Թալին համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2016, 2017 թվականների փաստացի և 2018 թվականի պլանավորված (առ 01.11.2018թ. ճշտված) տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից, 2016 և 2018 թվականների ընթացքում համայնքի եկամուտները բառացիորեն գրեթե նույնն են եղել. տարբերությունը չի գերազանցում 1 մլն դրամը (159.3 և 159.6 մլն դրամ համապատասխանաբար)։ 2017թ-ին համայնքի բյուջեի փոքր ինչ քիչ են եղել՝ 153.2 մլն դրամ։ Նշենք միայն, որ 2016 թ-ին համայնքի բյուջեի ֆոնդային մասում մուտքերը աննշան եղել, 2017թ-ին վերջիններս չեն գերազանցել ընդհանուրի 3%-ը (5.5 մլն դրամ)։ Հատկանշական է, որ դիտարկվող տարիներին բյուջեի ֆոնդային մասը ձևավորվել է միայն վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքերից, որոնք որպես առանձին բյուջետային եկամուտ չեն դիտարկվում։
2016թ-ին պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նկատելի կերպով ավելի է եղել (97.4 մլն դրամ), քան գալիք 2017 և 2018 թվականներին (80.0 մլն դրամը)։ (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Թալին համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։

Բերված տվյալներից կարելի է նկատել, որ դիտարկվող տարիների ընթացքում եկամուտների և դրա բաղադրիչների աճի կամ նվազման որևէ հստակ դինամիկա չկա։

Թերևս միակ աչքի ընկնող տարբերությունը 2018թ-ի ընթացքում անշարժ գույքի հարկի փոքր մուտքերն են (նախորդ տարիների հետ համեմատած) և, դրան հակառակ, մոտ 12 մլն դրամով ավելի շատ վարչական գանձումներից մուտքերը։

Տեղական տուրքերի և համայնքային սեփականության գույքի վարձակալությունից ստացված եկամուտների մասով էական փոփոխություններ գրեթե չեն նկատվել։ Վերջիններս 2017թ-ի դրությամբ կազմել են 4.7 մլն և 4.2 մլն դրամ համապատասխանաբար։

«Այլ եկամուտներ» հատվածում ստացված գումարները դիտարկվող տարիներին տարեցտարի նվազել են՝ 2016թ-ի 9.3 մլն դրամից հասնելով 6.4 մլն դրամ 2018թ-ին։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Թալին համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։

Դիտարկվող տարիների ընթացքում համայնքի բյուջեի ծախսերը տարեցտարի աճել են։ 2016թ-ին վերջիններս կազմել են 148.3 մլն դրամ, 2017թ-ին՝ 163.3 մլն դրամ, իսկ 2018թ-ին՝ 167.4 մլն դրամ։

Եթե 2016թ-ին ծախսերի հանրագումարում նկատելի չեն բյուջեի ֆոնդային մասի ծախսերը (մոտ 2.1%), ապա 2017թ-ին դրանք արդեն մեծապես նկատելի են՝ ընդհանուրի 14.2%-ը կամ մոտ 23.1 մլն դրամ գումարային։ 2018թ-ին ֆոնդային բյուջեի ծախսումները փոքր ինչ քիչ են նախատեսվել՝ ընդհանուրի 9.4%-ը կամ մոտ 15.8 մլն դրամ։

Հատկանշական է, որ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ելքերը նույնպես որպես առանձին ծախսային մաս չեն դիտարկվում։
2016-2018 թթ․ բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 5)։
2016
2017
2018
Թալին համայնքի 2016 թ․ բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (28%), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Բյուջետային ծախսերի մեծ մաս է կազմում նաև (30%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտում կատարված ծախսումները նույնպես զգալի են և կազմում են ընդհանուրի 19%-ը։

Նկատելի են հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտի ծառայությունների մատուցման ծախսերը, որոնք կազմում են ընդհանուրի 15%-ը, իսկ սոցիալական պաշտպանության ծախսերը չեն գերազանցում 2%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Թալին համայնքի 2017 թ․ բյուջետային ծախսերը
Պատկերը որոշակիորեն փոխվել է 2017թ-ին: Ընդհանուր ծախսումների մեջ մեծ տեսակարար կշիռ շարունակում են ունենալ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը (31%)։ Վերջինս գումարային առումով էլ նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելացում է գրանցել (մոտ 3.4 մլն դրամ)։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտը կազմում է ընդհանուրի 8%-ը, իսկ բնակարանային շինարարության և հանգիստ մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը մոտավոր նույն մասնաբաժին ունեն ամբողջի մեջ՝ 14% և 15% համապատասխանաբար։

Կրթության ոլորտի ծախսերը մի փոքր նվազել են և կազմում են ընդհանուր ծախսերի 30%-ը։
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը գրեթե նույնն են և նույնպես կազմում են ընդհանուրի 1%-ը։
Թալին համայնքի 2018 թ․ բյուջետային ծախսերը
2018 թ-ին Թալին համայնքի բյուջետային ծախսերի ճշտված պլանը հետևյալն է. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը շարունակում են կազմել համայնքի բյուջեի խոշոր մասը՝ 30%։ Կրթության ոլորտի ծախսերը աճել են (մոտ 11 մլն դրամով) և այժմ կազմում են ընդհանուրի 36%-ը։

Նվազել են ծախսերը բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում շուրջ 12.8 մլն դրամով և այժմ կազմում են ամբողջի ընդամենը 6%-ը։ Շրջակա միջավայրի պաշտպանության վրա նախատեսվող ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե նույնն են։

Նույնը վերաբերում է նաև հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծախսերին։ Գումարային առումով և մասնաբաժնով դրանք գրեթե նույնն են, ինչ անցած 2017 թվականին։ Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը չեն փոխվել։ Գծապատկեր 5-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Աղյուսակ 1-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 7-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 7. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
~
Ավելին