Մայր Հայաստանի ստվերի ներքո
Կին գործիչների արձանները դեռ երկար ժամանակ չեն հայտնվի Երևանում. մասնագետների կարծիքը:
լրագրող
Մայր Հայաստանը տեսանելի է Երևանի գրեթե բոլոր անկյուններից, սակայն նրա ստվերի ներքո դժվար է տեսնել հեղինակավոր կանանց պատկերող քարե ստեղծագործություններ: Հասարակության արտացոլանքը քանդակագործությունում ճշգրիտ է, այստեղ նույնպես գերիշխում են տղամարդիկ:
Մայրաքաղաքում ներկայացված են կանանց նվիրված միայն ընդհանրական արձաններ ու քանդակներ, մինչդեռ հայտնի տղամարդկանց արձանները ամենուր են: Կանանց մոնումենտալ արձանների բացակայությունը ստեղծում է անհավասարության բալանս, այն դեպքում, երբ հայտնի կանանց պակաս Հայաստանը չի ունեցել:

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը չի հիշում Հայաստանում որևէ կնոջ`լինի գրող, հասարակական կամ քաղաքական գործիչ, որին ներկայացրել են արձանի տեսքով: Միակ բացառությունը, թերևս, սովետական հերոս Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշատախտակ-կիսանդրին է Մանկական երկաթուղու այգում:

Կանանց մոնումենտալ արձաններից Թադևոսյանը հիշատակում է Երևանում և Գյումրիում գտնվող «Մայր Հայաստան»-ները, Սիսիանի` ժողովրդի շրջանում առավելապես «աղջկա արձան» անվանումով հայտնի ստեղծագործությունը:

«Ո՞վ է այդ աղջիկը, նա Բոլշևիկյան հեղափոխության խորհրդանիշն է: Այդ տիպի արձանները տեղավորվում էին խորհրդային միությունում տարվող գենդերային գաղափարախոսական, ինչպես իրենք էին ասում, կանանց իրավունքների և սեռերի հավասարության համատեքստում»,-ասում է Թադևոսյանը:
«Վարք հավերժության»․ քանդակագործ Դավիթ Երևանցի: Գտնվում է Մոսկովյան ու Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում:

Լուսանկարը՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Պատմական ցանկացած ժամանակահատվածում մշակութային գիտակցությունը, որը կրում էին տարբեր քանդակագործներ, մարմնավորում և արտացոլվում էր նրանց յուրաքանչյուրի արվեստում: Քաղաքական հարաբերություններն ու նոր տեսակի մշակութային իրականությունը թողնում էին իրենց ազդեցությունը արվեստի տվյալ ճյուղի վրա: Խորհրդային Հայաստանը այս առումով բավականին ազդեցիկ էր:

«Խորհրդային միությունը փորձում էր կնոջը ներկայացնել տղամարդուն հավասար` երբեմն տալով այն իմաստը, որ կինը ևս կարող է լինել առաջնորդ: Հայաստանը ևս բացառություն չի եղել ու ներկայացրել է խորհրդային գաղափարախոսական համակարգի հիմնական իդեաները»,-նշում է Աղասի Թադևոսյանը:

Նա ասում է. արդեն 60-ականների կեսերին, 70-ականների սկզբին, երբ ինտենսիվացվեց խորհրդային ժողովուրդների կառուցումը «Ձևով ազգային, բովանդակությամբ` սոցիալիստական» կարգախոսի ներքո հղում կատարելով մինչխորհրդային շրջանի ժողովրդական մշակույթին, ի թիվս մշակութային այլ ոլորտների դա արտացոլվեց նաև քանդակագործությունում:

«Ի հայտ եկան արձաններ, որոնք թեև պատկերում էին «հեզ ու նազան» հայ կնոջը, բայց ներկայացնում էին նրան առավել ազատ վիճակներում, երբեմն նաև կիսամերկ: Այն չէր ընկալվում որպես բարոյականության խախտում, դրանում մեկտեղված էին մոդերնիզմն ու ազգային բնավորության գծերը»,-նկատում է Թադևոսյանը:
«Ծխող կինը»․ քանդակագործ կոլումբացի Ֆերնանդո Բոտերո: Արձանը գտնվում է Գաֆեսճյան քանդակների պուրակում:

Լուսանկարը՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Խորհրդային շրջանի կանանց արձանները մշակութաբանը տեսակավորում է չորս հիմնական խմբերում:

Առաջին խմբում կանայք են, ովքեր մասնակցեցին բոլշևիկյան հեղափոխությանը: Այս ժամանակահատվածում քարոզվում է կին հեղափոխականի կերպարը, ով տղամարդուն հավասար ուզում է փոխել աշխարհը: Եվ չնայած տղամարդու կողքին է, ամեն դեպքում` օգնողի, հետևից դրոշը տանողի, ոգի ստեղծողի դերում է`առաջնային դերը թողնելով տղամարդուն:

Երկրորդը` պատերազմական շրջանի կերպարն է, որը հայրենական պատերազմի ժամանակ մարմնավորում էր Մայր հայրենիքը:

Երրորդը` պրոգրեսի գաղափարն է, այստեղ ներկայացվում են հավաքական կերպարներ` առաջադեմ կին, աշխատավոր հերոս, որն, այնուամենայնիվ, մնում է սոցիալիստական համակարգի գաղափարախոսության ներքո: Չորրորդը` սովետական մոդերնիզմի շրջանն է, ազգային թևը ներկայացնող կերպարաներն են`հեզ, բայց ազատ կանայք:

Անդրադառնալով անկախության շրջանի առկա մոտեցումներին` Աղասի Թադևոսյանը մեկնաբանում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» արձանը։

«Այս արձանը ևս անհատականացված չէ, ու վերարտադրում է մեր հետգաղութատիրական վերնախավի տրամադրությունը, նրանց պատկերացումը Հայաստանի մասին: Այն, որ Հայաստանը չեն պատկերացնում առանց Ռուսաստանի և պատկերացնում են որպես քրիստոնյա աշխարհի մի մաս, որը կապված է ռուս մեծ եղբոր հետ: Մեծ եղբայրն էլ քրոջ տեսքով է հանդես գալիս, հավանաբար որովհետև «քույրությունն» ավելի է սազում խաչին»,-նշում է Թադևոսյանը:

Նրա դիտարկմամբ` անկախության շրջանին, հատկապես վերջին տարիներին, առավել բնորոշ են «գերեզմանաքարային» արձանները, իսկ իշխողների դիսկուրսը նեղ ազգայնական է:

«Մենք մնում ենք նացիոնալիստալան, պահպանողական դիսկուրսի մեջ, որտեղ կինն ընդհանրապես չպետք է արձան ունենա: Ամենաշատը կարող է ներկայացվել տղամարդու ոտքերի կողքին կռացած, վերև նայող, հնազանդ, տղամարդուն երկրպագողի կերպարում: …Երկար ժամանակ չեն լինելու կանացի արձաններ, քանի որ վառ կին գործիչներ էլ չենք ունեցել, անկեղծ ասած»:
Մայր Հայաստան հուշահամալիր. քանդակագործ՝ Արա Հարությունյան; ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան: Գտնվում է Հաղթանակի զբոսայգում:
Քանդակագործ Էդուարդ Շախիկյանը կնոջ ու հատկապես որևէ ոլորտում հայտնի կնոջ կերպարով արձանների դեֆիցիտը բացատրում է պետական ու մասնավոր պատվերի բացակայությամբ: Ասում է` եթե պահանջարկ լինի, գուցե իրենք` քանդակագործները, փորձեն ստեղծել այդպիսի արձաններ, հակառակ պարագայում` «ոչ ոք հենց այնպես կնոջ արձան չի քանդակի»:

«Մեր ոլորտում գիտեք ինչպես է, պատվեր է լինում, մենք էլ էսքիզներ ենք անում, ցույց ենք տալիս, որոնցից էլ ընտրվում է հաղթողը: Իսկ հենց այնպես ոչ ոք գումար չի տալիս, որ մարդ գործ անի: Դա պետք է անպայման կամ պետական, կամ մասնավոր պատվեր լինի, որ մենք անենք, քանի որ ֆինանսական մեծ ծախսերի հետ է կախված արձան ձուլելը»,-նշում է հայկական դրամի հուշարձանի և նարդի խաղացող տղամարդու քանդակների հեղինակը:

Քանդակագործի խոսքով` իր ստեղծագործություններում որոշակի դետալներով կնոջ թեման ներկայացված է, բայց կնոջը նվիրված ամբողջական արձան կամ քանդակ չունի տեղադրված հանրային վայրերում:

«Կնոջ մի արձան ունեմ, մոտ 70 սմ է, կոչվում է «Ծնունդ», ոչ մի տեղ դրված չէ, իմ արվեստանոցում է: Դա պատվեր չի, ես ինձ համար եմ աշխատել ու ստեղծել»,-ասում է նա:

Աղասի Թադևոսյանն էլ նշում է. ոչ նույն բովանդակությամբ, բայց ձևով նույնն են միտումները Եվրոպայում: Ըստ նրա մարդկությունն ընդհանրապես իր բնույթով շարունակում է մնալ պատրիարխատ ու մասկուլինային: Նույնիսկ այն հասարակությունները, որտեղ հավասարության բալանսը փորձում են պահպանել, իրավիճակը նույնն է: Քանի որ հեգեմոնները տղամարդկային դեմքերն են:
«Ծնունդ». քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան:
Արվեստի քննադատ Նունե Հախվերդյանն էլ ընդհանրապես դեմ է ֆիգուրատիվ, կոնկրետ մարդկանց նվիրված արձաններ կանգնեցնելուն։ Ըստ նրա արձանները չէ, որ պետք է բարձրացնեն կանանց ինքնագնահատականը, հպարատության զգացում առաջացնեն:

«Մենք արձանի խնդիր չունենք, հասարակության վերաբերմունքի խնդիր ունենք։ Պատրիարխալ հասարակություն է, արձանով դա հաստատ չի փոխվի: Ընդհանրապես սեռն ի՞նչ կապ ունի այս դեպքում։ Ինձ ընդհնարապես պետք չեն կանանց արձաններ։ Օրինակ, ես անցնեմ Սարյանի կողքին Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի արձանը լինի, ինձ ինչ է դա տալու, ներքի՞ն հպարտություն։ Չէ, հաստատ չէ»,-ասում է արվեստի քննադատը:

Ըստ նրա մեր իրականությունը խեղդվում է արձանների մեջ՝ ֆիգուրատիվ, կոնկրետ մարդկանց նվիրված, ինչն էլ ըստ Հախվերդյանի Խորհրդային միությունից է մնացել, որն էլ անհրաժեշտ է հաղթահարել:

Նա նախապատվությունը տալիս է քաղաքային, սիմվոլիկ արձաններին, որոնք այսօր բացակայում են մայրաքաղաքում:

«Օրինակ Արտո Չաքմաչյանի՝ «Քայլող մարդը» քանդակը, որը պետք է Հյուսիսային պողոտայում տեղադրվեր, այդպես էլ չտեղադրվեց»,-ասում է նա:

Աղասի Թադևոսյանն էլ նշում է, որ այսօր Եվրոպայում ընդհանրապես տենդենց կա արձաններ չկանգնեցնելուն, չնայած, որ զարգացած հասարակություններում ի հայտ են գալիս կին նախագահներ, կանցլերներ, քաղաքական առաջնորդներ:

«Դրա համար կանանց բախտը այդ իմաստով չի բերել. իրենք դերեր են ստանձնում քաղաքական ոլորտում, բայց մարդկային կերպով արձան ստեղծելն արդեն ընդունված չէ: Իրենց մոտ սիրում են ոչ կերպարային, այլ ավելի վերացարկված, նշանային ստեղծագործություններ, որոնք մասնակցային են, ներառական և մեկնաբանությունը թողնում են դիտորդին»,-ասում է նա:

Մշակութային մարդաբանը համոզված է, որ կանանց արձանների քչությունը միայն հայաստանյան ֆենոմեն չէ: Տարբեր երկրներում կանանց արձանները պարզապես ընդհանրական են:

«Ինձ շատ զարմացրեց, օրինակ, Նորվեգիայում` Օսլոյում, կանանց արձանների առատությունը: Իրենք հիմնականում սիրում են քանդակել մերկ մարմնային քանդակներ: Հետաքրքիր է, որ նրանց մոտ կա մարմնի հանդեպ մեծ կուլտուրա: Նրանք, մերկությունը ցուցադրելով, փորձում են ցույց տալ այդ մարմնի հանդեպ մարդու վերաբերմունքը, թե ինչպես մարդը պետք է սիրի իր մարմինը, հետևի դրան: Դա գալիս է հունական շրջանից ու եվրոպական ֆենոմեն է, բայց Նորվեգիայում ու սկանդինավյան երկրներում առանձնահատուկ ձևով է արտահայտված»,-ասում է Աղասի Թադևոսյանը:
~
Made on
Tilda