիչքուղու՝ դեռ չխամրած գունանշումներն են հիշեցնում։
Հեղինակ
Լուսանկարներ
Ստեփանավանի օդանավակայանը այժմ չգործող քաղաքացիական օդանավակայաններից դարձավ ամենաերկարակյացը։ Այստեղ թռիչքներ իրականացվեցին մինչև 2000-ականներ։
Օդանավակայանը գործել է 26 տարի (1980-2006)։
Ստեփանավանի օդանավակայանից դեպի Ռուսաստան էժան թռիչքներ էին իրականացվում։
Օդանավակայանը գտնվում էր Ստեփանավան և Տաշիր քաղաքների միջև:
Լուսանկարը տրամադրել են ՝ Beeline Armenia և Armenpress
2006-ին Ստեփանավանի օդանավակայանից մեկնեցին վերջին օդանավերը։ Վերջին չվերթներից հետո օդանավակայանի անգործության մատնված 24 աշխատակցից այժմ քաղաքում երկուսն են մնացել։
«Ամեն ինչ աշխատել եմ էս օդանավակայանում։ Մենակ դիսպետչեր չեմ աշխատել»,- ասում է օդանավակայանի նախկին պահակ, ինչպես նաև ուղեբեռի ստացման բաժնի աշխատակից 70-ամյա Համլետ Ներկարարյանը։
Նախկին պահակն օդանավակայնում աշխատել է 1996 թվականից։ Մասնագիտությամբ զոդող Համլետ Ներկարարյանը տոմսարկղում նորոգման աշխատանք անելուց հետո ուղիղ 10 տարի մնաց այստեղ։ Պահակի խուցը լքեց օդանավակայանի փակվելու հետ։
Հրանտ Պապյանն օդանավակայանի վերջին տնօրենն է։ Առ այսօր մանրամասն կարող է նկարագրել, թե նախկինում ինչ կար այժմ լքված սյուների փոխարեն։
Օդաչու դառնալու երազանքով ավիացիոն կրթություն ստացած 55-ամյա Պապյանը մեխանիկ է դարձել։ Աշխատել է Վոլգոգրադի օդանավակայանում, Լեհաստանում ռազմական օդանավակայաններ սպասարկել։

Նա խնամքով պահում է քաղաքացիական ավիացիայի իր հավատարմագիրը, որը նրան թույլ էր տալիս աշխատել ԱՆ-24, Տու-134, Յակ-40 օդանավերի հետ։
Պապյանն այժմ աշխատում է Հայաստանի էլեկտրական ցանցերում որպես անվտանգության ճարտարագետ։
«Ես ինձ երբևէ չեմ պատկերացրել առանց ավիացիայի։ Տարիներով աշխատավարձ չենք ստացել, բայց երազել եմ` երբ ա լույսը բացվելու, որ գնամ գործի»,-ասում է նա։
Չորս տարվա անգործությունից հետո Ստեփանավանի օդանավակայանը 2010 թվականին հանձնվեց պետական գույքի կառավարման կոմիտեին։ Երեք տարի անց օդանավակայանն անցավ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նախատեսվում էր, որ ԱԻՆ-ը կվերականգնի օդանավակայանը և կօգտագործի այն փրկարարական աշխատանքներում։ Սակայն 2014-ին կառավարությունը ԱԻՆ-ից այս գույքը որպես վճար հատկացրել է շինաշխատանքներ կատարող «Նյուտեք Շին» ՍՊԸ-ին: Մինչեւ շինարարության ավարտը գույքը պետք է մնար գրավի տակ, իսկ հետագայում պետք է օգտագործվեր ԱԻՆ-ի կողմից:
Լուսանկարները՝ ՀՀ Քաղավիացիայի արխիվից:
Նախատեսվում էր, որ ԱԻՆ-ը կվերականգնի օդանավակայանը և կօգտագործի այն փրկարարական աշխատանքներում։ Սակայն 2014-ին կառավարությունը ԱԻՆ-ից այս գույքը որպես վճար հատկացրել է շինաշխատանքներ կատարող «Նյուտեք Շին» ՍՊԸ-ին: Մինչեւ շինարարության ավարտը գույքը պետք է մնար գրավի տակ, իսկ հետագայում պետք է օգտագործվեր ԱԻՆ-ի կողմից:
Լուսանկարները՝ ՀՀ Քաղավիացիայի արխիվից:
Շինարարական ընկերությունը, սակայն, որոշել է քանդել օդանավակայանի վարչական շենքը 2014 թվականին։ Նպատակը՝ ավելի ցածր արժեքով նոր շենք կառուցելն էր։ Մեկ տարի անց տարածքի միայն ցանկապատումն ավարտած «Նյուտեք Շին»-ը սնանկ ճանաչվեց։ Հիմա պետությունն ու կառուցապատող ընկերությունը փորձում են դատարանում պարզել, թե ով ում որքան գումար է պարտք։
Լուսանկարները՝ ԱԻՆ կայքից
Այս պահին ընթացքի մեջ է օդանավակայանը ԱԻՆ-ից պետգույքի կառավարման վարչությանը փոխանցելու գործընթացը։ Հանձնման-ընդունման թնջուկին զուգահեռ ամայացող դաշտում օրեցօր քանդվում է տարածքը երիզող ցանկապատը: