«Խախտելով կայարանների լռությունը»

Իտալացի լրագրողի կանգառը Հայաստանում:
լրագրող <ֆոտո/վիդեո>
լրագրող <տեքստ>
Կայարանային կյանքը, որ շատերի համար գուցե սովորական ու առօրեական է, անհետաքրքիր կամ գորշ, իտալացի լրագրող Ֆրանչեսկո Կոնտեի աչքերով այլ` գունեղ ու անսովոր պատմություններով լի աշխարհ է: Չէ որ, կայարանը ոչ միայն քաղաքի կարևոր տրանսպորտային հանգույց է, այլև` տարբեր մշակույթների և սոցիալական խավերի խաչմերուկ: Այստեղ կարող ես հանդիպել հայտնի գիտնականի, ճամփորդող երաժշտի, նույնիսկ` աֆրիկացի ներգաղթյալի:
Կայարանային պատմությունների իր յուրօրինակ նախագծի հիմքը Ֆրանչեսկոն դրել է 2014 թվականին՝ նկարահանումներ անելով հիմնականում Հռոմի գլխավոր կայարանի` Տերմինիի շրջակայքում: Այս տարածքում ապրող, ստեղծագործող մարդկանց կամ սովորական անցորդների անսովոր պատմությունների մասին նա փոքրիկ, հետաքրքիր տեսապատումներ է պատրաստել:

Արդեն 2015 թվականին այդ պատմությունները համախմբվեցին Termini TV վեբ-նախագծի շրջանակներում:

Ֆրանչեսկոն ուսումնասիրում է կայարանային աշխարհն իր օբյեկտիվի միջոցով՝ բացահայտելով դրա յուրահատկությունն ու բազմերանգությունը: Շրջագայելով 8 երկրներում` Ֆրանչեսկոն արդեն մոտ հազար զրույցների տեսագրություններ է պատրաստել, ամենատարբեր մշակույթ ներկայացնող ու իրենց յուրահատկությամբ նրա ուշադրությանն արժանացած մարդկանց մասնակցությամբ:

Այս տարվա փետրվարին Termini TV-իի հերթական կանգառը՝ Հայաստանն էր: Ֆրանչեսկոն նկարահանումներ արեց Երևանում, Էջմիածնում և Դիլիջանում:


«Խախտելով կայարանների լռությունը»
Video
Երևանի կայարանը, սակայն, ամենևին նման չէ Հռոմի` մարդկային հսկայական մրջնաբույն հիշեցնող Տերմինիին: Գնացքները Հայաստանից դուրս միայն հարևան Վրաստան են հասնում: Սպասասրահների անսովոր լռությունը զարմացնում է Ֆրանչեսկոյին: Ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկը հանդիսացող Դիլիջան քաղաք գնացքներ չեն գնում:

"Ես պատրաստվում եմ գտնել Դիլիջանի կայարանը, որը նշված է քարտեզների վրա, բայց փաստացի գոյություն չունի 1990-ններից ի վեր` Ադրբեջանի հետ պատերազմի հետևանքով: Ուսումնասիրել եմ ու գիտեմ, որ պահպանվել են այդ կայարանի միայն ավերակները: Կարծես ուրվական կայարան լինի, մտածում եմ` հետաքրքիր պատմություն կստացվի ", - ասում է նա:

Հետևելով Ֆրանչեսկոյի ճամփորդությանը` հասկանում ես, որ նա կոտրում է մեր երկրի թվացյալ միատարրությունը և բացահայտում է Հայաստանի բազմազանությունը, ինչը հաճախ աննկատ է նաև մեզ՝ տեղաբնակներիս համար:


Ֆրանչեսկո Կոնտեն Էջմիածնում
Բարեկենդանի տոնական տարազով փողոց դուրս եկած կնոջ և հայ դուդուկահարի դիմանկարների հետ Ֆրանչեսկոյի տեսախցիկի օբյեկտիվում է հայտնվում «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի մոտ նվագող Գանայից եկած երաժիշտը, թաթար զբոսաշրջիկը և Դուբայից եկած ֆիլիպինցի աղջիկը : Վերջինս Երևան է եկել հատուկ ձյուն տեսնելու համար:

Ֆրանչեսկոյին նաև հետաքրքրում է, թե ինչպես են ինտեգրվում Սիրիայից պատմական հայրենիք եկած հայերը. փորձում է հասկանալ նրանց վերաբերմունքը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:

#barekendan #holiday in #yerevan a party waiting for Easter #armenia #traditional #dress

A post shared by Fran Atopos Conte (@franatopos) on

The #tatarstan #girl and the #armenian #woman waiting for the bus in #yerevan

A post shared by Fran Atopos Conte (@franatopos) on

Last day in #Armenia recording #traditional #music #duduk #yerevan

A post shared by Fran Atopos Conte (@franatopos) on

Փախստականների և ներգաղթյալների թեման իտալացի լրագրողի ուշադրության կենտրոնում է: Իր նոր նախագիծը նվիրված է հենց նրանց: Refugee tracks -ը (Փախստականի հետքերով) 5 մասից բաղկացած վեբ-վավերագրական ֆիլմ է լինելու:

«Իտալիան միգրանտների երկիր է, բայց երբեմն մոռանում է իր այդ կարգավիճակի մասին: Այսօր երկիրը նաև ժամանման կետ է դարձել բազմաթիվ ապաստան փնտրողների և տնտեսական փախստականների համար, որոնք փորձում են նոր կյանք սկսել արտերկրում: Նախագծի նպատակն է Հյուսիսային Եվրոպա ներգաղթած նախորդ սերնդի իտալացիների պատմությունները կապել մեր ժամանակների հետ՝ երկրով անցնող արտագաղթի նոր հոսքի հետ կապված արդեն», - ասում է Ֆրանչեսկոն:

Ֆրանչեսկոն կարծում է, որ "Refugee Tracks" նախագիծը դա ինքնատիպ հայացք է Իտալիայի սահմանների թեմային, ինչպես նաև հարգանքի տուրք է այս երկաթգծին զոհված բազմաթիվ ներգաղթյալների հիշատակին: Ըստ էության, տասնամյակների ընթացքում անծանոթ երկրի ճանապարհներին կողմնորոշվելու համար ներգաղթյալները հետևում էին երկաթուղային գծերին և հաճախ դժբախտ պատահարների զոհ դառնում:

«Ես ցանկանում եմ, որ բոլորը միգրանտները զգան ինքնաթիռով տուն [հայրենիք] վերադառանալու բերկրանքը եւ ապրածս այս զգացմունքային պահերը նվիրում եմ նրանց` մարդկանց , որոնք չեն կարող նույնքան ազատորեն տեղաշարժվել կամ ճանապարհորդել, ինչպես ես», - ասում է Ֆրանչեսկոն Զվարթնոց օդանավակայանից ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ:

~
Made on
Tilda