Update Վանաձոր
Արդյունաբերական անցյալից դեպի տեխնոլոգիաների քաղաք
Տաթևիկ Ղազարյան
Լրագրող
Երբեմնի արդյունաբերական քաղաք Վանաձորում արդյունաբերությունից ավելի շատ հիշողություններ են մնացել: 100 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքն այսօր ընտրել է նոր տեխնոլոգիաների զարգացման ճանապարհը:
Տեխնոկադրերի դարբնոց

13-ամյա Մարիամ Էվոյանը Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնի ամառային դպրոցի սաներից է: Մասնակցում է նկարների հետ աշխատելու ու համակարգչային խաղեր ստեղծելու դասընթացներին: «Արդեն որոշել եմ, ուզում եմ ծրագրավորող դառնալ», - ասում է Մարիամը:

Տեխնոպարկում հասցրել են սովորել Մարիամին հասակակից ավելի քան 2500 երեխա, եւս 400 մարդ մասնագիտացել է ծրագրավորման ու ինժեներական ուղղությամբ:

Նույն շենքում գործում է Hi-Tech Gateway ընկերությունը: Այդ ամերիկյան ընկերության Վանաձորի մասնաճյուղը հիմնել է 27-ամյա Սվետլանա Ջաղացպանյանը: Մասնագիտությամբ ծրագրավորող Սվետլանայի համար ամենադժվարը որակյալ կադրեր գտնելն էր: Այդ դժվարությունը ծրագրավորողը հաղթահարել է եւ այժմ ունի իր ընկերությունը, որն զբաղվում է վեբ ծրագրավորմամբ: Երիտասարդները փորձում են զարրգացնել նաեւ հեռուստահաղորդակցությունն ու օբյեկտի ճանաչումը:
Սվետլանա Ջաղացպանյանը և Hi-Tech Gateway թիմը
«Ես շատ երկար ժամանակ եմ կադրեր փնտրել: Սկսել ենք զրոյից եւ արդեն այն փուլում ենք, որ սկսնակ չենք: Նոր ուղղություններ ենք զարգացնում: ՏՏ-ն այնպիսի ոլորտ է, որ պետք է իր հետ քայլես ու ինքնակրթությամբ զբաղվես»,- ասում է Hi-Tech Gateway ընկերության Վանաձորի թիմի ղեկավար Սվետլանան:

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը պաշտոնապես բացվեց 2016 թվականի հոկտեմբերին: Տեխնոպարկը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնը նպատակ ունի Վանաձորը վերածել տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային եւ միջազգային կենտրոնի, իսկ երիտասարդներին ու տեղական ընկերություններին հնարավորություն տալ կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ այդ կերպ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանն ասում է, որ այժմ իրենց մոտ աշխատում է 40 երիտասարդ, հիմնվել է 6 ընկերություն: Հախինյանի խոսքով, Տեխնոլոգիական կենտրոնը Լոռու մարզում իրականացնում է նաև մի քանի կրթական պիլոտային ծրագրեր: Հաջողության դեպքում փորձը կարող են տարածել Հայաստանի այլ մարզերում:

«Այսօր մեծ թվով լոռեցիներ են աշխատում Երեւանում եւ արտերկրում: Եթե այդ հնարավորությունները լինեն այստեղ, այդ ներուժը Վանաձորում մնա, դա միանշանակ կանդրադառնա մարզի զարգացվածության վրա: Բացի դրանից, ուզում ենք աշխատել նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների հետ, մասնավորապես «Վալեքս» ընկերության հետ, ինձ թվում է՝ դա էլ իր արդյունքը կտա», - ասում է Պատվական Հախինյանը:

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը
Արդյունաբերական հեղափոխությունից՝ տեխնոլոգիական

Խորհրդային Հայաստանի խոշորագույն արդյունաբերական քաղաքներից մեկը՝ Կիրովականը (այժմ Վանաձորը) արտադրական ծավալով հանրապետությունում զիջում էր միայն մայրաքաղաք Երեւանին:
Քաղաքում զարգացած էր քիմիական արդյունաբերությունը, մենքենաշինությունը, թեթեւ ու սննդի արդյունաբերությունները: Վանաձորում արտադրված ապրանքները արտահանվում էին Սովետական Միությունից դուրս, ավելի քան 40 երկիր:

1978 թվականին քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություն, որից առաջատարն էր 1929 թվականին հիմնված Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանը (այժմ՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն) : Մինչ 1988 թվականի ավերիչ երկրաշաժը Վանաձորում թողարկվել է 618 միլիոն ռուբլու արտադրանք, իսկ արդյունաբերական ոլորտում աշխատանք ուներ 31.000 բնակիչ:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արդյունաբերական գործարանները դադարեցին իրենց աշխատանքը գրեթե ամբողջ հանրապետությունում՝ գործազուրկ դարձելով տասնյակ հազարավոր մարդկանց: Իսկ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն լուծարվել է և այժմ գտնվում է սնանկացման գործընթացում: Այսօր Լոռու մարզն արդյունաբերական արտադրանքի ծավալներով Հայաստանում հինգերորդ տեղն է զբաղեցնում: Մարզում առավել խոշոր արդյունաբերական գործարաններն են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն ու Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը:
Աղբյուր՝ Armstat.am
Վանաձորում եւ ընդհանրապես Լոռու մարզում վերջին տարիներին գործազուրկների եւ աշխատանք փնտրողների թիվը նվազել է : Զբաղվածության տարածքային կենտրոնի այս տարվա հուլիսի տվյալների համաձայն, նախորդ երեք տարիների հետ համեմատ գործազուրկների թիվը նվազել է 20%-ով , գրեթե նույն չափով էլ նվազել է աշխատանք փնտրողների քանակը (19%):

Սակայն դեռ շուտ է այս տվյալները վերագրել տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը գործազուրկների թվի նվազումը կապում է արտագաղթի և գործազուրկներին այդ պատճառով հաշվառումից հանելու հետ:

«Իսկ մյուս պատճառն այն է, որ մեծ թվով ծրագրեր ունենք, եւ մարդիկ մասնակցում են դրանց: Այդ դեպքում մենք պարտավոր ենք սկզբից դադարեցնել գործազուրկի կարգավիճակը, այնուհետեւ հանել հաշվառումից», - ասում է Արա Առաքելյանը:
Հայաստանի՝ բնակչության թվով երրորդ քաղաքում՝ Վանաձորում, հիմնականում գործում են կարի արտադրամասեր, որոնց կողմից թողարկված արտադրանքը զգալի պահանջարկ ունի արտերկրում: Դրանք արտահանվում են՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Չեխիա եւ այլ երկրներ: Ոլորտում աշխատում է մոտ 2000 մարդ:

«Արդյունաբերության ոլորտում Վանաձորում մենք այսօր խնդիր ունենք: Թեեւ այժմ գործում են մոտ 50-ից ավելի փոքր ձեռնարկություններ, բայց արտադրանքի ծավալն է քիչ: Եթե նախկինում մարզի արտադրանքի ծավալի 58 տոկոսը Վանաձորինն էր, այժմ կազմում է ընդամենը 4.7 տոկոսը»,- ասում է Լոռու մարզպետարանի արդյունաբերական ոլորտի մասնագետ Սեւակ Հովհաննիսյանը:

Սեւակ Հովհաննիսյանի խոսքերով, 2017-2025 թթ.-ի համար մշակել են տարածաշրջանային ռազմավարական զարգացման ծրագիր: Վանաձորում ուշադրության կենտրոնում է լինելու թեթեւ արդյունաբերությունն ու ՏՏ ոլորտը:
Update Վանաձոր
Video
Կրթելով ապագան
Տարբեր կազմակերպությունների օգնությամբ մարզում առաջիկայում կգործեն մի քանի նոր կրթական կենտրոններ: Վանաձորում նախատեսվում է կառուցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասում է, որ ծրագիրն այժմ գտնվում է նախագծման փուլում.

«Վանաձորի դիրքը մարզում «Թումո» ունենալու տեսանկյունից շատ հարմար է, որովհետեւ մենք աշխատում ենք կենտրոն ստեղծել այնպիսի կետերում, որոնք հասանելի են կողքի քաղաքների, բնակավայրերի ու գյուղերի համար: Վանաձորն այդ տեսանկյունից շատ հարմար է»:

Վանաձորի մոտակա գյուղերը նույնպես ժամանակին մեծ դեր էին խաղում քաղաքի արդյունաբերության զարգացման մեջ: Այստեղ կային թե՛ թեթև արդյունաբերական արտադրամասեր, թե՛ խոշոր գործարաններ. օրինակ, «Էլեկտրոն»-ը Դարպաս գյուղում:
Նախկին Էլեկտրոն գործարանի տարածքը Լոռու մարզի Դարպաս գյուղում
Խորհրդային տարիներին Դեբեդ գյուղում գյուղատնտեսությանն ու անասնապահությանը զուգահեռ գործում էր նաև կարի արտադրամաս: Այն աշխատանքով էր ապահովում ոչ միայն Դեբեդի, այլեւ հարակից գյուղերի բնակիչներին: Սակայն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գյուղերում էլ ամեն ինչ փոխվեց. «Այսօր ոչ մի աշխատանք չկա գյուղում: Արտադրամասը վերածվել է ինչ-որ ֆերմայանման տարածքի: Հիմա մարդիկ ափսոսանքով են հիշում այն ժամանակներն ու երանի են տալիս»,- ասում է Դեբեդ համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը:

Գյուղում հույսեր են կապում «Սմարթ» կենտրոնի կառուցման հետ, որը գտնվելու է Դեբեդ եւ Դսեղ գյուղերի մոտակայքում: «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ծրագիրը իրականացվում է սփյուռքի հայ բարերարների աջակցությամբ: Այստեղ նախատեսված է դասընթացներ կազմակերպել տեխնոլոգիաների, արվեստի, բնապահպանության, առողջ ապրելակերպի և բիզնեսի զարգացման վերաբերյալ:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Սմարթ» նախաձեռնությունների ղեկավար Շահանե Հալաջյանն ասում է, որ Լոռին այն մարզն է, որն ունի համապատասխան նախադրյալներ ՏՏ ոլորտը զարգացնելու համար: Այսօր COAF-ը աշխատում է մարզի 9 գյուղում: Այս պահին ընթացքի մեջ են կենտրոնի շինարարական աշխատանքները: Դրանք նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին:

Կենտրոնում անվճար ոչ ֆորմալ կրթություն կստանան 4 տարեկանից բարձր երեխաները: Ծրագիրը կընդգրկի մոտ 145.000 մարդ: Պաշտոնական բացումը նախատեսված է 2018-ի մայիսին:

«Մենք արդեն ծանոթացրել ենք «Սմարթ» կենտրոնի հետ մոտակա 5 գյուղերի երեխաներին: Եթե երեխան տեսնում է, որ իր գյուղում ունի զարգացման մի շարք հնարավորություններ, ինքը սկսում է կապվել իր գյուղի հետ»,-ասում է Շահանեն:
~
Made on
Tilda